ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
25 հունիսի 2010 թ. |
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 01.06.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. մարտի 23-ին` Դամասկոսում:
2. Համաձայնագրի նպատակն է խրախուսել արդյունավետ համագործակցությունը դատական և իրավական գործերում, կարգավորելով քաղաքացիական գործերով դատական փաստաթղթերի և դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի հանձնման, ապացույցների ձեռքբերման և քաղաքացիական գործերով դատական որոշումների ճանաչման և կատարման հարցերը:
3. Համաձայնագրով նախատեսվում են կողմերի միջև դատական փաստաթղթերի և դրանց առնչվող արտադատական փաստաթղթերի փոխանցման կարգը, գործով ապացույցների ձեռքբերման, դրանց օրինական ճանաչման և փոխանցման, ինչպես նաև այդ գործողություններին առնչվող ծախսերի կատարման կարգը:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● հայցող Կողմին տրամադրել պահանջվող նյութի վերաբերյալ փաստաթղթեր` արդարադատության նախարարության միջոցով` դատական ծանուցագրերի հանձնման վերաբերյալ ՀՀ օրենքներով նախատեսված ընթացակարգերին համապատասխան,
● հայցող Կողմին փաստաթղթերի հանձնումը հնարավոր չլինելու դեպքում, անհապաղ տեղեկացնել նրան դրա պատճառների մասին,
● ապահովել հայցող Կողմի ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ խնդրանքը ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան,
● ճանաչել և կատարել քաղաքացիական գործերով մյուս Կողմի իրավասու դատարանների որոշումները, եթե դրանք ուժի մեջ են մտել և վերանայման կարգով անցել են բոլոր ընթացակարգերը, ինչպես նաև կայացվել են իրավասությանն առնչվող միջազգային իրավունքի այն սկզբունքներին համապատասխան, որոնք կիրառելի են ՀՀ տարածքում,
● կրել փաստաթղթերի հանձնման հետ կապված բոլոր ծախսերը կամ վճարները:
Համաձայնագրով միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն սահմանվում են նաև դրա կիրառման և մեկնաբանման հետ կապված բոլոր վեճերի կարգավորման, համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև ուժի մեջ մտնելու և դադարեցման ընթացակարգերը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
ՍԴՈ-898 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|