Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.36
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/4132/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4132/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.11.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Ալվարդ Մովսիսյանի հայցի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Ընկերության` պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին 26.05.2009 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ալվարդ Մովսիսյանը պահանջել է անվավեր ճանաչել պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին Ծառայության 26.05.2009 թվականի որոշումը։

ՀՀ վարչական դատարանի 06.11.2009 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին, 4-րդ, 5-րդ, 99-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 6-րդ մասը, 44-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ, 58-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ և 24-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները և այն հանգամանքը, որ Ծառայության 26.05.2009 թվականի պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը կայացվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված 15.05.2009 թվականի թիվ ԵԱԴԴ/0499/02/09 կատարողական թերթի հիման վրա։ Մինչդեռ Դատարանը, դուրս գալով հայցի շրջանակներից, որպես վեճի առարկա է դիտել Ծառայության հարկադիր կատարողի ամբողջ կատարողական գործողությունները, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ գումարը բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ դեռևս առկա չլինելու պարագայում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 58-րդ հոդվածները սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.11.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել կամ ուղարկել նույն դատարան` նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված 15.05.2009 թվականի թիվ ԵԱԴԴ/0499/02/09 կատարողական թերթի համաձայն` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.05.2009 թվականի որոշմամբ բավարարվել է Ընկերության միջնորդությունը` կիրառվել է հայցի ապահովման միջոց` արգելվել է ԲՄՎ 320 IA մակնիշի 21 ՍՏ 621 պետհամարանիշի ավտոմեքենայի շահագործումը, ինչպես նաև հայցագնի` 2.121.472,60 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Ալվարդ Մովսիսյանին և Արման Գասպարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, մինչև գործի ըստ էության քննության ավարտը (գ.թ. 29)։

2. Ծառայության 26.05.2009 թվականի որոշմամբ 15.05.2009 թվականի թիվ ԵԱԴԴ/0499/02/09 կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01/06-632/09 կատարողական վարույթը (գ.թ. 4)։

3. Ծառայության 26.05.2009 թվականի պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշմամբ «2.121.472,60 դրամի չափով արգելանք է դրվել պարտապան` Ալվարդ Մովսիսյանին /ք. Երևան, Դավթաշեն, 4 թաղ. 29/18, անձ. AF0353004/ պատկանող դրամական միջոցների վրա։ Դրամարկղում և բանկային հաշվում /հաշիվներում/ եղած և հետագայում մուտքագրվող դրամական միջոցները փոխանցել ԴԱՀԿ ծառայության Երևանի բաժնի թիվ 900013288015 հաշվին մինչև 2.121.472,60 դրամ պարտքի մարումը։ Սույն որոշման մեջ նշված հաշվում /հաշիվներում/ դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանք դնել նաև պարտապանի այլ բանկային հաշիվների, ավանդների, «դեպո» հաշիվների և /կամ/ բանկում պահվող այլ ակտիվների վրա» (գ.թ. 6)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է։

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցներն են պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը։

Օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք)։

 Օրենքի 58-րդ հոդվածի համաձայն` կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը։

 Վերը նշված հոդվածներից հետևում է, որ կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը։

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 26.05.2009 թվականի պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշմամբ Ալվարդ Մովսիսյանի աշխատավարձի և դրամական միջոցների վրա կիրառվել է արգելանք ամբողջությամբ։

Դատարանը, գնահատելով Ծառայության 26.05.2009 թվականի պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշման իրավաչափ լինելու հանգամանքը, անվավեր է ճանաչել ամբողջությամբ` անտեսելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի պահանջները։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտն անհիմն է։ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի հետազոտել ու գնահատել գործում առկա ապացույցները, չի պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները և չի կիրառել սույն գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.11.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգել և այդ հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան