Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.09.03/23(436).1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
04.06.1999
Ստորագրման ամսաթիվ
04.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2000

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև հարկային օրենսդրության պահպանման և այդ բնագավառում խախտումների դեմ պայքարի հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

գիտակցելով հարկման բնագավառում համակարգված տնտեսական բարեփոխումների իրականացմանն ուղղված համաձայնեցված հարկային քաղաքականության անցկացմանը անհրաժեշտությունը,

ելնելով հարկային օրենսդրության պահպանման հարցերով միջպետական համագործակցության և փոխադարձ օգնության կարևորությունից, այդ թվում հարկային իրավախախտումների և հանցագործությունների կանխման, բացահայտման ու խափանման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման համար,

այդ նպատակով ցանկանալով միմյանց օժանդակություն ցուցաբերել,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող հասկացությունները նշանակում են.

հարկային օրենսդրություն` իրավական նորմերի համակցություն, որոնք սահմանում են հարկերի և գանձումների տեսակները, Կողմերի տարածքներում դրանց գանձման և հարկային պարտավորությունների ծագման, փոփոխման ու դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորող կարգը,

հարկային օրենսդրության խախտում` հակաիրավական արարք, որն արտահայտվում է հարկատուների կողմից հարկերի և գանձումների մասին օրենսդրության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մեջ, որի համար Կողմերի ազգային օրենսդրություններով սահմանված է պատասխանատվություն,

իրավասու մարմիններ` պետական մարմիններ, որոնց վրա Կողմերի ազգային օրենսդրություններով դրված է հարկային օրենսդրության պահպանման, հարկերի և գանձումների ստացման և այդ բնագավառում խախտումների հետ պայքարի կազմակերպման նկատմամբ հսկողությունը,

հարցում օժանդակության մասին` հարկային օրենսդրության պահպանման և այդ բնագավառում խախտումների հետ պայքարի հարցերում օժանդակություն ցուցաբերելու մասին հարցում,

հարցող իրավասու մարմին` Կողմի իրավասու մարմինը, որն օժանդակության մասին հարցում է կատարում,

հարցվող իրավասու մարմին` Կողմի իրավասու մարմին, որը ստանում է օժանդակության մասին հարցումը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սույն Համաձայնագրի առարկա է հանդիսանում Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունը և փոխադարձ օգնությունը հարկային օրենսդրության պահպանման և այդ բնագավառում խախտումների հետ պայքարի հարցերով:

Կողմերի իրավասու մարմինները համագործակցում են սույն Համաձայնագրի շրջանակներում` ղեկավարվելով իրենց պետությունների ազգային օրենսդրություններով և միջազգային պարտավորություններով:

Սույն Համաձայնագրի դրույթները չեն խոչընդոտում իրավասու մարմինների համագործակցությանը Կողմերի միջև կնքված այլ համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաև սույն Համաձայնագրի մասնակից պետությունների և սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների միջև:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի իրավասու մարմինները իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան օգտագործում են համագործակցության հետևյալ ձևերը.

տեղեկությունների տրամադրում հարկային ազգային համակարգերի, հարկային օրենսդրությունում փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև հարկային օրենսդրության խախտումների կանխման, բացահայտման և խափանման վերաբերյալ մեթոդական երաշխավորությունների մասին,

տեղեկությունների փոխանակում հարկատուների կողմից հարկային օրենսդրության պահպանման մասին, ներառյալ հարկային օրենսդրության խախտումների հետ կապված տեղեկությունները,

փոխգործակցություն հարկային օրենսդրության խախտումների կանխմանը, բացահայտմանը և խափանմանն ուղղված միջոցառումների անցկացման գործում,

իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկման հետ կապված փաստաթղթերի համապատասխան ձևով վավերացված պատճենների տրամադրում,

Կողմերի իրավասու մարմինների աշխատանքը ապահովող կապի էլեկտրոնային միջոցների ստեղծման, գործունեության և փոխգործակցության փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում,

համագործակցության գործընթացում ծագող հարցերով աշխատանքային խմբերի ստեղծում և փորձագետների փոխանակում,

օժանդակություն կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում,

գիտապրակտիկ համաժողովների, սեմինարների անցկացում և համագործակցության այլ ձևերի օգտագործում, որոնք պահանջում են համատեղ գործողություններ:

Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերով, Կողմերի իրավասու մարմինները փոխգործակցում են միմյանց հետ անմիջականորեն:

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության իրագործման կոնկրետ ձևերը սահմանվում են Կողմերի իրավասու մարմինների միջև կնքված համապատասխան պայմանագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Հարկային օրենսդրության խախտումների մասին տեղեկությունների փոխանակումը նախատեսում է օժանդակության մասին հարցման հիման վրա սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի դրույթներին համապատասխան տվյալների տրամադրում, որոնք վերաբերում են.

հարկատուների գրանցմանը, ներառյալ նրանց գտնվելու վայրի, ենթակայության, սեփականության ձևի և այլ տվյալներ,

հարկման օբյեկտներին և Կողմերի տարածքներում ստացված եկամուտներին, հարկերի վճարված գումարներին կամ հարկման հետ կապված այլ տեղեկություններին,

պետական և առևտրային բանկերում հարկատուների հաշիվների առկայությանը Կողմերի օրենսդրությունների պահանջներին համապատասխան,

Կողմերի իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում այլ տեղեկություններին:

Տեղեկատվությունը տրամադրվում է մի Կողմի իրավասու մարմնի կողմից մյուս Կողմի իրավասու մարմինների օժանդակության մասին հարցման հիման վրա, պայմանով, որ նման տեղեկատվության տրամադրումը չի հակասում հարցվող Կողմի ազգային օրենսդրությանը:

Եթե Կողմերից որևէ մեկի իրավասու մարմինները համարում են, որ իրենց տրամադրության տակ եղած տեղեկություններում շահագրգռված են մյուս Կողմի իրավասու մարմինները, ապա նրանք կարող են տրամադրել այդ տեղեկությունները սեփական հայեցողությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Հարկային օրենսդրության խախտումների կանխման, բացահայտման և խափանման ուղղությամբ միջոցառումների անցկացման դեպքում Կողմերի իրավասու մարմինների փոխգործակցությունը կարող է ներառել համատեղ պլանավորումը, միջոցների օգտագործումը և փորձագետների ներգրավումը, այդ միջոցառումների անցկացման ընթացքի և արդյունքների մասին տեղեկությունների փոխանակումը:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Օժանդակության մասին հարցումը պետք է փոխանցվի գրավոր ձևով կամ հեռատիպային, ֆաքսիմիլային կամ էլեկտրոնային կապի միջոցներով:

Հեռատիպային, ֆաքսիմիլային կամ էլեկտրոնային կապի միջոցների օգտագործման և հարցման իսկության կամ նրա բովանդակության վերաբերյալ կասկածանքների առաջացման դեպքում հարցվող իրավասու մարմինը կարող է գրավոր դիմել հաստատման համար:

Օժանդակության մասին հարցումը պետք է պարունակի.

հարցող իրավասու մարմնի անվանումը,

հարցվող իրավասու մարմնի անվանումը,

հարկատուի տվյալները, որի վերաբերյալ հարցում է կատարվում,

հարցման էության հակիրճ շարադրումը և դրա հիմնավորումը, ինչպես նաև հարցման կատարման համար անհրաժեշտ այլ տվյալներ,

անհրաժեշտության դեպքում, տրամադրվող փաստաթղթերի պատճենների վավերացման կարգը:

Օժանդակության մասին հարցումը և դրա պատասխանը կազմվում են ռուսերեն կամ ազգային լեզվով` կցելով ռուսերեն թարգմանված վավերացված օրինակը:

Հարցվող իրավասու մարմինը իրավունք ունի պահանջել հարցման կատարման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ:

Հարցվող իրավասու մարմինը օժանդակության մասին հարցման հիման վրա ներկայացնում է նորմատիվ ակտեր, փաստաթղթերի իր կողմից վավերացված պատճեններ և հարցման կատարման համար անհրաժեշտ այլ նյութեր:

Փաստաթղթերի և այլ նյութերի բնօրինակները կարող են տրամադրվել համաձայնեցված ժամկետով:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կողմերը պարտավորվում են պահպանել կոնկրետ հարկատուներին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունը և ապահովել պաշտպանության ռեժիմը Կողմերի ազգային օրենսդրություններին և հարցվող իրավասու մարմնի պահանջներին համապատասխան:

Ստացված տեղեկությունները Կողմերի իրավասու մարմինները կարող են օգտագործել միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակներով, այդ թվում վարչական կամ դատական քննության համար:

Կողմերը պարտավորվում են չթույլատրել ստացված տեղեկությունների հակաօրինական օգտագործումը:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կողմերի իրավասու մարմինները միմյանց օժանդակություն են ցուցաբերում իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, իրենց իրավասության շրջանակներում:

Հարցող իրավասու մարմինը իր խնդրանքով կարող է տեղեկացվել օժանդակության մասին հարցման ի կատարում իրագործվող գործողությունների անցկացման ժամանակի և վայրի մասին, իսկ նրա ներկայացուցիչները լրացուցիչ համաձայնությամբ կարող են ներկա լինել դրանց անցկացման ժամանակ:

Եթե հարցվող իրավասու մարմինը չի կարող կատարել հարցումը, ապա նա հարցումը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է հարցող իրավասու մարմնին:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Կողմերի իրավասու մարմինները հոգում են իրենց պետությունների տարածքներում նրանց կողմից սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերը: Լրացուցիչ ծախսեր պահանջող օժանդակության մասին հարցումների ստացման դեպքում, դրանց ֆինանսավորման վերաբերյալ հարցը քննարկվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից փոխադարձ պայմանավորվածությամբ:

Համատեղ միջոցառումներ անցկացնելու դեպքում մյուս Կողմի տարածքում իր աշխատակիցների գործունեության ապահովման հետ կապված ծախսերը հոգում է ուղարկող Կողմը, եթե Կողմերը այլ բան չեն որոշել:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Կողմերը ձգտում են վիճելի հարցերի կարգավորման գործում փոխադարձ համաձայնության ձեռքբերմանը, որոնք կարող են ծագել սույն Համաձայնագրի կիրառման ժամանակ:

Կողմերը, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցություններ են անցկացնում սույն Համաձայնագրի իրագործման ընթացքի գնահատման համար և որոշում են դրանց անցկացման ժամկետները:

Սույն Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակներով Կողմերը առանձին հարցերով կարող են կնքել լրացուցիչ համաձայնագրեր:

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերին համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Յուրաքանչյուր Կողմ սահմանում է իրավասու մարմինների ցանկը և փոխանցում է այն Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեն Կողմերից ստացված ծանուցումների հիման վրա ձևավորում է Կողմերի իրավասու մարմինների ցանկը և ուղարկում է այն Համաձայնագրի բոլոր մասնակից պետություններին, ինչպես նաև հայտնում է տվյալ ցանկի բոլոր փոփոխությունների մասին:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ 5 տարով, եթե Կողմերը այլ որոշում չկայացնեն:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Սույն Համաձայնագիրը, բոլոր Կողմերի համաձայնությամբ, բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1999 թվականի հունիսի 4-ին մեկ բնօրինակով՝ ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության։

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 24-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան