ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0338/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0338/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
|
Մ. Դրմեյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սամվել Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Սամվել Սարգսյանի, «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Վարշամ Ղարիբյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Սամվել Սարգսյանին և Կազմակերպությանը վերադարձնել «Մերսեդես Բենց» մակնիշի 183 ՍԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենան (այսուհետ` ավտոմեքենա):
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2009 թվականի որոշմամբ Սամվել Սարգսյանի և Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.09.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից չի ապացուցվել այն հանգամանքը, որ ավտոմեքենան գտնվել է Սամվել Սարգսյանի տիրապետման ներքո: Սույն գործում բացակայում է որևէ ապացույց, որը կհիմնավորեր այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը գտնվում է Սամվել Սարգսյանի տիրապետման ներքո:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանին հայտնի լինելով, որ Սամվել Սարգսյանը գույքը փաստացի չի տիրապետում և ավտոմեքենան գտնվում է Երևանի Ա. Վշտունու 73 հասցեում, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր: Ինչպես նաև վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ), 25.12.2009 թվականի թիվ ԵՄԴ/0124/02/09, ԵԱԴԴ/1498/02/09, ԱՐԱԴ/0080/02/09, ԱՐԱԴ/0081/02/09, ԵԷԴ/1413/02/08 որոշումներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ գործի նյութերով հիմնավորված է այն փաստը, որ վեճի առարկա ավտոմեքենան գտնվում է Սամվել Սարգսյանի տիրապետության տակ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 31.05.2008 թվականին լուծվել է Ընկերության և Սամվել Սարգսյանի միջև 06.03.2008 թվականի աշխատանքային պայմանագիրը: Նույն հրամանով հանձնարարվել է Ընկերության ավտոհավաքակայանի պետ Վարդան Մելքոնյանին երկու օրվա ընթացքում կազմակերպել և իրականացնել Սամվել Սարգսյանին կցված բեռնատար-սառնարան ավտոմեքենայի ընդունում-հանձնումը (հատոր 1-ին գ.թ. 57):
2) ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման 09.03.2009 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և գույքի շահագործումն արգելելու մասին» ակտի համաձայն` Երևանի Ա. Վշտունու փողոցի 73 հասցեում ավտոմեքենայի վրա դրվել է արգելանք և ի պահ է հանձնվել Կազմակերպության ավտոշարասյան պետ Խ. Ավդալյանին (հատոր 1-ին, գ.թ. 50-53):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան է պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Սույն գործի փաստերով չի հիմնավորվել Ընկերության ավտոմեքենան Սամվել Սարգսյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը:
Բացի այդ, ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման 09.03.2009 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և գույքի շահագործումն արգելելու մասին» ակտի համաձայն` Երևանի Ա. Վշտունու փողոցի 73 հասցեում ավտոմեքենայի վրա դրվել է արգելանք և ի պահ է հանձնվել «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի ավտոշարասյան պետ Խ. Ավդալյանին: Այսինքն` վերը նշված փաստով հիմնավորվել է այն հանգամանքը, ավտոմեքենան Սամվել Սարգսյանի տիրապետման ներքո չի գտնվում:
Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:
Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 24.12.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2009 թվականի որոշման` Սամվել Սարգսյանի մասը և այն փոփոխել` Սամվել Սարգսյանի մասով հայցը մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. «Շանթ պլյուս» ՍՊԸ-ից հօգուտ Սամվել Սարգսյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ՝ վճռաբեկ բողոքի համար վճարած պետական տուրքի գումարներ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
|
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |