Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.07.01/8(12) Հոդ.578.7
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
 դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1066/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1066/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝ Ա. Խառատյան

               Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ՏՎՄ Թրեյդ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` Գործակալություն) և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Մասթեր Բևրիջ Ինդասթրիս Պտե. Լթդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)՝ մտավոր սեփականության խախտված իրավունքները վերականգնելու և Գործակալության բողոքարկման խորհրդի (այսուհետ` Բողոքարկման խորհուրդ) 29.07.2008 թվականի ապրանքային նշանի (գրանցման թիվ` 9935) զիջման մասին պայմանագրի գրանցումն անվավեր ճանաչելու մասին թիվ 24/08 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերականգնել մտավոր սեփականության խախտված իրավունքները և անվավեր ճանաչել Բողոքարկման խորհրդի 29.07.2008 թվականի գրանցման թիվ 9935 ապրանքային նշանի զիջման պայմանագրի գրանցումն անվավեր ճանաչելու մասին թիվ 24/08 որոշումը:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.02.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2009 թվականի որոշմամբ Դատարանի 23.02.2009 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 10.03.2005 թվականի թիվ 49-Ն հրամանով հաստատված «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման» կարգը (այսուհետ` Կարգ):

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել սույն վեճի շրջանակներից և անդրադարձել է ապրանքային նշանի զիջման մասին պայմանագիրը գրանցման ներկայացրած արտոնագրային հավատարմատարի լիազորագրի պատշաճ լինելու և այն Կազմակերպության կանոնադրությանը համապատասխանելու հարցին: Մինչդեռ, Դատարանն արդարացիորեն գտել է, որ արտոնագրային հավատարմատարի լիազորագրի վավերության հարցը հայցադիմումով չի վիճարկվել, հետևաբար նման պահանջ չլինելու պարագայում այն սույն գործի շրջանակներում չի կարող քննարկվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը, Կազմակերպության կանոնադրությունն ընդունել է որպես նոր ապացույց` պատճառաբանելով, որ այն գտնվել է Սինգապուրում և ծավալուն լինելու հետևանքով վավերացվել ու առաքվել է Հայաստան, որտեղ էլ թարգմանվել է: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով վարչական և դատական վարույթները տևել են ավելի քան մեկ տարի, որի ընթացքում անտրամաբանական է Սինգապուրում գտնվող կանոնադրությունը Կազմակերպության` «իր կամքից անկախ պատճառներով» ներկայացնել չկարողանալու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.02.2009 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Պայմանագրի գրանցման համար դիմումին կից Գործակալությանը ներկայացված լիազորագիրը պարունակել է ընդամենը մեկ ֆիզիկական անձի ստորագրություն, առկա չէ ընկերության կնիքը, առկա չէ որևէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեր, որ այդ լիազորագիրը ընկերության անունից ստորագրելու իրավունք ուներ այն ստորագրողը, այսինքն` Գործակալությունը պետք է հավաստիանար, որ լիազորագիրը տրվել է Կազմակերպության կողմից, ինչը չի արվել: Բացի այդ, Կարգի 10-րդ կետում նշված է, որ դիմումը և կից փաստաթղթերը քննարկվում են ըստ էության, ինչից հետևում է, որ ապրանքային նշանի զիջման պայմանագրերի գրանցումը կատարվում է փաստաթղթերն ըստ էության քննարկելուց, այն է` ապրանքային նշանի սեփականատիրոջ կողմից պայմանագիրը գրանցման ներկայացնելու, լիազորված անձի լիազորությունները, այդ ընկերության անունից հանդես գալու իրավունքի առկայության հանգամանքներն ստուգելուց հետո:

Ինչ վերաբերում է Կազմակերպության կանոնադրությունը որպես նոր ապացույց Վերաքննիչ դատարան ներկայացնելուն, ապա պետք է նշել, որ այդ ապացույցը գործի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ Պայմանագրի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշման օրինականության ստուգման ժամանակ չի կարող հաշվի չառնվել այն հանգամանքը, թե արդյոք Պայմանագիրը գրանցման ներկայացրած անձը ապրանքային նշանի սեփականատիրոջից ստացել է համապատասխան լիազորություն: Կանոնադրությունը Դատարան ներկայացնելն անհնար էր այն օբյեկտիվ պատճառով, որ դրա ներկայացնելը կախված էր Սինգապուրի նոտարի և Սինգապուրի իրավաբանության ակադեմիայի կողմից իրականացվող գործողություններից, այն է` կանոնադրության հաստատումից, ինչը վերջինս կատարել է 12.03.2009 թվականին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ընկերության և Կազմակերպության միջև 18.11.2005 թվականին կնքվել է «GOLDEN EAGLE» ապրանքային նշանի (գրանցման թիվ` 9935) նկատմամբ իրավունքների զիջման մասին պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որով վերջինս այդ ապրանքային նշանի նկատմամբ իր իրավունքները զիջել է Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 46):

2. Կազմակերպության տնօրեն Ա. Սարգաևի կողմից 18.11.2005 թվականին, ինչպես նաև Ընկերության կողմից 01.04.2008 թվականին տրված լիազորագրերով արտոնագրային հավատարմատար Արարատ Գալոյանը լիազորվել է նշված երկու ընկերությունների անունից դիմումներ ներկայացնել Գործակալություն և կատարել իրավաբանական գործունեություն` կապված ապրանքային նշանի և մտավոր սեփականության այլ օբյեկտների գրանցման, զիջման, դրանց նկատմամբ իրավունքի դադարեցման և ցանկացած այլ հարցերով, որոնք կապված են այդ օբյեկտների նկատմամբ իրավունքների ձևակերպման ու պաշտպանության հետ, և այդ գործերի հետ կապված վարել գրագրություն (հատոր 1-ին գ.թ. 38-39):

3. Արտոնագրային հավատարմատար Արարատ Գալոյանի 15.05.2008 թվականի դիմումի հիման վրա Գործակալությունը 29.05.2008 թվականին գրանցել է Պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

4. Բողոքարկման խորհուրդը 29.07.2008 թվականի թիվ 24/08 որոշմամբ անվավեր է ճանաչել Գործակալության` Պայմանագիրը գրանցելու մասին 29.05.2008 թվականի որոշումը` գտնելով, որ առկա է Կարգի 4-րդ և 5-րդ կետերի խախտում, քանի որ Կազմակերպության 03.06.2008 թվականի գրության համաձայն` վերջինս մտադրություն չի ունեցել զիջելու ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները երրորդ անձանց, ինչպես նաև նիստի ժամանակ Արարատ Գալոյանը հայտնել է, որ ինքը դիմում ներկայացնելու հանձնարարությունը ստացել է Ընկերության կողմից (հատոր 1-ին, գ.թ. 11-17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ` այդ կազմակերպության կնիքի դրոշմամբ:

Կարգի 4-րդ կետի համաձայն` զիջման մասին պայմանագրի գրանցման դիմումում (Հավելված 1) պետք է նշվեն ապրանքային նշանի գրանցման վկայագրի (երի) համարը (ները), նշանի սեփականատիրոջ (այսուհետ՝ զիջող) և այն անձի (այսուհետ՝ ստացող) անունը, ազգանունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի փոստային հասցեն (այսուհետ՝ նաև հասցե) և երկրի կոդը, ում զիջվում է ապրանքային նշանը: Լիցենզային պայմանագրի գրանցման դիմումում (Հավելված 2) պետք է նշվեն ապրանքային նշանի գրանցման վկայագրի (երի) համար (ները), նշանի սեփականատիրոջ (լիցենզատու) և նշանի օգտագործման իրավունքն ստացողի (լիցենզառու) անունը, ազգանունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն և երկրի կոդը: Կարգի 5-րդ կետի համաձայն` սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումներն ստորագրում է ապրանքային նշանի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը: Վերջին դեպքում դիմումին կցվում է լիազորագիրը:

Կարգի 7-րդ կետի համաձայն` դիմումը կարող է գործակալություն ներկայացվել անմիջականորեն կամ փոստով, որին կցվում են`

ա) լիցենզային կամ զիջման մասին պայմանագիրը (3 օրինակ, որոնցից առնվազն մեկը բնօրինակն է)` առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով.

բ) պայմանագրի գրանցման համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի կամ ապրանքային նշանի սեփականատիրոջ որևէ այլ ներկայացուցչի միջոցով:

Նույն Կարգի 10-րդ կետի համաձայն` դիմումը և դրան կից ներկայացված նյութերը սույն կարգի 3-7-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում պայմանագիրը քննարկվում է ըստ էության, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում պայմանագրի գրանցման վերաբերյալ:

Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպության տնօրեն Ա. Սարգաևի կողմից 18.11.2005 թվականին ստորագրվել և արտոնագրային հավատարմատար Արարատ Գալոյանին տրվել է այդ կազմակերպության կնիքով հաստատված լիազորագիր, որով վերջինս լիազորվել է այդ ընկերության անունից դիմումներ ներկայացնել Գործակալություն և կատարել իրավաբանական գործունեություն` կապված ապրանքային նշանի և մտավոր սեփականության այլ օբյեկտների գրանցման, զիջման, դրանց նկատմամբ իրավունքի դադարեցման և ցանկացած այլ հարցերով, որոնք կապված են այդ օբյեկտների նկատմամբ իրավունքների ձևակերպման ու պաշտպանության հետ, և այդ գործերի հետ կապված վարել գրագրություն:

Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Բողոքարկման խորհուրդն իր 29.07.2008 թվականին թիվ 24/08 որոշումը կայացնելիս չի նշել, թե տվյալ վարչական ակտի անվավերության` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածում նշված հիմքերից որն է առկա: Դատարանը նաև նշել է, որ չի ապացուցվել այն հանգամանքը, որ արտոնագրային հավատարմատարը Կազմակերպության և Ընկերության միջև կնքված զիջման մասին պայմանագիրը գրանցման ներկայացնելու լիազորություն չի ունեցել: Քննվող գործում առկա են ինչպես Ընկերության, այնպես էլ Կազմակերպության կողմից տրված արտոնագրային հավատարմագրի լիազորագրերը: Լիազորագրերը արտոնագրային հավատարմատարին իրավասություն են տալիս երկու ընկերությունների անունից դիմումներ ներկայացնել գործակալություն` կապված ապրանքային նշանների գրանցման, զիջման, ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների դադարեցման և ցանկացած այլ հարցերով, որոնք կապված են ապրանքային նշանների իրավունքների ձևակերպման և պաշտպանության հետ, վարել այդ կապակցությամբ գրագրություն:

Վերաքննիչ դատարանը վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ այն փաստի ուժով, որ Արարատ Գալոյանի անվամբ ձևակերպված լիազորագրում նշված է, որ լիազորագիրն ստորագրած անձը հանդես է գալիս Կազմակերպության կանոնադրության հիման վրա, ուստի Գործակալությունը Պայմանագիրը գրանցելուց առաջ պարտավոր էր ուսումնասիրել նաև այդ կանոնադրությունը և հավաստիանալ, որ լիազորագիրը տրված է դրան համապատասխան:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանությունը, քանի որ լիազորագիրը վիճարկված չլինելու պայմաններում Գործակալությունը ո՛չ Կարգով և ո՛չ էլ մեկ այլ իրավական ակտով իրավասու չէ պարզելու լիազորագրի վավերության հարցը: Գործակալության պարտականությունները սահմանափակվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով լիազորագիր տալուն` որպես միակողմանի գործարքի կնքմանը ներկայացվող ձևական պահանջների պահպանված լինելն ստուգելով, այն է` ստորագրվել է արդյոք դրա լիազորությունն ունեցող անձի կողմից, իրավաբանական անձի անունից տրված լիազորագիրը հաստատվել է արդյոք այդ կազմակերպության կնիքի դրոշմամբ, լիազորագրի գործողության ժամկետը, լիազորագրով իրավասու է արդյոք լիազորվողը համապատասխան գործողություն կատարելու համար և այլն: Ինչ վերաբերում է այն հարցին, որ այս կամ այն կազմակերպության կանոնադրությամբ կարող է լիազորագիր տալուն ներկայացվել լրացուցիչ պահանջներ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում, ըստ էության, վիճարկվում է գործարքի վավերության հարցը, որը ինքնուրույն հայցի շրջանակներում ենթակա է դատական կարգով քննության: Հետևաբար նման հարցի քննարկումը Գործակալության իրավասության սահմաններից դուրս է:

Բացի այդ, սույն գործով հայցի առարկան Բողոքարկման խորհրդի 29.07.2008 թվականի թիվ 24/08 որոշումն անվավեր ճանաչելն է, իսկ այդ որոշմամբ Կազմակերպության կողմից Արարատ Գալոյանին տրված լիազորագիրը այդ կազմակերպության կանոնադրությանը համապատասխանելու հարցը քննարկման առարկա չի դարձվել, ինչպես նաև գործով չի հաստատվում այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու, համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու հնարավորությունից վերջինիս զրկված լինելու հանգամանքը, ուստի այդ հարցը ենթակա չէ նաև Վերաքննիչ դատարանում քննության: Հետևաբար` Վերաքննիչ դատարանը, այդ հանգամանքը քննարկելով և Դատարանի վճիռը բեկանելով, դուրս է եկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածով նախատեսված վերաքննության սահմաններից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի` Կազմակերպության կանոնադրությունը` որպես նոր ապացույց ընդունելու հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանն այն նույնպես անհիմն է համարում, քանի որ սույն գործով Կազմակերպությունը չի ապացուցել իր կամքից անկախ հանգամանքներով Դատարանում գործի քննության ժամանակ կանոնադրությունը չներկայացնելու փաստը, իսկ կանոնադրությունը Սինգապուրում գտնվելը և դրա ծավալուն լինելը դեռևս բավարար հիմք չէ հաստատված համարելու այն ավելի վաղ ներկայացնել չկարողանալու հանգամանքը:

Բացի այդ, Կազմակերպության լիազորագիրը վիճարկված չլինելու պայմաններում դրա վավերության հարցը սույն գործի շրջանակներից դուրս է և գործի լուծման համար չի կարող էական նշանակություն ունենալ:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանի այն պնդմանը, թե Կարգի 10-րդ կետը նախատեսում է, որ ապրանքային նշանի զիջման պայմանագրերի գրանցումը կատարվում է փաստաթղթերն ըստ էության քննարկելուց հետո, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշյալ կետը Գործակալությանը պարտավորեցնում է միայն ստուգելու այդ փաստաթղթերի` Կարգի 3-7-րդ կետերի պահանջներին համապատասխանելու հարցը, որից հետո ըստ էության քննարկվում է միայն պայմանագիրը:

Ինչ վերաբերում է Բողոքարկման խորհրդի որոշման մեջ նշված այն հիմքին, որ Կազմակերպությունը մտադրություն չի ունեցել երրորդ անձանց զիջելու ապրանքային նշանի նկատմամբ իր ունեցած իրավունքները, ապա Դատարանը գտել է, որ նշված հանգամանքը վերաբերում է Ընկերության և Կազմակերպության միջև կնքված զիջման պայմանագրին, որը կողմերը երբևէ չեն վիճարկել:

Վերոգրյալ պատճառաբանությամբ հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 23.02.2009 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան