ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
25 մայիսի 2010 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 11.05.2010թ. մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում խաղաղության պահպանման գործողությունների անցկացման ժամանակ Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի հաստատման նպատակով:
2. Համաձայնագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:
3. Համաձայնագրով սահմանված են խաղաղության պահպանման հավաքական ուժերի կազմավորման, գործունեության և անձնակազմի ֆինանսավորման կարգն ու պայմանները:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
ա) խաղաղության պահպանման գործողություն նախապատրաստելու և անցկացնելու ժամանակ խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման համակարգման համար պաշտպանության նախարարությունում կառավարության ղեկավարի որոշմամբ ստեղծել ժամանակավոր օպերատիվ խումբ,
բ) խաղաղության պահպանման գործողություն նախապատրաստելու և անցկացնելու ընթացքում ապահովել խաղաղության պահպանման հավաքական ուժերին սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, նյութական միջոցներով և ռազմատեխնիկական գույքի այլ տեսակներով,
գ) խաղաղության պահպանման գործողություն նախապատրաստելու և անցկացնելու ընթացքում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի ժամանակավոր օգտագործմանը տրամադրել իր սեփականությունը հանդիսացող անհրաժեշտ անշարժ գույքը (անշարժ գույքի օբյեկտները),
դ) ուղղակի հարկերից և տուրքերից ազատել տրանսպորտային հաղորդակցությունները և կառույցները, որոնք օգտագործվում են խաղաղության պահպանման հավաքական ուժերի կողմից,
ե) խաղաղության պահպանման գործողություն նախապատրաստելու և անցկացնելու ընթացքում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության իրականացման և դրանց անձնակազմի բնակվելու համար տրամադրել անհրաժեշտ շտաբ-կայաններ, ճամբարներ և ծառայությունների տեղակայման համար շինություններ և հողատարածքներ,
զ) համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման հետ կապված ցանկացած վեճ լուծել բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
5. Համաձայնագիրն ամրագրում է դրույթներ, որոնք սահմանում են համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և դադարելու, ինչպես նաև համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգն ու պայմանները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|