Գլխավոր տեղեկություն
Համար
N 286-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

28 ապրիլի 2010 թվականի N 286-Ա

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 49-Ա որոշման 3-րդ կետի`

1. Հաստատել`

1) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 28

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 28-ի N 286-Ա
 որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման ձևին հավանություն տալու մասին» N 49-Ա որոշմամբ:

2. Հանձնաժողովն իր աշխատանքներում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրը սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերը և այլ գույքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցելու գործընթացի կազմակերպումն է, այդ թվում` վարձակալի` մրցույթով ընտրությունը:

 4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի և օգտագործվող այլ գույքի վարձակալությամբ փոխանցման, այդ թվում` մրցույթի անցկացման հետ կապված աշխատանքների կազմակերպում.

2) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերը և այլ գույքը մրցույթով վարձակալությամբ փոխանցելու գործընթացների կազմակերպման ժամանակացույցի հաստատում.

 3) մրցույթի արդյունքների հաստատում, որից հետո` լիազորված պետական մարմինը մրցույթի արդյունքները սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման.

 4) մրցույթին մասնակցության վճարի և նախավճարի չափերի, վճարման կարգի ու ժամկետների սահմանում.

 5) հանձնաժողովի խնդիրների կատարմանն ուղղված այլ գործառույթների իրականացում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի և խորհրդակցությունների միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին` բացառությամբ սույն կանոնակարգի 17-րդ կետով նախատեսված դեպքի:

7. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամը:

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմում է հանձնաժողովի քարտուղարը` հաշվի առնելով հանձնաժողովի անդամների կողմից ստացված առաջարկությունները: Նիստի օրակարգը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի նիստերի հրավիրման, դրանց տեղի և ժամանակի մասին նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին` նրանց տրամադրելով նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող համապատասխան նյութերը:

10. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների համապատասխան ներկայացուցիչները` հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի առնվազն 3 անդամի առաջարկությամբ: Հանձնաժողովի աշխատանքներում կարող են ներգրավվել նաև համապատասխան ոլորտի խորհրդատուներ ու փորձագետներ:

 11. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են նաև անվանական քվեարկության արդյունքները:

 12. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հատուկ կարծիքի առկայության դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:

13. Հանձնաժողովի նախագահը`

 1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

 2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.

 3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի որոշումներն ու արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:

14. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին և իրականացնում հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.

2) ստորագրում են հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) հանձնաժողովի նիստին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

15. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

 2) հանձնաժողովի անդամներին է տրամադրում հանձնաժողովի գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.

3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամներին` ստորագրության համար.

4) հանձնաժողովի նիստի արձանագրությունը նիստի գումարումից հետո 5-օրյա ժամկետում բաժանում է հանձնաժողովի անդամներին.

5) վարում է մրցույթի հայտերի գրանցամատյանը.

6) ապահովում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող փաստաթղթերի պահպանումը.

7) սահմանում է հսկողություն սույն կանոնակարգի 4-րդ կետում նշված ժամանակացույցի իրականացման նկատմամբ:

 

 IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐՃ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովը`

1) հաստատում է մրցույթի մասին հայտարարության տեքստը.

2) ուսումնասիրում է հետաքրքրության արտահայտման հայտ ներկայացրած ընկերությունների առաջարկությունները և հաստատում հայտատուների կարճ ցուցակը.

3) քննարկում և հաստատում է մրցույթի հրավերի փաթեթը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մրցույթի հրավերի փաթեթն ուղարկում է կարճ ցուցակում ընդգրկված հայտատուներին:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԾՐԱՐՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

 

17. Մրցույթի հայտերը ներկայացվում են հանձնաժողովին` փակ ծրարով, և ընդունվում` մինչև դրա համար մրցույթի հրավերով սահմանված ժամկետի ավարտը: Հանձնաժողովի քարտուղարը հայտերի գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում մրցույթի հայտերի ստացման վերաբերյալ:

18. Մրցույթի հայտերի ծրարները բացվում են մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու օրը, հանձնաժողովի նիստում, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի առնվազն երկու երրորդը:

19. Հանձնաժողովի քարտուղարը մրցույթի հայտերի ծրարների բացման նիստում հանձնաժողովին ներկայացնում է տեղեկատվություն գրանցամատյանում կատարված գրառումների մասին, հանձնաժողովի նախագահին է հանձնում մրցույթի հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը:

20. Սույն կանոնակարգի 19-րդ կետում նշված փաստաթղթերը հանձնաժողովի նախագահին հանձնելուց հետո հանձնաժողովը գնահատում է մրցույթի հայտեր պարունակող ծրարների համապատասխանությունը սահմանված կարգին և բացում է համապատասխանող հայտերի` տեխնիկական առաջարկներ պարունակող ծրարները` բացառությամբ ֆինանսական (գնային) առաջարկներ պարունակող ծրարների, որոնք պահվում են չհրկիզվող պահարանում` մինչև դրանց բացման պահը:

21. Հանձնաժողովի նախագահը հրապարակում է մրցույթի հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով հրավիրվող նիստի օրը, ժամը և վայրը:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

22. Հանձնաժողովի անդամը, սահմանված չափորոշիչների համաձայն, գնահատում է հայտատուների առաջարկները և լրացնում գնահատման թերթիկը, ստորագրում ու սահմանված ժամկետում այն ներկայացնում է հանձնաժողովի քարտուղարին:

23. Հանձնաժողովի քարտուղարն ամփոփում է ստացված գնահատման թերթիկներում պարունակվող անհատական գնահատումները (միավորները), դրանց հիման վրա կազմում ընդհանուր արդյունքների ամփոփաթերթը և այն հանձնում հանձնաժողովի անդամներին ու հանձնաժողովի նախագահին:

24. Հանձնաժողովը, գնահատման թերթիկների ու ամփոփաթերթի հիման վրա, հաստատում է մրցույթի հայտերի գնահատման արդյունքները և նույն օրը նշանակում ֆինանսական առաջարկների ծրարների բացման ժամկետը:

25. Ֆինանսական առաջարկների ծրարները բացվում են հանձնաժողովի նիստում:

26. Մրցույթի հայտերի գնահատման ժամանակ, մրցույթի հրավերով նախատեսված չափորոշիչներից բացի, այլ չափորոշիչների օգտագործումն անթույլատրելի է:

27. Հանձնաժողովի անդամներն առաջարկությունների հստակեցման նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին` իրենց առաջարկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Բացատրություններ և պարզաբանումներ ստանալու ընթացքում չեն կարող փոխվել մրցույթի հայտով ներկայացված փաստաթղթերը, և (կամ) պահանջվել, և (կամ) ներկայացվել մրցույթի հրավերով չնախատեսված փաստաթղթեր:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ՆԻՍՏԸ

 

28. Մրցույթի հայտերը ներկայացվելու վերջին օրվանից հետո կայանալիք հանձնաժողովի նիստում որոշվում է մրցույթի արդյունքներն ամփոփող նիստի ժամկետը, որտեղ հանձնաժողովը որոշում է մրցույթի հաղթողին կամ մրցույթը հայտարարում է չկայացած:

29. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփող նիստում հրապարակում է որպես հաղթող առաջարկվող մրցույթի մասնակցին և հիմնավորում նրա ընտրությունը կամ հայտարարում է մրցույթը չկայացած լինելու մասին:

30. Մրցույթին առաջարկներ ներկայացրած մասնակիցներին և (կամ) նրանց լիազոր ներկայացուցիչներին, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին ու միջազգային կազմակերպությունները ներկայացնող դիտորդներին հնարավորություն է ընձեռվում ներկա լինելու ծրարների բացմանը և մրցույթի արդյունքների հայտարարմանը, եթե հանձնաժողովն այլ որոշում չի ընդունում:

31. Հանձնաժողովի կողմից մրցույթի առաջարկների քննարկմանը և որոշումների ընդունմանը, բացի հանձնաժողովի անդամներից, այլ անձինք չեն մասնակցում:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

32. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

33. Հանձնաժողովի գործունեության դադարումից (հանձնաժողովի լուծարումից) հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 28-ի N 286-Ա
 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Անդրեասյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

   

Ա. Ղարիբյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Շ. Կիրակոսյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

   

Գ. Մալխասյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

   

Մ. Թումասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ա. Մարկոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

   

Գ. Խաչատրյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

   

Ա. Ներսիսյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

   

Հ. Եսայան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության ջրային տնտեսության ծրագրերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

   

Ա. Ղազարյան

- «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան