Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.28
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0515/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/0515/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 20.10.2009 թվականի վճռի դեմ` ըստ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Գագիկ Ավալյանի` գումար բռնագանձելու և տարածքը նախկին տեսքին բերելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Գագիկ Ավալյանից 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանք և պարտավորեցնել Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 16ա շենքին հարակից տարածքը բերել նախկին տեսքի:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.10.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Քաղաքապետի 25.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-36/22 որոշումը երբևէ անվավեր կամ առոչինչ չի ճանաչվել: ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականին թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով կայացված որոշմամբ նշված հարցի վերաբերյալ տրվել է հստակ մեկնաբանություններ:

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշված չէ վարչական իրավախախտման կատարման ժամանակը: Մինչդեռ, նշված եզրահանգումն անհիմն է, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասով Դատարանն ի պաշտոնե պետք է պարզեր գործի բոլոր փաստերը, այդ թվում նաև` Գագիկ Ավալյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու ժամանակը: Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ արձանագրությունն ինքնին ապացույց չէ:

Դատարանը եզրակացրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվել է կոլեգիալ, իսկ նախագահողի և քարտուղարի փոխարեն որոշումը կայացրել է Քաղաքապետը` առանց գործի քննություն իրականացնելու, Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն, որի համար լիազորված չէ օրենսդրությամբ: Մինչդեռ, նշված եզրակացությունը հիմնավոր չէ, քանի որ Հանձնաժողովն ընդամենը համարվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման և նախապատրաստման աշխատանքներ իրականացնող մարմին, որը վարույթի նախապատրաստած նյութերը ներկայացնում է Քաղաքապետին` դրանց հիման վրա որոշում կայացնելու համար:

Դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Գագիկ Ավալյանը ծանոթացել է վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությանը և ստորագրել է այն, պատշաճ կերպով ծանուցվել է վարչական վարույթի մասին, մասնակցել է նիստին և տվել է բացատրություն այն մասին, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են իր կողմից: Բացի այդ, Գագիկ Ավալյանը դատաքննության ընթացքում բանավոր հայտնել է, որ կատարել է շինարարական աշխատանքներ, իսկ 16.10.2008 թվականին դիմել է Քաղաքապետարան` շինության և հողամասի անհատույց սեփականաշնորհում կատարելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 20.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի 05.11.2008 թվականին կազմած թիվ 004706 արձանագրությամբ նշվել է, որ Գագիկ Ավալյանը Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում` 16ա շենքին հարակից տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարել է շինարարական աշխատանքներ (գ.թ. 8-9):

2) Հանձնաժողովի 25.11.2008 թվականի թիվ Վ-36/22 արձանագրությամբ և եզրակացությամբ Քաղաքապետին ներկայացվել է առաջարկություն` Գագիկ Ավալյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանք նշանակելու մասին (գ.թ. 5-7):

3) Քաղաքապետի 25.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-36/22 որոշմամբ Գագիկ Ավալյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետը սահմանում է, որ առոչինչ է այն վարչական ակտը, որում առկա է, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալը. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է վարչական ակտի առոչինչ լինելու հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի առոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առոչինչ դիտելու համար: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտի առոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի` 1.269.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, վարչական գործ թիվ ՎԴ/0562/05/09):

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանը չի ապացուցել, թե Գագիկ Ավալյանի կողմից պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում երբ և ինչ ինքնակամ կառույց է կառուցվել: Դատաքննության ընթացքում և գործում առկա իրեղեն ապացույց հանդիսացող լուսանկարների հետազոտությամբ պարզվել է, որ վերջինս ապօրինի զավթել է Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 16ա շենքին հարակից տարածքը, սակայն չի պարզվել շենք և (կամ) շինություն ինքնակամ կառուցելու հանգամանքը:

Նշվածի հաշվառմամբ Դատարանը գտել է, որ չի ապացուցվել Գագիկ Ավալյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխան արարք կատարելու հանգամանքը, իսկ պետական սեփականություն հանդիսացող հող ապօրինի զավթելու համար վերջինս ենթակա էր վարչական պատասխանատվության ոչ թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, այլ նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտել է, որ Գագիկ Ավալյանին առաջադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, քանի որ պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն ինքնակամ զավթելու համար վերջինս պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու համար:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հաստատված համարելով Գագիկ Ավալյանի կողմից Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 16ա շենքին հարակից տարածքն ապօրինի զավթելը, անտեսել է, որ նույնիսկ նշված հանգամանքի առկայությունն արդեն իսկ բացառում է Քաղաքապետի 25.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-36/22 որոշումն առ ոչինչ դիտելու որևէ հնարավորություն և իրավական հիմք, քանի որ Գագիկ Ավալյանի կողմից պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն ինքնակամ զավթելու համար Քաղաքապետի նշված որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի փոխարեն նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի կիրառման պայմաններում իրավական հարցադրում կարող է առաջանալ միայն օրենքի սխալ կիրառման վերաբերյալ, որը վարչական ակտի անվավերության, այլ ոչ թե առոչինչ լինելու հիմք է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ անձը համարում է, որ վարչական մարմնի կողմից վարչական ակտով իր վրա պարտականություն է դրվել օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, ապա վերջինս վարչական-դատավարական կարգով կարող է պահանջել անվավեր ճանաչել այդպիսի ոչ իրավաչափ պարտականություն դնող վարչական ակտը:

Մինչդեռ տվյալ դեպքում Քաղաքապետի 25.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-36/22 որոշումը չի վիճարկվել, հետևաբար, այն ենթակա է կատարման հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից: Իսկ նույն օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը դադարեցնում է վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացման դեպքում:

Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նշված հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Քաղաքապետի 25.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-36/22 որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վերջինիս լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս օրինակ` ըստ Երևանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում, քանի որ Քաղաքապետի 25.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-36/22 որոշման չվիճարկման պայմաններում այն սույն գործի լուծման համար չունի որևէ իրավական նշանակություն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 118-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 20.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել` Գագիկ Ավալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանք: Գագիկ Ավալյանին պարտավորեցնել Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 16ա շենքին հարակից տարածքը բերել նախկին տեսքի:

2. Գագիկ Ավալյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 12.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքեր, իսկ հօգուտ Հայաստանի Հանրապետության` 12.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան