Գլխավոր տեղեկություն
Համար
N 483-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2010 թվականի N 483-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 230-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 7-ի N 230-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները `

 1) որոշման վերնագիրը «ստեղծելու» բառից հետո լրացնել «և գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը հաստատելու» բառերով.

 2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմն ու աշխատակարգը` համաձայն N N 1 և 2 հավելվածների: ».

 3) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.

 4) որոշման հավելվածում «հավելված» բառը փոխարինել «հավելված N 1» բառերով.

 5) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 29
Երևան

 

 

 

 Հավելված N 1
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 հունիսի 29-ի N 483-Ա որոշման

 

 

 «Հավելված N 2
 ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 7-ի N 230-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Uույն աշխատակարգով կանոնակարգվում են Գիտատեխնիկական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

2. Խորհրդի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարական բնույթի մոտեցումների կիրառմանը, այս բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացմանը, արդյունաբերական ճյուղերի (այդ թվում՝ ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորմանը նպաստելն է:

3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 10-րդ կետին համապատասխան։

7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը։

8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը կարող է վարել անդամներից մեկը՝ խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

9. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի oրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ:

10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ։

11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն երկու երրորդը։

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։

13. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը։

14. Խորհրդի անդամները խորհրդի նիստի անցկացման վայրի, oրվա, ժամի և նիստի oրակարգի մասին տեղեկացվում են նիստի անցկացման oրվանից առնվազն 3 oր առաջ:

15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

III. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

16. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստը.

4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը,

5) խորհրդի ընդունած որոշումների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

6) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

17. Խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնելու խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին:

18. Խորհրդի անդամը պարտավոր է՝

1) մասնակցել խորհրդի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է անդամակցությունը խորհրդին։ Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը՝ բացառությամբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն է։

21. Խորհրդի քարտուղարությունը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում խորհրդի անդամներին.

2) կազմում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին։»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան