Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
գիտակցելով Հայաստանի և Բուլղարիայի միջև ավանդական լավ հարաբերությունները և երկու երկրների համար ընդհանուր եվրոպական հեռանկարների զարգացման հարցը,
հաշվի առնելով, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը կնպաստի հաստատված լավ գործելակերպի և դրական փորձի փոխանակմանը երկու երկրների զարգացման համար այս շատ կարևոր փուլում,
ցանկանալով զարգացնել երկկողմ համագործակցությունը և հիմնվելով միջազգային իրավունքի և փոխադարձ հարգանքի ու հավասարության համընդհանուր սկզբունքների և նորմերի վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը համաձայնում են համագործակցել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ սույն Համաձայնագրին և իրենց երկրների ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 2
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը ընդգրկում է մասնավորապես հետևյալ ուղղությունները.
1. Սոցիալական ապահովության և կենսաթոշակային ոլորտները կարգավորող օրենսդրություն։
2. Սոցիալական համագործակցություն ոչ պետական կազմակերպությունների հետ։
3. Աշխատանքային հարաբերություններ և դրանց օրենսդրական հիմքերը, աշխատանքային վեճերի կարգավորման ուղիներ։
4. Աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանության մեխանիզմներ` աղքատության և սոցիալական մեկուսացման դեմ։
5. Զբաղվածության ազգային ռազմավարություն, աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության իրականացման մեխանիզմներ, ազգային աշխատաշուկայի պաշտպանություն։
6. Աշխատուժի մասնագիտական որակավորում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև տարեցների մասնագիտական որակավորում։
7. Պաշտպանություն գործազրկության դեպքերից և զբաղվածության խթանում, երիտասարդների զբաղվածություն և խոցելի խմբերի ինտեգրում աշխատաշուկա։
8. Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովում։
9. Պետական և ոչ պետական կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայությունների տրամադրում մասնագիտացված հաստատություններում և համայնքներում։
10. Երեխաների պաշտպանություն և սոցիալական աջակցության տրամադրում երեխաներին ու նրանց ընտանիքների անդամներին։
11. Հաշմանդամների համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովում։
12. Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ։
13. Պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի իրականացման և ծախսված միջոցների նկատմամբ ներքին աուդիտի անցկացման ապահովում։
14. Փորձագիտական աջակցություն` մարդկանց ազատ տեղաշարժի, սոցիալական քաղաքականության և զբաղվածության բնագավառների օրենսդրական ակտերի ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցման և պրակտիկ իրականացման գործընթացին:
15. Այլ ուղղություններով, որոնց շուրջ Կողմերը համաձայնության կգան:
Հոդված 3
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի հետևյալ ձևերով.
1. Օրենսդրության, գիտական հրապարակումների, հետազոտական և այլ փաստաթղթերի փոխանակում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։
2. Ճանաչողական այցեր։
3. Համատեղ սեմինարներ` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
4. Փորձագետների մասնակցությունը խորհրդաժողովներին և Կողմերից յուրաքանչյուրի տարածքում տեղի ունեցող այլ միջազգային միջոցառումներին։
5. Հայ փորձագետների վերապատրաստման իրականացում Սոֆիայում` Մարդկային ռեսուրսների զարգացման և տարածաշրջանային նախաձեռնությունների կենտրոնում` նախապես համաձայնեցված թեմաներով: Անհրաժեշտության դեպքում, հայաստանյան կողմը նախատեսում է ֆինանսական աջակցություն՝ ԱՄԿ տեխնիկական աջակցության ներքո:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի կատարման համար իրավասու մարմիններն են`
ա) Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
բ) Բուլղարիայի Հանրապետության Կառավարության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարությունը:
Հոդված 5
Կողմերն անհրաժեշտության դեպքում նախապես խորհրդատվություն են փոխանակում տարբեր հարցերի շուրջ, քննարկում են ընդհանուր դիրքորոշումներ և աջակցություն են ցուցաբերում՝ քվեարկելով միջազգային իրավական ընդունելի փաստաթղթերի և դրանց հետ կապված բանաձևերի օգտին, նմանապես, Կողմերը ցուցաբերում են երկկողմ աջակցություն համապատասխան միջազգային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերին մասնակցելու համար իրենց երկրների ներկայացրած հայտերին՝ նախապես համաձայնեցնելով այդ գործընթացը:
Հոդված 6
Կողմերն անցկացնում են խորհրդակցություններ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության քաղաքացիների սոցիալական ապահովության, ինչպես նաև զբաղվածության կարգավորման վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ։
Հոդված 7
Սույն Համաձայնագրի ներքո համագործակցության գործնական իրականացման նպատակով Կողմերը հաստատում են երկամյա գործողությունների կամ միջոցառումների ծրագրեր, որոնցում կսահմանվեն համագործակցության կոնկրետ ուղղությունները և ձևերը, կազմակերպչական և ֆինանսական պայմանները, միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Անհրաժեշտության դեպքում, Կողմերը կազմակերպում են երկկողմ հանդիպումներ՝ քննարկելու և վերլուծելու ընդհանուր աշխատանքների և երկամյա ժամանակահատվածի համար ստորագրված գործողությունների ծրագրերի իրականացման արդյունքները:
Հոդված 8
Կողմերի ներկայացուցիչները պարբերաբար նախարարական մակարդակի հանդիպումներ են կազմակերպում իրենց երկրներում: Այդ հանդիպումների ընթացքում կքննարկվեն փոխադարձ համագործակցության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև կիրականացվի կարծիքների փոխանակում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ:
Հոդված 9
Կողմերը կառուցում են իրենց փոխադարձ հարաբերությունները Եվրոպայում բարեկամական համագործակցության և գործընկերության հետագա զարգացման ոգով:
Հոդված 10
Կողմերը նպաստում են իրենց երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող կառավարական և ոչ կառավարական մարմինների և կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները տրամադրվում են Կողմերի ազգային օրենսդրության համաձայն:
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերից յուրաքանչյուրը հոգում է իր պատվիրակությունների և փորձագետների` մյուս Կողմի երկիր ուղևորության հետ կապված ծախսերը, իսկ պատվիրակություններին և փորձագետներին ընդունող Կողմը` իր երկրում նրանց օրապահիկի, կեցության և կազմակերպական ծախսերը:
Հոդված 12
Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ: Նշված արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է դրա անբաժանելի մասը:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` իր մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով: Այդ դեպքում, սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է ծանուցումը մյուս Կողմի կողմից ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Սույն Համաձայնագրի գործողության վավերականության դադարեցումը չի խոչընդոտում արդեն իսկ համաձայնեցված կոնկրետ նախաձեռնությունների իրականացումը, քանի դեռ Կողմերը չեն բանակցել դրանց կասեցման վերաբերյալ։
Ստորագրված է ք. Երևանում 2012 թվականի ապրիլի 3-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը՝ հայերենով, բուլղարերենով և անգլերենով, ընդ որում՝ երեք տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի կիրարկման ժամանակ դրա դրույթների մեկնաբանման մասով Կողմերի միջև հակասությունների դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. հուլիսի 17-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|