Գլխավոր տեղեկություն
Համար
N 474-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2010-25.02.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.19/21(755) Հոդ.514
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2010 թվականի N 474-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) պետական գույքի կառավարման նպատակների իրականացման, ընթացիկ փուլի առաջնահերթությունների, նախապատվությունների և սահմանափակումների կիրառման նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագիրը (այսուհետ` պետական գույքի կառավարման ծրագիր) (որը պետական գույքի կառավարման ոլորտում իրականացվող հաջորդական գործողությունների համախումբ է).

2) մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական գույքի կառավարման ծրագրի կատարման մասին տարեկան հաշվետվություն.

3) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների զարգացման առաջիկա հինգ տարվա հեռանկարային հիմնական մոտեցումները հստակեցնելու նպատակով երկամսյա ժամկետում սահմանել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործարար ծրագրի օրինակելի ձևը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և պետք է բովանդակի`

1) պետական գույքի կառավարման սկզբունքները, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման մոտեցումները.

2) պետական գույքի կառավարման գերակայությունները, նպատակները և այդ նպատակներին հասնելու միջոցները.

3) պետական սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որոնց նկատմամբ տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել որոշակի միջոցառումներ և կնքել գործարքներ.

4) պետական սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման իրավունքի փոխանցման ձևերի կիրառման վերաբերյալ մոտեցումները.

5) պետական գույքի կառավարման ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման ժամկետները և կառավարման ձևերի նկարագրությունը.

6) պետական գույքի կառավարման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության կարգը.

7) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են պետական գույքի կառավարման ծրագրի իրականացման համար:

3. Սահմանել, որ պետական գույքի կառավարման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի`

1) հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի կառավարման ծրագրում նշված միջոցառումների իրականացման ընթացքը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված այն միջոցառումների նկարագրությունը, որոնք ուղղված են պետական գույքի կառավարման ծրագրի կատարմանը.

3) տեղեկություններ հաշվետու տարում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների մասին.

4) քանակային ցուցանիշներ, որոնք վերաբերում են կառավարման ձևերի կիրառմանը, առանձին կազմակերպությունների և գույքի նկատմամբ իրականացված գործողությունները.

5) տեղեկություններ պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների օգտագործման հետևանքով պետական և համայնքների բյուջեներ մուտքագրված միջոցների մասին.

6) տեղեկություններ փաստացի կատարված պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` ներդրումների և իրականացված ծրագրերի մասին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի և արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման լիազորություն ունեցող մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ավարտել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկերի ճշգրտման աշխատանքները և արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն: Ընդ որում, պետական մասնակցությամբ այն կազմակերպությունների մասով, որոնց մասին ճշգրտման աշխատանքների իրականացման ընթացքում որևէ տեղեկատվություն չի բացահայտվի, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանցում պետական մասնակցության հետագա տնօրինման վերաբերյալ:

5. Սահմանել, որ պետական գույքի համապարփակ հաշվառման հիման վրա պետական գույքի մասին պաշտոնական տեղեկատվությունը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը) տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

 6. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` 50-ից ավելի տոկոս պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպություններում, որոնց բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահված են համապատասխան մարմիններին (բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը պետության և մասնավոր հատվածի համագործակցության ծրագրերով հանձնված են մասնավոր հատվածի կառավարմանը, ինչպես նաև մասնավորեցման ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների), որոնք, համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի, համարվում են խոշոր կազմակերպություններ, ստեղծել տնօրենների խորհուրդ և սույն կետից բխող համապատասխան փոփոխություններ կատարել կազմակերպությունների կանոնադրություններում:

7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի համաձայն ստեղծվող տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվում են ներկայացուցիչներ տվյալ պետական կառավարման մարմնից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, իսկ խորհրդի նախագահը պետք է լինի տվյալ մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:

8. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների, որոնց բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահված են համապատասխան մարմիններին (բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը պետության և մասնավոր հատվածի համագործակցության ծրագրերով հանձնված են մասնավոր հատվածի կառավարմանը, ինչպես նաև մասնավորեցման ծրագրերում ընդգրկված և սույն որոշման 6-րդ կետում նշված կազմակերպությունների), պետական մասնակցության պահպանման հիմնավորվածությունը, որը պետք է պարունակի`

1) օրենսդրական հիմքերը, որոնց համաձայն տվյալ կազմակերպությունը ենթակա չէ մասնավորեցման.

2) կազմակերպության ներկայիս ֆինանսատնտեսական վիճակը և առկա հզորությունները (ներառյալ անշարժ գույքը և այլ հիմնական միջոցները, մարդկային ներուժը և ոչ նյութական ակտիվները).

 3) կազմակերպության գործունեության տեսակները.

 4) առաջիկա հինգ տարվա համար կազմակերպության զարգացման հեռանկարային հիմնական մոտեցումները (գործարար ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից հաստատված գործարար ծրագրի օրինակելի ձևին համապատասխան)` հաստատված համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ամփոփել այն և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

10. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված և պետական կառավարման տարբեր մարմինների ենթակայության` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմսերը հանձնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման ծրագիրը, ինչպես նաև մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը, իսկ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ժամանակացույցում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

12. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ամփոփել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել տեղեկատվություն իրենց ենթակայության` պետական մասնակցությամբ լուծարվող առևտրային կազմակերպությունների և լուծարման գործընթացի ներկայիս ընթացքի, ինչպես նաև այդ գործընթացում առկա խնդիրների մասին:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 12-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ամփոփել այն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացը հնարավոր սեղմ ժամկետում ավարտելու ժամանակացույցը, ինչպես նաև` առաջարկություններ այդ գործընթացում առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

14. Սահմանել, որ սույն որոշման 8-րդ կետում նշված` պետական մասնակցությամբ այն կազմակերպություններում, որոնց պետական մասնակցությունը կհիմնավորվի սույն որոշման 9-րդ կետին համապատասխան, պետության կողմից լիազորված ներկայացուցիչ պետք է լինի նաև համապատասխան պետական կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության):

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 5
Երևան