Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.07.01/8(12) Հոդ.578.40
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0273/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ2/0273/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Սամվել Կարապետյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դիլիջանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` 21.10.2009 թվականի գրությունն անվավեր ճանաչելու և որպես հետևանքների վերացում` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սամվել Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել 21.10.2009 թվականի Կադաստրի գրությունը և պարտավորեցնել կատարելու Դիլիջանի Շամախյան փողոցի թիվ 3ա հասցեում գտնվող 475քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը։

ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը բավարարվել է։ Վճռվել է` «ա) անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դիլիջանի տարածքային ստորաբաժանման 2009թ. հոկտեմբերի 21-ի գրությունը, որով մերժվել է 2006թ. հոկտեմբերի 26-ի առուվաճառքի պայմանագրից ծագող Սամվել Մարտիկի Կարապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը.

բ) պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դիլիջանի տարածքային ստորաբաժանմանը՝ 2006թ. հոկտեմբերի 26-ի պայմանագրից ծագող 475քմ մակերեսով տարածքի նկատմամբ իրականացնել Սամվել Մարտիկի Կարապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը` տալով համապատասխան վկայական։

Սույն կետի «բ» ենթակետով նախատեսված պարտավորության կատարումը իրականացնել 475քմ մակերեսով շինության զբաղեցրած հողամասը և այդ շինության օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ իրավունքները օրենքով սահմանված կարգով Սամվել Մարտիկի Կարապետյանի կողմից գնելուց, իսկ օրենքի ուժով գնելու անհնարինության դեպքում` օրենքով սահմանված կարգով նրան շինության զբաղեցրած հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունք տրամադրելուց հետո»։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կադաստրը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը, 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերությունը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 87-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, 51-րդ հոդվածը, 56-րդ հոդվածի 1-ին մասը,ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, դուրս գալով հայցի շրջանակներից, Կադաստրին պարտավորեցրել է գրանցելու նաև Դիլիջանի Շամախյան փողոցի թիվ 3ա հասցեում գտնվող 475քմ մակերեսով անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ իրավունքները` չպարզելով նշված հողամասի պատկանելությունը, չափը, չի անդրադարձել դրանց վերաբերյալ թե փաստական և թե իրավական հիմնավորումներին։

Վճռի եզրափակիչ մասը հստակ չէ և կրում է այլընտրանքային բնույթ։

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետը, 24-րդ հոդվածը, 86-րդ հոդվածը, ինչպես նաև սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները և Կադաստրի 21.10.2009 թվականի գրության իրավաչափության հարցը քննարկելիս այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը Դիլիջանի Շամախյան փողոցի թիվ 3ա հասցեում գտնվող 475քմ մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելիս բաց է թողել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30-օրյա ժամկետը։

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Նոտարական կարգով վավերացված 26.10.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Սամվել Կարապետյանը «սեփականության իրավունքով ձեռք է բերում Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց 3ա հասցեում գտնվող «Մերկուրի» ԱՁ-ի կողմից 14.08.1997թ. սեփականաշնորհման պայմանագրով ձեռք բերված նախկին թիվ 72 խանութ, 9-հարկանի շենքին կից, մասամբ նկուղային հարկում, կառուցվել է հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներից, զբաղեցրած ընդհանուր մակերեսը` 475քմ» (գ.թ. 4)։

2. Կադաստրի 21.10.2009 թվականի գրությամբ մերժվել է Սամվել Կարապետյանի դիմումը` 26.10.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկելու մասին` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի հիմքով (գ.թ. 5)։

3. Սամվել Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել 21.10.2009 թվականի Կադաստրի գրությունը և պարտավորեցնել կատարելու Դիլիջանի Շամախյան փողոցի թիվ 3ա հասցեում գտնվող 475քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը (գ.թ. 1)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։ Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- վարչական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- վարչական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում։

Սույն գործով Սամվել Կարապետյանը, դիմելով Դատարան, պահանջել է անվավեր ճանաչել 21.10.2009 թվականի Կադաստրի գրությունը և պարտավորեցնել կատարելու Դիլիջանի Շամախյան փողոցի թիվ 3ա հասցեում գտնվող 475քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Մինչդեռ Դատարանը, անտեսելով վերոգրյալը, դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից և վճիռ է կայացրել նաև Դիլիջանի Շամախյան փողոցի թիվ 3ա հասցեում գտնվող 475քմ մակերեսով անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները։

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-2504 (ՏԴ) գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006թ. որոշումը)։

Դատարանը, պատճառաբանելով, որ հայցը բավարարելու պայմաններում պետք է սահմանել, որ Դիլիջանի Շամախյան փողոցի թիվ 3ա հասցեում գտնվող 475քմ մակերեսով անշարժ գույքի «նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվի դրա զբաղեցրած հողամասի և Գույքի օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ իրավունքները օրենքով սահմանված կարգով հայցվորին օտարելուց հետո», և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Գույքի զբաղեցրած հողամասը հնարավոր է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարելու ենթակա չլինի» վճռել է ««բ» ենթակետով նախատեսված պարտավորության կատարումը իրականացնել 475քմ մակերեսով շինության զբաղեցրած հողամասը և այդ շինության օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ իրավունքները օրենքով սահմանված կարգով Սամվել Մարտիկի Կարապետյանի կողմից գնելուց, իսկ օրենքի ուժով գնելու անհնարինության դեպքում` օրենքով սահմանված կարգով նրան շինության զբաղեցրած հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունք տրամադրելուց հետո»։ Այսինքն` Դատարանի վճռի եզրափակիչ մասում նշված պարբերությունը կրում է այլընտրանքային բովանդակություն։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ոչ միայն դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից, այլ նաև Դատարանի վճռի եզրափակիչ մասում վերը նշված պարբերությունը պարունակում է այլընտրանքային բովանդակություն։

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության՝ համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը։ Այսինքն՝ դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության՝ քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (Տե՛ս «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ն ընդդեմ Սոս Բաղդասարյանի՝ բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ 3-480(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը)։

 

Սույն գործով Դատարանը եզրահանգել է, որ Կադաստրի 21.10.2009 թվականի գրությունը` Սամվել Կարապետյանի կողմից Դիլիջանի Շամախյան փողոցի թիվ 3ա հասցեում գտնվող 475քմ մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հիմքով Սամվել Կարապետյանի դիմումը մերժելու մասին, անհիմն է, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված չէ ժամկետի խախտման հետևանքով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժման հիմք։

Մասնավորապես, Կադաստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը30-օրյա ժամկետի բացթողման հիմքով մերժելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է իր դիրքորոշումը և տվել համապատասխան օրենքների մեկնաբանություններ (Տե՛ս Արմեն Շահբազյանի և Քրիստինա Տոնոյանի դիմումն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման` պետական մարմնի գործողությունը վիճարկելու պահանջի մասին թիվ 3-65(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը)։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը կրկին չի անդրադառնում նշված իրավական խնդրի վերլուծությանը։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-65 (ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական են և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Դատարանի համար։ Մասնավորապես, թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-65 (ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հագամանքներն են 30-օրյա ժամկետը բաց թողած հիմքով սեփականության իրավունքը գրանցելու մասին Կադաստրի մերժումը։

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-65 (ՎԴ) գործով կայացված որոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով նույնական փաստական հանգամանքների առկայությունը բավարար հիմք է Դատարանի վճռի` Կադաստրի 21.10.2009 թվականի գրությունն անվավեր ճանաչելու մասի դեմ Կադաստրի վճռաբեկ բողոքը մերժելու և այդ մասով վճիռն օրինական ուժի մեջ թողնելու համար։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճռի` «Սույն կետի «բ» ենթակետով նախատեսված պարտավորության կատարումը իրականացնել 475քմ մակերեսով շինության զբաղեցրած հողամասը և այդ շինության օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ իրավունքները օրենքով սահմանված կարգով Սամվել Մարտիկի Կարապետյանի կողմից գնելուց, իսկ օրենքի ուժով գնելու անհնարինության դեպքում` օրենքով սահմանված կարգով նրան շինության զբաղեցրած հողամասի օգտագործման կամ վարձակալության իրավունք տրամադրելուց հետո» մասը և այն փոփոխել` վճռի եզրափակիչ մասից հանել վերոնշյալ պարբերությունը։ Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան