ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2010 թվականի N 923-Ն
ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ «Երևանի բեռնման և բեռնաթափման ուղեմաս» փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Շենգավիթի վարչական շրջան, Արարատյան 95) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Աբելյան 6/1):
2. Սահմանել՝
1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի ապրիլի 21-ին գնահատված արժեքը` 961870 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 480935 հազ. դրամ.
3) որ գնորդը պարտավորվում է բաժնետոմսերի վաճառքի գնի առաջին վճարումը (վաճառքի գնի 30 տոկոսը) կատարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
3. Ընկերության պարտավորությունները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3208 հազ. դրամ, այդ թվում`
1) կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով` 164 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 1780 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 55 հազ. դրամ.
4) պարտավորություններ՝ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1041 հազ. դրամ.
5) այլ ընթացիկ պարտավորություններ` 168 հազ. դրամ:
4. Ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելուց հետո պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Ընկերությունը 2000-2009 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի վաճառքի գնի 30 տոկոսի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 1920000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
1) բաժնետոմսերի վաճառքի գնի մնացած 70 տոկոսը վճարել երեք տարվա ընթացքում՝ համապատասխանաբար՝
ա. առաջին տարում` 25 տոկոսի չափով,
բ. երկրորդ տարում` 25 տոկոսի չափով,
գ. երրորդ տարում` 20 տոկոսի չափով.
2) 3 տարվա ընթացքում կատարել 150 մլն դրամի չափով ներդրումներ, յուրաքանչյուր տարի համամասնորեն` 50 մլն դրամի չափով:
7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|