ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/2106/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/2106/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 2-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.11.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Քաղաքապետարանի ընդդեմ Հովհաննես Խաչատրյանի՝ գումար բռնագանձելու և ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է Հովհաննես Խաչատրյանից բռնագանձել 270.000 ՀՀ դրամ՝ Երևանի քաղաքապետի 26.02.2009 թվականի թիվ Վ-6/1 որոշմամբ նշանակված տուգանքի չվճարված մասը, ինչպես նաև պարտավորեցնել քանդելու Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 47 հասցեում գտնվող ավտոտնակին կից, պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կատարված ինքնակամ կառույցը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, մասնակիորեն՝ վճռվել է Հովհաննես Խաչատրյանից հօգուտ Քաղաքապետարանի բռնագանձել 270.000 ՀՀ դրամ, իսկ հայցը մնացած մասով մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5.1-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետը, 277-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քննարկվող պահանջը ներկայացվել է ոչ թե վարչական ակտի հիմքով պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու հիմքով, այլ այն հիմքով, որ Երևանի քաղաքապետին գործող օրենսդրությամբ վերապահված է ինքնակամ կառույցների հետևանքների վերացման լիազորություն և որպես հողի սեփականատեր վերջինս իրավասու է դատարան դիմել իր իրավունքի խախտման վերացման պահանջով։
Սույն գործով Դատարանը հաստատված հանգամանք է դիտել այն, որ պատասխանողի կողմից ինքնակամ կառուցված կցակառույցը իրականացված է պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա, որը ՀՀ կառավարության 30.04.2009 թվականի թիվ 477-Ն որոշմամբ նախատեսվել է սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Երևանի քաղաքային համայնքին։ Դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ քանդման պահանջի հիմքում դրված էր հայցադիմումը ներկայացնելու պահին գործող ՀՀ նախագահի 06.05.1997 թվականի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի «բ» ենթակետը, որով Երևանի քաղաքապետը միջոցներ էր ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ։ Նշված լիազորության իրականացումը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով փոխանցվել է Երևան համայնքի ղեկավար Երևանի քաղաքապետին, հետևաբար վերջինս իրավասու է դատարանում հանդես գալ իր սեփականությունը հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինության քանդման պահանջով։
Դատարանը, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, գտել է, որ հարցի լուծումը վերապահված չէ դատարանին, և մերժել է հայցը: Մինչդեռ նման դիրքորոշում ունենալու պարագայում Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պետք է այդ մասով կարճեր գործի վարույթը և ոչ թե այն մերժեր։ Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը սույն գործով կիրառելի չէ և չպետք է դրվեր պահանջի մերժման հիմքում։
Դատարանը գտել է, որ հայցվորը նման պահանջ ներկայացնելու իրավունք չուներ, սակայն չի ներկայացրել, թե նման դիրքորոշումն ինչ իրավանորմերի կիրառման արդյունքում է ձևավորվել։
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի ուժով Դատարանն անմիջականորեն, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասի սեփականատերն իրավասու է պահանջել քանդելու ինքնակամ կառույցը։ Դատարանը, տիրապետելով համապատասխան ապացույցների՝ հողամասը պետական (համայնքային) սեփականություն հանդիսանալու և կառուցված շինությունն ինքնակամ լինելու մասին, դրանք չի գնահատել ինքնակամ կառույցը քանդելու միջոցով հողամասի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցի հետ համատեղ։ Նման համալիր քննարկման արդյունքում Դատարանը կարող էր հանգել այն դիրքորոշման, որ ինքնակամ կառույցը ենթակա է քանդման, որի պարտականությունը պետք է դրվեր պատասխանողի վրա։ Միաժամանակ, Դատարանը հաշվի չի առել Հովհաննես Խաչատրյանի այն դիրքորոշումը, որով վերջինս չի առարկել քանդման պահանջի դեմ և կառույցը չքանդելը պատճառաբանել է զուտ ֆինանսական դժվարությունների առկայությամբ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.11.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել՝ հայցը բավարարել ամբողջությամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 11.02.2009 թվականի արձանագրության համաձայն՝ նշված վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու փաստ։ Հայտնաբերված փաստի առթիվ արձանագրվել է, որ Հովհաննես Խաչատրյանը Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 47 հասցեում գտնվող ավտոտնակին կից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ինքնակամ կառուցել է կցակառույց» (գ.թ. 8-9)։
2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 26.02.2009 թվականի թիվ Վ-6/1 արձանագրության և եզրակացության համաձայն՝ Երևանի քաղաքապետին առաջարկություն է ներկայացվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Հովհաննես Խաչատրյանին 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին (գ.թ. 5-7)։
3) Երևանի քաղաքապետի 26.02.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-6/1 որոշմամբ Հովհաննես Խաչատրյանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի տեսքով: Միաժամանակ սահմանվել է, որ տարածքն անհրաժեշտ է բերել նախկին տեսքի, իսկ Հովհաննես Խաչատրյանին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ (գ.թ. 4):
4) Երևանի քաղաքապետի 26.02.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-6/1 որոշումը Հովհաննես Խաչատրյանը փոստային առաքման եղանակով ստացել է 03.03.2009 թվականին: Նշված որոշումը չի վիճարկվել Հովհաննես Խաչատրյանի կողմից, այն չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:
Հովհաննես Խաչատրյանի կողմից վարչական տուգանքը վճարվել է մասնակիորեն՝ 130.000 ՀՀ դրամի չափով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Վարչական ակտի կայացման պահին գործող՝ «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառներում Երևանի քաղաքապետն իրականացնում է քաղաքաշինական գործունեության հսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կազմված 11.02.2009 թվականի արձանագրությամբ հայտնաբերվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություն իրականացնելու փաստ, այն է՝ Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 47 հասցեում գտնվող ավտոտնակին կից Հովհաննես Խաչատրյանը, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ինքնակամ կառուցել է մոտ 10 քմ մակերեսով քարե կցակառույց։ Նշված զանցանքի համար Հովհաննես Խաչատրյանը Երևանի քաղաքապետի 26.02.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-6/1 որոշմամբ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ընդ որում, Երևանի քաղաքապետը վերը նշված վարչական իրավախախտման կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում 26.02.2009 թվականի թիվ Վ-6/1 որոշմամբ առաջարկել է Հովհաննես Խաչատրյանին միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:
Փաստորեն, Երևանի քաղաքապետը վարչական ակտի կայացման պահին ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկել ապօրինի շինարարության վերացման ուղղությամբ, որպիսի գործողություններն իրենց մեջ ընդգրկում են նաև ինքնակամ կառույցի քանդման ու հողամասի նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի եզրահանգումն այն մասին, որ բացակայում է տարածքը նախկին տեսքի բերելուն Հովհաննես Խաչատրյանին պարտավորեցնելու պահանջի բավարարման իրավական հիմքերը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ սույն գործով Երևանի քաղաքապետի 26.02.2009 թվականի թիվ Վ-6/1 որոշումը չի վիճարկվել, չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը: Ավելին, դրա իրավաչափությունը կասկածի տակ չի դրել նաև վարչական ակտի հասցեատերը, որը գործի քննության ընթացքում ամբողջությամբ ընդունել է հայցապահանջը, այդ թվում նաև՝ ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու մասով (տե՛ս Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հրաչյա Քարամյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը):
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճռի՝ հայցը մերժելու մասը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.11.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել՝ հայցն ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասով բավարարել.
Հովհաննես Խաչատրյանին պարտավորեցնել քանդելու Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 47 հասցեում գտնվող ավտոտնակին կից իրականացված ինքնակամ կառույցը:
2. Հովհաննես Խաչատրյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Ե. Խունդկարյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան ա. Բարսեղյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|