Գլխավոր տեղեկություն
Համար
N 1854-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.07.2010-03.10.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.62
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.04.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1854-Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրության հավելվածի 20-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում, հաստատել համարանիշերի մուտքի և ելքի, սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված հայտի և հանձնման ապրանքագրի, «Ժամանակավոր» համարանիշերի հատկացման մատյանի, համարանիշերի ոչնչացման մատյանի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 23
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1854-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ընդհանուր օգտագործման ճանապարհներին շահագործման համար նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ճանապարհային ոստիկանության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի (այսուհետ՝ համարանիշեր) հաշվառման և հատկացման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

2. Համարանիշեր պատրաստող կազմակերպությունից համարանիշերը ճանապարհային ոստիկանության՝ տրանսպորտային միջոցների հաշվառման կենտրոնական ստորաբաժանումում մուտքագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում, պահեստավորվում և հետագայում հայտերի հիման վրա  հանձնման ապրանքագրերով առաքվում տրանսպորտային միջոցների հաշվառման տարածքային  ստորաբաժանումներ:

«Տարանցիկ» համարանիշերն առաքվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե՝  սույն կարգի 19-րդ կետում նշված դեպքերում հատկացնելու համար:

«Ժամանակավոր» համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության պարեկային ստորաբաժանումներ:

3. Հաշվառման տարածքային ստորաբաժանումներում  համարանիշերի ստացումն արձանագրվում է  համարանիշերի մուտքի և ելքի մատյանում, իսկ ծախսն արտացոլվում է տրանսպորտային միջոցների հաշվառման մատյանում:

Սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքերում ճանապարհային ոստիկանության պարեկային ստորաբաժանումներից հիմնական համարանիշերի ստացումը և դրանք տրանսպորտային միջոցները տնօրինողներին վերադարձնելն արձանագրվում է համարանիշերի մուտքի և ելքի առանձին մատյանում:

«Ժամանակավոր» համարանիշերի հատկացումն արձանագրվում է տրանսպորտային միջոցների հաշվառումից հանման մատյանում:

4. Ճանապարհային ոստիկանության պարեկային ստորաբաժանումներում «Ժամանակավոր» համարանիշերի ստացումը և անձնակազմին բաշխումն արձանագրվում է համարանիշերի մուտքի և ելքի մատյանում:

«Ժամանակավոր» համարանիշերի հատկացումն արձանագրվում է «Ժամանակավոր» համարանիշերի հատկացման մատյանում:

5. Հաշվառումից հանված տրանսպորտային միջոցի կամ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած ու փոխանակման ենթակա համարանիշերը վերադարձվում են ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանում՝ բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերի:

6. Ստորաբաժանում վերադարձրած համարանիշերը, բացառությամբ սույն կարգի  8-րդ կետում նշված դեպքերի, ենթակա են առնվազն երկու մասի կտրման եղանակով ոչնչացման` ստորաբաժանման աշխատողներից կազմված հանձնաժողովի կողմից: Ոչնչացման փաստն արձանագրվում է համարանիշերի ոչնչացման մատյանում:

7. Վերադարձման ենթակա չեն`

ա) Հայաստանի Հանրապետության պետական դրոշի  կամ կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերը պարունակող համարանիշերը.

բ) այլ անձի ժառանգության միջոցով փոխանցված կամ 1-ին կամ 2-րդ հերթի ժառանգներին օտարված տրանսպորտային միջոցների համարանիշերը, եթե տրանսպորտային միջոցի նոր սեփականատերը ցանկանում է ձեռք բերել նաև նախկին համարանիշերը (բացառությամբ աճուրդով ձեռքբերման ենթակա համարանիշերի):

8. Ոչնչացման ենթակա չեն՝

ա) աճուրդով ձեռք բերված և մինչև նույն անձի անվամբ մեկ ամսվա ընթացքում հաշվառվող այլ տրանսպորտային միջոցը հատկացնելը ոստիկանությունում ի պահ հանձնված համարանիշերը.

բ) տարանցիկ համարանիշերը (բացառությամբ սույն կարգի 22-րդ կետում նշված դեպքի).

գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց անձնակազմի անդամների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերը.

դ) «Հյուրերին սպասարկող» (պաշտոնական պատվիրակություններին սպասարկող) տրանսպորտային միջոցների համարանիշերը.

ե) դեղին հիմնագույնի համարանիշերը (բացառությամբ հետագա շահագործման համար ոչ պիտանի համարանիշերի):

(8-րդ կետը լրաց. 24.06.10 N 797-Ն)

9. Ոչնչացված համարանիշերը կրկին կարող են արտադրվել միայն համարանիշերի ոչնչացման մատյանում զույգ համարանիշերի ոչնչացման վերաբերյալ գրառման առկայության դեպքում:

10. Ճանապարհային ոստիկանության պետի կողմից ստեղծված հանձնաժողովը տարեկան մեկ անգամ ստուգում է տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող, ինչպես կենտրոնական, այնպես էլ տարածքային ստորաբաժանումներում համարանիշերի հաշվառման և ծախսի գործընթացը: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմնի ծառայողները:

 

III. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

11. Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ հաշվառվող ընդհանուր օգտագործման ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են հաշվառման համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):

12. Հիմնական  համարանիշերն ըստ հատկացման հերթականության բաժանվում են 3 խմբի՝

ա) ընդհանուր հիմունքներով տրվող համարանիշեր` հատկացվում են տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում  առկա համարանիշերից՝ ըստ աճող հերթականության.

բ) ցանկալի համարանիշեր (տրվող հերթականության խախտմամբ կամ տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում չգտնվող, առանձին պատվեր պահանջող և աճուրդի միջոցով հատկացվող համարանիշերի ցանկում չընդգրկված համարանիշեր)` հատկացվում են ոստիկանության ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաստատագրված գումար մուծելու դեպքում.

գ) աճուրդի միջոցով հատկացվող համարանիշեր՝  հատկացվում են  անցկացված աճուրդի հաղթողին:

Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցն առաջին անգամ փոխելիս (օտարելիս) հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե մեկ ամսվա ընթացքում նա հաշվառման է ներկայացնում իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշը տրամադրվում է նրան պետական տուրքի և աճուրդի մեկնարկային գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն  օգտագործելու առաջնահերթության իրավունքից:

Այն հաշվառման համարանիշերը, որոնք տրամադրված են եղել մինչև սույն կարգի գործողությունը վերադարձման ենթակա չեն և դրանք օգտագործողներից որևէ վճար չի գանձվում, բացառությամբ սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

13. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների ու տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևի) տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է ոստիկանության պետը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն
որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ նշված դեպքերի:

(13-րդ կետը խմբ. 24.06.10 N 797-Ն)

14. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  մրցույթների արդյունքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու իրավունք ստացած կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին, մրցույթի պայմաններով սահմանված ժամկետով, ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հատկացվում են դեղին հիմնագույնի համարանիշեր: Դեղին հիմնագույնի համարանիշերը տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերն ի պահ վերցնելուց հետո:

15. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա հատկացվում են կարմիր հիմնագույնի («Դիվանագիտական») համարանիշեր: Ընդ որում, լատիներեն «D» տառը պարունակող համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, իսկ լատիներեն «T» տառը պարունակողները՝ տեխնիկական անձնակազմին սպասարկող տրանսպորտային միջոցներին: Յուրաքանչյուր ծածկագրի 001 նիշերը պարունակող համարանիշերը հատկացվում են տվյալ ներկայացուցչության ղեկավարին սպասարկող տրանսպորտային միջոցին:

ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության տրանսպորտային միջոցներին հատկացվում են երկնագույն հիմնագույնի, լատիներեն UN տառերը պարունակող համարանիշեր:

16. Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցներին հատկացվում են Հայաստանի Հանրապետության դրոշի ուրվապատկերը պարունակող համարանիշեր:

17. Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող տրանսպորտային միջոցներին հատկացվում են կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերը պարունակող համարանիշեր:

18. Հաշվառումից դուրս գրվող տրանսպորտային միջոցներին իրենց նոր հաշվառման վայր մեկնելու համար ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից հատկացվում են «Տարանցիկ» համարանիշեր: «Տարանցիկ» համարանիշեր չեն հատկացվում, եթե տրանսպորտային միջոցը հաշվառումից դուրս է գրվում նույն ստորաբաժանումում նույն պահին հաշվառվելու համար:

19. Հայաստանի Հանրապետության տարածք «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող տրանսպորտային միջոցներին Հայաստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի սահմանային ստորաբաժանումների կողմից  հատկացվում են տարանցիկ համարանիշեր:

20. Հայաստանի Հանրապետությունում  գտնվող օտարերկրյա կամ միջազգային պաշտոնական պատվիրակություններին սպասարկող տրանսպորտային միջոցներին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա, ճանապարհային ոստիկանության հաշվառման կենտրոնական ստորաբաժանման կողմից հատկացվում են «Հյուրերին սպասարկող» համարանիշեր: Այդ համարանիշերը հայտում նշված տրանսպորտային միջոցին հատկացվում են  դրա հիմնական համարանիշերը հայտում նշված ժամկետով ի պահ վերցնելուց հետո:

21. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում (տեխնիկական զննությունը չանցած, անօրինական վերասարքավորված) տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու նպատակով, ի պահ վերցված հիմնական համարանիշերի փոխարեն, երթևեկության արգելման պատճառը վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով, ճանապարհային ոստիկանության պարեկային ստորաբաժանումների կողմից հատկացվում են «Ժամանակավոր» համարանիշեր:

Ի պահ վերցված հիմնական համարանիշերն ուղարկվում են տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման տարածքային ստորաբաժանում, որի կողմից տրանսպորտային միջոցը տնօրինողին վերադարձվում են երթևեկության արգելման պատճառ հանդիսացող հանգամանքը վերացված լինելուց և ժամանակավոր համարանիշերը հետ ընդունելուց հետո:

Եթե երթևեկության արգելման պատճառը հնարավոր է վերացնել կարճ ժամկետում, ապա ի պահ վերցված համարանիշերն ուղարկվում են տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի հաշվառման ստորաբաժանում, որի կողմից, երթևեկության արգելման պատճառ հանդիսացող հանգամանքը վերացված լինելու դեպքում, դրանք վերադարձվում են տրանսպորտային միջոցը տնօրինողին:

22. Հետագայում ընդհանուր օգտագործման ճանապարհներին չշահագործվելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունում հաշվառվելու նպատակով ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումներից հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին նույնպես հատկացվում են «Տարանցիկ» համարանիշեր, որոնք ենթակա են ոչնչացման այդ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունում տրանսպորտային միջոցների հաշվառման և համարանիշերի հատկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

Տրանսպորտային միջոցի կորած համարանիշերի (համարանիշի) փոխարեն, մինչև տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման տարածքային ստորաբաժանումից հիմնական համարանիշեր ստանալը, դիմելու վայրի տարածքային հաշվառման ստորաբաժանման կողմից հատկացվում են «Տարանցիկ» համարանիշեր:

23. Տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն  տրանպորտային միջոցին ճանապարհային փորձարկումներին մասնակցելու համար ճանապարհային ոստիկանության  հաշվառման կենտրոնական ստորաբաժանման կողմից հատկացվում են «Փորձարկում» համարանիշեր:

24. Ավտոմոբիլներին, ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, կցորդներին ու կիսակցորդներին՝ մեկ համարանիշ:

25. Կորած համարանիշի փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

26. Տրանսպորտային միջոցների համարանիշեր տալու (այդ թվում` կորած համարանիշերի փոխարեն) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան