Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական նորարարական ծրագրերի և նախագծերի ձևավորման ու կարգավիճակի մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները (այսուհետ՝ Կողմերը),
նշելով գիտատեխնոլոգիական համագործակցության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների շահերի իրագործման մեխանիզմում գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական նորարարական ծրագրերի և նախագծերի որոշիչ դերը,
ընդունելով գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման միջպետական առաջնային ուղղություններով գիտատեխնոլոգիական ոլորտում համատեղ նորարարական գործունեությանը պետական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը,
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի՝ Համաձայնագրի 4-րդ հոդվածի դրույթների իրագործման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
«գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական նորարարական ծրագիր»` ռեսուրսներով, կատարողներով և իրականացման ժամկետներով կապված գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, տեխնոլոգիական, արտադրական, սոցիալ-տնտեսական, կազմակերպատնտեսական և այլ միջոցառումների համալիր, որոնք ուղղված են գիտատեխնոլոգիական ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ նոր արտադրանքի ստացման կամ շուկայի պահանջարկով արտադրվող արտադրանքի, դրա արտադրության և/կամ սոցիալական սպասարկման կատարելագործման միջոցների բարելավման նպատակով և որոնք հետաքրքրություն են ներկայացնում սույն Համաձայնագրի երկու կամ ավելի մասնակից պետությունների համար, որոնք դրանց իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական և/կամ ռեսուրսների այլ տեսակ են հատկացնում,
«գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական նորարարական նախագիծ»` ռեսուրսներով, կատարողներով և իրականացման ժամկետներով փոխկապված միջոցառումների համալիր, որոնք անհրաժեշտ են տեղային խնդիրներին (հիմնախնդիրներին) առավել արդյունավետ ուղիներով հասնելու համար: Դրա հետ մեկտեղ նախագծերը կարող են ունենալ ինքնուրույն նշանակություն, ինչպես նաև իրագործվել կոնկրետ միջպետական ծրագրի շրջանակներում որպես դրված նպատակների իրականացումն ապահովող ծրագրային միջոցառումներից մեկը,
«գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների միջպետական առաջնային ուղղություններ»` Կողմերի համաձայնեցրած՝ գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման թեմատիկ բնագավառներ, որոնք ապահովում են գիտատեխնոլոգիական զարգացման մեջ հիմնական ներդրումը և Կողմերի համար փոխշահավետ զարգացման ընթացիկ և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական նպատակների իրագործումը:
Հ ո դ վ ա ծ 2
1. Գիտատեխնիկական ոլորտում միջպետական նորարարական ծրագրի (նախագծի) (այսուհետ՝ միջպետական ծրագիր (նախագիծ)) հաստատման մասին որոշումը Միջպետական տնտեսական կոմիտեի, (այսուհետ՝ ՄՏԿ) Տնտեսական միության առաջարկությամբ ընդունվում է ծրագրի (նախագծի) մասնակից պետությունների կառավարությունների կողմից և ձևակերպվում է համապատասխան միջկառավարական համաձայնագրով (որոշմամբ)՝ յուրաքանչյուր կոնկրետ ծրագրով (նախագծով):
2. Միջպետական ծրագիրը (նախագիծը) միջպետականի կարգավիճակ է ստանում՝ դրա իրագործման մասին միջկառավարական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
3. Գիտատեխնոլոգիական զարգացման գծով Միջպետական կոմիտեն (այսուհետ՝ ԳՏԶ ՄԿ) Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների և գիտությունների ակադեմիաների Միջազգային ընկերակցության հետ համատեղ կազմակերպում է միջպետական ծրագրերի (նախագծերի) ձևավորումը:
Ընդ որում‚ միջպետական ծրագրերը (նախագծերը) միավորվում են ընդհանուր՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական և սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի որակական բարձրացմանն ուղղված նպատակային կողմնորոշմամբ:
Միջպետական ծրագրի (նախագծի) մեջ դրա իրագործման մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, դրա իրագործման մասին համապատասխան միջկառավարական համաձայնագրով նախատեսված ընթացակարգին համապատասխան:
4. ՄՏԿ-ն իրականացնում է միջպետական ծրագրերի (նախագծերի) համընդհանուր տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվառումն ու վերահսկումը, ինչպես նաև համակարգում է գիտատեխնոլոգիական համագործակցության զարգացման գործընթացների կարգավորման մեխանիզմների կատարելագործման աշխատանքները:
Հ ո դ վ ա ծ 3
1. Կողմերն ընդունում են գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական նորարարական ծրագրի և նախագծերի ձևավորման և իրագործման Կարգ (այսուհետ՝ Կարգ), որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
2. ԳՏԶ ՄԿ-ն, ընդհանուր գիտատեխնոլոգիական տարածքի նորմատիվ-մեթոդոլոգիական հիմքի կատարելագործմանն ուղղված առաջարկություններ նախապատրաստելիս, ղեկավարվում է Կարգով:
Հ ո դ վ ա ծ 4
Միջպետական ծրագրերի (նախագծերի) իրագործման առավել արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով, ստանձնում են հետևյալ պարտավորությունները.
աջակցել սույն Համաձայնագրի մասնակից պետություններում ազգային նորարարական համակարգերի վիճակի մասին տեղեկատվության և փորձի փոխանակմանը,
խթանել գիտատեխնոլոգիական ոլորտում համատեղ նորարարական գործունեության ակտիվությունը, մասնավորապես՝ հարկային, վարկային, մաքսային համակարգերի և տնտեսական բնույթի այլ արտոնությունների միջոցով, որոնց շուրջ պայմանավորվում են յուրաքանչյուր կոնկրետ միջպետական ծրագրի (նախագծի) համար,
աջակցություն ցուցաբերել նորարարական ենթակառուցվածքի ստեղծմանը, այդ թվում՝ կոնկրետ միջպետական ծրագրերի և նախագծերի նորարարական և ապահովագրական հիմնադրամների իրագործման, անկախ փորձաքննության անցկացման համար:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը ձեռնարկում են միջոցներ՝ ուղղված նորարարական գործընթացի բոլոր փուլերում միջպետական ծրագրերի (նախագծերի) պետական օժանդակության մեխանիզմների ներդրմանը և սկզբունքների մշակմանը, որը ենթադրում է.
գիտական և մարքեթինգային ուսումնասիրությունների անցկացում արտադրողական ուժերի վիճակում որակական փոփոխությունների իրականացման համար,
տեխնիկայի և տեխնոլոգիայի սկզբունքորեն նոր տեսակների ստեղծում,
արտադրության կազմակերպում և մրցունակ ապրանքային արտադրանքի թողարկման ապահովում,
ապրանքային արտադրանքի առևտրական իրացում կամ այլ ձևով տարածում:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը կքննարկեն գիտատեխնոլոգիական ոլորտում նորարարական գործունեության աջակցության Միջպետական հիմնադրամի և նրան առընթեր Գիտամեթոդական կենտրոնի հիմնման հարցը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման միջպետական առաջնային ուղղություններում մտավոր, ֆինանսական և այլ ռեսուրսների կենտրոնացման հաշվին միջպետական ծրագրերի (նախագծերի) արդյունավետության բարձրացման նպատակով:
Հ ո դ վ ա ծ 7
Միջպետական ծրագրերի (նախագծերի) կատարումն ապահովող նյութատեխնիկական միջոցների ներմուծման, արտահանման և տեղափոխման ընթացակարգերը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով, իրականացվում են այդ պետությունների ազգային օրենսդրությամբ և ծրագրով՝ միջպետական համաձայնագրերին (որոշումներին) համապատասխան: Նշված ընթացակարգերն անարգել և առանց մաքսատուրքերի գանձման անցկացման իրավունք տրամադրելու մասին որոշումն ընդունվում է առանձին յուրաքանչյուր կոնկրետ ծրագրի (նախագծի) համար:
Հ ո դ վ ա ծ 8
1. ՄՏԿ-ն ԳՏԶ ՄԿ-ի հետ համատեղ սույն Համաձայնագրի ստորագրումից հետո եռամսյա ժամկետում կպատրաստի այն միջպետական և միջկառավարական գործող փաստաթղթերի ցանկը, որոնք չեն համապատասխանում ժամանակակից պայմաններին և պահանջում են վերանայում, ինչպես նաև այն նոր նորմատիվ-իրավական ակտերի ցանկը, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի իրագործման համար:
Նշված ցանկերի հիման վրա ՄՏԿ-ն մասնավոր իրավունքի Գիտախորհրդատվական կենտրոնի հետ համատեղ մշակում է այդպիսի նորմատիվ-իրավական ակտերի հանձնարարական մոդելային նախագծեր:
2. Կողմերը համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին կհանձնարարեն քննել ՄՏԿ-ի հանձնարարած նորմատիվ-իրավական ակտերի մոդելային նախագծերը, որոնք կոչված են կարգավորելու.
ներդրումների ներգրավման և օգտագործման կարգը, այդ թվում երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների ներդրումները, տնտեսական կազմակերպությունների հատկացումները և հանգանակությունները նոր տեխնիկայի, տեխնոլոգիաների և նյութերի ստեղծման գործում,
գիտատեխնոլոգիական ոլորտում համատեղ նորարարական գործունեության մասնակիցների իրավական կարգավիճակը, ներառյալ նրանց վերաբերմունքը նորից ստեղծվող մտավոր սեփականության նկատմամբ,
գիտատեխնոլոգիական ոլորտում համատեղ նորարարական գործունեության շրջանակներում ստեղծված ապրանքային արտադրանքի փոխանցման և իրացման, հնարավոր վնասների հատուցման, շահույթներին մասնակցելու, այդ թվում համատեղ նորարարական գործունեության մեջ շահույթի վերաներդրման իրավական հարցերը,
մտավոր սեփականության օբյեկտների փոխանցման և դրանց արժեքի գնահատման մեխանիզմները, որպես ներդրում գիտատեխնոլոգիական ոլորտում համատեղ նորարարական գործունեության մեջ,
մտավոր սեփականության օբյեկտների՝ երրորդ կողմերին փոխանցման իրավունքներն ու կարգը,
գիտատեխնոլոգիական ոլորտում համատեղ նորարարական գործունեության գծով գործընկերների գիտատեխնոլոգիական գաղտնիքների և այլ գաղտնի տեղեկատվության պահպանման իրավական ասպեկտները:
3. Գիտատեխնոլոգիական ոլորտում համատեղ նորարարական գործունեության նորմատիվ-իրավական հիմքերի մշակումը Կողմերն անցկացնում են անդրազգային ֆինանսաարդյունաբերական խմբերի, ինչպես նաև միջազգային գիտահետազոտական կազմակերպությունների և կենտրոնների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ-իրավական հիմքի ձևավորման գործընթացի հետ փոխադարձ սերտ կապի մեջ:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերը յուրաքանչյուր պետությունում կորոշեն այն մարմինը, որը պատասխանատու է գիտատեխնոլոգիական ոլորտում համատեղ նորարարական գործունեության բնագավառի ազգային մարմինների գործողությունների համակարգման համար:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերին համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից‚ եթե դա չի հակասում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը և ուժի մեջ կմտնի այն ստորագրող Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար, այն ուժի մեջ է մտնում նրանց կողմից համապատասխան ծանուցումը ավանդապահի ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել: Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Վիճելի հարցերը բանակցությունների ճանապարհով կարգավորելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական Դատարան կամ այլ իրավասու միջազգային դատարաններ:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի՝ յուրաքանչյուր անգամ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն:
Հ ո դ վ ա ծ 15
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից‚ այդ մասին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները: Ընդ որում, միջպետական ծրագրերի և նախագծերի իրագործմանը մասնակցող յուրաքանչյուր Կողմ ունի միջոցների և գույքի իր բաժնի, ինչպես նաև այդ ծրագրերի և նախագծերի շրջանակում կատարված համատեղ աշխատանքների արդյունքների ներդրումից ստացված շահույթի մի մասի իրավունք:
Հ ո դ վ ա ծ 16
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Սույն Համաձայնագիրը կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 11-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր Քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հավելված
Գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական
նորարարական ծրագրերի և նախագծերի
ձևավորման ու կարգավիճակի մասին 1998
թվականի սեպտեմբերի 11-ի Համաձայնագրին կից
Կ Ա Ր Գ
Գիտատեխնոլոգիական բնագավառում միջպետական նորարարական ծրագրերի և նախագծերի ձևավորման և իրացման
1. Հիմնական հասկացություններ
1. Գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական նորարարական ծրագիր (այսուհետ՝ միջպետական ծրագիր) ներառում է՝
խնդրի բովանդակությունը և ծրագրային մեթոդներով դրա լուծման հիմնավորումը,
ծրագրի իրագործման հիմնական նպատակներն ու խնդիրները, ժամկետներն ու փուլերը,
ծրագրային միջոցառումների համակարգը՝ նշելով ծրագրի ռեսուրսային ապահովումը և ժամկետները,
ծրագրի իրագործման մեխանիզմը,
ծրագրի կառավարման կազմակերպման համակարգը և դրա իրագործման ընթացքի նկատմամբ հսկողությունը,
ծրագրի իրագործման սոցիալ-տնտեսական և էկոլոգիական հետևանքների արդյունավետության գնահատականը,
ծրագրի բիզնես-պլանը,
ծրագրի անձնագիրը:
2. Միջպետական ծրագիրը կարող է ներառել միմյանց միջև համակարգված նախագծեր, որոնք կատարվում և ֆինանսավորվում են ամբողջությամբ կամ համապատասխան համաձայնագրերով պայմանավորված մասերով՝ ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետության կողմից, ինչպես նաև համատեղ նախագծեր:
2. Ծրագրային մշակման համար խնդիրների ներկայացումը և ընտրությունը
3. Գիտատեխնոլոգիական ոլորտում միջպետական նորարարական ծրագրերի և նախագծերի ձևավորման ու կարգավիճակի մասին Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) յուրաքանչյուր մասնակից պետություն իրավունք ունի Գիտատեխնոլոգիական զարգացման Միջպետական կոմիտեում իր ներկայացուցչի միջոցով հանդես գալ կոնկրետ միջպետական ծրագրի (նախագծի) ձևավորման մասին առաջարկությամբ: Նշված առաջարկություններով կարող են հանդես գալ նաև միջպետական և միջկառավարական կազմակերպությունները, Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան:
4. Խնդրի ծրագրային մշակման մասին առաջարկները (հայեցակարգ) պետք է բովանդակեն.
խնդրի անվանումը և դրա ծագման պատճառների վերլուծությունը,
խնդրի լուծման հնարավոր միջոցները, առաջարկվող միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ է իրականացնել գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիաների, արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), արտադրության և իրացման, կազմակերպչական, աշխատանքային, տնեսական և իրավական հարաբերությունների ոլորտում՝ խնդրի լուծման համար, դրանց իրագործման հնարավոր ժամկետները,
ֆինանսական միջոցների անհրաժեշտության հիմնավորումը և դրանց ապահովման հնարավոր աղբյուրների նշումը,
միջպետական ծրագրի (նախագծի) իրագործման սոցիալ-տնտեսական արդյունավետության և հետևանքների նախնական գնահատականը, ծրագրային միջոցառումների համապատասխանությունը էկոլոգիական և այլ պահանջներին,
պետական պատվիրատուների, միջպետական ծրագրի (նախագծի) մշակողների, հիմնական մատակարարների և կապալառուների ցանկը,
միջպետական ծրագրի (նախագծի) պատրաստման ժամկետների և արժեքի նշումը:
5. Խնդիրների ընտրությունը՝ դրանց ծրագրային մշակման և միջպետական մակարդակով լուծման համար, կատարվում է ԳՏԶ ՄԿ-ի կողմից հետևյալ գործոնների գնահատման հիման վրա.
գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների միջպետական առաջնային ուղղություններ,
խնդրի տնտեսական և սոցիալական նշանակությունը,
Կողմերի շահագրգռվածությունը՝ ընդունելի ժամկետներում համալիր լուծելու խնդիրը՝ Համաձայնագրի մի մասնակից պետության գիտաարտադրական ներուժի և ռեսուրսների հաշվին, և դրա լուծման համար երկու և ավելի պետությունների ջանքերի միավորման անհրաժեշտությունը,
առաջավոր գիտատեխնիկական նվաճումների լայնամասշտաբ տարածման և դրա հիման վրա հասարակական արտադրության տնտեսական արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ տեխնիկական, տեխնոլոգիաական և այլ միջոցառումների բարձր արդյունավետությունը և սկզբունքային նորույթը,
միջպետական ծրագրի մասնակից պետությունների տեխնոլոգիապես հարակից ճյուղերի և արտադրության միջճյուղային կապերի համակարգման անհրաժեշտությունը:
Միջպետական մակարդակով ծրագրային մեթոդներով խնդրի լուծման անհրաժեշտությունը հիմնավորելիս պետք է հաշվի առնվեն Համաձայնագրի մասնակից պետությունների համար համատեղ գիտության, տեխնիկայի և տեխնոլոգաների զարգացման առաջնային ուղղությունները:
6. Գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման միջպետական առաջնային ուղղությունների և ստացված նյութերի վերլուծության հիման վրա ԳՏԶ ՄԿ-ն պատրաստում է տվյալ խնդիրը միջպետական մակարդակով ծրագրային մեթոդներով լուծելու մասին առաջարկություններ և ներկայացնում է դրանք ՄՏԿ:
7. ՄՏԿ-ն ԳՏԶ ՄԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունների ու ծրագրի վերաբերյալ հայեցակարգի վերլուծության հիման վրա որոշում է ընդունում միջպետական ծրագրերի (նախագծերի) ձևավորման մասին:
3. Ծրագրերի և նախագծերի ձևավորում
8. Ծրագրային մշակման ենթակա գիտատեխնիկական խնդիրների լուծման մեջ շահագրգռված Համաձայնագրի մասնակից պետությունների առաջարկությունները հաշվի առնելով՝ ԳՏԶ ՄԿ-ն իրականացնում է միջպետական ծրագրերի (նախագծերի) ձևավորում:
9. ԳՏԶ ՄԿ-ն Միջպետական ծրագրի (նախագծի) նախագիծը՝ պարզաբանող գրառումով, բիզնես-պլանով՝ դրա տեխնիկատնտեսական հիմնավորումներով և սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսմամբ, ուղարկում է ՄՏԿ:
4. Ծրագրերի և նախագծերի վերլուծությունն ու գնահատումը
10. ՄՏԿ-ն կազմակերպում է ներկայացված միջպետական ծրագրի (նախագծի) վերլուծության և գնահատման աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով.
դրա խնդրի առաջնային բնույթին‚
ծրագրային միջոցառումների հիմնավորվածությանը, համալիրությանը և էկոլոգիական անվտանգությանը, դրանց իրագործման ժամկետներին,
դրա իրագործման համար, առաջին հերթին, արտաբյուջետային միջոցների ներգրավման անհրաժեշտությանը՝ կենտրոնացված միջոցների հաշվին պետական աջակցության և կատարող կազմակերպություններին տարբեր արտոնությունների տրամադրման հնարավորությունների հետ կապակցված,
ծրագրի իրագործման մեխանիզմի արդյունավետությանը,
դրա սոցիալ-տնտեսական արդյունավետությանը, սպասվող վերջնական արդյունքներին և դրանց ազդեցությանը Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսության կառուցվածքային վերակառուցման գործընթացների վրա:
Անհրաժեշտության դեպքում ՄՏԿ-ն կազմակերպում է մասնագիտացված փորձաքննության անցկացում:
11. ՄՏԿ-ն կազմակերպում է միջպետական ծրագրի (նախագծի) իրագործման ժամկետների և շահագրգռված պետությունների բաժնային մասնակցության չափերի համաձայնեցումը՝ հաշվի առնելով նրանց մտավոր սեփականության ներդրումը:
12. Անհրաժեշտության դեպքում ԳՏԶ ՄԿ-ն կազմակերպում է միջպետական ծրագրի (նախագծի) նախագծի լրամշակում՝ հաշվի առնելով այդ ծրագրի (նախագծի) մասնակից պետությունների դիտողություններն ու առաջարկությունները և այն ուղարկում է ՄՏԿ:
13. Միջպետական ծրագրի (նախագծի) իրագործման մասնակցության պայմանները և դրա ֆինանսավորման կարգը ձևակերպվում են միջպետական ծրագրի (նախագծի) մասնակից պետությունների միջև կնքված առանձին միջկառավարական համաձայնագրով, որի ստորագրումից հետո այն ընդունվում է ֆինանսավորման և իրացման:
5. Ծրագրերի և նախագծերի ֆինանսավորումը
14. Միջպետական ծրագրերի (նախագծերի) ֆինանսավորումն իրականացվում է ծրագրի (նախագծի) մասին միջկառավարական համաձայնագրին համապատասխան՝ ծրագրի (նախագծի) մասնակից պետությունների պետական բյուջետային միջոցների հաշվին՝ այդ նպատակների համար նախատեսված միջոցների սահմաններում և/կամ արտաբյուջետային աղբյուրների հաշվին:
15. Միջպետական ծրագրերի (նախագծերի) ֆինանսավորման մեխանիզմն իրականացվում է միջպետական համաձայնագրերին համապատասխան՝ ներքոնշված սխեմաներից որևէ մեկով կամ դրանց զուգակցմամբ.
միջպետական ծրագրի մասնակից պետությունները ֆինանսներով և այլ տեսակի ռեսուրսներով ապահովում են միջպետական ծրագրի կազմի մեջ մտնող նախագծի իրենց մասը,
միջպետական ծրագրի մասնակից պետություններն իրենց բաժնային վճարումների հաշվին ստեղծում են ծրագրի կենտրոնացված հիմնադրամ:
16. Համաձայնագրին չմասնակցող պետությունների ներդրողները կարող են մասնակցել միջպետական ծրագրերի (նախագծերի) ֆինանսավորմանը պայմանագրային հիմունքներով: Օտարերկրյա կապիտալի ներգրավումը Ծրագրային միջոցառումների իրագործմանը կատարվում է ծրագրի (նախագծի) մասնակից պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:
6. Ծրագրի և նախագծի իրագործման կառավարումը
17. Միջպետական ծրագրի (նախագծի) կառավարումը կազմակերպելու ձևերը և մեթոդները սահմանվում են այդ ծրագրի (նախագծի) մասին միջկառավարական համաձայնագրով (որոշմամբ): Ընդ որում միջպետական ծրագրի (նախագծի) ժամանակին կատարման պատասխանատվությունը, ծրագրով (նախագծով) աշխատանքների կատարողների կառավարումը, ծրագրի (նախագծի) իրագործման համար հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման ապահովումը դրվում է ծրագրի (նախագծի) գլխավոր համակարգողի վրա:
Այն դեպքում, եթե միջպետական ծրագիրը բաղկացած է առանձին նախագծերից, որոնց իրագործումը ֆինանսավորվում է միջպետական ծրագրի համապատասխան մասնակից պետությունների կողմից, ապա այդպիսի ծրագրերի համակարգողի դերը ստանձնում են այդ ծրագրի ազգային պետական պատվիրատուները կամ ծրագրի (նախագծի) մասնակից պետությունների Կառավարությունների կողմից լիազորված այլ ձեռնարկություններ և կազմակեպություններ:
Որպես միջպետական ծրագրի (նախագծի) գլխավոր համակարգող կարող են հանդես գալ ծրագրով (նախագծով) աշխատանքներ կատարող ձեռնարկությունները և կազմակերպությունները, ինչպես նաև ծրագրի մասնակից պետությունների վարչական կառավարման մարմինները:
18. Միջպետական ծրագրերի (նախագծերի) իրագործումն իրականացվում է կոնտրակտների (պայմանագրերի) հիման վրա, որոնք կնքվում են գլխավոր համակարգողի և, որպես կանոն, մրցութային կարգով որոշվող, աշխատանքներ կատարող կազմակեպությունների միջև:
19. Համատեղ աշխատանքների արդյունքների բաշխումը, ներառյալ կոնկրետ միջպետական ծրագրի (նախագծի) մասնակից պետությունների միջև ապրանքների (ծառայությունների) իրացումից ստացված եկամուտը, իրականացվում է, որպես կանոն, համաձայն այդ ծրագրում (նախագծում) նրանց բաժնային մասնակցության՝ հաշվի առնելով մտավոր սեփականության ներդրումը և ձևակերպվում է այդ ծրագրի (նախագծի) մասին համապատասխան միջկառավարական Համաձայնագրով:
20. Միջպետական ծրագրերի (նախագծերի) իրագործման միջանկյալ և վերջնական արդյունքները քննարկվում են ծրագրի մասնակից պետությունների կողմից՝ ծրագրի (նախագծի) մասին միջկառավարական համաձայնագրի պայմաններին համապատասխան, անհրաժեշտության դեպքում, օգտագործելով անկախ փորձաքննություն:
21. Միջպետական ծրագրերի (նախագծերի) գլխավոր համակարգողների կողմից ներկայացվող հաշվետվությունների վերլուծության հիման վրա ԳՏԶ ՄԿ-ն նախապատրաստում և ՄՏԿ է ուղարկում միջպետական ծրագրերի (նախագծերի) աշխատանքները շարունակելու և ֆինանսավորման կամ դրանք դադարեցնելու մասին առաջարկություններ:
ԳՏԶ ՄԿ-ի ներկայացմամբ միջպետական ծրագրերը (նախագծերը) կարող են լրացվել նոր ուղղություններով և նախագծերով:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 27-ից: