Գլխավոր տեղեկություն
Համար
N 618-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2010-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.07/31(765) Հոդ.620
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2010 թվականի N 618-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 7-րդ կետի «դ» ենթակետում «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության» բառերով,

բ. 7-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերում սոցիալական ապահովության քարտերի կիրառման ապահովումը,»,

գ. 7-րդ կետի «զ» ենթակետից հանել «, պարտադիր և կամավոր կենսաթոշակային ապահովագրություն» բառերը,

դ. 7-րդ կետի «ժա.1» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա.1) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում քաղաքացիական հասարակության միավորումների հետ համագործակցության ապահովում»,

ե. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ», «ժդ» և «ժե» ենթակետերով.

«ժգ) սոցիալական պաշտպանության ոլորտում մարդասիրական օգնության և բարեգործության բնագավառի քաղաքականության իրականացման ապահովումը.

ժդ) կենսաթոշակային ապահովության բնագավառում անհատական հաշվառման ու անհատականացված հաշվետվությունների համակարգերի ներդրման և կիրառման ապահովում.

ժե) սոցիալական պաշտպանության բնագավառի տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարման ապահովում:»,

զ. «2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

բ) սոցիալական գործընկերության համակարգի հանրապետական մակարդակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գործառույթների իրականացում.

գ) աշխատանքի խթանման, արդյունավետության բարձրացման ու վարձատրության վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանց կատարման մոնիթորինգ.

դ) բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

ե) բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, զբաղվածության պետական ծրագրերի մշակում և դրանց կատարման մոնիթորինգ.

զ) աշխատաշուկայի վերլուծական հետազոտությունների կազմակերպում և դրա արդյունքների հիման վրա աշխատուժի առաջարկի և պահանջարկի կանխատեսում.

է) աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

ը) կենսաթոշակային ապահովության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

թ) ժամանակավոր անաշխատունակության նպաստներին վերաբերող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

ժ) պետական կենսաթոշակների և պետական նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարում.

ժա) պետական կենսաթոշակների և պետական նպաստների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման, կասեցման, դադարեցման նկատմամբ մոնիթորինգ.

ժբ) պատվովճարի, դրամական օգնության նշանակման և վճարման օրենսդրության պահանջների պահպանման մոնիթորինգ.

ժգ) սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

ժդ) սոցիալական պաշտպանության բնագավառում իրավակիրառական պրակտիկայի մոնիթորինգ.

ժե) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարինների միջոցով մարդասիրական օգնության բաշխման աշխատանքների մոնիթորինգ.

ժզ) կենսաթոշակային ապահովության համակարգի հիմնական ցուցանիշների վերլուծություն և զարգացման միտումների նախանշում.

ժէ) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեության մեթոդական ղեկավարում.

ժը) սոցիալապես անապահով ընտանիքների, առանձին սոցիալական խմբերի սոցիալական պաշտպանությանը և հասցեական օգնության պետական ծրագրերի մշակում, իրականացում, համակարգում և մոնիթորինգ.

ժթ) ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի ուսումնասիրություն, դրանք կարգավորող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

ի) գենդերային հիմնահարցերի ուսումնասիրություն, դրանց լուծման պետական ծրագրերի մշակում, իրականացման աշխատանքների համակարգում և մոնիթորինգ.

իա) մարդկանց առուվաճառքի (թրաֆիքինգ) հիմնահարցերի ուսումնասիրություն, թրաֆիքինգի ենթարկված անձանց սոցիալական վերականգնման ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

իբ) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման ապահովում, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ այդպիսի ծրագրերի իրականացում և մոնիթորինգ.

իգ) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի օրենսդրության մշակում և բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի համակարգում.

իդ) հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

իե) հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ տեխնիկական միջոցներով ապահովելու պետական նպատակային ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

իզ) հաշմանդամության վիճակի գնահատման հիման վրա հաշմանդամության շարժի և հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրություն և վերլուծություն, հաշմանդամության կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

իէ) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի իրականացման գործընթացի համակարգում, կատարման նկատմամբ մոնիթորինգ.

իը) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում.

իթ) սոցիալական աշխատանքի բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

լ) մանկատների, երեխաների ցերեկային խնամքի, երեխաների ժամանակավոր խնամքի, ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման գործունեության լիցենզավորում.

լա) անօթևան, մուրացիկ և թափառաշրջիկ անձանց, այդ թվում` երեխաների համար սոցիալական աջակցության պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

լբ) հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման կառուցակարգերի ներդրում և դրանց իրականացման մոնիթորինգ.

լգ) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների մշակում, դրանց պահպանման մոնիթորինգ և պետական վերահսկողության իրականացում.

լդ) որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների ու որդեգրողների թեկնածուների կենտրոնացված հաշվառում.

լե) ժողովրդագրական վիճակի վերլուծություն և գնահատում, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ժողովրդագրական փորձաքննության կազմակերպում և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

լզ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն.

լէ) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից սոցիալական պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքների մոնիթորինգ և գնահատում.

լը) սոցիալական պաշտպանության բնագավառին վերաբերող` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարում.

լթ) սոցիալական պաշտպանության բնագավառի ռազմավարական ծրագրերի մոնիթորինգ և գնահատում.

խ) սոցիալական պաշտպանության ոլորտում բարեգործական որակված ծրագրերի հաշվառման տեղեկատվական համակարգի վարում, վերլուծությունների իրականացում և առաջարկությունների մշակում.

խա) սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

խբ) քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների քննարկում, անհրաժեշտության դեպքում` դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն, ինչպես նաև պարզաբանումների տրամադրում և խորհրդատվական օգնության կազմակերպում.

խգ) զանգվածային լրատվության ու հանրային իրազեկման այլ միջոցներով աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում վարվող քաղաքականության լուսաբանում.

խդ) համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

խե) նախարարության կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի կազմակերպում, նախարարությանը ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև նախարարության կառավարմանը հանձնված ընկերությունների համար գնումների գործընթացի կազմակերպում.

խզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:»,

է. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Նախարարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում, նախարարի հանձնարարությամբ, նախարարի տեղակալներից մեկը:»,

ը. 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է.1» ենթակետով.

«է.1) առաջին կարգի ստորագրության իրավունքով ստորագրում է նախարարության ֆինանսական և հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերը.»,

թ. 43-րդ կետի «ժե» ենթակետը «լիազորություններ» բառից հետո լրացնել «, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները» բառերով,

ժ. 44-րդ կետում «նախարարության աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «նախարարի» բառով.

2) որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 1-ին կետի` վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի վարչությունն անվանափոխել ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության, իսկ սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչությունը` կենսաթոշակային ապահովության վարչության: Այդ կապակցությամբ հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 1-ին կետում «Վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի վարչություն» բառերը փոխարինել «Ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչություն», իսկ «Սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչություն» բառերը` «Կենսաթոշակային ապահովության վարչություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մայիսի 31

Երևան

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան