Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.37
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.02.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ՎԲ-01/10

ՎԲ-01/10

Նախագահող դատավոր՝ Մ. Սիմոնյան

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ դատախազ

Լ. Մանուկյանի

12 փետրվարի 2010 թվական

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Լևոն Ինգեսի Նավոյանին հանձնման թույլտվություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի 2009 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը վերացնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

1. Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Ռամենսկի քաղաքային դատարանը ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 5-րդ մասի կարգով` Լևոն Ինգեսի Նավոյանի բացակայությամբ, քննության է առել նրա վերաբերյալ քրեական գործը և 2008 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով Լ.Նավոյանին մեղավոր է ճանաչել ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասով ու նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 3 /երեք/ տարի 4 /չորս/ ամիս ժամկետով:

Նույն դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ Լ.Նավոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2. 2009 թվականի հունվարի 26-ին Լ.Նավոյանը ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, կալանավորվել և տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին հայտնվել է հետախուզում հայտարարած մարմնին:

2009 թվականի փետրվարի 11-ին Լ.Նավոյանը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «Աջ թոքի վերին բլթի պոլիկավերնոզ տուբերկուլոզ ինֆիլտրացիայի և սերմնացրման փուլում ԹԿԲ+» հիվանդությունը:

3. 2009 թվականի փետրվարի 27-ին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Զաբարչուկի կողմից միջնորդություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն` «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Կոնվենցիայի համաձայն դատապարտյալ Լ.Նավոյանին կալանքի վերցնելու և ՌԴ հանձնելու համար` դատավճռով նշանակված պատիժը կրելու նպատակով:

2009 թվականի մարտի 16-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյանը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Զվյագինցևին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ Լ.Նավոյանին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդությունը հնարավոր չէ բավարարել` հիմք ընդունելով «Հանձնման մասին» 1957 թվականի եվրոպական կոնվենցիայի 26-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության կողմից կատարված վերապահումը, համաձայն որի` «անձի հանձնումն ենթակա է մերժման, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման ենթակա անձի առողջական կամ տարիքի հետևանքով հանձնումը կվատթարացնի այդ անձի առողջական վիճակը կամ կսպառնա նրա կյանքին»:

2009 թվականի նոյեմբերի 3-ին, կրկին քննարկելով Լ.Նավոյանին ՌԴ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդությունը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյանը կայացրել է դատապարտյալ Լ.Նավոյանին Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու մասին որոշում:

4. Լ.Նավոյանին Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյանի 2009 թվականի նոյեմբերի 3-ի որոշման դեմ դատապարտյալ Լ.Նավոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է` վերացրել է Լ.Նավոյանին հանձնման թույլտվություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի 2009 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը և Լ.Նավոյանին անհապաղ ազատել կալանքից, պատճառաբանելով, որ « (….) համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ գլխավոր դատախազը, առավել ևս նրա տեղակալը նման լիազորությամբ օժտված չեն եղել», քանի որ Լ.Նավոյանի վերաբերյալ առկա է եղել օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

5. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյանը:

2010 թվականի հունվարի 14-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

6. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է անհիմն որոշում և թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կալանքից ազատվել է ՌԴ իրավապահ մարմիններին հանձնման ենթակա անձ՝ դրանով իսկ խոչընդոտելով պատժի անխուսափելիության սկզբունքի իրականացմանը:

Համաձայն բողոքի՝ որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտումներով, մասնավորապես, Վերաքննիչ դատարանը ձևական հղում է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասին` անտեսելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Կոնվենցիայի 80-րդ հոդվածի պահանջը (1997 թվականի մարտի 28-ի լրամշակմամբ), որը նախատեսում է հարաբերությունների հատուկ կարգ Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազների միջև: Բողոք բերած անձը նշել է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջները, պարտավոր էր կիրառելու Կոնվենցիայի 80-րդ հոդվածը, այլ ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասը:

7. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը և Լ.Նավոյանի բողոքը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի կիրառած օրենքը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասն արդյո՞ք հակասում է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի Կոնվենցիայի 80-րդ հոդվածի պահանջներին:

9. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը (…)»:

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` «Պայմանավորվող կողմերի արդարադատության մարմինները քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնություն են ցույց տալիս սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան»:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (1997 թվականի մարտի 28-ի լրամշակմամբ) համաձայն՝ «(….) Պայմանավորվող կողմերի արդարադատության իրավասու մարմինները միմյանց հետ հաղորդակցվում են իրենց կենտրոնական, տարածքային և այլ մարմինների միջոցով, եթե միայն սույն կոնվենցիայով հաղորդակցման այլ կարգ չի սահմանված: (….) Պայմանավորվող կողմերը սահմանում են իրենց կենտրոնական, տարածքային և այլ մարմինների ցանկը, որոնք լիազորված են իրականացնելու անմիջական հաղորդակցություն, ինչի մասին ծանուցում են ավանդապահին:»:

Նույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «Պայմանավորվող կողմերը միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս դատավարական և այլ գործողություններ կատարելու միջոցով, որոնք նախատեսված են հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, այդ թվում` (…) անձանց հետախուզման, քրեական հետապնդում իրականացնելու, քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար անձանց հանձնելու (…) միջոցով»:

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարություն կատարելիս հարցվող մարմինը կիրառում է իր երկրի օրենսդրությունը (….)»։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Եթե հարցվող մարմինն իրավասու չէ կատարելու հանձնարարականը, նա այն ուղարկում է իրավասու մարմնին և այդ մասին տեղեկացնում հարցնող մարմնին»։

Կոնվենցիայի՝ հաղորդակցման հատուկ կարգ սահմանող 80-րդ հոդվածի համաձայն (1997 թվականի մարտի 28-ի լրամշակմամբ)՝ «Քրեական հետապնդման և հանձնման հարցերով հաղորդակցվում են Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազները (դատախազները)։ Դատավարական և դատախազի (դատարանի) սանկցիա պահանջող այլ գործողությունների կատարման հարցերով հաղորդակցվում են դատախազական մարմինները՝ Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազների (դատախազների) կողմից սահմանված կարգով»:

10. «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի մայիսի 23-ի կոնվենցիայի 31-րդ հոդվածի համաձայն` միջազգային պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների և դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո:

Սույն որոշման նախորդ կետում նշված դրույթների բարեխիղճ մեկնաբանությունից հետևում է, որ Կոնվենցիան հստակ տարբերակում է դնում «հաղորդակցում» և «հանձնում» տերմինների միջև. եթե «հանձնումը» ներառվում է Պայմանավորվող կողմերի միջև միմյանց տրամադրվող իրավական օգնության շրջանակում, ապա «հաղորդակցումը» Կոնվենցիայի իմաստով չի դիտվում որպես իրավական օգնության առանձին և ինքնուրույն դրսևորում: Ուստի Կոնվենցիայի 80-րդ հոդվածը, ըստ էության, հանդիսանում է 5-րդ հոդվածում հիշատակված հաղորդակցման կարգի դրսևորումներից մեկը, որը սահմանում է Պայմանավորվող կողմերի միջև քրեական հետապնդման և հանձնման հարցերով հաղորդակցման հատուկ կարգ: Հետևապես, նշված հոդվածը չի կարող մեկնաբանվել այնպես, որ քրեական գործերով իրավական օգնություն տրամադրելիս Պայմանավորվող կողմի միայն գլխավոր դատախազները կամ դատախազներն են լիազորված քրեական հետապնդման և հանձնման հարցերով պետության անունից կայացնելու ցանկացած բնույթի, այդ թվում` հանցանք կատարած անձի հանձնումը թույլատրելու կամ մերժելու մասին որոշում:

11. Ինչպես վերը նշվեց, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է, որ Պայմանավորվող կողմերը միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս դատավարական և այլ գործողություններ կատարելու միջոցով, որոնք նախատեսված են հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ: Իսկ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն` իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարություն կատարելիս հարցվող մարմինը կիրառում է իր երկրի օրենսդրությունը, և եթե հարցվող մարմինն իրավասու չէ կատարելու հանձնարարականը, ապա այն ուղարկում է իրավասու մարմնին և այդ մասին տեղեկացնում հարցնող մարմնին:

Նման մոտեցում է ամրագրել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը: Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(….) օտարերկրյա պետության իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց (այսուհետ՝ իրավասու մարմիններ) հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգքրով նախատեսված դատավարական գործողությունների կատարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ այդ պայմանագրերով և սույն օրենսգրքով սահմանված կարգով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածը սահմանում է «Հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինները և այդ որոշման բողոքարկման կարգը»: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված է հանցագործություն կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը, և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի նկատմամբ`

1) հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում.

2) հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, եթե գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ.

3) հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումը ընդունում է համապատասխանաբար գործը քննող կամ դատավճիռը կայացրած դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ այն դեպքում, երբ գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, կամ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ (….)»:

12. Վերլուծելով միջազգային պայմանագրի և ՀՀ ներպետական օրենսդրության վերոհիշյալ կարգավորումները և հիմք ընդունելով սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերում առկա դատողությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանձնման նպատակով անհրաժեշտ դատավարական գործողությունների կատարումը (տվյալ դեպքում` հանձնման վերաբերյալ որոշման կայացումը) չի կարող նույնացվել Կոնվենցիայի 80-րդ հոդվածով նախատեսված` հաղորդակցություն իրականացնելու լիազորության հետ: Իսկ այն պետական մարմինները, որոնք Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության անունից լիազորված են կայացնելու համապատասխան որոշումներ, հստակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասում: Ընդ որում, այդ մարմինների իրավասությունը հստակորեն ենթարկված է առարկայական տարանջատման` մինչդատական վարույթում` ՀՀ գլխավոր դատախազը, իսկ դատական վարույթում կամ դատավճռի կատարման վարույթում` ՀՀ արդարադատության նախարարը կամ նրա միջնորդությամբ` գործը քննող կամ դատավճիռ կայացրած դատարանը:

13. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կիրառված օրենքը` հանցագործություն կատարած անձի հանձնման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը նախատեսող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասը, չի հակասում գլխավոր դատախազների միջև հատուկ հաղորդակցման կարգ սահմանող «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի Կոնվենցիայի 80-րդ հոդվածի պահանջներին:

14. Գործի նյութերից երևում է, որ Ռուսաստանի Դաշնության դատարանի դատավճռով Լ.Նավոյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Այնուհետև ՌԴ գլխավոր դատախազի տեղակալը միջնորդություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` դատապարտյալ Լ.Նավոյանին կալանքի վերցնելու և ՌԴ հանձնելու համար` դատավճռով նշանակված պատիժը կրելու նպատակով: Միջնորդությունը քննարկել և դատապարտյալ Լ.Նավոյանին Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու մասին որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

Դատապարտյալ Լ.Նավոյանի վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ վերացրել է Լ.Նավոյանին հանձնման թույլտվություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշումը և նրան անհապաղ ազատել կալանքից այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազը, առավել ևս նրա տեղակալը նման որոշում կայացնելու լիազորությամբ օժտված չեն, քանի որ Լ.Նավոյանի վերաբերյալ առկա է եղել օրինական ուժի մեջ մտած դատավճիռ (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):

15. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ նկատի ունենալով Լ.Նավոյանի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, ՀՀ գլխավոր դատախազությունն իրավասու չէր կայացնելու հանձման թույլտվության մասին որոշում:

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Լևոն Ինգեսի Նավոյանին հանձնման թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի 2009 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը վերացնելու և Լևոն Նավոյանին կալանքից ազատ արձակելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան