ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ2/0253/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ2/0253/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 2-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.11.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ընդդեմ «Էս. Սի. Տեքս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նախարարությունը պահանջել է Ընկերության 17.07.2008 թվականի թիվ ՇԽ-161 լիցենզիան ճանաչել ուժը կորցրած:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.11.2009 թվականի վճռով վարչական գործի վարույթը կարճվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի1-ին կետի, 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները, չի կիրառել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, նույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, նույն հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սույն վարչական գործով Դատարանը կարճել է գործի վարույթը՝ եզրահանգելով, որ Դատարանն իրավասու չէ Ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու, և այդ իրավունքը վերապահված է միայն համապատասխան լիազոր մարմնին, մինչդեռ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջներից հետևում է, որ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել միայն դատական կարգով, ինչն էլ անտեսվել է դատարանի կողմից օրենքի սխալ մեկնաբանման և օրենքի համապատասխան մասերի չկիրառման արդյունքում։ Ավելին, ՀՀ վարչական դատարանը 12.11.2008 թվականի թիվ ՎԴ/5229/05/08 վարչական գործով (նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան) կայացրել է նմանատիպ փաստական հանգամանքներով գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել դատարանի կողմից։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Նախարարության կողմից 17.07.2008 թվականին Ընկերությանը տրվել է թիվ ՇԽ-161 լիցենզիան, որով Ընկերությանն անժամկետ շահումով խաղի կազմակերպման իրավունք է վերապահվել (գ.թ. 6):
2) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը 22.06.2009 թվականի թիվ 14446/4-2 գրությամբ Նախարարությանը տեղեկացրել է, որ դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Ընկերությունը, պետական բյուջեի հանդեպ ունեն ժամկետանց հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարի պարտավորություններ (գ.թ. 23):
3) ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկությունների հիման վրա Նախարարությունը 13.07.2009 թվականի թիվ 644-Ա հրամանով, հիմք ընդունելով վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի 07.07.2009 թվականի նիստի արձանագրությունը, ղեկավարվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 2-րդ մասով, կասեցրել է Ընկերության լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման հիմքի վերացումը (գ.թ. 8):
4) Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի 28.07.2009 թվականի թիվ 26 արձանագրության 5-6-րդ կետերով հանձնաժողովը, հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ընկերությունը մինչև 17.07.2009 թվականը չի վճարել տարեկան պետական տուրքը, որի համար «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 10-րդ կետի հիմքով Նախարարության կողմից 17.07.2008 թվականին տրված թիվ ՇԽ-161 լիցենզիայի գործողությունը համարվում է կասեցված, որ ժամկետանց հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով պարտավորություններ ունենալու պատճառով Նախարարության 13.07.2009 թվականի թիվ 644-Ա հրամանի հիմքով Ընկերության լիցենզիայի գործողությունը կասեցվել է, ղեկավարվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, առաջարկել է 17.07.2008 թվականին Ընկերությանը տրված թիվ ՇԽ-161 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան (գ.թ. 11-15, 16):
5) ՀՀ ֆինանսների նախարարի 31.07.2009 թվականի թիվ 707-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարը հրամայել է Նախարարության կողմից 17.07.2008 թվականին Ընկերությանը տրված թիվ ՇԽ-161 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան (գ.թ. 20):
6) ՀՀ ֆինանսների նախարարի 31.07.2009 թվականի թիվ 707-Ա հրամանի հիման վրա Նախարարությունը 05.10.2009 թվականին դիմել է Դատարան՝ Նախարարության կողմից 17.07.2008 թվականին Ընկերությանը տրված թիվ ՇԽ-161 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահանջով (գ.թ. 1-4):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:
Սույն վարչական գործով Դատարանը կարճել է գործի վարույթը եզրահանգելով, որ Դատարանն իրավասու չէ Ընկերությանը տրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, և այդ իրավունքը վերապահված է համապատասխան լիազոր մարմնին:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ oրենքներով:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով և դրա արդյունքներով, սույն oրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում կիրառում է նույն oրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ նույն oրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցը՝ լիցենզիայի գործողության դադարեցման հայցով դիմում է դատարան:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է, եթե կազմակերպիչը նույն oրենքի 14-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված կարգով:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝ մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ նույն oրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում: Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով՝ լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ լիցենզիայի գործողությունը՝ լիազոր մարմնի դիմումի հիման վրա, դադարեցվում է դատական կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձը լուծարվել է,
դադարեցվել է անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կամ մահացել է ֆիզիկական անձը,
լիցենզավորված անձը դիմել է այն դադարեցնելու խնդրանքով:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական և փաստական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռի մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես` ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ «Վիվա-Գեյմ» ՍՊԸ-ի՝ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2010 թվականի որոշում, վարչական գործ թիվ ՎԴ4/0031/05/09):
Մինչդեռ, սույն գործով Դատարանը, կիրառելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, անտեսել է նույն հոդվածի 2-րդ մասի պահանջը, որից ելնելով էլ հիմնավոր չէ Դատարանի եզրահանգումն այն մասին, որ լիցենզիայի գործողության դադարեցման պահանջը Դատարանի քննությանը ենթակա չէ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով ՀՀ վարչական դատարանի 12.11.2009 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.11.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Գործի նոր քննության արդյունքում անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Ե. Խունդկարյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան ա. Բարսեղյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան