Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.431.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.02.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0026/02/09

Քաղաքացիական գործ  թիվ ԵՔԴ/0026/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

            Դատավորներ՝ Ն. Տավարացյան

                       Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մուկուչ Նշանյանի և Արամայիս Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մուկուչ Նշանյանի և Արամայիս Ղազարյանի ընդդեմ Սվետլանա Իսաբաբյանի՝ փոխառության գումարների և կետանցման ժամանակահատվածի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Մուկուչ Նշանյանը և Արամայիս Ղազարյանը պահանջել են բռնագանձել Սվետլանա Իսաբաբյանից փոխառության գումարը և կետանցման ժամանակահատվածի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 05.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 05.05.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մուկուչ Նշանյանը և Արամայիս Ղազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սվետլանա Իսաբաբյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, քանի որ Սվետլանա Իսաբաբյանը և նրա ներկայացուցիչը դատական ծանուցագրերով պատշաճ ձևով տեղեկացվել են դատական նիստերի ժամանակի և վայրի մասին:

Այսպես, Սվետլանա Իսաբաբյանը և նրա ներկայացուցիչը պատշաճ ձևով տեղեկացվել են 06.04.2009, 14.09.2009 և 21.04.2009 թվականներին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել դատական նիստերին՝ յուրաքանչյուր անգամ պատասխանողի ներկայացուցչի կողմից «Գործի քննությունը հետաձգելու մասին» միջնորդություն ներկայացնելու հետևանքով:

Նշվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանող կողմը միտումնավոր չի ցանկացել օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով երաշխավորված դատավարական իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.05.2009 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վերաքննիչ դատարանը ճիշտ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Սվետլանա Իսաբաբյանը և ներկայացուցիչը չեն ծանուցվել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, քանի որ գործում առկա չէ 14.04.2009 թվականի, 21.04.2009 թվականի և 05.05.2009 թվականի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Սվետլանա Իսաբաբյանին ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Սվետլանա Իսաբաբյանը 08.11.2008 թվականի լիազորագրով փաստաբան Կրոմվել Գրիգորյանին լիազորել է ներկայացնելու իր շահերը Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում և կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, ինչպես նաև լիազորագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ (գ.թ. 58):

2. 06.04.2009 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագիրը Սվետլանա Իսաբաբյանը ստացել է 17.03.2009 թվականին (գ.թ. 97-98):

3. 06.04.2009 թվականին Դատարան մուտքագրված գրավոր միջնորդությամբ Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը հայտնել է, որ «Սվետլանա Իսաբաբյանը ցանկանում է դատարանում գործը վարել իմ միջոցով»: Խնդրել է դատական նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, որ նույն օրը որպես ներկայացուցիչ մասնակցելու է մեկ այլ քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի (գ.թ. 99):

4. Դատարանը բավարարել է միջնորդությունը և 06.04.2009 թվականի դատական նիստը հետաձգել և նշանակել է 14.04.2009 թվականին, որի վերաբերյալ դատական ծանուցագիրը Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը ստացել է 09.04.2009 թվականին (գ.թ. 102-103):

5. 14.04.2009 թվականին Դատարան մուտքագրված գրավոր միջնորդությամբ Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը խնդրել է դատական նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, որ նույն օրը որպես ներկայացուցիչ մասնակցելու է մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի (գ.թ. 109):

6. Դատարանը բավարարել է միջնորդությունը և 14.04.2009 թվականի դատական նիստը հետաձգել և նշանակել է 21.04.2009 թվականին, որի վերաբերյալ դատական ծանուցագիրը Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը ստացել է 17.04.2009 թվականին (գ.թ. 107-108):

7. 21.04.2009 թվականին Դատարան մուտքագրված գրավոր միջնորդությամբ Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը խնդրել է դատական նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, որ նույն օրը որպես ներկայացուցիչ մասնակցելու է մեկ այլ քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի (գ.թ. 5):

8. Դատարանը, քննարկելով 21.04.2009 թվականի միջնորդությունը, այն մերժել է, գործի քննությունն իրականացրել է Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանի բացակայությամբ և գործի դատաքննությունը համարելով ավարտված՝ վճռի հրապարակումը նշանակել է 05.05.2009 թվականին (գ.թ. 113-114):

9. 05.05.2009 թվականին նշանակված վճռի հրապարակման ժամանակի և վայրի մասին Սվետլանա Իսաբաբյանին կամ նրա ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանին ծանուցելու փաստը հավաստող ապացույց գործում առկա չէ, սակայն Դատարանի վճիռը 07.05.2009 թվականին ուղարկվել է Կրոմվել Գրիգորյանին, որը վերջինս ստացել է 08.05.2009 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (իրավական հիմնավորումները (տես` Մելանիա Ղազարյան-Հարթոնյանի հայցն ընդդեմ Դոնարա, Սարգիս, Լիաննա Մկրտչյանների և Էմմա Թադևոսյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և պատասխանողներին վտարելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/2190/02/08) որոշումը):

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Սվետլանա Իսաբաբյանը Մուկուչ Նշանյանից և Արամայիս Ղազարյանից փոխառությամբ վերցրել է գումարներ, հայցի բավարարման հիմքում դրել է գործում առկա կողմերի միջև կնքված և օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացում ստացած պայմանագրերը և համաձայնագիրը:

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ 14.04.2009 թվականին և 21.04.2009 թվականին նշանակված դատական նիստերին պատշաճ կարգով ծանուցվել է պատասխանողի ներկայացուցիչը, իսկ 05.05.2009 թվականին նշանակված վճռի հրապարակմանը պատասխանողը և նրա ներկայացուցիչը չեն ծանուցվել, հանգել է այն հետևության, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

 Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 14.04.2009 թվականին և 21.04.2009 թվականին դատական նիստերի նշանակման հիմք են հանդիսացել Սվետլանա Իսաբաբյանի ներկայացուցչի 06.04.2009 և 14.04.2009 թվականների «Գործի քննությունը հետաձգելու մասին» միջնորդությունները, որոնք Դատարանի կողմից բավարարվել են: 14.04.2009 և 21.04.2009 թվականներին նշանակված դատական նիստերի վերաբերյալ ծանուցումները պատշաճ կարգով ուղարկվել են պատասխանողի ներկայացուցչին:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանողի ներկայացուցիչը վերը նշված դատական նիստերի վերաբերյալ պատշաճ ծանուցված է եղել, որը բավարար է պատասխանողի ծանուցված լինելու փաստը հաստատված համարելու համար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ 05.05.2009 թվականին նշանակված վճռի հրապարակմանը պատասխանողը և նրա ներկայացուցիչը չեն ծանուցվել, ուստի առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դատական ակտը բեկանելու հիմք չէ հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության ժամանակի և վայրի մասին պատասխանողին պատշաճ ծանուցելու պայմաններում, վճռի հրապարակման օրվա մասին չծանուցելու փաստով, Դատարանը թույլ չի տվել Սվետլանա Իսաբաբյանի դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը 07.05.2009 թվականին ուղարկվել է Կրոմվել Գրիգորյանին, որը վերջինս ստացել է 08.05.2009 թվականին:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.05.2009 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան