«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2002 թվականի N 98
«ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն` «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ձեռնարկության վերակազմակերպման ձևով:
2. Սահմանել, որ`
ա) «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) հիմնական նպատակը գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումն է.
բ) կազմակերպությունն իրականացնում է գիտական և գիտատեխնիկական գործունեության հետ ուղղակիորեն կապված արտադրական, ծառայությունների մատուցման և սպասարկման (արագացուցիչների օգտագործումը տնտեսության մեջ, հատուկ տեխնոլոգիական սարքավորումների արտադրություն, համակարգչային-տեղեկատվական ծառայություններ, լրատվական և հրատարակչատպագրական գործունեություն, հանգստի կազմակերպում) ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար.
գ) կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային, նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ձևերով:
3. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` նրան վերապահելով նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված հիմնադրի լիազորությունները:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` 1-ամսյա ժամկետում`
ա) հաստատել կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.
բ) հաստատել կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |