Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/7456/05/08

վարչական գործ թիվ ՎԴ/7456/05/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.10.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) ընդդեմ «Կապեկս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 1.063.000 ՀՀ դրամ։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.10.2009 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 35-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը թիվ ՊԼ-3422 լիցենզիան ստացել է 27.10.2004 թվականին և գործունեություն իրականացնելու համար յուրաքանչյուր տարի պետք է վճարեր 100.000 ՀՀ դրամ պետական տուրք։ Մինչդեռ Ընկերությունը 2005-2006, 2006-2007 և 2007-2008 թվականների համար տարեկան պետական տուրք չի վճարել, որի հետևանքով 27.10.2007 թվականի դրությամբ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի ապառքի գումարը կազմել է 300.000 ՀՀ դրամ։ Ապառքի գումարները սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով 27.10.2005-29.09.2008 թվականների համար հաշվարկվել է տույժ։

Բացի այդ, Դատարանը, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ընկերության նկատմամբ չէր կարող տույժ հաշվարկվել, քանի որ տարեկան պետական տուրքի գումարը չվճարելու հիմքով լիցենզիայի գործողությունը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ուժով համարել է կասեցված, և բացակայել է պետական տուրքի գանձման օբյեկտը, անտեսել է, որ նույն օրենքի ուժով լիցենզիայի գործողության կասեցումը չի համարվում լիցենզիայի գործողության դադարեցում։

Հետևաբար, տվյալ դեպքում առկա է պետական տուրքի գանձման օբյեկտը, իսկ լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէր պետական տուրքը չվճարելու համար, ուստի տարեկան պետական տուրքի վճարումներ չկատարելու դեպքում տույժեր հաշվարկելն իրավաչափ է։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 08.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 27.10.2004 թվականին Ընկերությանը տրվել է տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման թիվ ՊԼ-3422 լիցենզիան (գ.թ. 5)։

2. Պետական տուրքի գծով Ընկերության պարտավորությունը 27.10.2007 թվականի դրությամբ կազմել է 300.000 ՀՀ դրամ։ Ընկերությունը 2005-2008 թվականների տարեկան պետական տուրքերը (տարեկան՝ 100.000 ՀՀ դրամ)՝ 300.000 ՀՀ դրամ, վճարել է 29.09.2008 թվականին։

3. 27.10.2005 թվականից մինչև 29.09.2008 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկվել է 1.063.000 ՀՀ դրամ տույժ (գ.թ. 6-9)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք վճարողները պարտավոր են` ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը, պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը, սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի 9.5-րդ կետի համաձայն՝ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության մատուցման համար գանձվում է տարեկան պետական տուրք՝ 100.000 ՀՀ դրամ։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին սկսելը`… լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) տրման ամսաթվից ոչ ուշ։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ …., ինչպես նաև սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին, իսկ նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար նույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է դատական կարգով։

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Ընկերությունը տրված լիցենզիայի համար սահմանված ժամկետում պետական տուրքը չի վճարել, հանգել է այն հետևության, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ուժով լիցենզիայի գործողությունը կասեցվել է, և այդ ժամանակահատվածում Ընկերությունը տվյալ լիցենզիայի հիման վրա լիցենզավորման ենթակա գործունեություն չի իրականացրել, ուստի վճարման կետանցի օրերի դիմաց տույժ հաշվարկելն անհիմն է, քանի որ բացակայում է պետական տուրքի գանձման օբյեկտը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված հետևությունը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ՝

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։

Նշված նորմից հետևում է, որ լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի վճարման` իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ անկախ սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված դրույթներից՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարմամբ՝ սույն օրենքով սահմանված դրույքաչափերով ու ժամկետներում հերթական տարեկան պետական տուրքի գումարների, ինչպես նաև դրանց վճարումն ուշացնելու համար սույն օրենքով սահմանված տույժերի գումարների վճարմամբ, տարեկան պետական տուրքի վճարումից ազատումով, օրենքով տարեկան պետական տուրքի վեացմամբ, ինչպես նաև ֆիզիկական անձի մահվան դեպքում։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման անկախ արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերից և ժամկետներից։

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է լիցենզիայի գործողության կասեցման դեպքում պետական տուրքի վճարմանը։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավական ակտերի վերլուծությանը, նշել է, որ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում այդ անձինք ժամանակավորապես՝ մինչև տարեկան պետական տուրքի վճարումը, զրկվում են լիցենզիայով վերապահված գործողություններ իրականացնելու իրավունքից։ Հետևաբար, արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում կասեցման ժամանակահատվածում հերթական տարեկան պետական տուրքը ենթակա է վճարման անկախ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերից ու ժամկետներից։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում այն դեպքում, երբ դադարեցվում, այլ ոչ թե կասեցվում է դրա գործողությունը։ Հետևաբար, նույնիսկ լիցենզիայի գործողության կասեցման դեպքում Ընկերությունը պարտավոր էր կատարել դրա համար սահմանված տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Կոտայքի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Հրհակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 711 800 (յոթ հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-343(ՏԴ) որոշումը)։

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 27.10.2004 թվականին Ընկերությանը տրվել է տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման թիվ ՊԼ-3422 լիցենզիան։ Ընկերությունը 2005-2008 թվականների տարեկան պետական տուրքերը՝ 300.000 ՀՀ դրամ, վճարել է 29.09.2008 թվականին։ 27.10.2005 թվականից մինչև 29.09.2008 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկվել է 1.063.000 ՀՀ դրամ տույժ։ Բացի այդ, սույն գործում առկա չէ Ընկերության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին համապատասխան որոշման առկայությունը։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, Ընկերության թիվ ՊԼ-3422 լիցենզիայի գործողության կասեցված լինելու կամ չլինելու հանգամանքը սույն գործով էական նշանակություն չունի և հիմք չէ օրենքով սահմանված տույժը Ընկերության նկատմամբ չհաշվարկելու համար։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից տարեկան պետական տուրքի վճարման կետանցի օրերի դիմաց տույժ հաշվարկելն իրավաչափ է, քանի որ առկա է պետական տուրքի գանձման օբյեկտը։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։ Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 08.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հայցը բավարարել` «Կապեկս» ՍՊԸ-ից բռնագանձել 1.063.000 ՀՀ դրամ։

2. «Կապեկս» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության բռնագանձել 53.200 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի, ինչպես նաև հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան