ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
25 մայիսի 2010 թ. |
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 10-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև վարկային համաձայնագրում (Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 14.05.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև վարկային համաձայնագիրը (Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր) ստորագրվել է 2010 թվականի մարտի 10-ին:
Համաձայնագիրն ունի երկու Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրություն», Առդիր 2. «Դասերը և օգտագործումները»:
2. Համաձայնագրում ամրագրված պայմաններով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (այսուհետ` Բանկ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել հինգ միլիոն (5.000.000) եվրո գումարի չափով վարկ` համաձայնագրի Առդիր 1-ում նկարագրված ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորման նպատակով: Ծրագրի կատարման ժամկետը 2013 թվականի հուլիսի 1-ն է:
Նշված Ծրագրի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումները` վերակառուցելու Երևան քաղաքի մետրոյի համակարգը:
Ծրագիրը կազմված է հետևյալ մասերից (ենթակա դրանց այնպիսի փոփոխությունների, որոնց շուրջ Բանկը և ՀՀ-ն կարող են ժամանակ առ ժամանակ համաձայնություն ձեռք բերել)` 60 սայլակների փոխարինում և տեխնիկական սպասարկման սայլակի գնում, գծերի բարելավումներ` ներառյալ փայտակոճեր, ռելսերի միջադիրներ և ամրաններ, փորակավոր ռելսեր և ուղեփոխիչներ, եռակցման նյութեր, տեխնիկական սպասարկման սարքավորում և գործիքներ և դրանց հետ կապված տեղադրման աշխատանքներ, էլեկտրամատակարարման վերականգնում` ներառյալ 6 ԿՎ ընտրված մալուխների և համուղղիչների փոխարինում, ինչպես նաև ջրի ներթափանցման հետ կապված միջոցառումներ` ներառյալ պոմպերի մատակարարում և տեղադրում:
3. Վարկի օգտագործման նվազագույն գումարը 100.000 եվրո է, կանխավճարի նվազագույն գումարը` 500.000 եվրո:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● մարել վարկը քսանչորս հավասար կիսամյակային վճարումներով` տոկոսագումարների վճարման ամսաթվին, որն ընկնում է սույն համաձայնագրի ստորագրման երրորդ տարին կամ անմիջապես հետո (հոդված II, Բաժին 2.02, կետ ե)),
● վճարել տոկոսագումար տարեկան 0,5 տոկոսի չափով յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին (հոդված II, Բաժին 2.02, կետեր դ), է)),
● օգտագործել տրամադրվող գումարը ժամանակ առ ժամանակ` Ծրագրի համար պահանջվող ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների խելամիտ գներով կատարված ծախսերի կամ վարկի բացման միջնորդավճարների համար (հոդված II, Բաժին 2.03),
● եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապա Ծրագրի իրականացման բացառիկ նպատակով` ենթավարկային համաձայնագրի համաձայն, վարկի միջոցները տրամադրել Ծրագրի սուբյեկտին առանց գրավի և նույն` համաձայնագրում սահմանված պայմաններով (հոդված III, Բաժին 3.01, կետ ա)),
● եթե Բանկն այլ բան չի նախատեսում, չփոխանցել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել և չշեղվել Ենթավարկային համաձայնագրի որևէ դրույթից (հոդված III, Բաժին 3.01, կետ գ)),
● ապահովել, որ Ծրագրի սուբյեկտը միշտ ունենա բավարար միջոցներ իր պարբերական ծախսերը կատարելու համար` ներառյալ իր պարտքի սպասարկման պարտավորությունները ծածկելու միջոցներ, և կատարելու Ծրագրի համաձայնագրի և ենթավարկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր մյուս պարտավորությունները` սկսած 2010 ֆինանսական տարուց և մինչև սույն համաձայնագրի գործողության դադարեցումը (հոդված III, Բաժին 3.01, կետ ը)),
● չվաճառել, չփոխանցել, վարձակալությամբ չտալ և այլ կերպ չօտարել Ծրագրի սուբյեկտի կողմից շահագործվող ակտիվներն ամբողջությամբ կամ դրա զգալի մասը, որոնք կարևոր կամ ցանկալի են Ծրագրի սուբյեկտի հիմնական գործողության բնականոն ընթացքի համար` բացառությամբ թափանցիկ հիմունքներով նախատեսված` Ծրագրի սուբյեկտի մասնավորեցման ընթացքում (հոդված III, Բաժին 3.01, կետ թ)),
● ինչպես նաև չդադարեցնել, չփոփոխել, չշեղվել կամ չհամաձայնել փոխանցել Ծրագրի փաստաթղթերը կամ ֆինանսավորման համաձայնագիրը, որոնց ՀՀ-ն կողմ է հանդիսանում, և կատարել որևէ այլ փաստաթուղթ և ձեռնարկել որևէ այլ գործողություն, որն անհրաժեշտ և ցանկալի է ֆինանսավորման համաձայնագիրը և Ծրագրի փաստաթղթերը գործողության մեջ դնելու համար (հոդված III, Բաժին 3.01, կետ ժ), ի)):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև վարկային համաձայնագրում (Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|