ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0093/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0093/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
|
Մ. Դրմեյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարթկես Հագոփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.10.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Վարթկես Հագոփյանի հայցի ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի, Ալեքսանդր Դուրգարյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռ. Առաքելյանի՝ Անահիտ Հակոբջանյանին և նրա ներկայացուցիչ Ալեքսանդր Դուրգարյանին 7-օրյա ժամկետում 25.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վճարելուն պարտավորեցնելու, այլապես գումարը 7-օրյա ժամկետում չվճարելու դեպքում Պայմանագիրը լուծված համարելու, Անահիտ Հակոբջանյանի անվամբ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ալեքսանդր Դուրգարյանի ընդդեմ Վարթկես Հագոփյանի` դրամական պարտավորությունը մասնակի կատարած համարելու և պարտքի գումարի չափը նվազեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Վարթկես Հագոփյանը պահանջել է Անահիտ Հակոբջանյանին և նրա ներկայացուցիչ Ալեքսանդր Դուրգարյանին պարտավորեցնել 7-օրյա ժամկետում վճարելու Պայմանագրով պակաս վճարված 25.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, այլապես գումարը 7-օրյա ժամկետում չվճարելու դեպքում Պայմանագիրը համարել լուծված և անվավեր ճանաչել Անահիտ Հակոբջանյանի անվամբ 21.12.2007 թվականի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական 02.002-4-7 մատյանի 190 համարի գրանցումը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ալեքսանդր Դուրգարյանը պահանջել է Վարթկես Հագոփյանին տրված 25.500 ԱՄՆ դոլարի պարտավորագիրը ճանաչել անվավեր, ինչպես նաև նվազեցնել Վարթկես Հագոփյանի նկատմամբ իր պարտքը` սահմանելով այն 7000 ԱՄՆ դոլար:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Ալեքսանդր Դուրգարյանից հօգուտ Վարթկես Հագոփյանի բռնագանձվել է 25.500 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, հայցը մնացած մասով և հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2009 թվականի որոշմամբ Դատարանի 23.07.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարթկես Հագոփյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անահիտ Հակոբջանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 130-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ, 466-րդ, 468-րդ, 882-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ սույն գործով չի ապացուցվել Անահիտ Հակոբջանյանի կողմից Պայմանագրի առարկայի գինը չվճարելու հանգամանքը, քանի որ նշված փաստի դեմ չեն առարկել պատասխանողները, ավելին` այդ հանգամանքը հաստատվում է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի նյութերում առկա Անահիտ Հակոբջանյանի և Ալեքսանդր Դուրգարյանի բացատրություններով, Ալեքսանդր Դուրգարյանի կողմից Վարթկես Հագոփյանի անվամբ տրված պարտավորագրերով:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ալեքսանդր Դուրգարյանի կողմից տրված պարտավորագրերով Ալեքսանդր Դուրգարյանի և Վարթկես Հագոփյանի միջև չէին կարող առաջանալ փոխառության պայմանագրից բխող իրավահարաբերություններ, քանի որ գործում առկա փաստերով հիմնավորվում է, որ իրականում Վարթկես Հագոփյանը Ալեքսանդր Դուրգարյանին որևէ գումար փոխառությամբ չի տվել և որ նրանց միջև վեճը կապված է միայն Պայմանագրի առարկայի դիմաց պակաս վճարված գումարի հետ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. 25.500 ԱՄՆ դոլար պարտքը համապարտության կարգով բռնագանձել Անահիտ Հակոբջանյանից և Ալեքսանդր Դուրգարյանից հօգուտ Վարթկես Հագոփյանի:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Անահիտ Հակոբջանյանը Ալեքսանդր Դուրգարյանին վճարել է Պայմանագրի առարկայի գինն ամբողջությամբ, իսկ Դուրգարյանը Վարթկես Հագոփյանի գիտությամբ ու նրա համաձայնությամբ այդ գումարից 40.000 ԱՄՆ դոլար պակաս է վճարել հետագայում նրան վճարելու պայմանով: Այսինքն` վերջիններիս միջև կնքվել է գործարք, որը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` փոխառությանը վերաբերող 877-886-րդ հոդվածներով: Ստանձնած հիշյալ պարտավորությունը հաստատվում է 18.01.2008 թվականի ստացականով, 21.07.2008 թվականի պարտավորագրով, որով Դուրգարյանը պարտավորվել է Հագոփյանին մեկամսյա ժամկետում վճարել 40.000 ԱՄՆ դոլար և որպես պարտքի ապահովում` պարտավորվել է 16.000 ԱՄՆ դոլարի դիմաց Հագոփյանին հանձնել իր սեփականությունը հանդիսացող Lexus RX 300 ավտոմեքենան: Նշվածից հետևում է, որ նրանց միջև ծագած իրավահարաբերությունը որևէ կապ չունի Պայմանագրի հետ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 25.08.2007 թվականին Անահիտ Հակոբջանյանը Ալեքսանդր Դուրգարյանին լիազորել է ՀՀ-ում գնել անշարժ գույք և այդ գործարքի հետ կապված կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները, այդ թվում նաև իր անունից վճարել գումարներ (հատոր 1-ին, գ.թ. 45):
2. 19.12.2007 թվականին Վարթկես Հագոփյանի (վաճառող) և Անահիտ Հակոբջանյանի (գնորդ) միջև, որի անունից հանդես է եկել նրա ներկայացուցիչ Ալեքսանդր Դուրգարյանը, կնքվել է Արագածոտնի մարզի Աղձք համայնքի Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա գտնվող ռեստորանային համալիրի առուվաճառքի պայմանագիր, որի 3-րդ կետի համաձայն` վաճառքի գինը սահմանվել է 30.500.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 8):
3. 24.12.2007 թվականին Անահիտ Հակոբջանյանին տրվել է Պայմանագրի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական (հատոր 1-ին, գ.թ. 12-14):
4. ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնական բաժնում Վարթկես Հագոփյանի հայտարարության առթիվ նախապատրաստված նյութերի վերանայման արդյունքում 24.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ արձանագրվել է, որ Վարթկես Հագոփյանը Արագածոտնի մարզի Աղձք համայնքում գտնվող իրեն պատկանող ռեստորանային համալիրը 140.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառել է Անահիտ Հակոբջանյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Դուրգարյանին: Վերջինս Վարթկես Հագոփյանին վճարել է Անահիտ Հակոբջանյանի կողմից տրված 100.000 ԱՄՆ դոլարը և պարտք է մնացել 40.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 126):
5. ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում 22.07.2008 թվականին Ալեքսանդր Դուրգարյանի տված բացատրության համաձայն` վերջինս Պայմանագրի առարկայի համար Վարթկես Հագոփյանի նկատմամբ ունեցած 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի դիմաց տվել է 16.000 ԱՄՆ դոլար արժողությամբ իր սեփական Lexus RX 300 2000 թվականի արտադրության ավտոմեքենան, իսկ մնացած գումարը պարտավորվել է վճարել մինչև 21.08.2008 թվականը (հատոր 1-ին, գ.թ.105-107):
6. Վարթկես Հագոփյանի անվամբ Ալեքսանդր Դուրգարյանի կողմից տրված 21.07.2008 թվականի պարտավորագրի համաձայն` Ալեքսանդր Դուրգարյանը պարտավորվել է Վարթկես Հագոփյանի նկատմամբ ունեցած 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքը վճարել մինչև 21.08.2008 թվականը: Նշված պարտքի դիմաց Վարթկես Հագոփյանին է հանձնել 16.000 ԱՄՆ դոլար արժողությամբ իր սեփական մեքենան (հատոր 1-ին, գ.թ. 50):
7. ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Վարթկես Հագոփյանի հայտարարության առթիվ նախապատրաստված նյութերի վերանայման արդյունքում 14.05.2009 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ արձանագրվել է, որ Ալեքսանդր Դուրգարյանը Պայմանագրի առարկայի համար դեռևս պետք է վճարի 25.500 ԱՄՆ դոլար, իսկ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության և նույն փաստի վերաբերյալ հետաքննության մարմնի կողմից կայացված չվերացված որոշման առկայության հիմքերով (հատոր 1-ին, գ.թ. 134):
8. Վարթկես Հագոփյանի անվամբ Ալեքսանդր Դուրգարյանի կողմից տրված մեկ այլ` 13.01.2009 թվականի պարտավորագրի համաձայն` վերջինս պարտավորվել է Վարթկես Հագոփյանի նկատմամբ ունեցած 25.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքը վճարել մինչև 01.02.2009 թվականը (հատոր 1-ին, գ.թ.131):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գնորդը պարտավոր է հանձնված ապրանքի գինը վճարել ամբողջությամբ, եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված չէ ապրանքի համար վճարել տարաժամկետ (մաս առ մաս):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար:
Վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ լիազորագրի հիման վրա ներկայացվողի անունից կնքված գործարքներով ներկայացուցիչը պարտավորության կողմ չէ և չի կրում պատասխանատվություն այդ գործարքներով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Սույն գործի փաստերի համաձայն` Անահիտ Հակոբջանյանը 25.08.2007 թվականին Ալեքսանդր Դուրգարյանին տված լիազորագրով վերջինիս լիազորել է ՀՀ-ում գնել անշարժ գույք և այդ գործարքի հետ կապված կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները, այդ թվում նաև իր անունից վճարել գումարներ: Այնուհետև 19.12.2007 թվականին Վարթկես Հագոփյանի և մյուս կողմից Անահիտ Հակոբջանյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Դուրգարյանի միջև կնքվել է Արագածոտնի մարզի Աղձք համայնքի Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա գտնվող ռեստորանային համալիրի առուվաճառքի պայմանագիր, որով պայմանագրի առարկայի գինը սահմանվել է այդ պահին 140.000 ԱՄՆ դոլարին համարժեք 30.500.000 ՀՀ դրամ: Համաձայն Վարթկես Հագոփյանի պնդման` Պայմանագրով ստանձնած պարտավորությունը գնորդի ներկայացուցչի կողմից ոչ պատշաճ են կատարվել, այն է` Պայմանագրի առարկայի դիմաց Անահիտ Հակոբջանյանի անունից Ալեքսանդր Դուրգարյանը վճարել է մասամբ` պարտք մնալով 25.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Վարթկես Հագոփյանի կողմից որպես նշված պարտքի առկայությունը հիմնավորող ապացույցներ` մատնանշվել են 24.08.2008 թվականի և 14.05.2009 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումներում արձանագրվել է Պայմանագրի ոչ պատշաճ կատարման, այսինքն` Վարթկես Հագոփյանին Պայմանագրով սահմանված գումարը ամբողջությամբ չվճարելու փաստը, իսկ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում 22.07.2008 թվականին տված բացատրությամբ Ալեքսանդր Դուրգարյանն ընդունել է, որ Պայմանագրի առարկայի համար Վարթկես Հագոփյանի նկատմամբ ունեցած 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի դիմաց տվել է 16.000 ԱՄՆ դոլար արժողությամբ իր սեփական Lexus RX 300 2000 թվականի արտադրության ավտոմեքենան, իսկ մնացած գումարը պարտավորվել է վճարել մինչև 21.08.2008 թվականը:
Բացի այդ, Վարթկես Հագոփյանի անվամբ Ալեքսանդր Դուրգարյանի կողմից տրված 21.07.2008 թվականի պարտավորագրով Ալեքսանդր Դուրգարյանը պարտավորվել է Վարթկես Հագոփյանի նկատմամբ ունեցած 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքը վճարել մինչև 21.08.2008 թվականը, իսկ նշված պարտքի դիմաց հանձնել է 16.000 ԱՄՆ դոլար արժողությամբ իր սեփական Lexus RX 300 2000 թվականի արտադրության ավտոմեքենան, իսկ մեկ այլ` 13.01.2009 պարտավորագրով՝ պարտավորվել է Վարթկես Հագոփյանի նկատմամբ ունեցած արդեն 25.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքը վճարել մինչև 01.02.2009 թվականը:
Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ Վարթկես Հագոփյանը պարտավորագրերը վերցրել է Ալեքսանդր Դուրգարյանից` որպես Անահիտ Հակոբջանյանի ներկայացուցչի և ի հավաստումն Անահիտ Հակոբջանյանի` Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման, հանգել է այն հետևության, որ Վարթկես Հագոփյանը չի ապացուցել Անահիտ Հակոբջանյանի կողմից գնված գույքի գինը մասնակի` 25.500 ԱՄՆ դոլարի չափով չվճարելու փաստը, քանի որ պարտավորագրերը տրվել են Ալեքսանդր Դուրգարյանի անունից, որոնցով հիմնավորվում է, որ վերջինիս և Վարթկես Հագոփյանի միջև առկա են փոխառության պայմանագրից բխող ինքնուրույն պարտավորական հարաբերություններ:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ 24.08.2008 թվականի և 14.05.2009 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումները և ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Ալեքսանդր Դուրգարյանի տված բացատրությունը` նախապես հաստատված ապացույցի ուժ չունեն:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հետևաբար դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նաև այդ ապացույցների իրավական գնահատականը:
Այսպես` Վճռաբեկ դատարանը, վերլուծելով սույն գործում առկա ապացույցները ողջ համակցության մեջ, գտնում է, որ սույն գործով հաստատվում է Անահիտ Հակոբջանյանի` Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման, այն է` Պայմանագրի առարկայի գինը 25.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով պակաս վճարելու փաստը:
Մասնավորապես, սույն գործով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում 22.07.2008 թվականին Ալեքսանդր Դուրգարյանի տված բացատրությամբ, 24.08.2008 թվականի և 14.05.2009 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումներով հաստատված հանգամանքները համադրելով գործում առկա պարտավորագրերի բովանդակության հետ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարթկես Հագոփյանը Ալեքսանդր Դուրգարյանին փոխառությամբ գումար չի տվել: Գործում առկա պարտավորագրերը Ալեքսանդր Դուրգարյանի կողմից Վարթկես Հագոփյանին տրվել է Պայմանագրի կատարման հետ կապված Անահիտ Հակոբջանյանի կողմից տրված լիազորագրի շրջանակներում, իսկ 13.01.2009 թվականի պարտավորագրում նշված 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը Պայմանագրով նախատեսված պարտավորության չկատարված մասն է:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ալեքսանդր Դուրգարյանը պատշաճ պատասխանող չէ հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն` պարտապանը պատասխանատու է երրորդ անձանց կողմից, որոնց վրա դրված է եղել կատարումը, պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, եթե օրենքով սահմանված չէ, որ պատասխանատվությունը կրում է պարտավորությունն անմիջական կատարող երրորդ անձը:
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Անահիտ Հակոբջանյանի ստանձնած պարտավորության կատարումը 25.08.2007 թվականի լիազորագրով դրվել է Ալեքսանդր Դուրգարյանի վրա, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Անահիտ Հակոբջանյանի անունից կնքել է Պայմանագիրը և Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել է Անահիտ Հակոբջանյանի ներկայացուցիչը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալեքսանդր Դուրգարյանը սույն գործով պարտավորության կողմ չէ, քանի որ նշված գործարքով քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ են առաջացել անմիջականորեն Անահիտ Հակոբջանյանի համար, ուստի Ալեքսանդր Դուրգարյանը չի կրում համապարտ պատասխանատվություն այդ գործարքներով Անահիտ Հակոբջանյանի ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկին, որ Անահիտ Հակոբջանյանը Պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը Վարթկես Հագոփյանին վճարելու համար հանձնել է իր ներկայացուցչին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով այդ փաստը չի հաստատվում: Ավելին, սույն գործով պարտավորության կողմ հանդես են գալիս միայն Անահիտ Հակոբջանյանը և Վարթկես Հագոփյանը, հետևաբար վերջինս իրավունք ունի պակաս վճարված գումարը պահանջել միայն Անահիտ Հակոբջանյանից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.10.2009 թվականի որոշման Վարթկես Հագոփյանի հայցի մասը և այն փոփոխել. հայցը բավարարել մասնակիորեն՝ Անահիտ Հակոբջանյանից հօգուտ Վարթկես Հագոփյանի բռնագանձել 25.500 (քսանհինգ հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Հայցը մնացած մասով մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Անահիտ Հակոբջանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 765 (յոթ հարյուր վաթսունհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես Վարթկես Հագոփյանի վճռաբեկ բողոքի համար ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ տարաժամկետված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ս. Անտոնյան |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|