Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.15/21(434)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
14.02.1992
Ստորագրման ամսաթիվ
14.02.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Էլեկտրաէներգետիկայի բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական հարաբերությունների համակարգման մասին

 

Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի կառավարությունները, հիմնվելով պետությունների կառավարությունների ղեկավարների 1992 թվականի փետրվարի 8-ի որոշման վրա,

հաշվի առնելով պետությունների տնտեսության և սոցիալական զարգացման մեջ էլեկտրաէներգետիկայի հատուկ դերը,

գիտակցելով մասնակից պետությունների միավորված էներգահամակարգերի և էլեկտրական կայանների զուգահեռ աշխատանքի առավելությունը, համոզված լինելով էներգամատակարարման, էներգետիկ անվտանգության, հատկապես միջուկային օբյեկտների և շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեղ շահագրգռվածության առկայությունը,

գիտակցելով միջպետական համաձայնագրերով պարտավորությունները և ձգտելով աջակցել պետությունների պատրաստակամությունը համագործակցությանը, հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա, գտնում են, որ էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման հիմքն է հանդիսանում Պայմանավորվող կողմերի էներգետիկ համակարգերի ներքին կառավարման հարցերին չմիջամտելու և փոխադարձ շահի, իրավահավասարության սկզբունքների վրա խարսխված զուգահեռ աշխատանքի համաձայնությունը,

 

կնքեցին սույն Համաձայնագիրը ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Էլեկտրաէներգետիկ խորհուրդ

 

Համատեղ և համակարգված գործողությունների անցկացման նպատակով, ուղղված միավորված էներգետիկ համակարգերի արդյունավետ գործունեության հիման վրա պետությունների բնակչության և ժողովրդական տնտեսության կայուն և հուսալի էներգամատակարարման ապահովմանը, պետությունները կազմավորում են Անկախ Պետությունների Համագործակցության էլեկտրաէներգետիկ խորհուրդ, այսուհետ` Էլեկտրաէներգետիկ խորհուրդ։

Էլեկտրաէներգետիկ խորհրդի կազմի մեջ մտնում են ի պաշտոնե Խորհրդի անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչները՝ էլեկտրաէներգետիկայի կառավարման մարմինների առաջին ղեկավարները։

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Էլեկտրաէներգետիկ խորհրդի գործառույթները

 

2.1 Միավորված էներգետիկ համակարգերի կազմում աշխատանքի ընդունելի սկզբունքների որոշումը։

2.2 Էներգիայի փոխանցումների և հզորության միջպետական շուկայի իրավիճակի հաշվառմամբ, էներգիայի, հզորությունների և վառելիքի հեռանկարային հաշվեկշիռների հիման վրա էլեկտրակայանների համար էլեկտրաէներգիայի և վառելիքի փոխադարձ մատակարարման վերաբերյալ միջպետական, համակարգված Համաձայնագրերի նախապատրաստման մասնակցությունը։

2.3 Սպառողների փոխօգնության կազմակերպումը էներգամատակարարումներում, և միավորված էներգետիկ համակարգերի կայունության ապահովումը արտակարգ իրադրություններում ու ծայրահեղ պայմաններում։

2.4 Միավորված էներգետիկ համակարգերի հեռանկարային զարգացման ծրագրերի և վառելիքաէներգետիկ համալիրի կազմում էլեկտրաէներգետիկայի զարգացման ռազմավարության մշակման և իրագործման համակարգումը` պետությունների կառավարությունների հետ միասին։

2.5 Նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների, էլեկտրամատակարարման և ջերմամատակարարման բնագավառում միջպետական գիտական ծրագրերի և փորձարարական-կոնստրուկտորական մշակումների համակարգումը։

2.6 Համաձայնագրի մասնակիցներին աջակցության և օգնության ցուցաբերումը նոր էներգետիկ աղբյուրների շինարարության և գործող էներգետիկ օբյեկտների շահագործման և վերանորոգման կարիքների և շինարարական կոնստրուկցիաների, հարմարությունների, պաշտպանության միջոցների, պահեստամասերի, էներգասարքավորումների, նյութատեխնիկական պաշարների միջպետական մատակարարումների կազմակերպման համար։

2.7 Էլեկտրաէներգիայի և հզորությունների միջպետական մատակարարումների սակագների ձևավորման նորմատիվ-մեթոդական հանձնարարականների համաձայնեցումը։

2.8 Էլեկտրաէներգետիկ օբյեկտների շինարարության և շահագործման նորմերի ու կանոնների համաձայնեցումը։

2.9 Էլեկտրաէներգետիկայի և էներգաշինարարության բնագավառում միասնական միջազգային չափորոշիչներով միացյալ միջազգային տարածքի համաձայնեցումը։

Միջազգային էներգետիկ կազմակերպություններին և միջազգային խորհրդակցություններին համատեղ մասնակցության կազմակերպումը։

2.10 Նոր էներգետիկ սարքավորում արտադրող ձեռնարկությունների հետ համատեղ, ինչպես նաև գործող սարքավորումների այժմեականացման, ջերմային և էլեկտրական ցանցերի ու կառավարման և կապի հսկողության համակարգերի միջպետական ծրագրերի մշակման համակարգումը։

2.11 Էլեկտրաէներգետիկայի բնագավառում բնապահպանության համատեղ ծրագրերի ստեղծումը։

2.12 Էլեկտրաէներգետիկայում հաշվառման և հաշվետվությունների միասնական ձևերի համաձայնեցումը՝ անհրաժեշտ համատեղ որոշումների ընդունման համար։

2.13 Էլեկտրաէներգետիկայում էներգախնայումներով հանձնարարականների մշակումը և էներգիայի ոչ ավանդական աղբյուրների ներդրումը։

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Էլեկտրաէներգետիկ խորհրդի ղեկավարման մարմինները

 

Էլեկտրաէներգետիկ խորհուրդը գլխավորում են նախագահը և փոխնախագահը, որոնք նշանակվում են Խորհրդի կողմից՝ Անկախ Պետությունների Համագործակցության էլեկտրաէներգետիկ ճյուղերի առաջին ղեկավարների թվից` ռոտացիայի կարգով, համաձայնեցված հերթականությամբ մեկ տարի ժամկետով։

Էլեկտրաէներգետիկ խորհրդի նախագահի գտնվելու վայրը այն պետության մայրաքաղաքն է, որի ներկայացուցիչն է նա հանդիսանում։

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Էլեկտրաէներգետիկ խորհրդի աշխատանքի կազմակերպումը

 

Էլեկտրաէներգետիկ խորհուրդը հավաքվում է ոչ պակաս, քան տարին երկու անգամ։

Էլեկտրաէներգետիկ խորհրդի արտահերթ նիստը կարող է գումարվել կամ նախագահի որոշմամբ, կամ խորհրդի ոչ պակաս, քան երեք անդամի առաջարկությամբ։

Էլեկտրաէներգետիկ խորհրդի նիստերի անցկացման վայրը այն պետության մայրաքաղաքն է, որի էլեկտրաէներգետիկայի ղեկավարը գլխավորում է Էլեկտրաէներգետիկ խորհուրդը։

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Էլեկտրաէներգետիկ խորհրդի աշխատանքային մարմինն ու նրա գործառույթները

 

Էլեկտրաէներգետիկ խորհրդի աշխատանքային մարմինն է հանդիսանում Գործադիր կոմիտեն։

Գործադիր կոմիտեն գլխավորում է Էլեկտրաէներգետիկ խորհրդի կողմից նշանակված նախագահը։

Գործադիր կոմիտեն հաշվետու է Էլեկտրաէներգետիկ խորհրդին։

Գործադիր կոմիտեի նախագահը պատասխանատու է Էլեկտրաէներգետիկ խորհրդի նիստի անհրաժեշտ նյութերի պատրաստման համար և մասնակցում է այդ նիստերին։

Գործադիր կոմիտեի անդամների և սպասարկող անձնակազմի կառուցվածքը, քանակությունը, աշխատանքի վարձատրման նախահաշիվն ու ձևը հաստատում է Էլեկտրաէներգետիկ խորհուրդը։

Գործադիր կոմիտեի անձնակազմը որոշվում է նախագահի կողմից` Էլեկտրաէներգետիկ խորհրդի կողմից հաստատված կառուցվածքի և ծախսերի նախահաշվի սահմաններում։

Էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր մարմնի աշխատանքը կենտրոնանում է Էլեկտրաէներգետիկ խորհրդի գործունեությունն ապահովող փաստաթղթերի պատրաստման հարցերի վրա և իրականացվում է նախագահի կողմից հաստատված հատուկ ծրագրով։

Գործադիր կոմիտեի գտնվելու վայրը Մոսկվա քաղաքն է։

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Էլեկտրաէներգետիկ խորհրդի գործունեության ֆինանսավորումը

 

Էլեկտրաէներգետիկ խորհրդի և դրա աշխատանքային մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետությունների էներգահամակարգերի, Էլեկտրաէներգետիկ միավորումների (ընկերությունների) հատկացումների հաշվին՝ հավասար չափով։

Էլեկտրաէներգետիկ խորհրդին կից կարող են ձևավորվել կոլեկտիվ ֆոնդեր։

Ֆոնդերի ձևավորման և օգտագործման կարգը հաստատվում է Էլեկտրաէներգետիկ խորհրդի կողմից։

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կարգավարական վարչություն

 

Պետությունների էներգահամակարգերի հարաբերությունը կենտրոնական կարգավարական վարչության հետ կարգավորվում է հատուկ պայմանագրերով՝ կնքված ըստ օպերատիվ կարգավարական վարչության կազմակերպման մասին Համաձայնագրի։

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Պայմանավորվող կողմերի պատասխանատվությունը

 

Պետությունները փոխադարձ պատասխանատվություն են կրում սույն Համաձայնագրով պայմանավորված պարտավորությունների խախտման համար։

Էլեկտրաէներգետիկ խորհուրդը յուրաքանչյուր պետության առջև սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում շարադրված գործառույթների կատարման համար կրում է պատասխանատվություն։

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Համաձայնագրի ուժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից և գործում է անորոշ ժամկետով։ Համաձայնագիրը կարող է լրացվել կամ փոփոխվել այն ստորագրած բոլոր Կողմերի համաձայնությամբ։

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Համաձայնագրի չեղյալ հայտարարումը

 

Սույն Համաձայնագրով հարաբերությունների դադարեցման շահագրգռվածության առաջացման դեպքում, պետություններից ցանկացածը այդ մասին ծանուցում է Էլեկտրաէներգետիկ խորհրդին։

Մեկ տարի անց դիմող Կողմն այլևս չի կրում սույն Համաձայնագրով պայմանավորված որևէ պարտավորություն։

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Համաձայնագրին այլ պետությունների միանալը

 

Այլ պետություններ Էլեկտրաէներգետիկ խորհուրդ համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով կարող են միանալ սույն Համաձայնագրին, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրը ստորագրած բոլոր Կողմերի՝ դրա համար համաձայնությունը ստանալուց հետո։

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Էլեկտրաէներգետիկ խորհրդի պաշտոնական աշխատանքային լեզուները

 

Էլեկտրաէներգետիկ խորհրդում պաշտոնական լեզուներն են պետությունների լեզուները։

Էլեկտրաէներգետիկ խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Կատարված է Մինսկ քաղաքում 1992 թվականի փետրվարի 14-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն։

Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կսառավարության արխիվում, որը Պայմանավորվող կողմերին կուղարկի Համաձայնագրի հավաստված պատճենը։

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 14-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան