Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.07.01/8(12) Հոդ.578.2
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2019/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2019/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝ Ա. Պետրոսյան

               Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գառնիկ, Լուսինե, Արտյոմ, Արտակ Մանուկյանների, Էմմա Մալխասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գառնիկ Մանուկյանի ընդդեմ Սիրուշ /Սիրանուշ/, Մարիամ, Շահեն, Արայիկ Շահինյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ավան» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և Սիրուշ /Սիրանուշ/, Մարիամ, Շահեն, Արայիկ Շահինյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Գառնիկ, Լուսինե, Արտյոմ, Արտակ Մանուկյանների, Էմմա Մալխասյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և վտարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գառնիկ Մանուկյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Ավան 3-րդ փողոցի թիվ 29 հասցեում գտնվող իր կողմից գնված երկու սենյակների և դրանց սպասարկման համար օգտագործվող հողամասի նկատմամբ։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սիրուշ /Սիրանուշ/, Մարիամ, Շահեն, Արայիկ Շահինյանները պահանջել են առանց փոխհատուցման դադարեցնել Գառնիկ, Լուսինե, Արտյոմ, Արտակ Մանուկյանների և Էմմա Մալխասյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Ավան 3-րդ փողոցի թիվ 29 տան նկատմամբ և նրանց վտարել նշված տնից։

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.12.2009 թվականի որոշմամբ Դատարանի 04.03.2009 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գառնիկ, Լուսինե, Արտյոմ, Արտակ Մանուկյանները և Էմմա Մալխասյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Մարիամ, Շահեն, Արայիկ Շահինյանները։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ չի ծանուցել Սիրուշ, Մարիամ, Արայիկ, Շահեն Շահինյաններին և գործը քննել է նրանց բացակայությամբ, քանի որ նրանք ծանուցվել են դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, իսկ դատական նիստերին մասնակցել են նրանց ներկայացուցիչները։

 2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասը, 187-րդ և 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գառնիկ Մանուկյանն իր ընտանիքի հետ միասին 1979 թվականից մինչ օրս բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում և օգտագործում է Երևանի Ավան 3-րդ փողոցի թիվ 29 տան պարսպով մեկուսացված սենյակները, որպես սեփական գույք։ Մասնավորապես` Գառնիկ Մանուկյանը 1979 թվականին Սիրանուշ Շահինյանից ներքին առուծախի պայմանագրով գնել է նշված սենյակները, ընտանիքի անդամներով հաշվառվել են վիճելի հասցեում, կնքել են բնական գազի, էլեկտրաէներգիայի առուվաճառքի, ջրաչափական սարքի տեղադրման, հեռախոսակապի ծառայությունների մատուցման, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրեր, վճարել են գույքահարկն ու հողի հարկը, ինչպես նաև կատարել են օրինական և ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Մինչդեռ Շահինյանները, բնակվելով հարևանությամբ, երեսուն տարիների ընթացքում երբևէ չեն հետաքրքրվել վիճելի գույքի ճակատագրով, որպիսի գործողություններով հրաժարվել են այդ գույքից։ Փաստորեն` Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել նշված հանգամանքները հիմնավորող գործում առկա ապացույցները։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 17.12.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.03.2009 թվականի վճռին։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման արդյունքում արձանագրելով, որ Գառնիկ Մանուկյանն ու նրա ընտանիքի անդամները հաշվառված բնակվում են վիճելի հասցեում, հանգել է այն հետևության, որ Գառնիկ Մանուկյանը չի ապացուցել վիճելի գույքն անընդմեջ, բարեխիղճ և որպես սեփականը տիրապետելու հանգամանքները։ Բացի այդ, Գառնիկ Մանուկյանի հաշվառման վերաբերյալ վիճելի հասցեի տնային գրքում կատարված «наниматель» /վարձակալ/ գրառման, Գառնիկ Մանուկյանի որդի Արտյոմ Մանուկյանի` վիճելի հասցեում վերահաշվառման համար Սիրուշ Շահինյանի կողմից ոստիկանության համապատասխան բաժին դիմում ներկայացվելու պայմաններում Գառնիկ Մանուկյանն ու նրա ընտանիքի անդամները չէին կարող ենթադրել, որ վիճելի գույքը տիրապետում են որպես սեփականը, իսկ Շահինյանները հրաժարվել են դրա նկատմամբ իրավունքներից։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 20.13.1980 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Սիրուշ, Մարիամ, Արայիկ, Շահեն Շահինյաններն ընդունել են 24.12.1976 թվականին մահացած Յուրիկ Շահինյանի ժառանգությունը` Երևանի Ավան 3-րդ փողոցի թիվ 29 տան նկատմամբ (հ. 1, գ.թ. 30)։

2) 1979 թվականին թվագրված փաստաթղթի համաձայն` «Ես Սիրանուշ Շահինյանս վաճառում եմ ճանապարհի կողմի երկու սենյակը տասներեք հինգը հարյուր Գառնիկ Գևորգի Մանուկյանին որի համար տալիս եմ իմ համաձայնագիրը և ստորագրում» (հ. 1, գ.թ. 109)։

3) Երևանի Ավան թաղապետարանի մասնավոր տնատիրության կողմից 01.04.2008 թվականին հաստատված Երևանի Ավան 3-րդ փողոցի բնակիչների հայտարարության համաձայն` Գառնիկ Մանուկյանը և նրա ընտանիքի անդամները 1979 թվականին գնել են Երևանի Ավան 3-րդ փողոցի թիվ 29 տան մասը և անընդմեջ բնակվել են այդ հասցեում` կատարելով շինարարական աշխատանքներ, ավելացնելով ևս երկու սենյակներ` մեկ բնակելի և մեկ օժանդակ (հ. 1, գ.թ. 31)։

4) Երևանի Ավան թաղապետարանի մասնավոր տնատիրության 23.07.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Գառնիկ, Արտակ, Արտյոմ, Լուսինե Մանուկյանները և Էմմա Մալխասյանը 1979 թվականից բնակվում են Երևանի Ավան 3-րդ փողոցի թիվ 29 տանը (հ. 2, գ.թ. 59)։

5) Գառնիկ Մանուկյանը Երևանի Ավան 3-րդ փողոցի թիվ 29 տան համար համապատասխան ընկերությունների հետ կնքել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի, կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման, ջրաչափական սարքի տեղադրման, հեռախոսակապի ծառայությունների մատուցման, շինությունների ապահովագրության պայմանագրեր (հ. 1, գ.թ. 18-23, 82-83, հ. 2 գ.թ. 60)։

6) 23.10.2006 թվականի և 11.10.2007 թվականի վճարման անդորրագրերի համաձայն` Գառնիկ Մանուկյանը վճարել է Երևանի Ավան 3-րդ փողոցի թիվ 29 տան գույքահարկը և հողի հարկը (հ. 1, գ.թ. 24-27)։

7) 12.05.2008 թվականի և 13.05.2008 թվականի լիազորագրերի համաձայն` Մարիամ Շահինյանը լիազորել է Գեղամ Մարգարյանին, իսկ Արայիկ, Շահեն, Սիրուշ Շահինյանները` Անահիտ Բաբայանին լինել իրենց ներկայացուցիչը ՀՀ դատական բոլոր ատյաններում և կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված բոլոր դատավարական գործողությունները (հ. 1, գ.թ. 50, 53ա

8) Սույն գործում առկա չէ Դատարանի կողմից 04.11.2008 թվականին, 02.12.2008 թվականին, 27.12.2008 թվականին, 13.01.2009 թվականին, 02.02.2009 թվականին, 11.02.2009 թվականին, 20.02.2009 թվականին և 04.03.2009 թվականին նշանակված դատական նիստերի մասին Արայիկ, Շահեն, Սիրուշ Շահինյաններին կամ նրանց ներկայացուցիչ Անահիտ Բաբայանին պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով։ Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է այն դեպքերին, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնելու մասին։ Միաժամանակ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս ըստ հայցի Շենգավիթի թաղապետարանի ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.12.2006 թվականի թիվ 3-2236/Ա որոշումը)։

Սույն գործի փաստերի համաձայն՝ 13.05.2008 թվականի լիազորագրով Արայիկ, Շահեն, Սիրուշ Շահինյանները լիազորել են Անահիտ Բաբայանին լինել իրենց ներկայացուցիչը ՀՀ դատական բոլոր ատյաններում և կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված բոլոր դատավարական գործողությունները։ Սույն գործում առկա չէ Դատարանի կողմից 04.11.2008 թվականին, 02.12.2008 թվականին, 27.12.2008 թվականին, 13.01.2009 թվականին, 02.02.2009 թվականին, 11.02.2009 թվականին, 20.02.2009 թվականին և 04.03.2009 թվականին նշանակված դատական նիստերի մասին Արայիկ, Շահեն, Սիրուշ Շահինյաններին կամ նրանց ներկայացուցիչ Անահիտ Բաբայանին պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Արայիկ, Շահեն, Սիրուշ Շահինյաններին կամ նրանց ներկայացուցչին պատշաճ ձևով չի տեղեկացրել վերը նշված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, ինչի արդյունքում խախտվել է նրանց՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված կողմերի հավասարության և մրցակցության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է Արայիկ, Շահեն, Սիրուշ Շահինյանների` վերը նշված դատավարական իրավունքի խախտման առկայությունը։

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ օրենսգրքի 187-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են՝

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին և Միխաել Սիմոնյանի հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Գառնիկ Մանուկյանը չի ապացուցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված վավերապայմաններից յուրաքանչյուրի առկայությունը, գնահատման առարկա չի դարձրել սույն գործում առկա ապացույցները և չի պատճառաբանել, թե ինչու են այդ ապացույցները մերժվում։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից գնահատման առարկա չեն դարձվել 1979 թվականին թվագրված փաստաթուղթը, որի համաձայն` «Ես Սիրանուշ Շահինյանս վաճառում եմ ճանապարհի կողմի երկու սենյակը տասներեք հինգը հարյուր Գառնիկ Գևորգի Մանուկյանին որի համար տալիս եմ իմ համաձայնագիրը և ստորագրում», Երևանի Ավան թաղապետարանի մասնավոր տնատիրության կողմից հաստատված Երևանի Ավան 3-րդ փողոցի բնակիչների հայտարարությունը, որի համաձայն` Գառնիկ Մանուկյանը և նրա ընտանիքի անդամները 1979 թվականին գնել են Երևանի Ավան 3-րդ փողոցի թիվ 29 տան մասը և անընդմեջ բնակվել են այդ հասցեում` կատարելով շինարարական աշխատանքներ, ավելացնելով ևս երկու սենյակներ` մեկ բնակելի և մեկ օժանդակ, ինչպես նաև Երևանի Ավան թաղապետարանի մասնավոր տնատիրության 23.07.2008 թվականի տեղեկանքը։ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Գառնիկ Մանուկյանը կնքել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի, կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման, ջրաչափական սարքի տեղադրման, հեռախոսակապի ծառայությունների մատուցման, շինությունների ապահովագրության պայմանագրեր, վճարել է վիճելի տան գույքահարկն ու հողի հարկը։ Այսինքն` Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել իր եզրահանգումները։

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան