Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-895
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.28/34(768) Հոդ.717
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 15 հունիսի 2010 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 25.05.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի մարտի 23-ին:

2. Նշված համաձայնագրի նպատակն է ամրապնդել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու իրավական հիմքերը:

Համաձայնագիրը տարածվում է հանցագործությունների կատարման առնչությամբ հետաքննությունների, քննությունների և դատական ընթացակարգերի վրա` համաձայն երկու Կողմերի օրենսդրության:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրամադրել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն այն դեպքում, եթե արարքը, որի համար հարցում է ներկայացվել, քրեորեն պատժելի է երկու Կողմերի օրենսդրությամբ (հոդված 1, կետեր 1, 2),

 իր հայեցողությամբ տրամադրել իրավական օգնություն նաև այն դեպքում, երբ արարքը, որի համար հարցում է ստացվել, ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ (հոդված 1, կետ 2),

 իրավական օգնության շրջանակներում ընթացակարգային փաստաթղթեր հանձնել, ապացույցներ ստանալ, անձանց և առարկաների գտնվելու վայրը և ինքնությունը հաստատել, հայցող Կողմի իրավասու մարմինների կամավոր ներկայանալու համար վկաներ, տուժողներ և փորձագետներ հրավիրել (հոդված 2, կետեր 1-4),

 միջոցներ ձեռնարկել` կապված գույքի պաշտպանության հետ (հոդված 2, կետ 6),

 նշանակել կենտրոնական մարմին, ՀՀ-ի համար կենտրոնական մարմին է հանդիսանում ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը (հոդված 3),

 հարցումները և լրացուցիչ փաստաթղթերը զուգակցել հայցվող Կողմի լեզվով կամ անգլերենով հաստատված թարգմանությամբ (հոդված 5),

 բանկային գաղտնիքին կամ հարկման գաղտնիության հետ կապված իրավական օգնություն տրամադրել հայցվող Կողմի օրենսդրության համաձայն (հոդված 6, կետ 2),

 չմերժել ահաբեկչության հանցագործությունների հարցով իրավական օգնությունը` ՀՀ և Սիրիայի Արաբական Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաների համաձայն (հոդված 6, կետ 2),

 Սիրիայի Արաբական Հանրապետության կենտրոնական կամ իրավասու մարմինների կնիքով հաստատված` համաձայնագրի համապատասխան փաստաթղթերն ընդունել առանց օրինականացման ընթացակարգերի կամ վավերականության հաստատման այլ ձևերի (հոդված 7, կետ 1),

 գաղտնի պահել սիրիական Կողմի հարցման հիման վրա` իրավական օգնության համար հարցումը, դրա բովանդակությունը, լրացուցիչ փաստաթղթերը և հարցման համաձայն կատարված ցանկացած գործողություն, ինչպես նաև նման օգնություն տրամադրելու փաստը (հոդված 8, կետ 1),

 ՀՀ տարածքում վերցնել վկաների և տուժողների վկայություններ, փորձագիտական եզրակացություններ, փաստաթղթեր, իրեր, հարցման մեջ նշված այլ վկայություններ և փոխանցել սիրիական Կողմին (հոդված 11, կետ 1),

 ՀՀ իրավունքին համապատասխան իրավասու մարմինների օգնությամբ օգտագործել բոլոր հնարավորությունները` պարզելու համար հարցման մեջ նշված անձանց ինքնությունը և իրերի գտնվելու վայրը (հոդված 12),

 համագործակցել հանցագործության գործիքների և հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների բացահայտման, ինչպես նաև դրանց հետ կապված համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ (հոդված 17, կետ 1),

 որպես հայցվող Կողմ իր տարածքում կրել իրավական օգնության համար հարցման կատարման սովորական ծախսերը, բացառությամբ այն ծախսերի, որ կրում է հայցող սիրիական Կողմը (հոդված 18, կետ 1),

 վճարել որպես հայցող Կողմ դեպի իր տարածք և իր տարածքից անձանց տեղափոխման հետ կապված ծախսերը, փորձագետի ծախսերն ու վճարները, փոխանցված առարկաները հայցվող Կողմի տարածքից հայցող Կողմի տարածք և հետադարձ տեղափոխման հետ կապված ծախսերը (հոդված 18, կետ 1),

 համաձայնագրի մեկնաբանումից և (կամ) կիրառումից ծագած վիճահարույց հարցերը լուծել դիվանագիտական բանակցությունների միջոցով` երկու Կողմերի կենտրոնական մարմինների ներգրավմամբ (հոդված 19, կետ 2):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի մարտի 23-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


15 հունիսի 2010 թ.
 ՍԴՈ-895