Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-11-Ո-09
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.11/39(773) Հոդ.813
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-11-Ո-09

2010 թ.

 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե. ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի,

Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,
Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի
Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի, 
Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ դատավոր`

Ե. Դարբինյանի

   

ՀՀ արդարադատության նախարար`

Գ. Դանիելյանի

ՀՀ արդարադատության նախարարի

տեղակալ`

Ն. Առուստամյանի

քարտուղարությամբ`


Շ. Վարդանյանի

 

2010 թվականի հունիսի 25-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 07.04.2010 թվականի թիվ 53-Ա հրամանով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ե. Դարբինյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ Նախագահի օգնական Գ. Կոստանյանի 07.04.2010 թվականի հաղորդումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը Արդարադատության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ) է ներկայացրել միջնորդություն՝ դատավոր Ե. Դարբինյանին արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Նշված միջնորդությանը կցվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ե. Դարբինյանի կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը:

Ըստ եզրակացության՝

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվել թիվ ԵՔՐԴ 0299/01/08 քրեական գործը` ըստ մեղադրանքի Գևորգ Սաֆարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, Անուշ Ղավալյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և Սիրուն Դիմաքսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին մասով:

2. 09.10.2008 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչությունը քրեական դատաքննության շրջանակներում` նշված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիմքով, ներկայացրել է հայց ընդդեմ «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` խնդրելով պատասխանողից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 396.943.193 ՀՀ դրամ, որից շահութահարկ` 104.997.931 ՀՀ դրամ, ԱԱՀ` 251.658.225 ՀՀ դրամ, եկամտահարկ` 691.429 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճար` 5.103.960 ՀՀ դրամ, բնապահպանական վճար` 35.548 ՀՀ դրամ, իսկ 34.456.100 ՀՀ դրամը` հարկային համակարգի զարգացման ֆոնդին վճարման ենթակա գումար:

3. «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից 16.12.2008 թվականին ներկայացվել է հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ միջնորդություն` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քրեական գործը քննելու պահին ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության կողմից 2008 թվականին ներկայացված վիճարկման հայցը` ՀՀ ՀՊԾ օպերատիվ-հետախուզական վարչության 11-րդ բաժնի աշխատակիցների կողմից 27.12.2007 թվականին կազմված թիվ 1034731 ակտը` 1-ին (շահութահարկին առնչվող) և 4-րդ (ավելացված արժեքի հարկին առնչվող) կետերի մասով վերացնելու պահանջի վերաբերյալ:

4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 07.04.2009 թվականին կայացված դատավճռի եզրափակիչ մասում սահմանված է. «... Բավարարել քաղաքացիական հայցը մասնակիորեն` 221.649.250 ՀՀ դրամի չափով, որից 63.189.879 ՀՀ դրամը` որպես ԱԱՀ-ի և շահութահարկի գումար, իսկ 158.459.701 ՀՀ դրամը` որպես տույժ և տուգանքի գումար:

Բռնագանձումն առաջնահերթ տարածել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասի շարժական և անշարժ գույքի վրա, իսկ պարտավորությունները չապահովելու դեպքում` նաև Գ. Սաֆարյանի վերգրված անձնական գույքի վրա:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես պատճառված վնասի փոխհատուցում, բռնագանձումը տարածել նաև Գ. Սաֆարյանի անվամբ որպես գրավ վճարված` 3.500.000 ՀՀ դրամ գումարի վրա:

Ա. Ղավալյանի միջոցներից Գ. Սաֆարյանի հետ համապարտությամբ հօգուտ պետբյուջեի բռնագանձել 39.553.207 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, և բռնագանձումը չապահովելու դեպքում այն տարածել նաև Ա. Ղավալյանի վերգրված անձնական գույքի վրա:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես պատճառված վնասի փոխհատուցում, բռնագանձումը տարածել նաև Ա. Ղավալյանի անվամբ որպես գրավ վճարված` 500.000 ՀՀ դրամ գումարի վրա:

Ս. Դիմաքսյանի միջոցներից Գ. Սաֆարյանի հետ համապարտությամբ հօգուտ պետբյուջեի բռնագանձել 12.084.634 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, և բռնագանձումը չապահովելու դեպքում այն տարածել նաև Ս. Դիմաքսյանի վերգրված անձնական գույքի վրա:

Քաղաքացիական հայցը 75.293.613 ՀՀ դրամի տույժ և տուգանքների մասով թողնել առանց քննության` իրավունք վերապահելով քաղաքացիական հայցվորներին այդ մասով առանձին քաղաքացիական դատավարության կարգով դիմելու դատարան...»:

5. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 07.04.2009 թվականին կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ ներկայացրել են «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությունը 06.05.2009 թվականին` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցը պետք է թողնվեր առանց քննության, մեղադրյալներ Անուշ Ղավալյանը` 07.05.2009 թվականին, և Գևորգ Սաֆարյանը` 07.05.2009 թվականին` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարանի կողմից հաշվի չի առնվել իրենց քաղաքացիական հայց չներկայացնելու հանգամանքը:

6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 19.06.2009 թվականի որոշմամբ վերը նշված վերաքննիչ բողոքները մերժվել են:

7. 18.07.2009 թվականին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 19.06.2009 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել մեղադրյալներ Գևորգ Սաֆարյանը` 18.07.2009 թվականին, և Անուշ Ղավալյանը` 18.07.2009 թվականին:

8. ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2009 թվականի որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքները վերադարձվել են:

9. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.04.2009 թվականին կայացված դատավճռի դեմ 23.03.2010 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազը` խնդրելով բեկանել վերը նշված դատավճռի` «Բռնագանձումն առաջնահերթ տարածել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասի շարժական և անշարժ գույքի վրա, իսկ պարտավորությունները չապահովելու դեպքում` նաև Գ. Սաֆարյանի վերգրված անձնական գույքի վրա» մասը և այն վերացնել` սահմանելով, որ բռնագանձումը տարածվում է Գ. Սաֆարյանին պատկանող գույքի վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով:

10. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 08.04.2010 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է:

Թիվ ԵՔՐԴ 0299/01/08 քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր (ներկայումս` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր) Եվա Դարբինյանի (այսուհետ` Դատարան) կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ են տրվել նյութական և դատավարական նորմերի կոպիտ և ակնհայտ խախտումներ հետևյալ պատճառաբանությամբ.

1. Դատարանը, քրեական գործի շրջանակներում վարույթ ընդունելով 09.10.2008 թվականին ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության կողմից ներկայացված հայցն ընդդեմ «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության և այն մասնակի բավարարելով, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին, 74-րդ հոդվածի 1-ին, 158-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և 164-րդ հոդվածը:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս»:

Նույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Քաղաքացիական պատասխանող է ճանաչվում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն` քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածը սահմանում է. «...2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:

3. Հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա և ինչ չափով է հարուցվում քաղաքացիական հայց, ինչպես նաև պետք է բովանդակի խնդրանք` վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին»:

Վերը նշված հոդվածների բովանդակությունից և քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ քննարկվող քրեական գործի շրջանակում քաղաքացիական հայցի ընդունումը հիմնավոր չէ այն պատճառաբանությամբ, որ քաղաքացիական հայց կարող է հարուցվել միայն կասկածյալի, մեղադրյալի կամ այն անձի դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար: Տվյալ հայցի առարկան եղել է ոչ թե պատճառված վնասը, այլ` ընդհանուր հարկային պարտավորությունները: Բացի այդ, հայցով պատասխանող ճանաչվել է իրավաբանական անձ, մինչդեռ դատավճռով որոշվել է, որ բռնագանձում պետք է տարածել ֆիզիկական անձանց գույքի վրա:

Ուստի, քննարկվող քրեական գործի շրջանակներում ընդունված քաղաքացիական հայցի պատասխանողը եղել է ոչ պատշաճ և չի բավարարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով քաղաքացիական պատասխանողին վերաբերող պահանջները:

Անիրավաչափ է եղել նաև Դատարանի` 07.04.2009 թվականի դատավճռի եզրափակիչ մասում արված եզրահանգումն այն մասին, որ բավարարված քաղաքացիական հայցի մասով բռնագանձումը առաջնահերթ պետք է տարածել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող` 100 տոկոս բաժնեմասի շարժական և անշարժ գույքի վրա, իսկ պարտավորությունները չապահովելու դեպքում` նաև Գ. Սաֆարյանի վերգրված անձնական գույքի վրա: Մասնավորապես, ինչպես վերը բազմիցս նշվել է, քաղաքացիական հայցով պատասխանող է հանդես եկել միայն «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությունը: Այն հանգամանքը, որ Գ. Սաֆարյանը հանդիսանում է «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը, հիմք չի հանդիսանում վերջինիս կողմից չկատարված հարկային պարտավորությունները Գ. Սաֆարյանից բռնագանձելու համար: Նշված եզրահանգմամբ խախտվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն այն մասին, որ իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար: Ընկերությունը կարող էր պատասխանատու լինել միայն իր աշխատողի կողմից պատճառված վնասի համար (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդված):

2. 09.10.2008 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչությունը նշված քրեական գործի շրջանակներում ներկայացված հայցով խնդրել է «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել չվճարված համապատասխան հարկերը:

Դատարանը 07.04.2009 թվականին կայացված դատավճռի եզրափակիչ մասում նշել է.

«...Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես պատճառված վնասի փոխհատուցում, բռնագանձումը տարածել նաև Գ. Սաֆարյանի անվամբ որպես գրավ վճարված` 3.500.000 ՀՀ դրամ գումարի վրա:

Ա. Ղավալյանի միջոցներից Գ. Սաֆարյանի հետ համապարտությամբ հօգուտ պետբյուջեի բռնագանձել 39.553.207 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, և բռնագանձումը չապահովելու դեպքում այն տարածել նաև Ա. Ղավալյանի վերգրված անձնական գույքի վրա:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես պատճառված վնասի փախհատուցում, բռնագանձումը տարածել նաև Ա. Ղավալյանի անվամբ որպես գրավ վճարված` 500.000 ՀՀ դրամ գումարի վրա:

Ս. Դիմաքսյանի միջոցներից Գ. Սաֆարյանի հետ համապարտությամբ հօգուտ պետբյուջեի բռնագանձել 12.084.634 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, և բռնագանձումը չապահովելու դեպքում այն տարածել նաև Ս. Դիմաքսյանի վերգրված անձնական գույքի վրա»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա և ինչ չափով է հարուցվում քաղաքացիական հայց, ինչպես նաև պետք է բովանդակի խնդրանք` վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին»:

Վերոշարադրյալից բխում է, որ Դատարանը, վնասի փոխհատուցման գումար բռնագանձելով մեղադրյալներ Գևորգ Սաֆարյանից, Անուշ Ղավալյանից և Սիրուն Դիմաքսյանից, իր սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել ներկայացված հայցադիմումի շրջանակներից և խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Մասնավորապես, Դատարանը պատճառված վնասի հատուցման պարտականությունը դրել է մեղադրյալների վրա, որոնց դեմ քաղաքացիական հայց չի ներկայացվել, ինչպես նաև Դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ քաղաքացիական հայցով միայն պահանջվել է «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությունից բռնագանձել վերջինիս կողմից չվճարված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան հարկերը:

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն` «Բացառիկ դեպքերում, երբ քաղաքացին զրկված է իր գույքային շահերն անձամբ պաշտպանելու հնարավորությունից, դատարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել հանցագործության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին»: Ակնհայտ է, որ քննարկվող դեպքում խոսք չէր կարող լինել օրենքով նախատեսված բացառիկ դեպքերի մասին:

Վերոգրյալից բխում է, որ դատավոր Եվա Դարբինյանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, 74-րդ հոդվածի 1-ին մասի, 158-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 164-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումներ, որոնց արդյունքում խախտվել են նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 19-րդ և 31-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Նշված նորմերի պահանջների խախտման հետևանքով խախտվել են քաղաքացիական պատասխանող չհանդիսացող անձանց` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված` արդար դատաքննության և սեփականության իրավունքները, խոչընդոտվել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը, նշված խախտումներն ազդել են քրեական գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ե. Դարբինյանը ՀՀ արդարադատության նախարարին 30.04.2010 թվականին ներկայացրել է բացատրություն, 11.05.2010 թվականին` 30.04.2010 թվականի բացատրության լրացում: Ըստ 30.04.2010 թվականին ներկայացված բացատրության`

«Իմ նախագահությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվել քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Լևոնի Սաֆարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, և 07.04.2009 թվականին կայացվել է մեղադրական դատավճիռ: Դատավճռով ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության հարուցված քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն` 221.649.205 ՀՀ դրամի չափով` բռնագանձումն առաջնահերթ տարածելով «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասի շարժական և անշարժ գույքի վրա, իսկ պարտավորությունները չապահովելու դեպքում` նաև Գ. Սաֆարյանի վերգրված անձնական գույքի վրա:

Ձեր` 04.04.2010 թվականի թիվ 53-Ա հրամանի համաձայն` վերը նշված դատական ակտով «թույլ են տրվել ՀՀ Սահմանադրության 19-րդ և 31-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ»:

Այդ կապակցությամբ հայտնում եմ.

1. Ամբաստանյալ Գ. Սաֆարյանը դատարանին ներկայացրել է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից 06.02.2007 թվականին գրանցված` «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության կանոնադրությունը` կից հավելվածով, և 14.05.2007 թվականին տրված թիվ 2343165 սեփականության վկայականը, որով հիմնավորվել է, որ Գ. Սաֆարյանը հանդիսանում է «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Խանջյան փողոցի թիվ 8/1 հասցեում գտնվող սրճարանի 100 տոկոս բաժնեմասի միանձյա բաժնետերը, և միջնորդել է քաղաքացիական հայցի բռնագանձումն ապահովելու նպատակով առաջնահերթ բռնագանձումը տարածել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` իր 100 տոկոս բաժնեմասի վրա: Այսինքն` դատարանը բռնագանձումը տարածել է ոչ թե ուրիշի սեփականությունը հանդիսացող և գործի հետ առնչություն չունեցող անձի սեփականության վրա, այլ «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասի վրա, այն էլ` վերջինիս համաձայնությամբ:

2. Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, որ բռնագանձումը տարածվել է գործի հետ առնչություն չունեցող իրավաբանական անձի գույքի վրա, ապա 09.10.2008 թվականի ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության կողմից 396.943.193 ՀՀ դրամի գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացվել դատարանին, և որպես պատասխանող ներգրավվել է «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությունը` հանձինս տնօրեն Գևորգ Լևոնի Սաֆարյանի: Հայցադիմումի մեկ օրինակն ուղարկվել է ընկերությանը` ծանոթանալու նպատակով, իսկ 10.12.2008 թվականին ծանուցագիր է ուղարկվել պատասխանողին` 16.12.2008 թվականին նշանակված դատական նիստին մասնակցելու համար: 16.12.2008 թվականին ընկերության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանից հայցադիմումի կապակցությամբ ստացվել է միջնորդություն` հայցն առանց քննության թողնելու մասին, որով խնդրել է գործի քննությունը շարունակել պատասխանողի բացակայությամբ և հայցը թողնել առանց քննության, որպիսի փաստը վկայում է, որ սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի իրավունքների որևէ խախտում դատարանի կողմից թույլ չի տրվել: Այսինքն` ՍՊ ընկերությունը ճանաչվել է քաղաքացիական պատասխանող, պատշաճ ծանուցվել է դատական նիստի օրվա, տեղի և ժամի մասին և իր հերթին հայցապահանջի կապակցությամբ դատարանին ներկայացրել է իր միջնորդությունը:

3. Ինչ վերաբերում է այն խնդրին, որ ՍՊ ընկերությունը, կողմ չհանդիսանալով, զրկվել է դատական ակտերի բողոքարկման իրավունքից, ապա դա ևս հիմնավոր չէ, քանի որ քաղպատասխանող «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի կողմից 06.05.2009 թվականին վերաքննիչ բողոք է բերվել առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ` քաղաքացիական հայցի մասով:

Բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել է վարույթ, և 19.06.2009 թվականի որոշմամբ բողոքը մերժվել է, որի համար հիմք է հանդիսացել բողոքաբերի միջնորդությունն այն մասին, որ «եթե հիշյալ դատավճիռը քաղաքացիական հայցի մասով բռնագանձումը վերաբերում է «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող բաժնեմասին, ապա ինքը դրա դեմ չի առարկում...» և «...եթե դատավճիռը «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությանը չի վերաբերում, ապա համաձայն է նման հիմքով իր բողոքի մերժմանը»:

Այնուհետև, Վերաքննիչ դատարանի որոշման դեմ 18.07.2009 թվականին վճռաբեկ բողոք է բերվել դատապարտյալ Գ. Սաֆարյանի և Ա. Ղավալյանի կողմից (կրկին քաղաքացիական հայցի մասով):

Վճռաբեկ դատարանը 26.08.2009 թվականին որոշում է կայացրել «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին»: Այսինքն` առաջին ատյանի դատարանի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով բողոքարկվել է դատական բոլոր ատյաններով և օրինական ուժ է ստացել:

4. 23.04.2010 թվականին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերաքննիչ բողոք է բերվել այն հիմքով, որ առաջին ատյանի դատարանը, դատավճռով բռնագանձման հերթականություն սահմանելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի պահանջների խախտում, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` բռնագանձման ենթակա գույքի առաջնահերթության հարցը լուծվում է օրենքով:

ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ է ընդունվել, և 08.04.2010 թվականի որոշման համաձայն` սահմանվել է, որ բռնագանձումը տարածվում է Գևորգ Սաֆարյանին պատկանող գույքի վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ գլխավոր դատախազը վերաքննիչ բողոքում «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` որպես իրավաբանական անձի, խախտված իրավունքի հարց չի բարձրացրել, և այն Վերաքննիչ դատարանում քննության առարկա չի դարձվել:

Ելնելով վերը շարադրվածից` գտնում եմ, որ դատական ակտ կայացնելիս իմ կողմից, որպես նախագահող դատավորի, դատավարական նորմի կամ անձի սահմանադրական իրավունքի որևէ խախտում, առավել ևս, կոպիտ խախտում, թույլ չի տրվել, ուստի խնդրում եմ իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել»:

Ըստ 11.05.2010 թվականի` 30.04.2010 թվականի բացատրության լրացման`

«Քրեական գործով ըստ մեղադրանքի Գևորգ Սաֆարյանի և մյուսների` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, Էրեբունու հարկային տեսչության կողմից ներակայացվել է 396.943.193 ՀՀ դրամ գումարի հայց, որով որպես պատասխանող նշվել է «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությունը:

Քրեական գործի դատաքննության ընթացքում քաղաքացիական հայցի քննության արդյունքներով վճռվել է ՍՊ ընկերության միջոցներից բռնագանձել 221.649.205 ՀՀ դրամ գումար` նկատի ունենալով, որ ամբաստանյալ Գ. Սաֆարյանը, որը ՍՊԸ-ի նախկին տնօրենն էր, կամավոր իր անձնական միջոցներով կատարել էր ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների մի մասը և կանխիկ վճարել է 100.000.000 ՀՀ դրամ: Դատարանը, հաշվի առնելով նաև, որ Գ. Սաֆարյանը դատարանին է ներկայացրել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությունում 100 տոկոս բաժնեմասով իրեն պատկանող` Խանջյան 8/1 հասցեում գտնվող գույքի վերաբերյալ` կադաստրում գրանցված սեփականության իրավունքի վկայականը, ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների մնացած` 221.649.205 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձումը տարածել է այդ բաժնեմասի վրա:

Այսպիսով, հարկային տեսչության կողմից ներկայացված հայցով պատասխանող է ճանաչվել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությունը, որն էլ պարտավոր էր կատարել իր հարկային պարտավորությունը` վճարելով պետբյուջեին պարտք մնացած 221.649.205 ՀՀ դրամը, ինչի համար էլ բռնագանձումը տարածվել է ՍՊ ընկերության` սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա` հաշվի առնելով, որ ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Գևորգ Սաֆարյանն է հանդիսանում, և որն իր անձնական միջոցներով արդեն կատարել էր ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների մի մասը: Դատարանը կարճ ժամկետում հարկերի վճարումը և պետբյուջեի առջև ՍՊ ընկերության պարտավորությունների իրական կատարումն ապահովելու նպատակով որոշել է նաև պարտավորությունները չապահովելու դեպքում բռնագանձում տարածել նախկին տնօրեն Գ. Սաֆարյանի վերգրված անձնական գույքի վրա:

Բացի այդ, ցանկանում եմ ավելացնել նաև, որ հարկատու իրավաբանական անձի` «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` կողմի հարկային պարտավորությունները չկատարելը սահմանված է և կարգավորվում է հարկային օրենսդրությամբ, այդ թվում նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքով, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով:

Մասնավորապես, հարկեր չվճարելը ոչ թե քաղաքացիաիրավական պարտավորություն է, այլ` հարկային պարտավորություն, որն էլ կարգավորվում է հարկային օրենսդրությամբ:

Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար, իսկ նույն օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն` պարտավորության կատարմանն ուղղված` պարտապանի աշխատողների գործողությունները համարվում են պարտապանի գործողություններ: Պարտապանը պատասխանատու է այդ գործողությունների համար, եթե դրանք հանգեցրել են պարտավորություն չկատարելուն կամ դրանք անպատշաճ կատարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:

Քրեական գործի փաստական հանգամանքներով հիմնավորվել և հաստատվել է, որ հարկերի չվճարումը եղել է «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության տնօրենի և գանձապահների մեղքով: Այս դեպքում ևս, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին կետի, 60-րդ հոդվածի դրույթների համաձայն, պատճառված վնասը պետք է հատուցվի իրավաբանական անձանց կողմից: Նկատի ունենալով, որ իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

Համաձայն «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության կանոնադրության 3-րդ բաժնի 3.1-րդ կետի` «Պետական գրանցման պահից ընկերությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

Ընկերությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող (...)»:

Վերը նշված իրավանորմերով սահմանված է, որ իրավաբանական անձը հանդիսանում է քաղաքացիական հարաբերությունների ինքնուրույն սուբյեկտ, և ինքն իր գույքով է պատասխանատու իր պարտավորությունների, այդ թվում` պետության հանդեպ ունեցած հարկային պարտավորությունների կատարման հանդեպ:

Եվ այսպիսով, նկատի ունենալով, որ հարկային պարտավորությունը առաջացել է հարկատու իրավաբանական անձ «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության կողմից հարկային օրենսդրության խախտման հետևանքով, և հարկատու է հանդիսանում վերջինս, ինչով և պայմանավորված է ՍՊ ընկերության բաժնեմասի գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ որոշումը»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվել թիվ ԵՔՐԴ 0299/01/08 քրեական գործը` ըստ մեղադրանքի Գևորգ Սաֆարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, Անուշ Ղավալյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և Սիրուն Դիմաքսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին մասով:

2. 09.10.2008 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչությունը քրեական դատաքննության շրջանակներում ներկայացրել է հայց ընդդեմ «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` խնդրելով պատասխանողից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 396.943.193 ՀՀ դրամ, որից շահութահարկ` 104.997.931 ՀՀ դրամ, ԱԱՀ` 251.658.225 ՀՀ դրամ, եկամտահարկ` 691.429 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճար` 5.103.960 ՀՀ դրամ, բնապահպանական վճար` 35.548 ՀՀ դրամ, իսկ 34.456.100 ՀՀ դրամը` հարկային համակարգի զարգացման ֆոնդին վճարման ենթակա գումար:

3. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 07.04.2009 թվականին կայացված դատավճռի եզրափակիչ մասում սահմանված է. «... Բավարարել քաղաքացիական հայցը մասնակիորեն` 221.649.250 ՀՀ դրամի չափով, որից 63.189.879 ՀՀ դրամը` որպես ԱԱՀ-ի և շահութահարկի գումար, իսկ 158.459.701 ՀՀ դրամը` որպես տույժ և տուգանքի գումար:

Բռնագանձումն առաջնահերթ տարածել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասի շարժական և անշարժ գույքի վրա, իսկ պարտավորությունները չապահովելու դեպքում` նաև Գ. Սաֆարյանի վերգրված անձնական գույքի վրա:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես պատճառված վնասի փոխհատուցում, բռնագանձումը տարածել նաև Գ. Սաֆարյանի անվամբ որպես գրավ վճարված` 3.500.000 ՀՀ դրամ գումարի վրա:

Ա. Ղավալյանի միջոցներից Գ. Սաֆարյանի հետ համապարտությամբ հօգուտ պետբյուջեի բռնագանձել 39.553.207 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, և բռնագանձումը չապահովելու դեպքում այն տարածել նաև Ա. Ղավալյանի վերգրված անձնական գույքի վրա:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես պատճառված վնասի փոխհատուցում, բռնագանձումը տարածել նաև Ա. Ղավալյանի անվամբ որպես գրավ վճարված` 500.000 ՀՀ դրամ գումարի վրա:

Ս. Դիմաքսյանի միջոցներից Գ. Սաֆարյանի հետ համապարտությամբ հօգուտ պետբյուջեի բռնագանձել 12.084.634 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, և բռնագանձումը չապահովելու դեպքում այն տարածել նաև Ս. Դիմաքսյանի վերգրված անձնական գույքի վրա:

Քաղաքացիական հայցը 75.293.613 ՀՀ դրամի տույժ և տուգանքների մասով թողնել առանց քննության` իրավունք վերապահելով քաղաքացիական հայցվորներին այդ մասով առանձին քաղաքացիական դատավարության կարգով դիմելու դատարան...»:

4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 07.04.2009 թվականի դատավճռի դեմ 23.03.2010 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազը` խնդրելով բեկանել վերը նշված դատավճռի` «Բռնագանձումն առաջնահերթ տարածել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասի շարժական և անշարժ գույքի վրա, իսկ պարտավորությունները չապահովելու դեպքում` նաև Գ. Սաֆարյանի վերգրված անձնական գույքի վրա» մասը և այն վերացնել` սահմանելով, որ բռնագանձումը տարածվում է Գ. Սաֆարյանին պատկանող գույքի վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 08.04.2010 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ե.Դարբինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի զեկույցը, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Նախ, Խորհուրդն անհրաժեշտ է համարում քննարկել Եզրակացության մեջ որպես օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ նշված այն պնդումները, որ քննարկվող քրեական գործի շրջանակներում քաղաքացիական հայցով պատասխանողը եղել է ոչ պատշաճ և չի բավարարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով քաղաքացիական պատասխանողին առաջադրվող պահանջներին, որ Դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ քաղաքացիական հայցով պահանջվել է «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությունից բռնագանձել վերջինիս կողմից չվճարված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան հարկերը, այլ ոչ թե պատճառված վնասը, որ Դատարանը պատճառված վնասի հատուցման պարտականությունը դրել է մեղադրյալների վրա, որոնց դեմ քաղաքացիական հայց չի ներկայացվել:

Խորհուրդն արձանագրում է, որ տվյալ հարցերի առնչությամբ ՀՀ քրեական դատավարությունը հստակ կարգավորումներ չունի, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը խնդրո առարկայի վերաբերյալ ունի հատուկ կարգավորումներ:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` «Դատավճիռ կայացնելիս դատարանը (...) լուծում է հետևյալ հարցերը՝ (...) 10) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն` «Քաղաքացիական պատասխանող է ճանաչվում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Սույն օրենսգրքի 189-րդ, 193-րդ, 205-րդ հոդվածի 1-ին մասով և 206-րդ հոդվածներով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները» (ընդ որում, քննարկվող գործով Դատարանի դատավճռի կայացման օրվա դրությամբ 205-րդ հոդվածն ընդգրկված է եղել ամբողջությամբ):

Փաստորեն, քրեական պատասխանատվությունից ազատելու խրախուսական այս կատեգորիկ նորմը սահմանում է, որ առաջին անգամ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները: Վկայակոչված այս նորմից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձն է կրում իր հանցավոր գործողություններով պատճառված վնասը հատուցելու պարտականությունը, քանի որ քրեական պատասխանատվությունից ազատելու այս հիմքն օրենսդիրն ուղղակի կապի մեջ է դնում նրա կողմից հանցագործությամբ պատճառված վնասը (տույժերով և տուգանքներով հանդերձ) հատուցելու հանգամանքի հետ:

Այսպիսով, օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություններով ընդհանրապես և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով մասնավորապես վնասի հատուցման սուբյեկտի առումով սահմանել է յուրահատուկ կանոն:

ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանում հետևյալ արարքի համար. «Հարկերը (...) վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով (...)»:

Նույն հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է սահմանում նույն արարքի համար, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Թեև ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի տեքստում «հանցագործությամբ պատճառված վնաս» ձևակերպումը բացակայում է, այնուհանդերձ, ողջամիտ է օրենքի այն մեկնաբանությունը, որ «հանցագործությամբ պատճառված վնասը» ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցանքի պարագայում ոչ միայն ենթադրելի է, այլև այդ հանցանքի պարտադիր հատկանիշ է: Այս մեկնաբանությունը, inter alia, հիմնվում է վերը նշված` ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրենսդրական պահանջի վրա:

Քննարկվող գործի նյութերով հաստատվել է, որ տվյալ դեպքում Գ.Սաֆարյանը հանդիսացել է «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի միակ սեփականատերը, և նրա դիտավորյալ գործողություններով պետությանը պատճառվել է գույքային վնաս: Գործի քննության ընթացքում Գ.Սաֆարյանն է կատարել պատճառված վնասի հատուցմանն ուղղված գործողություններ` իր անձնական միջոցներով վերականգնել է 100 մլն ՀՀ դրամը և միջնորդել է մնացած գումարի բռնագանձումը տարածել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությունում ունեցած իր 100 տոկոս բաժնեմասի վրա: Այդ հանգամանքները հաշվի առնելով` Դատարանը որոշում է կայացրել մնացած գումարը Գ.Սաֆարյանից բռնագանձելու մասին, իսկ քանի որ այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասի միակ սեփականատերն է հանդիսացել նույն Գ.Սաֆարյանը, ուստի որևէ այլ անձի իրավունք տվյալ պարագայում չի խախտվել:

Ակնհայտ է, որ քննարկվող գործով «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությունը չի հանդիսանում այնպիսի իրավաբանական անձ, որի վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի ուժով` օրենքով կարող էր դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` սույն քրեական գործով 19.06.2009 թվականին կայացված որոշմամբ մերժվել է Դատարանի 07.04.2009 թվականի դատավճռի դեմ քաղաքացիական հայցի մասով բերված` «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի բողոքը, և բողոքի մերժման հիմք է հանդիսացել բողոքաբերի դիրքորոշումն առ այն, որ եթե հիշյալ դատավճռում քաղաքացիական հայցի մասով բռնագանձումը վերաբերում է «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող բաժնեմասին, ապա ինքը դրա դեմ չի առարկում, և եթե դատավճիռը «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերությանը չի վերաբերում, ապա համաձայն է նման հիմքով իր բողոքի մերժմանը: Իսկ այն փաստը, որ տվյալ դեպքում պետությանը պատճառվել է գույքային վնաս անմիջապես մեղադրյալ Գ.Սաֆարյանի գործողություններով, հաստատված է նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի ձևակերպման պայմաններում դատարանը կարող է այդ դրույթը մեկնաբանել ինքնավար, այնպես, որ մեղադրյալի դեմ քաղաքացիական հայց չհարուցելու կամ այլ անձի դեմ քաղաքացիական հայց հարուցելու պայմաններում դատարանն իրավասու լինի սեփական նախաձեռնությամբ որոշելու հանցագործությամբ պատճառված գույքային վնասը հատուցելու պարտականություն ունեցող անձին, եթե անգամ նրա նկատմամբ քաղաքացիական հայց հարուցված չի եղել: Ընդ որում, ողջամիտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի ինքնավար մեկնաբանումը և կիրառումը՝ այն չպայմանավորելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածում նշված պայմանի՝ «իր գույքային շահերը անձամբ պաշտպանելու հնարավորությունից» քաղաքացու զրկված լինելու պայմանի հետ:

Վերոգրյալի հետ մեկտեղ, Խորհուրդն արձանագրում է նաև, որ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ խնդրո առարկայի կապակցությամբ դատարանների մոտեցումները միատեսակ չեն և նմանատիպ գործերով քաղաքացիական հայցերի լուծման ընթացքում կայացվում են տարատեսակ դատական ակտեր՝ որը նույնպես պայմանավորված է հարցը կանոնակարգող օրենսդրության անկատարությամբ: Մասնավորապես` բազմաթիվ գործերով, որոնցում արարքը որակված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով, վնասի հատուցման պարտականությունը դրվել է հանցանքը կատարած անձի վրա (ՇԴ/0015/01/09, ԳԴ4/0005/01/09, ԱՐԱԴ/0009/01/09, ԱՎԴ4/0009/01/09, ԿԴ 0068/01//09, ԼԴ/0033/01/09, ՏԴ2/0004/01/10, ԼԴ/0246/01/09, ԱՐԴ/0042/01/10):

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ դատարանները քաղաքացիական հայցը լուծելիս իրենց դատական ակտերում օգտագործում են տարբեր արտահայտություններ (որպես հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով պատճառված նյութական վնաս /գործ թիվ ԱՐԴ/0042/01/10/, որպես հարկային պարտավորությունների գումար /գործ թիվ ՏԴ2/0004/01/10/, որպես հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասի հատուցում /գործ թիվ ԱՐԴ/0090/01/08/, որպես շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գումար /գործ թիվ ԱՎԴ/0014/01/08/ և այլն):

Խորհուրդը գտնում է, որ դատարանը անկախ է և ի պաշտոնե մեկնաբանում է օրենքը, և այդ մեկնաբանությունները կարող են տարբերվել այլ դատարանների տրված մեկնաբանություններից` ողջամտության սահմաններում: Ի թիվս այլ հարցերի, վերադաս դատարանները քննարկման առարկա են դարձնում նաև այդ մեկնաբանությունները:

Այսպիսով, գործի փաստական հանգամանքները հաշվի առնելով, եթե անգամ վերոհիշյալ հարցերում Ե.Դարբինյանը թույլ է տվել օրենքի խախտում, ապա այդ ենթադրյալ խախտումը սկզբունքորեն չի կարող բավարարել «ակնհայտության» չափանիշին, ուստի այն չի կարող կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսանալ:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ քննարկվող մասով Եզրակացության մեջ նշված հանգամանքները չեն կարող գնահատվել որպես օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում: Միաժամանակ, Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հետևանքով առաջացող գույքային հարցերի կապակցությամբ առկա է իրավական կանոնակարգման անհրաժեշտության խնդիր, որը կարող է լուծվել կա՛մ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով, կա՛մ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացմամբ:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ Դատարանը սույն գործով դատավճիռ կայացնելիս դատական ակտի եզրափակիչ մասում սահմանել է, որ բռնագանձումն առաջնահերթ պետք է տարածել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասի շարժական և անշարժ գույքի վրա, իսկ պարտավորությունները չապահովելու դեպքում` նաև Գ. Սաֆարյանի վերգրված անձնական գույքի վրա, ապա Խորհորդն արձանագրում է, որ այդ առումով օրինականության խախտում թույլ տալու մասին Եզրակացությունը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Ինչպես վերը նշվեց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը, ի թիվս այլ հարցերի, լուծում է այն հարցը, թե քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա: Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա oրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել: Նույն օրենքի 4-րդ մասով հստակ ամրագրված է նաև պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը և կարգը:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս չի լուծում բռնագանձման ենթակա գույքի առաջնահերթության հարցը, քանի որ` 1) նշված հարցի լուծումը դուրս է քաղաքացիական հայցի մասով դատարանի լուծմանը ենթակա հարցերի շրջանակից, 2) նշված հարցն արդեն իսկ կարգավորված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` վերը վկայակոչված նորմերով:

Մինչդեռ, Դատարանը սույն գործով դատավճիռ կայացնելիս դատական ակտի եզրափակիչ մասում սահմանել է, որ «բռնագանձումն առաջնահերթ պետք է տարածել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասի շարժական և անշարժ գույքի վրա»: Այսինքն` Դատարանը, ի թիվս այլ հարցերի, դատավճռով լուծել է նաև գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու հերթականության հարցը` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում թույլ է տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում:

08.04.2010 թվականին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում, որով Դատարանի 07.04.2009 թվականի դատավճռի «բռնագանձումն առաջնահերթ տարածել «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության` Գ. Սաֆարյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասի շարժական և անշարժ գույքի վրա, իսկ պարտավորությունները չապահովելու դեպքում` նաև Գ. Սաֆարյանի վերգրված անձնական գույքի վրա» մասը բեկանվել է, և սահմանվել է, որ բռնագանձումը տարածվում է Գևորգ Սաֆարյանին պատկանող գույքի վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով: Արդյունքում դատավարական իրավունքի` վերը հիշատակված խախտումները վերացվել են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ե. Դարբինյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան
Գ
. Բադիրյան
Կ. Բաղդասարյան
Ռ. Բարսեղյան
Ա. Թումանյան

Գ. Խանդանյան
Ա. Խաչատրյան
Մ. Մակյան
Մ. Մարտիրոսյան
Ս. Օհանյան
Հ. Փանոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան