ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ2/0106/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ2/0106/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վահագն Սաքանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սամվել Հարությունյանի, ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Նինա Փանոյանի ընդդեմ Վահագն Սաքանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սամվել Հարությունյանը պահանջել է բռնագանձել Վահագն Սաքանյանից 36.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.10.2009 թվականի որոշմամբ Դատարանի 29.04.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահագն Սաքանյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սամվել Հարությունյանը և Նինա Փանոյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 219-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները։
Դատարանի 29.04.2009 թվականի վճիռը բեկանելու հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն հանգամանքը, որ Դատարանը չի գնահատել այն փաստը, որ տարածքի արժեքի մի մասի վճարման առարկա հանդիսացող ավտոմեքենան գործի դատաքննության ժամանակ այդպես էլ մնացել է Վահագն Սաքանյանի սեփականությունը։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել Սամվել Հարությունյանի ներկայացուցչի ցուցմունքը, ըստ որի՝ Սամվել Հարությունյանը հանցանք կատարելու համար գտնվում է կալանավայրում, և կատարված արարքի համար կալանք է դրվել սեփականության իրավունքով Սամվել Հարությունյանին պատկանող գույքի, այդ թվում՝ ավտոմեքենայի վրա, որը գտնվել է նրա ավտոտնակում, այսինքն՝ Սամվել Հարությունյանի տնօրինության ներքո։
Բացի այդ, ավտոմեքենան Սամվել Հարությունյանին որպես սեփականություն հանձնելու հանգամանքը հաստատվել է նաև նոտար Արուսյակ Ազարյանի հայտարարությամբ, թիվ 19129808 քրեական գործով վկաներ Միքայել Իսահակյանի և Վահագն Սաքանյանի ցուցմունքներով, նույն քրեական գործով «Ակուռա» մակնիշի ավտոմեքենան կալանքի վերցնելու մասին քննիչի որոշմամբ, որոնք նույնպես պատշաճ չեն գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից։
Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում։ Վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել, լրացվել բողոքի քննության ընթացքում։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից ու վերաքննիչ բողոքը բավարարել է առանց վերաքննիչ բողոքի հիմքերին անդրադառնալու։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.10.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.04.2009 թվականի վճռին։
3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը դատավարական նորմերի խախտում թույլ չի տվել։ Վահագն Սաքանյանը տվել է կեղծ ցուցմունք այն մասին, որ առուվաճառքի գումարն ամբողջությամբ պայմանագրի կնքման պահին տվել է նոտարի ներկայությամբ։ Սակայն նոտարը հայտնել է, որ իր ներկայությամբ գումար չի վճարվել։ Իսկ ավտոմեքենան չեն գնել և չեն էլ փոխանակել պարտք մնացած գումարի դիմաց, և ըստ էության Դատարանն անհիմն կերպով համարել է, որ տեղի է ունեցել համարժեք փոխանակում՝ չվճարված գումարի դիմաց։ Հետևաբար, անհիմն է վճռաբեկ բողոքի հիմքն այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը։
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 04.07.2008 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Սամվել Հարությունյանը վաճառել, իսկ Վահագն Սաքանյանը 15.000.000 ՀՀ դրամ արժեքով գնել է Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի թիվ 12 հասցեի անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 8)։
2. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, թիվ 19129808 քրեական գործով որպես վկա հարցաքննված Վահագն Սաքանյանի 26.11.2008 թվականի և 03.04.2009 թվականի ցուցմունքների համաձայն՝ Վահագն Սաքանյանը Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի թիվ 12 հասցեի անշարժ գույքի դիմաց Սամվել Հարությունյանին վճարել է 13.800 ԱՄՆ դոլար, 1.000 ԱՄՆ դոլար ծախսվել է ճարտարապետական խնդիրների լուծման համար, իսկ տարբերությունը կազմող 35.000 ԱՄՆ դոլարի դիմաց Սամվել Հարությունյանի տնօրինմանն է հանձնել 2001 թվականի արտադրության «Ակուռա» մակնիշի, 50ՏՕ099 պետհամարանիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի անվանափոխություն չի կատարվել, քանի որ Սամվել Հարությունյանը ցանկացել է այն վաճառել, իսկ անվանափոխությունը կպահանջեր լրացուցիչ ծախսեր։ Համաձայնվել է Սամվելի հետ, որ ավտոմեքենան վաճառելու ժամանակ կկատարի փաստաթղթային ձևակերպումները (հատոր 2-րդ, գ.թ. 24-25, 28-29)։
3. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, թիվ 19129808 քրեական գործով որպես վկա հարցաքննված Միքայել Իսահակյանի 26.11.2008 թվականի ցուցմունքների համաձայն՝ Սամվել Հարությունյանը խանութը վաճառել է 50.000 ԱՄՆ դոլարով Վահագն անունով մի տղայի, որից 35.000 ԱՄՆ դոլարի դիմաց վերցրել է «Ակուռա» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա։ Քանի որ Սամվելն ավտոմեքենա վարել չգիտի, վարորդական իրավունքի վկայական չունի, ցանկանում էր այն վաճառել։ Սամվել Հարությունյանն այդ ավտոմեքենան հանձնել էր ինձ, որպեսզի օգնեմ վաճառեմ և դրա հետ կապված անհրաժեշտ վայր տանեմ։ Սակայն ավտոմեքենան մինչ օրս չի վաճառվել։ Ավտոմեքենան Սամվել Հարությունյանի սեփականությունն է (հատոր 2-րդ, գ.թ. 26-27)։
4. ՀՀ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վ. Դոլմազյանի 26.11.2008 թվականի որոշմամբ նշվել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ Սամվել Հարությունյանը սեփականության իրավունքով ունի «Ակուռա» մակնիշի 50ՏՕ099 պետհամարանիշի ավտոմեքենա։ Տվյալ որոշմամբ որոշվել է կալանք դնել Սամվել Հարությունյանին պատկանող գույքի՝ «Ակուռա» մակնիշի, 50ՏՕ099 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա (հատոր 1-ին, գ.թ. 66)։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ գնորդ Վահագն Սաքանյանի կողմից վճարված գումարը և տրված ավտոմեքենայի արժեքը կազմել են վաճառվող տարածքի գինը, հանգել է այն հետևության, որ կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրով և գործում առկա գրավոր փաստաթղթերով հաստատում է պարտավորության պատշաճ կատարումը։
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն եզրահանգումը, որ «Դատարանը չի գնահատել այն փաստը, որ իբրև տարածքի արժեքի մի մասի վճարման առարկա հանդիսացող Պատասխանողին սեփականությամբ պատկանող ավտոմեքենան գործի դատաքննության ժամանակ այդպես էլ մնացել է Պատասխանողի սեփականությունը, այսինքն՝ Դատարանում Պատասխանողը չի հիմնավորել իր կողմից վկայակոչած այն փաստը, որ վճարել է հայցվորից ձեռք բերված անշարժ գույքի համար՝ վերջինիս առձեռն տալով 13.800 ԱՄՆ դոլար և մնացած գումարի փոխարեն նրան տալով սեփականությամբ իրեն պատկանող ավտոմեքենան»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն oրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել թիվ 19129808 քրեական գործով որպես վկա հարցաքննված Վահագն Սաքանյանի և Միքայել Իսահակյանի տված ցուցմունքները, ՀՀ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վ. Դոլմազյանի 26.11.2008 թվականի որոշումը, որով կալանք է դրվել Սամվել Հարությունյանին պատկանող գույքի՝ «Ակուռա» մակնիշի, 50ՏՕ099 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա և չի պատճառաբանել, թե ինչո՞ւ են նշված ապացույցները մերժվել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
Սույն գործի փաստերով հիմնավորվում է այն հանգամանքը, որ «Ակուռա» մակնիշի ավտոմեքենան Վահագն Սաքանյանը Սամվել Հարությունյանին է հանձնել իրենց միջև կնքված առուվաճառքի պայմանագրով նախատեսված, պակաս վճարված գումարի փոխարեն։ Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ Սամվել Հարությունյանի կողմից չի հիմնավորվել վերոնշյալ ավտոմեքենան այլ նպատակով իրեն հանձնված լինելու հանգամանքը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2009 թվականի վճռին։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|