ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
15 հունիսի 2010 թ. |
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 25.05.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի մարտի 23-ին:
2. Նշված համաձայնագրի նպատակն է ամրապնդել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու իրավական հիմքերը:
Համաձայնագիրը տարածվում է հանցագործությունների կատարման առնչությամբ հետաքննությունների, քննությունների և դատական ընթացակարգերի վրա` համաձայն երկու Կողմերի օրենսդրության:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրամադրել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն այն դեպքում, եթե արարքը, որի համար հարցում է ներկայացվել, քրեորեն պատժելի է երկու Կողմերի օրենսդրությամբ (հոդված 1, կետեր 1, 2),
● իր հայեցողությամբ տրամադրել իրավական օգնություն նաև այն դեպքում, երբ արարքը, որի համար հարցում է ստացվել, ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ (հոդված 1, կետ 2),
● իրավական օգնության շրջանակներում ընթացակարգային փաստաթղթեր հանձնել, ապացույցներ ստանալ, անձանց և առարկաների գտնվելու վայրը և ինքնությունը հաստատել, հայցող Կողմի իրավասու մարմինների կամավոր ներկայանալու համար վկաներ, տուժողներ և փորձագետներ հրավիրել (հոդված 2, կետեր 1-4),
● միջոցներ ձեռնարկել` կապված գույքի պաշտպանության հետ (հոդված 2, կետ 6),
● նշանակել կենտրոնական մարմին, ՀՀ-ի համար կենտրոնական մարմին է հանդիսանում ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը (հոդված 3),
● հարցումները և լրացուցիչ փաստաթղթերը զուգակցել հայցվող Կողմի լեզվով կամ անգլերենով հաստատված թարգմանությամբ (հոդված 5),
● բանկային գաղտնիքին կամ հարկման գաղտնիության հետ կապված իրավական օգնություն տրամադրել հայցվող Կողմի օրենսդրության համաձայն (հոդված 6, կետ 2),
● չմերժել ահաբեկչության հանցագործությունների հարցով իրավական օգնությունը` ՀՀ և Սիրիայի Արաբական Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաների համաձայն (հոդված 6, կետ 2),
● Սիրիայի Արաբական Հանրապետության կենտրոնական կամ իրավասու մարմինների կնիքով հաստատված` համաձայնագրի համապատասխան փաստաթղթերն ընդունել առանց օրինականացման ընթացակարգերի կամ վավերականության հաստատման այլ ձևերի (հոդված 7, կետ 1),
● գաղտնի պահել սիրիական Կողմի հարցման հիման վրա` իրավական օգնության համար հարցումը, դրա բովանդակությունը, լրացուցիչ փաստաթղթերը և հարցման համաձայն կատարված ցանկացած գործողություն, ինչպես նաև նման օգնություն տրամադրելու փաստը (հոդված 8, կետ 1),
● ՀՀ տարածքում վերցնել վկաների և տուժողների վկայություններ, փորձագիտական եզրակացություններ, փաստաթղթեր, իրեր, հարցման մեջ նշված այլ վկայություններ և փոխանցել սիրիական Կողմին (հոդված 11, կետ 1),
● ՀՀ իրավունքին համապատասխան իրավասու մարմինների օգնությամբ օգտագործել բոլոր հնարավորությունները` պարզելու համար հարցման մեջ նշված անձանց ինքնությունը և իրերի գտնվելու վայրը (հոդված 12),
● համագործակցել հանցագործության գործիքների և հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների բացահայտման, ինչպես նաև դրանց հետ կապված համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ (հոդված 17, կետ 1),
● որպես հայցվող Կողմ իր տարածքում կրել իրավական օգնության համար հարցման կատարման սովորական ծախսերը, բացառությամբ այն ծախսերի, որ կրում է հայցող սիրիական Կողմը (հոդված 18, կետ 1),
● վճարել որպես հայցող Կողմ դեպի իր տարածք և իր տարածքից անձանց տեղափոխման հետ կապված ծախսերը, փորձագետի ծախսերն ու վճարները, փոխանցված առարկաները հայցվող Կողմի տարածքից հայցող Կողմի տարածք և հետադարձ տեղափոխման հետ կապված ծախսերը (հոդված 18, կետ 1),
● համաձայնագրի մեկնաբանումից և (կամ) կիրառումից ծագած վիճահարույց հարցերը լուծել դիվանագիտական բանակցությունների միջոցով` երկու Կողմերի կենտրոնական մարմինների ներգրավմամբ (հոդված 19, կետ 2):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|