Գլխավոր տեղեկություն
Համար
N 1457-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.06.2010-09.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.17/63(362) Հոդ.1286
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 2 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հոկտեմբերի 2004 թվականի N 1457-Ն

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածին hամապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան հաշմանդամ ճանաչելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 7-ի N 1457-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ազատազրկման վայրում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) գտնվող ազատազրկված դատապարտյալին (այսուհետ` դատապարտյալ) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը:

2. Քրեակատարողական հիմնարկում գտնվող` կենսաթոշակի իրավունք ունեցող դատապարտյալին կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստում է քրեակատարողական հիմնարկը։

3. Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում, եթե բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն օրենքով սահմանված կարգով նրան հաշմանդամ է ճանաչում:

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

4. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քրեակատարողական հիմնարկում գտնվող` կենսաթոշակի իրավունք ունեցող դատապարտյալին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու և կենսաթոշակը վճարելու համար`

ա) նախապատրաստում է կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դատապարտյալի գրավոր դիմումի ու քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքի հետ միասին ներկայացնում տվյալ վարչական տարածքն սպասարկող` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանում (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում).

բ) դատապարտյալի անձնական գործում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում դրանք պահանջում է գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից.

գ) կենսաթոշակ նշանակվելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է դատապարտյալի կենսաթոշակի վկայականը, այն պահում դատապարտյալի անձնական գործում և ազատվելու օրը հանձնում նրան.

դ) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերի մասին.

ե) կատարում է դատապարտյալների կենսաթոշակային ապահովությանն առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

(4-րդ կետը փոփ. 15.05.08 N 455-Ն)

5. Քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի` կենսաթոշակ նշանակելու մասին գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը և քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այuուհետ` ծառայություն) միջոցով ճշտում է դատապարտյալին կենսաթոշակ նշանակած լինելու փաստը:

Կենսաթոշակ նշանակած չլինելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակ:

Կենսաթոշակ նշանակած լինելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է դատապարտյալի կենսաթոշակի գործը և կատարում հաշվառում: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է նրա նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցվելու օրվանից:

Չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` միանվագ` սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 15.05.08 N 455-Ն)

6. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 10 աշխատանքային օրվա ընթացքում` կենսաթոշակ նշանակելու մասին դիմումի քննարկման և ընդունված որոշման մասին գրավոր տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

7. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի կենսաթոշակը վերահաշվարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնական կենսաթոշակի չափը և (կամ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը յուրաքանչյուր անգամ սահմանվելուց հետո` առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, իսկ տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակվելուց հետո առնվազն 2 տարի աշխատած լինելու դեպքում` կենսաթոշակառուի գրավոր դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա:

8. Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխելու կենսաթոշակի տեսակը:

9. Քրեակատարողական հիմնարկից կենսաթոշակառու դատապարտյալի` պատժից պայմանական վաղաժամկետ կամ պատիժը լրիվ կրելով ազատման դեպքում, կամ ազատազրկման ձևով պատիժն ազատությունից զրկելու հետ չկապված պատժով փոխարինելու կամ նրա մահվան դեպքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր հայտնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը` նշելով կենսաթոշակառուին քրեակատարողական հիմնարկից ազատելու հիմքերը, օրը, ամիսը, տարեթիվը:

10. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկից կենսաթոշակառու դատապարտյալի ազատվելու մասին ստացված տեղեկատվության հիման վրա կասեցնում է կենսաթոշակի վճարումը:

Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում դադարեցվում է կենսաթոշակի վճարումը, իսկ կենսաթոշակառուին հասանելիք, բայց չստացված կենսաթոշակի գումարները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Կենսաթոշակառուների կենսաթոշակների գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացված դեպոզիտային հաշվին:

Քրեակատարողական հիմնարկը, ըստ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստացված վճարման ցուցակների, կենսաթոշակի գումարները յուրաքանչյուր ամիս արտացոլում է իր կողմից վարվող` կենսաթոշակառու դատապարտյալի անձնական հաշվում: Կենսաթոշակ ստանալու փաստը հավաստվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստացված վճարման ցուցակներում կենսաթոշակառուի ստորագրությամբ: Քրեակատարողական հիմնարկը ստորագրված վճարման ցուցակները վերադարձնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

(11-րդ կետը փոփ. 20.05.10 N 598-Ն)

12. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի ցանկությամբ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում կենսաթոշակառուի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում նրա կենսաթոշակի գումարը յուրաքանչյուր ամիս արտացոլում է ծառայության կողմից վարվող` կենսաթոշակառու դատապարտյալի անձնական հաշվում` մինչև քրեակատարողական հիմնարկից նրա ազատվելը:

Եթե քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը կուտակվում է ծառայության կողմից վարվող նրա անձնական հաշվում, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարին ուղարկում է դատապարտյալի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին (աճողական` տվյալ պահի դրությամբ ամփոփ տվյալներ) գրավոր տեղեկանք, որը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

(12-րդ կետը փոփ. 15.05.08 N 455-Ն)

13. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քրեակատարողական հիմնարկից դատապարտյալի ազատվելու դեպքում նրան տրամադրում է ծառայության կողմից վարվող նրա անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարների տնօրինման համար անհրաժեշտ փաստաթղթեր (կենսաթոշակի վկայական, անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարների մասին տեղեկանք և այլ փաստաթղթեր):

(13-րդ կետը փոփ. 15.05.08 N 455-Ն)

14. Քրեակատարողական հիմնարկում գտնված ամբողջ ժամանակահատվածում կենսաթոշակի կուտակված գումարն անձին վճարվում է մեկ ամսվա ընթացքում` միանվագ, եթե նա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմում և անձը հաստատող փաստաթուղթ:

15. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարները ծառայության կողմից վարվող անձնական հաշվում կուտակելուն վերաբերող փաստաթղթերը վարում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման համապատասխան աշխատողը:

(15-րդ կետը փոփ. 15.05.08 N 455-Ն)

16. Կենսաթոշակառու դատապարտյալը քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո գրավոր դիմում է իր փաստացի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որը քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է նրա կենսաթոշակի գործը: Կենսաթոշակի գործն ուղարկող ստորաբաժանումը գործի հետ միասին ուղարկում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:

17. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դատապարտյալի կենսաթոշակը նշանակում (վերահաշվարկում), կենսաթոշակի տեսակը փոխում, կենսաթոշակը վճարում և կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼԸ

 

18. Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի բժշկասոցիալական փորձաքննությունը կատարվում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին տրված դիմումի հիման վրա:

19. Ստանալով դիմումը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը դատապարտյալին բժշկական փորձաքննության ենթարկելու և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու համար 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր է ուղարկում քրեակատարողական հիմնարկը կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող առողջապահական կազմակերպություն: Առողջապահական կազմակերպությունը միջնորդագիրն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկում կատարում է դատապարտյալի բժշկական փորձաքննությունը և անհրաժեշտության դեպքում նրան ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Առողջապահական կազմակերպությունը բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը հանձնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

20. Ստանալով բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը` քրեակատարողական հիմնարկի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է իր գտնվելու վայրի վարչական տարածքի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին` դատապարտյալի բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ:

21. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարի միջնորդությունը և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրն ստանալուց հետո տվյալ վարչական տարածքի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը քրեակատարողական հիմնարկում կատարում է դատապարտյալի բժշկասոցիալական փորձաքննությունը:

22. Դատապարտյալին հաշմանդամ ճանաչելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարին է ուղարկում անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքը, որը պահվում է դատապարտյալի անձնական գործում:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը դատապարտյալի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքն ստանալուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ուղարկում կենսաթոշակ նշանակելու մասին դատապարտյալի գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:

(հավելվածը փոփ. 15.05.08 N 455-Ն, 20.05.10 N 598-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2011, N 672-Ն 09.06.2011, N 1457-Ն
20.05.2010, N 598-Ն 03.06.2010, N 1457-Ն
15.05.2008, N 455-Ն 30.05.2008, N 1457-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան