Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-890
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.28/34(768) Հոդ.612
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2010
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 25 մայիսի 2010 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱՐԱՏ ԾՈՎՅԱՆԻ ԵՎ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՎ «Բ» ԵՆԹԱԿԵՏԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ`

դիմող Ա. Ծովյանի, դիմողների ներկայացուցիչ Կ. Մեժլումյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Արարատ Ծովյանի և Սվետլանա Հակոբյանի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացիներ Ա. Ծովյանի և Ս. Հակոբյանի` 25.02.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1997 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հունվարի 10-ին և ուժի մեջ է մտել 1998 թվականի հունվարի 11-ին:

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմի 2010 թվականի մարտի 10-ի որոշմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 210-րդ հոդվածի 4-րդ մասի, 226-րդ հոդվածի 1-ին կետի, 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 231-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ Ա. Ծովյանի և Ս. Հակոբյանի դիմումը քննության է ընդունվել մասնակի` միայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի մասով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը սահմանում են. «Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

...

 

8. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

ա) գույքային պահանջի գործերով

վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով,

բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով

բազային տուրքի տասնապատիկի չափով»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողներն իրենց իրավունքների դատական պաշտպանության նպատակով դիմել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` խնդրելով քանդել շինությունը և վերականգնել մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը կամ փոխհատուցել կրած վնասը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.08.2006թ. թիվ 02-2409 վճռով հայցը մերժվել է:

Դիմողների վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.02.2007թ. վճռով բողոքը բավարարվել է:

Նշված քաղաքացիական գործով պատասխանող կողմի վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007թ. թիվ 3-1400 (ՎԴ) որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.02.2007թ. վճիռը և գործն ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2008թ. որոշմամբ գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան քննության համար` որոշման մեջ տալով հետևյալ հիմնավորումը. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` փոխվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործերի քննության կարգը և ներկայումս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործի քննությունն իրականացվելու է ՀՀ վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով չկա այն դատական ակտը, որի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը հնարավոր կլինի իրականացնել վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, վերաքննիչ դատարանը գտավ, որ սույն քաղաքացիական գործը պետք է ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան քննության համար»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 19.06.2009թ. թիվ ԵԿԴ/1036/02/08 վճռով հայցը մերժվել է:

Դիմողները նշված վճռի դեմ բերել են վերաքննիչ բողոք` պետական տուրք վճարելով միայն ոչ գույքային բնույթի պահանջի համար:

Դիմողների վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2009թ. թիվ ԵԿԴ-1036/02/08 որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է երկու պահանջներից մեկի` գույքային բնույթի պահանջի համար պետական տուրքը վճարված չլինելու պատճառաբանությամբ:

Դիմողների վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը` վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական դիրքորոշումները, իր` 30.09.2009թ. թիվ ԵԿԴ/1036/02/08 որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

 

3. Դիմողները` հղում կատարելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, գտնում են, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված դրույթները` իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, խախտում են դատարանի մատչելիության իրավունքը և հակասում են ՀՀ Սահմանադրության 3 և 18-րդ հոդվածներին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված դրույթների առնչությամբ դիմողները կատարում են երեք հարցադրում.

ա) որքանո՞վ է իրավաչափ բեկանված գործով նույն անձի կողմից նոր վերաքննիչ բողոք բերելու համար կրկին անգամ պետական տուրք վճարելու պարտականություն սահմանելը,

բ) որքանո՞վ է իրավաչափ վերաքննիչ բողոք բերելիս երկու հայցապահանջներից մեկի` հիմնական հայցապահանջի համար պետական տուրք վճարած լինելու պարագայում երկրորդ հայցապահանջի` այլընտրանքային հայցապահանջի համար ևս պետական տուրք վճարելու պարտականություն սահմանելը,

գ) որքանո՞վ է իրավաչափ վերաքննիչ բողոք բերելիս երկու հայցապահանջներից մեկի` հիմնական հայցապահանջի համար պետական տուրք վճարած լինելու պարագայում երկրորդ հայցապահանջի` այլընտրանքային հայցապահանջի համար պետական տուրք չվճարելու պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքն ամբողջությամբ` և՛ առաջին, և՛ երկրորդ հայցապահանջների մասով վերադարձնելը:

Վերը նշված հարցադրումների առնչությամբ դիմողներն իրավաչափ չեն համարում վերաքննիչ բողոք բերելիս հիմնական հայցապահանջին զուգահեռ այլընտրանքային հայցապահանջի և բեկանված գործով նույն անձի կողմից կրկին անգամ վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրք վճարելու պարտականություն սահմանելը, ինչպես նաև վերաքննիչ բողոք բերելիս երկու հայցապահանջներից մեկի համար պետական տուրք վճարած լինելու պարագայում երկրորդ հայցապահանջի համար պետական տուրք չվճարելու պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքն ամբողջությամբ վերադարձնելը:

 

4. Ըստ պատասխանողի` դիմողներն իրենց դիմումում բարձրացնում են առանձին դեպքերում վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքից ազատելու, ինչպես նաև դատավարական բնույթի հարցեր, որոնք վիճարկվող դրույթի իրավակարգավորման շրջանակից դուրս են, քանզի վիճարկվող դրույթը բացառապես սահմանում է վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը: Պատասխանողը գտնում է, որ սահմանադրական դատարան ներկայացված դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ վիճարկվող դրույթները դիմումում բարձրացված պահանջներին չեն առնչվում: Պատասխանողը միջնորդել է սահմանադրական դատարանին գործի վարույթը կարճել:

 

5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթների սահմանադրականության առնչությամբ դիմողների բարձրացրած հարցադրումները դիտարկել ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածում ամրագրված` պետական տուրքեր մուծելու պարտականության, նշված սահմանադրական պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցության, պետական տուրքի բովանդակության, դերի ու նշանակության, ինչպես նաև դատարանների` որպես պետական մարմինների գործառույթների համատեքստում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Սահմանադրության 45 և 83.5-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ի թիվս պետական տուրքի այլ տեսակների, սահմանում է դատարան տրվող հայցադիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը, տուրք վճարողներին, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է պետական տուրքի հասկացությունը: Ըստ այդ հոդվածի` «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է»:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է պետական տուրք վճարողների շրջանակը: Ըստ այդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը պետական տուրքի գանձման օբյեկտ, այսինքն` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողություն է դիտարկում, մասնավորապես, դատարան տրվող հայցադիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննությունը:

Դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքն առանձնացնում է գույքային պահանջի և ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքերը` դրանց համար սահմանելով հաշվարկման միմյանցից էապես տարբերվող կարգ, ինչն օբյեկտիվորեն պայմանավորված է այդ պահանջների բնույթով և առանձնահատկություններով: Գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքը համամասնական տուրք է, և հաշվարկվում է հայցագնի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, իսկ ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող տուրքը պարզ տուրք է, և գանձվում է հաստատագրված գումարի չափով: Եթե հայցադիմումը ներառում է գույքային և ոչ գույքային պահանջներ, ապա օրենքը` այդ պահանջներից յուրաքանչյուրի քննությունը դիտարկելով որպես օրենքի իմաստով ինքնուրույն և առանձին գործողություն, պահանջում է, որ պետական տուրք վճարվի միաժամանակ և՛ գույքային, և՛ ոչ գույքային պահանջների առնչությամբ (հոդվ. 32, մաս 4)՝ այդպիսով հետապնդելով իրավաբանորեն հիմնավոր փաստարկված նպատակ:

 

6. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ` սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Օրենսդիրը կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները` կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար, այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ օրենքը սահմանել է որոշակի իրավական երաշխիքներ, որոնք միտված են նշված հավասարակշռությունն ապահովելու նպատակին: Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից: Այս դրույթը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, վերոհիշյալ արտոնությունները, ի թիվս այլոց, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը: Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունից անձն ազատվում է օրենքի ուժով, որով բացառվում է այդ պարտականությունից անձին ազատելու հայեցողական մոտեցումը: Բացի դրանից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասը ելնելով այն սկզբունքից, որ դատական ծախսերը վճարում է դատավարության պարտվող կողմը` սահմանում է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ արդարադատության բնագավառում պետական տուրքի գանձման սույն գործով վիճարկվող կարգի նախատեսման խնդրում օրենսդրությամբ ստեղծված են բավարար իրավական երաշխիքներ, որոնց միջոցով ապահովվում է պատշաճ սահմանադրաիրավական հավասարակշռություն պետության և անձի օրինավոր վերոհիշյալ շահերի միջև:

Միաժամանակ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողների կողմից մատնանշված իրավիճակներում գործում են վերոհիշյալ օրենսդրական բոլոր երաշխիքները, ինչը հնարավորություն է տալիս նշված դեպքերում ևս դատարանի մատչելիության իրավունքի իրացումն անիրավաչափորեն չպայմանավորել դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությամբ:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի կիրառման դատական պրակտիկան ամփոփված է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 1999թ. մարտի 27-ի թիվ 8 որոշմամբ, որում, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ գործը վերաքննիչ դատարանին նոր քննության ուղարկելու դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73-րդ հոդվածների և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` կողմերից պետական տուրքի գանձում չի նախատեսվում: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի` դիմողներն օրենքի ուժով ազատվում են պետական տուրք վճարելու պարտականությունից նաև նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ բողոք ներկայացնելիս: Նշված դեպքերում պետական տուրք վճարելու պարտականության բացակայությունը պայմանավորված է այն տրամաբանությամբ, համաձայն որի` դատարանի կողմից կատարվող գործողությունը, որպես պետական տուրքի գանձման օբյեկտ, թելադրված է օբյեկտիվորեն փաստված իրավական անհրաժեշտությամբ, հետևաբար` չի պայմանավորվում պետական տուրքի վճարման սահմանադրական պարտականության կատարմամբ:

 

7. Սահմանադրական դատարանն իր` 2008թ. սեպտեմբերի 9-ի ՍԴՈ-758 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում: Սույն գործի շրջանակներում զարգացնելով նշված իրավական դիրքորոշումը` սահմանադրական դատարանը գտնում է, որ վերադաս դատարանի ակտի հիման վրա նոր քննության արդյունքում ստորադաս դատարանի կողմից ընդունված ակտը ևս հետապնդում է ինքնուրույն նպատակ՝ տվյալ գործի քննության գործընթացում կողմերի համար առաջացնելով իրավական նոր հետևանքներ: Հետևաբար, դատական նման ակտի արդյունքում առաջանում են նաև տվյալ ակտի բողոքարկման հետ կապված նոր իրավահարաբերություններ, որոնց պայմաններում դատաքննության արդյունքում կայացված դատական ակտը հանդիսանում է վերադաս դատարանի կողմից վերահսկողության նոր օբյեկտ: Դրանով պայմանավորված` վերադաս դատարանը, վերահսկողություն իրականացնելով դատական ենթադրյալ սխալ պարունակող` ստորադաս ատյանի ինքնուրույն դատական ակտի նկատմամբ, կատարում է գործողություն, որն օրենքի իմաստով հանդիսանում է պետական տուրքի գանձման ինքնուրույն օբյեկտ: Ընդ որում, խնդրո առարկա իրավիճակում գանձվող պետական տուրքը ծառայում է այն նույն նպատակներին, ինչն այդ ինստիտուտն ունի ընդհանրապես, այն է` փոխհատուցել վերադաս դատարանի կողմից գործի քննության ծախսերը և ապահովել կողմերի դատավարական կարգապահությունը:

Բացի դրանից, հաշվի առնելով նաև, որ դիմողների մատնանշած իրավիճակում բողոք բերող կողմը շարունակում է օգտվել օրենսդրական այն երաշխիքներից, որոնք միտված են բացառելու դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը պետական տուրք վճարելու պարտականությամբ խոչընդոտելու հնարավորությունը, սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` պետական տուրք գանձվում է նաև նոր քննության արդյունքում ընդունված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելիս, դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ խախտման առումով սահմանադրականության խնդիր չի առաջացնում: Այլ է ՀՀ վճռաբեկ դատարանի` 09.11.2007թ. թիվ 3-1400(ՎԴ) որոշման առկայության դեպքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 21.01.2008թ. ընդունված թիվ 07-4326 քաղաքացիական գործով վերոնշյալ որոշման հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, որը, սակայն, առնչվում է օրենքի կիրառման ոլորտին և դուրս է օրենքի նորմի սահմանադրականության հարցով վեճի առարկայի, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այն քննության առնելու իրավասության շրջանակներից:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը 2009թ. սեպտեմբերի 30-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ընդունելիս ընդհանրապես չի անդրադարձել 03.09.2009թ. ներկայացված վճռաբեկ բողոքում պետական տուրքի չվճարված մասով վճարումը հետաձգելու և հարցը վեճն ըստ էության լուծող դատական ակտով լուծելու միջնորդությանը:

 

8. Դիմողների այն հարցադրման առնչությամբ, համաձայն որի` վիճարկվող դրույթը` դատարանների կողմից դրան տրված մեկնաբանությամբ, պարտավորեցնում է պետական տուրք վճարել միաժամանակ երկու «այլընտրանքային» պահանջների համար, սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանով դիմողները բարձրացնում են վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափության հարց, որի պարագայում առկա չէ պատճառահետևանքային կապ վիճարկվող նորմի և դիմողների իրավունքների ենթադրյալ խախտման միջև: Ինչ վերաբերում է վիճարկվող դրույթների բուն բովանդակությանը, ապա այն ոչ միայն չի պարտավորեցնում դատարաններում պետական տուրք վճարել, այսպես կոչված, այլընտրանքային գույքային պահանջներից յուրաքանչյուրի համար, այլ նաև գործնականում բացառում է վերաքննիչ դատարան այլընտրանքային գույքային պահանջներ ներկայացնելու որևէ հնարավորություն: Վիճարկվող դրույթի պահանջը ոչ թե այլընտրանքային գույքային պահանջներից յուրաքանչյուրի համար պետական տուրքի միաժամանակյա վճարումն է, այլ այն վերաբերում է գույքային և ոչ գույքային պահանջներին: Իսկ գույքային և ոչ գույքային պահանջները, միմյանցից էապես տարբերվելով իրենց բնույթով և բովանդակությամբ, չեն կարող գործնականում հարաբերակցվել որպես այլընտրանքային հայցապահանջներ: Գույքային և ոչ գույքային պահանջները, որոնց հիմքում դրված են նյութական և ոչ նյութական կարիքների բավարարման, հետևաբար` նաև բովանդակությամբ տարբեր խնդիրներ, չեն կարող միմյանց փոխարինել` միմյանց նկատմամբ հանդես գալով որպես այլընտրանքային պահանջներ: Այլընտրանքային պահանջները կարող են ներկայացվել բովանդակությամբ համասեռ խնդրի կամ՝ տվյալ դեպքում գույքային պահանջի շրջանակներում, որտեղ այդ պահանջները հանդես են գալիս որպես գույքային բնույթի և գործնականում միմյանց փոխարինող պահանջներ, կամ ոչ գույքային պահանջի շրջանակներում հանդես գալով որպես ոչ գույքային բնույթի և գործնականում միմյանց փոխարինող պահանջներ:

 

9. ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանն իր իրավասության շրջանակներում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատական ակտերը վերանայող դատարան է, հետևաբար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն վերաքննիչ դատարանում բողոքարկման օբյեկտն առաջին ատյանի դատարանի դատական ակտն է: Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա վերահսկողություն է իրականացնում առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության նկատմամբ` դրանում տեղ գտած հնարավոր դատական սխալը վերացնելու նպատակով: Ուստի, եթե առաջին ատյանի դատարանում քննության առարկան մեկ կամ մի քանի պահանջ ներառող հայցապահանջն է, ապա վերաքննիչ դատարանում քննության առարկան ոչ թե առաջին ատյանի դատարան ներկայացված հայցապահանջում ներառված առանձին պահանջներն են, այլ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված ենթադրյալ դատական սխալը: Հետևաբար, գույքային և ոչ գույքային պահանջների առնչությամբ կայացված` առաջին ատյանի դատական ակտը կարող է քննության առարկա դառնալ միաժամանակ գույքային և ոչ գույքային պահանջների առնչությամբ` իր ամբողջության մեջ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողների այն հարցադրումը, համաձայն որի` մի պահանջի առնչությամբ պետական տուրքի վճարումը պետք է հիմք հանդիսանա վերաքննիչ բողոքն ամբողջությամբ քննության ընդունելու համար, անհիմն է, պայմանավորված չէ վերաքննիչ դատարանի գործառույթով ու անիրագործելի է:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը` սույն որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում, համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


25 մայիսի 2010 թ.
 ՍԴՈ-890

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան