Գլխավոր տեղեկություն
Համար
N 510-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.23/28(762) Հոդ.537
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2010 թվականի N 510-Ն

 

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2009 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-225-Ն) 9-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պատվովճար տրամադրելու վերաբերյալ տեղեկանքների ստացումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման կենտրոնական տեղեկատվական բազայի վարումը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքապետներին` ապահովել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից սույն որոշմամբ սահմանված կարգով Հայրենական մեծ պատերազմի վետերանների հաշվառման իրականացումը:

4. Առաջարկել «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդային հաշվեհամարի մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն` էլեկտրոնային կրիչով և Հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանի համար` տեղեկանքի ձևով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 12
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 6-ի N 510-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

1. Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետի` ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն Հայրենական մեծ պատերազմի այն վետերանները, որոնք նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ:

2. Եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանի` ավանդատու հանդիսացող ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց ողջ ամուսնու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է որպես ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք:

3. Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) իրավունք ունեցող անձանց հաշվառման, ինչպես նաև փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները (այսուհետ` տարածքային մարմին):

4. Փոխհատուցում ստանալու համար սույն կարգի 1-ին կետով նախատեսված անձինք հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի տարածքային մարմին անձամբ կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 510-Ն որոշման N 2 հավելվածի, և հետևյալ փաստաթղթերը`

1) անձնագիր և դրա լուսապատճենը.

2) Հայրենական մեծ պատերազմի վետերանի սոցիալական ապահովության քարտը և դրա լուսապատճենը կամ տեղեկանք սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին.

3) Հայրենական մեծ պատերազմի վետերանի խնայողական գրքույկը, ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (պարունակում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.

4) ամուսնության վկայական, եթե դիմողը ներկայացնում է Հայրենական մեծ պատերազմի վետերանի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` մահացած ավանդատու-ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները.

5) տեղեկանք զինկոմիսարիատից Հայրենական մեծ պատերազմի վետերան լինելու մասին կամ տեղեկանք սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնից Հայրենական մեծ պատերազմի վետերանի պատվովճար ստանալու մասին.

6) ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները.

7) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի բանկային հաշվի քարտում առկա տվյալների մասին, եթե խնայողական գրքույկում ավանդատուի անվան, ազգանվան, նրա հաշվեհամարին, մնացորդի ամսաթվին և գումարին վերաբերող գրառումներն անընթեռնելի կամ ջնջումով են, լրացված են թերի կամ մատիտով.

8) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի բանկային հաշվի քարտում առկա տվյալների մասին, եթե խնայողական գրքույկը 1993 թվականից հետո նորացված է և դրանում բացակայում են 1993 թվականի մնացորդի վերաբերյալ տվյալները:

5. Յուրաքանչյուր ավանդային գրքույկի համար ներկայացվում է առանձին դիմում: Եթե ավանդային գրքույկը լրացված է ռուսերենով և ավանդատուի ազգանունը կամ անունը ռուսերենով տառացի չի համընկնում անձը հաստատող փաստաթղթում նշված հայերենին, սակայն բառով ակնհայտ նույնն է, ապա համարվում է, որ դիմողը հաշվետերն է, և տեղեկատվական բազայում մուտքագրվում է ազգանունը, անունը, ինչպես անձնագրում (օրինակ` Կազարյան - Ղազարյան, Այկ, Գայկ - Հայկ):

6. Տարածքային մարմինը դիմումների հաշվառման գործընթացում իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) խորհրդատվություն, փոխհատուցում ստանալու համար սույն կարգի` բողոքարկման, դիմումի ձևի լրացման պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի հետ ծանոթացում տարածքային մարմնում կամ տարածքային մարմնի պետի հանձնարարությամբ կատարված տնային այցելության ընթացքում, եթե ավանդատուն որևէ պատճառով չի կարող ներկայանալ տարածքային մարմին և գրավոր կամ հեռախոսով խնդրել է կազմակերպել տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր).

2) դիմումների ընդունում` դիմումում նշված տվյալների համեմատությունը դիմողի անձնագրի, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի, խնայողական գրքույկի տվյալների հետ.

3) ավանդատուի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) սահմանված կարգով` ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստացած լինելու հանգամանքի ճշտում.

4) ընդունված դիմումների հաշվառում` դիմումների հաշվառման գրանցամատյանում, փոխհատուցման գործերի կազմում և առանձին թղթապանակում տեղադրում` ըստ դիմում ընդունողների.

5) դիմողի և դիմում ընդունողի միջև ծագած տարաձայնությունների քննարկում, հաշվառման մերժման որոշման ընդունում և դրա մասին դիմողին գրավոր իրազեկում.

6) դիմումներում ներառված տվյալների մուտքագրում` ընդունված դիմումներում ներառված տեղեկությունների մուտքագրում փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազա` նույն աշխատանքային օրվա ընթացքում:

7. Տվյալների հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե`

1) դիմողը չի ներկայացրել սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը.

2) դիմողը չի հանդիսանում խնայողական գրքույկում նշված ավանդային հաշվետերը, նրա ամուսինը կամ նրա ներկայացուցիչը չունի լիազորագիր.

3) Հայրենական մեծ պատերազմի վետերանը մահացել է.

4) խնայողական գրքույկը տրված է նախկին ԽՍՀՄ այլ միութենական հանրապետության խնայբանկի կողմից.

5) դիմումը լրացված է թերի կամ ջնջումներով կամ մատիտով.

6) ավանդատուն որոշման համաձայն ստացել է ներդրված ավանդի դիմաց նախատեսված փոխհատուցումը:

8. Որոշման համաձայն` ներդրված ավանդի դիմաց նախատեսված փոխհատուցումն ստացած Հայրենական մեծ պատերազմի վետերանի տվյալները ենթակա են հաշվառման` նրա ներկայացրած այն ավանդային գրքույկների մասով (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը), որոնք Հայրենական մեծ պատերազմի վետերանը որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել հաշվառման, ինչպես նաև որոշման համաձայն փոխհատուցման իրավունքը ճանաչված, ապա մահացած (մահվամբ փոխհատուցման իրավունքը դադարած), ամուսնու ավանդային գրքույկները (ավանդի 50 տոկոսի չափով):

9. Դիմողին հաշվառելու դեպքում դիմում ընդունող աշխատողը հաշվառված խնայողական գրքույկի առաջին էջի վրա նշում է հաշվառման օրը և ստորագրում: Խնայողական գրքույկը (առաջին էջը) տարածքային մարմնի ղեկավարի կողմից կնքվելուց հետո` փաստաթղթերի բնօրինակների հետ վերադարձվում է դիմողին:

10. Տարածքային մարմինը տվյալ ամսվա ընթացքում ձևավորված տեղեկատվական բազան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 8-ը ներկայացնում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՈՒՄԸ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

11. Կազմակերպությունը տարածքային մարմիններից էլեկտրոնային կրիչով ստացած տեղեկատվությունն ամփոփում է մեկ էլեկտրոնային ցուցակով` միաժամանակ պարզելով տվյալների մուտքագրման տեխնիկական սխալների առկայությունը: Ցուցակը կազմվում է ըստ ավանդային գրքույկների հաշվեհամարների (նույն դիմողի տվյալները կարող են ցուցակում ներառվել մի քանի տողով` իր ունեցած ավանդային հաշիվների թվով) և այն էլեկտրոնային կրիչով տրամադրվում է «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը: «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվող ցուցակում նշվում են դիմումի (հավելված N 2) I բաժնի տվյալները, առանց մնացորդի:

12. «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունն էլեկտրոնային ցուցակի համապատասխան սյունակում տվյալ անձի տվյալ ավանդային գրքույկի հաշվի համարի դիմաց, հաշվի քարտում ներառված տվյալների հիման վրա, մուտքագրում է ավանդային հաշվեհամարի մնացորդը` 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ և այն էլեկտրոնային կրիչով 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում կազմակերպությանը: Անվան, ազգանվան տվյալները լրիվ չհամընկնելու դեպքում նույնականացումը կատարվում է ըստ հաշվեհամարի:

13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը, համապատասխան տարածքային մարմիններին տրամադրելու համար, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում, 10 աշխատանքային օրերի ընթացքում, նաև տեղեկանքների ձևով` Հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանի համար առանձին:

14. Կազմակերպությունը «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված տեղեկատվությունը ներառում է կենտրոնական տեղեկատվական բազա, որի հիման վրա կազմում է ավանդատուների ճշտված ցուցակը և վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը:

15. Վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը կազմելիս` դրանում ներառվում են այն ավանդատուների տվյալները, որոնց ավանդի հաշվի քարտը «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունում բացակայում է:

16. Ճշտված ցուցակը կազմելիս` դրանում ներառվում են այն ավանդատուների տվյալները, որոնց ավանդային հաշվեհամարների մնացորդի (1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ) գումարի ճշտված չափի մասին տեղեկությունը ստացվել է «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Ճշտված ցուցակում ներառված ավանդատուի տվյալներում հաշվառվում է նաև նրա մահացած ամուսնու անվամբ ներկայացված ավանդային գրքույկի ճշտված մնացորդի գումարի կեսը:

17. Կազմակերպությունը ճշտված ցուցակը կազմում է ըստ ավանդատուների տարիքի: Ցուցակներում ներառվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետի համաձայն հաշվարկած` յուրաքանչյուր ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը:

18. Ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս` ավանդատուի մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդները գումարվում են և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ` բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի:

19. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս` ավանդատուի մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդներին գումարվում են նաև որոշմամբ սահմանված կարգով հաշվառած ավանդների մնացորդները (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ հաշվարկված փոխհատուցման գումարից հանելով արդեն իսկ ստացած փոխհատուցման գումարը:

20. Կազմակերպությունը` տեղեկատվական բազաները, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված տեղեկանքները, տրամադրում են համապատասխան տարածքային մարմիններին` ստանալուց հետո 5 աշխատանքային օրերի ընթացքում:

21. Տարածքային մարմինը սույն կարգի 20-րդ կետով սահմանված տեղեկություններն ստանալուց հետո 3 աշխատանքային օրերի ընթացքում տեղեկատվական բազա է ներառում յուրաքանչյուր ավանդատուի ավանդային հաշվեհամարի` 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ ճշտված մնացորդը, որի հիման վրա կազմում է Հայրենական մեծ պատերազմի վետերանի ավանդի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրություն, որը հաստատվում է տարածքային մարմնի ղեկավարի կողմից:

 

III. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

22. Ճշտված ցուցակում ընդգրկված ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է ծագած սույն կարգի համաձայն տարածքային մարմինների ղեկավարների կողմից Հայրենական մեծ պատերազմի վետերանի ավանդի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրության հաստատվելու պահից:

23. Հաշվի առնելով, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանների փոխհատուցումը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 10 բաժնի N 07 խմբի N 01 դասի «08. «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի համաձայն` փոխհատուցման տրամադրումը կրում է հասցեական բնույթ, ուստի Հայրենական մեծ պատերազմի վետերանի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս):

24. Ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:

 

 IV. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

25. Սույն կարգի համաձայն հաշվառված Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման վճարումներն իրականացվում են որոշման համաձայն հաշվառված ավանդատուների ավանդների փոխհատուցման վճարումներից առանձին և արտահերթ` տվյալ ամսվա ընթացքում հաշվառված անձանց ներառելով հաջորդ ամսվա վճարման ցուցակ:

26. Սույն կարգով նախատեսված ավանդների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացումը, ավանդների փոխհատուցման վճարումը և հաշվետվությունների ներկայացումն իրականացվում է պետական նպաստների, ինչպես նաև որոշմամբ նախատեսված ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:

27. Տարածքային մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները` տվյալ ծախսային ծրագրի մասով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 6-ի N 510-Ն որոշման

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման

 

Բաժին I. Ավանդային գրքույկի տվյալները

Ա. Ավանդային գրքույկի տիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

Բ. Գրքույկի հաշվեհամարը

 

Գ. Ավանդային գրքույկը բացած բաժանմունքի վայրը

     

Դ. Մասնաճյուղի համարը

 

Ե. Մնացորդ 10.06.1993թ.
ռուբլի` ըստ գրքույկի o
ըստ տեղեկանքի o

 

Բաժին II. Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ավանդատուի անձնական տվյալները

Ա. Անունը, ազգանունը

 

Բ. Անձը հաստատող փաստաթղթի համարը

սերիա ______ N ______________

Գ. Սոցիալական քարտի համարը

 

Դ. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

___________ 19____ թ.

Ե. Փաստացի բնակության վայրը

 

Զ. Կապն ավանդային գրքույկի տիրոջ հետ

նույն ինքը
մահացած ամուսինը

Սույնով լիազորում եմ Հայաստանի Հանրապետությանն ստանալ, օգտագործել և հրապարակել սույն դիմումի I բաժնում նշված իմ բանկային հաշվի վերաբերյալ տեղեկությունները` առանց ժամկետային սահմանափակման

Բաժին III. Դիմումի տվյալները

 

Ա. Դիմումի լրացման ամսաթիվը __ ___ 2010թ. Բ. Դիմողի ստորագրությունը ____________

 

Գ. Դիմողի կապը II բաժնում նշված ավանդատուի հետ` Դ. Դիմողի անունը, ազգանունը _______

 

ինքը

 

ներկայացուցիչ

 

ամուսին

 

  Ե. Դիմումն ընդունված է ______ __________________ 2010թ. ____________

                                                                                                                         (ստորագրությունը)

 Զ. Դիմումի տվյալների հաշվառումը մերժված է____ _______ 2010թ. ____________

                                                                                                                        (ստորագրությունը)

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 6-ի N 510-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ

 

Բաժին I. Լրացվում են ավանդային գրքույկի տվյալները

 

Ա. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկի առաջին էջում նշված տիրոջ անունը, ազգանունը, հայրանունը` հայերենով:

Բ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկի հաշվեհամարը` թվերով:

Գ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկը տրամադրած բաժանմունքի գտնվելու վայրը` ըստ գրքույկի առաջին էջի:

Դ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկը տրամադրած մասնաճյուղի համարը` ըստ գրքույկի առաջին էջի:

Ե. Կատարվում է V-աձև նշում համապատասխան քառակուսու մեջ և դիմացի վանդակում լրացվում է մնացորդի չափը` թվերով, ռուբլու մասը` առանց կետի կամ ստորակետի, կոպեկի մասը` ստորակետով առանձնացնելով ռուբլուց (օրինակ` 12640 ռուբլի 35 կոպեկը` 12640,35):

 

Բաժին II. Լրացվում են ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար դիմող ավանդատուի տվյալները

 

Ա. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատու անձի անունը և ազգանունը` ըստ անձնագրի` հայերենով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:

Բ. Դիմացի վանդակում լրացվում է անձնագրի սերիան` փաստաթղթում նշված լեզվի տառերով, և համարը` արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:

Գ. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատուի սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը` արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:

Դ. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը` բոլորն արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:

Ե. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատու անձի փաստացի բնակության վայրը: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:

Զ. Դիմացի վանդակում կատարվում է V-աձև նշում` համապատասխան քառակուսու մեջ:

 

Բաժին III. Լրացվում են դիմումի տվյալները

 

Ա. Լրացվում է դիմումի լրացման ամսաթիվը:

Բ. Ստորագրվում է դիմումը փաստացի ներկայացնող անձի (ավանդատու, ավանդատուի ամուսին կամ ավանդատուի ներկայացուցիչ) կողմից:

Գ. Կատարվում է V-աձև նշում` համապատասխան քառակուսու մեջ:

Դ. Լրացվում է դիմումը ներկայացնողի անունը և ազգանունը:

Ե. Եթե դիմումն ընդունվել է տարածքային մարմնի աշխատողի կողմից, ապա լրացվում է ամսաթիվը և ստորագրվում է:

Զ. Եթե դիմումի տվյալների հաշվառումը մերժված է, ապա տարածքային մարմնի աշխատողի կողմից լրացվում է ամսաթիվը և ստորագրվում է:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան