ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/2514/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/2514/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի ապրիլի 2-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ Մարտին Զորոյանի հայցի ընդդեմ Ոստիկանության` 26.03.2009 թվականի թիվ 857351 որոշումն առոչինչ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով ՀՀ վարչական դատարան` Մարտին Զորոյանը պահանջել է առոչինչ ճանաչել Ոստիկանության 26.03.2009 թվականի թիվ 857351 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել Ոստիկանության 26.03.2009 թվականի թիվ 857351 որոշումը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 65-րդ, 68-րդ, 71-րդ, 83-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Մարտին Զորոյանը հայցադիմումով խնդրել է իրեն հասցեագրված որոշումը ճանաչել առոչինչ: Մինչդեռ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ճանաչման հայցը քննել է որպես նույն օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայց այն դեպքում, երբ նույն օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետում Մարտին Զորոյանը չի դիմել դատարան և այլևս զրկված է նման պահանջ ներկայացնելու հնարավորությունից:
Հայցադիմումի պատասխանը հայցադիմումով ներկայացված պահանջն ընդունելու կամ դրա դեմ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումն է: Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել, որ Ոստիկանությունը ստացել է ճանաչման հայցադիմումը և ներկայացել է ճանաչման հայցի քննության համար, հակառակ պարագայում Ոստիկանությունը որպես լրացուցիչ ապացույցներ կներկայացներ տեղեկանքներ, լուսանկարներ և ճանապարհահատվածի` ճանապարհային նշաններով կահավորվածության և կարգավորման վերաբերյալ այլ ապացույցներ: Դատարանը, գործի քննության ավարտին դուրս գալով ճանաչման հայցի սահմաններից, Ոստիկանությանը զրկել է ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից` խախտելով նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջները, քանի որ եթե նույնիսկ Ոստիկանությունը որևէ հիմնավորում կամ առարկություն չի ներկայացրել, միևնույնն է, Դատարանը պարտավոր էր ի պաշտոնե պարզել գործի փաստերը, կողմերից պահանջել ներկայացնել ապացույցներ և ձեռնարկել ողջամիտ այլ միջոցներ վեճի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության և լուծման համար, ինչը չի արել:
2) Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 8-րդ, 37-րդ, 43-րդ, 57-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 3-րդ մասը, 153-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է Ոստիկանության տված բացատրություններն ու հարցադրումները, դրանց վերաբերյալ Մարտին Զորոյանի պատասխանները, չի գնահատել գործում առկա մյուս ապացույցները, մասնավորապես` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, ինչպես նաև դրա` «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» տողում Մարտին Զորոյանի ստորագրությունից բացի որևէ առարկության կամ նշումի բացակայությունը, դրանով իսկ առարկություն չունենալու և իրավախախտման փաստն ընդունելու հանգամանքը, առավել ևս, որ վերջինիս իրավախախտման տեղում բացատրվել են իր իրավունքներն ու պարտականությունները:
Բացի այդ, Դատարանի կիրառած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի նորմերը տվյալ դեպքում չպետք է կիրառվեին, քանի որ տվյալ վարչական վարույթի ընթացքում կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ոստիկանության 26.03.2009 թվականի թիվ 857351 որոշմամբ Մարտին Զորոյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար ենթարկվել է 3.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 4):
2) Դիմելով ՀՀ վարչական դատարան` Մարտին Զորոյանը պահանջել է առոչինչ ճանաչել նշված որոշումը (գ.թ. 2):
3) Դատարանի վճռով Մարտին Զորոյանի հայցը բավարարվել է, սակայն Ոստիկանության 26.03.2009 թվականի թիվ 857351 որոշումը ճանաչվել է անվավեր:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առոչինչ լինելը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում իրավահարաբերությունների առկայության կամ բացակայության կամ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն առոչինչ լինելու մասին:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը գործը հարուցում, քննում և լուծում է միայն հայցի հիման վրա և միմիայն հայցի շրջանակներում: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ տարանջատում է վիճարկման և ճանաչման հայցերի տեսակները: Հետևաբար, այդ հայցերից որևէ մեկի ներկայացման դեպքում ՀՀ վարչական դատարանը պարտավոր է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը որոշել դրա շրջանակներում: Մասնավորապես` այն դեպքում, երբ ներկայացվում է վարչական ակտն առոչինչ ճանաչելու (ճանաչման հայց) վերաբերյալ հայցադիմում, ՀՀ վարչական դատարանն իրավասու է վճիռ կայացնել վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն առոչինչ լինելու մասին, կամ մերժել այդպիսի հայցադիմումը, և իրավասու չէ իր հայեցողությամբ փոփոխել հայցապահանջը` վարչական ակտը ճանաչելով անվավեր (վիճարկման հայց):
Սույն գործով դիմելով ՀՀ վարչական դատարան` Մարտին Զորոյանը պահանջել է առոչինչ ճանաչել Ոստիկանության 26.03.2009 թվականի թիվ 857351 որոշումը: Այսինքն` Մարտին Զորոյանը ներկայացրել է ճանաչման հայց, որի հիման վրա Դատարանը պարտավոր էր վճիռ կայացնել Ոստիկանության նշված որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն առոչինչ լինելու մասին կամ մերժել ներկայացված հայցադիմումը:
Մինչդեռ Դատարանը Ոստիկանության 26.03.2009 թվականի թիվ 857351 որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջի բացակայության պայմաններում այն ճանաչել է անվավեր, որով դուրս է եկել ներկայացված ճանաչման հայցի շրջանակներից: Այսինքն` Դատարանը սույն գործը քննել և լուծել է վիճարկման հայցի շրջանակներում, որի իրավասությունը չուներ:
2) Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում, քանի որ սույն գործով Դատարանն ըստ էության չի իրականացրել Մարտին Զորոյանի ներկայացրած ճանաչման հայցի քննություն:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան ա. Բարսեղյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|