ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2010 թվականի N 855-Ն
ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի N 855-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման իրականացման ու ղեկավարման գործընթացները: Օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկության այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1043-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթների համաձայն:
2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) որոնողափրկարարական աշխատանքներ` միջոցառումների համակարգ` ուղղված մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների հայտնաբերմանը, փրկմանը և համապատասխան օգնության ցուցաբերմանը.
2) որոնողափրկարարական ուժեր` որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, համապատասխան դասընթացներ անցած փրկարարական կարգերով որակավորված մասնագիտացված փրկարարներով համալրված ստորաբաժանումներ.
3) որոնողափրկարարական միջոցներ` որոնողափրկարարական աշխատանքների կատարման ու դրանց ղեկավարման համար նախապատրաստված տրանսպորտային, տեխնիկական, գիտատեխնիկական միջոցներ, գույք, հանդերձանք, նյութեր, սարքավորումներ.
4) տեղական ինքնակառավարման ուժեր և միջոցներ` արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներգրավվող ուժեր ու միջոցներ:
II. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՈՒԺԵՐԸ, ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
3. Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը, համակարգումը և ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուժերի և միջոցների սերտ համագործակցությամբ, իսկ առանձին դեպքերում, ելնելով իրավիճակից, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկությամբ կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողափրկարարական աշխատանքներին անհրաժեշտության դեպքում ներգրավվում են պետական կառավարման լիազոր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ուժերն ու միջոցները՝ այդպիսիք նախատեսված լինելու դեպքում:
5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները որոնողափրկարարական աշխատանքների մասին տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից: Նրանց հաղորդվում են`
1) արտակարգ իրավիճակի տեսակը.
2) որոնողափրկարարական աշխատանքների իրականացման վայրը կամ հավանական վայրը.
3) հնարավոր տուժածների թիվը.
4) առկա և սպասվելիք վտանգավոր իրավիճակների մասին տեղեկությունները.
5) տեղեկություններ ներգրավված ուժերի և միջոցների մասին.
6) տեղեկություններ լրացուցիչ, այդ թվում` և տեղական ինքնակառավարման մարմինների, ուժեր և միջոցներ ներգրավելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին:
6. Հաղորդումները գրանցվում են ըստ հաստատված կարգի:
7. Որոնողափրկարարական աշխատանքների իրականացման մասին տեղեկատվություն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումները` այդպիսիք նախատեսված լինելու դեպքում, անհապաղ բերվում են համապատասխան պատրաստականության վիճակի:
8. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից որոնողափրկարարական աշխատանքներ սկսելու մասին որոշման ընդունումից հետո այն հաղորդվում է այլ լիազոր մարմինների, որից հետո որոնողափրկարարական ուժերն սկսում են որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը:
9. Որոնողափրկարարական ուժերը պարտավոր են`
1) որոնողափրկարարական ուժերն ու միջոցները մշտապես պահել պատշաճ վիճակում.
2) տեխնածին և տարերային արտակարգ իրավիճակների դեպքում կազմակերպել և իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ.
3) լրացնել որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
4) աջակցել կամավոր որոնողափրկարարական ուժերի պատրաստման աշխատանքներին.
5) կազմակերպել որոնողափրկարարական ուժերի ու միջոցների շուրջօրյա հերթապահություն:
10. Որոնողափրկարարական ուժերն իրավունք ունեն`
1) արտակարգ իրավիճակի մասին ստանալու ամբողջական և ճշգրիտ տեղեկություններ.
2) ստանալու տեղեկություններ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված այլ ուժերի ու միջոցների մասին.
3) ստանալու հավաստի տեղեկություններ արտակարգ իրավիճակի հետևանքով այլ վտանգավոր իրավիճակների առաջացման հնարավորության մասին:
11. Որոնողափրկարարական ուժերի ղեկավարումն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքների վայր առաջինը ժամանած փրկարար ուժերի ղեկավարը, մինչև նշված աշխատանքների ղեկավարման իրավասություն ունեցող վերադաս պաշտոնատար անձի ժամանումը, որը կարող է ղեկավարումը վերցնել իր վրա: Որոնողափրկարարական աշխատանքների ղեկավարումը կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից:
12. Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայությունների անձնակազմերն այդ աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով պետք է պարտադիր պատրաստվեն և վերապատրաստվեն` կիրառելով փորձնական տագնապներ և ուսումնական վարժանքներ:
13. Որոնողափրկարարական աշխատանքները համակարգող ղեկավար մարմնին ցանկացած պահի պետք է հասանելի լինեն որոնման շրջանում իրականացվող աշխատանքների մասին նոր տեղեկատվությունը, այդ թվում` տվյալներ, որոնք վերաբերում են`
1) իրականացվող աշխատանքներին, որոնողափրկարարական հաշվարկներին.
2) որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում օգտագործվող կապի միջոցներին.
3) որոնման շրջանում գործունեություն իրականացնող լիազոր մարմիններին (նրանց պաշտոնական ներկայացուցիչներին).
4) ներգրավվող այլ ուժերի և միջոցների մասին` անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելիությունից, որոնք կարող են անհրաժեշտ լինել որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում:
14. Որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվում են կապի բոլոր համակարգերը, իսկ անհրաժեշտության դեպքում բոլոր գերատեսչությունները և ծառայությունները պարտավոր են տրամադրել իրենց կապուղիները և աջակցել անխափան կապի մատակարարմանը:
15. Որոնողափրկարարական աշխատանքները համակարգող ղեկավար մարմինը, ելնելով ստեղծված իրավիճակից և վերլուծելով որոնողափրկարարական աշխատանքների մասին ստացված տվյալները, պետք է նախապատրաստի որոնողափրկարարական աշխատանքների իրականացման մանրամասն պլաններ կապված որոնման շրջանում աշխատանքների կազմակերպման հետ, որոնցում պետք է նշվեն նաև որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած ուժերի և միջոցների սպասարկման միջոցառումները, այդ թվում` նաև օտարերկրյա որոնողափրկարարական ուժերի մասով:
16. Որոնողափրկարարական աշխատանքները համակարգող ղեկավար մարմնին կից պետք է ստեղծվի տուժածներին և նրանց հարազատներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերող խումբ` կազմված համապատասխան լիազոր մարմնի, մամուլի, տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական, միգրացիոն և այլ ծառայությունների մասնագետներից:
17. Տուժած կամ զոհված անձանց մասին պետք է տեղեկացվի նրանց հարազատներին, ինչպես նաև տուժածների հարազատներին ցուցաբերվի հոգեբանական, բժշկական, իրավաբանական, ֆինանսական օգնություն, ապահովվի օտարերկրյա քաղաքացիների տեղավորումը հյուրանոցներում, աշխատանքներ իրականացվեն դեսպանությունների և հյուպատոսությունների հետ` նրանց տուժած քաղաքացիների մասին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու նպատակով` օտարերկրյա քաղաքացիներին օգնեն միգրացիոն և մաքսային խնդիրների առաջացման դեպքերում:
Նշված աշխատանքները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:
18. Որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կապը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
19. Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվող ստորաբաժանումները պատրաստականության վիճակի են բերվում` ըստ սահմանված կարգի:
III. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
20. Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ներառում է հետևյալ հիմնական փուլերը`
1) արտակարգ իրավիճակի մասին տեղեկատվության ստացումը և վերլուծումը.
2) հետախուզման կազմակերպումը.
3) որոնողափրկարարական աշխատանքների իրականացման մասին որոշման ընդունումը, բնակչության իրազեկումը.
4) փրկարարների և անհրաժեշտ տեխնիկայի տեղափոխումը որոնողափրկարարական աշխատանքների իրականացման տարածք.
5) որոնողափրկարարական աշխատանքների անմիջական անցկացումը.
6) տուժածների հայտնաբերումը, առաջին բուժօգնության ցուցաբերումը, մասնագիտացված բուժօգնության կազմակերպումը և տարահանումը.
7) բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանումն անվտանգ շրջաններ.
8) արտակարգ իրավիճակի օջախի մեկուսացման աշխատանքների կազմակերպումը.
9) կապի համակարգի անխափան գործունեության կազմակերպումը և ապահովումը:
21. Որոնողափրկարարական աշխատանքներն սկսվում են փրկարարների արտակարգ իրավիճակի գոտի ժամանելու պահից: Այդ աշխատանքները պետք է կատարվեն անմիջապես, ցանկացած պայմաններում, արդարացված ռիսկի սահմաններում:
22. Որոնողափրկարարական աշխատանքները, որպես կանոն, կատարվում և ավարտվում են մինչև 10 օրվա ընթացքում, սակայն աշխատանքների վերջնական դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունում է այդ աշխատանքները ղեկավարող պաշտոնատար անձը:
IV. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
23. Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքին հարակից շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներում միջազգային համագործակցությունն իրականացվում է միջպետական պայմանագրերի համաձայն:
24. Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգման լիազորված մարմինը որոնողափրկարարական աշխատանքների համակարգման և տեխնիկական աջակցության նպատակով փոխադարձ համաձայնության սկզբունքով համագործակցում է հարևան երկրների համապատասխան մարմինների ու որոնողափրկարարական խմբերի հետ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ապահովում է այլ երկրների որոնողափրկարարական ուժերի ու միջոցների անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
25. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միջազգային հանրությանը որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու խնդրանքով դիմելու դեպքում մասնակցության ցանկություն հայտնած պետությունները կարող են մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով` սահմանված կարգով:
26. Լիազորված մարմինը դիմող կողմին հայտնում է այն պայմանները (եթե այդպիսիք կան), որոնց համաձայն կարող է իրականացվել նշված առաքելությունը, կամ դրանք անհրաժեշտ են օտարերկրյա պետությունների որոնողափրկարարական խմբերին` Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվության հատկացման համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |