Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.18/20(894)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2004
Ստորագրման ամսաթիվ
16.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2008

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ելնելով միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառում համաձայնեցված գործողությունների և դրանց իրականացման համար պայմանների միասնականացման, միջազգային հաղորդակցությունում խոչընդոտների վերացման անհրաժեշտություններից,

նպատակ ունենալով իրագործել Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ 2000թ. հուլիսի 20-ի որոշմամբ հաստատված՝ «Մինչև 2005 թվականն ընկած ժամանակահատվածում Անկախ Պետությունների Համագործակցության զարգացման գործողությունների ծրագիրը», 1997 թվականի հոկտեմբերի 9-ի՝ «Տրանսպորտային քաղաքականության բնագավառում ընդհանուր տրանսպորտային տարածքի ձևավորման սկզբունքների և ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության պայմանների մասին» Համաձայնագիրը և 1999թ. հունիսի 4-ի՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներով տարանցման կարգի մասին» Համաձայնագիրը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

բեռների միջազգային փոխադրում - Կողմերի տարածքներում գրանցված տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրում Կողմերից առնվազն մեկի սահմանի հատումով, այդ թվում` նրանց տարածքներով տարանցիկ փոխադրում,

տրանսպորտային միջոց - ճանապարհային մեխանիկական տրանսպորտային միջոց, ինչպես նաև ցանկացած կցորդ կամ կիսակցորդ` նախատեսված այդպիսի տրանսպորտային միջոցով քարշակման համար,

փոխադրող (տրանսպորտային օպերատոր) - բեռների փոխադրման համար անմիջապես պատասխանատու կամ, փոխադրման պայմանագրին համապատասխան, այդ փոխադրման համար երրորդ կողմ օգտագործող անձ,

բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագիր (հավաստագիր) - տրանսպորտային միջոցների քաշային չափանիշների մասին հավաստի տվյալներ պարունակող փաստաթուղթ` տրված Կողմերի իրավասու մարմինների կողմից լիազորված կշռման կայանի կողմից,

կշռման կայան - Կողմերի իրավասու մարմինների կողմից լիազորված կշռման կետ, որն իրականացնում է տրանսպորտային միջոցի կշռումը և տրամադրում է սահմանված նմուշի հավաստագիր,

հսկիչ կշռում - տրանսպորտային միջոցի կշռում հետևյալ հանգամանքներում,

- երթևեկության փաստաթղթերում (CMR, CARNET TIR) և հավաստագրում նշված քաշային բնութագրերին անհամապատասխանություն,

- լրաբեռնում, մասնակի բեռնաթափում կամ այլ տրանսպորտային միջոցի վրա բեռի վերաբեռնում, ինչպես նաև բեռը այլ մաքսային ռեժիմի փոխանցում,

- հավաստագրում (3-րդ սյունակում) նշված տվյալների և հսկվող տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի տեսակ, գրանցման համարներ) վերաբերյալ տվյալների անհամապատասխանություն,

- հավաստագրում (8-րդ սյունակում) նշված տվյալներին հատուկ քաշային ցուցանիշների անհամապատասխանություն:

 

Հոդված 2

 

1. Սույն Համաձայնագիրը կարգավորում է Կողմերի տարածքներում հավաստագրի կիրառման կարգը:

2. Հավաստագիրը տրվում է Կողմերի միջև սահմանների անցման ընթացակարգի պարզեցման և, մասնավորապես, Կողմերի տարածքներում տրանսպորտային միջոցների բազմակի կշռումից խուսափելու նպատակով:

 

Հոդված 3

 

1. Կողմերը ընդունում և փոխադարձաբար ճանաչում են Կողմերից որևէ մեկի տված հավաստագրերը:

2. Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և ունի պաշտպանական համակարգ: Հավաստագրի բովանդակությունը նշված է սույն Համաձայնագրի անբաժանելի մաս համարվող հավելվածում (այսուհետ` Հավելված):

3. Հավաստագրի ձևաթղթերը տպագրվում են ռուսերեն՝ Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինների կողմից, կարող են կրկնօրինակվել Կողմերից յուրաքանչյուրի պետական լեզվով` հավաստագրի սահմանված ձևաչափը և դրա կետերի տեղաբաշխումը պահպանելու պայմանով:

4. Հավաստագրի ձևաթղթերը խիստ հաշվառման ձևաթղթեր են:

 

Հոդված 4

 

1. Հավաստագրի կիրառման վերաբերյալ Կողմերի իրավասու մարմինների գործունեության համակարգումը և տեղեկատվական ապահովումը խորհրդատվական ձևով իրականացնում է Ճանապարհայինների միջկառավարական Խորհուրդը (այսուհետ` ՃՄԽ) ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտային համակարգող խորհրդի (այսուհետ` ԱՊՀ ՏՀԽ) հետ համատեղ:

2. Կողմերի իրավասու մարմինները ձևավորում են համապատասխան Կողմերի տարածքներում կշռման կայանների ցանկերը և տեղեկացնում են ՃՄԽ-ին: ՃՄԽ-ն ԱՊՀ ՏՀԽ-ի հետ համատեղ նշված ցանկերի մասին իրազեկում են Կողմերի բոլոր իրավասու մարմիններին և տրանսպորտային վարչակազմերին:

3. Կշռման կայանների նկատմամբ դրանց հավատարմագրման ժամանակ ներկայացվող պարտադիր պահանջները և այն սարքավորումների հիմնական բնութագրերը, որոնք պետք է կիրառել տրանսպորտային միջոցների կշռման համար, բերված են Հավելվածում:

 

Հոդված 5

 

1. Տրանսպորտային միջոցի լրացուցիչ, այդ թվում` հսկիչ կշռում չի իրականացվում՝ բացառությամբ 1-ին հոդվածի 7-րդ պարբերությունում շարադրված հանգամանքների:

2. Հսկիչ կշռման արդյունքները գրանցվում են հավաստագրի 10-րդ սյունակում:

3. Կողմերի իրավասու մարմինները հսկիչ կշռման արդյունքների մասին տեղեկացնում են իրենց պետությունների մաքսային մարմիններին:

4. Հավաստագրի 7.2-րդ, 7.3-րդ ենթակետերում նշված տվյալների և իրական քաշի միջև 2%-ից ավելի տարբերություն հայտնաբերելու դեպքում պատասխանատվությունը կրում է փոխադրողը` Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության համապատասխան:

Միջոցների կիրառման նպատակով` տվյալ փաստի մասին տեղեկությունը հաղորդվում է այն Կողմերի իրավասու մարմիններին, որոնց տարածքներում տրվել է հավաստագիրը և գրանցված է տրանսպորտային միջոցը:

5. Կշռման լիազորված կայանում տրանսպորտային միջոցների կշռման արդյունքների ավելի քան 2%-ով պարբերաբար տարբերության դեպքում այդ կայանը կարող է զրկվել հավատարմագրից` իր պետության ազգային օրենսդրության համապատասխան:

 

 Հոդված 6

 

1. Հավաստագիրը փոխադրողին տրվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից՝ բեռնման կետերում կամ տրանսպորտային միջոցի երթևեկության ուղու վրա գտնվող կշռման առաջին կայանում:

2. Կողմերի տարածքներում գործող թույլատրելի քաշային չափանիշների նշանակությունների, հավաստագրում նշված քաշային բնութագրերի գերազանցման դեպքում փոխադրողը պարտավոր է սահմանված կարգով վճարել Կողմերի օրենսդրությամբ սահմանված համապատասխան գանձումները և տուրքերը:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափվում միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին այլ միջազգային պայմանագրերից բխող՝ Կողմերի իրավունքները և պարտավորությունները, որոնց մասնակից են նրանք:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով Կողմերի իրավասու մարմինները անհատույց հիմունքներով ներկայացնում են անհրաժեշտ տեղեկատվություն իրենց գործող նորմատիվ իրավական ակտերի և դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների մասին, ինչպես նաև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար նշանակություն ունեցող և սույն Համաձայնագրի այլ մասնակից պետությունների շահերը շոշափող այլ հանգամանքների մասին:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ հանձնարարությամբ կարող են կատարվել առանձին արձանագրություններով ձևակերպվող փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և համարվում են դրա անբաժանելի մասը:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ բանակցությունների միջոցով:

 

 Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողության ժամկետը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերը այլ որոշում չեն ընդունում:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության այլ մասնակից պետությունների, ինչպես նաև դրա նպատակները և սկզբունքները ընդունող՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակիցներ չհանդիսացող երրորդ պետությունների միանալու համար` ավանդապահին այդպիսի միանալու մասին փաստաթղթերը փոխանցելու միջոցով:

Երրորդ պետությունների միանալը համարվում է ուժի մեջ մտած, եթե Կողմերից ոչ մեկը հանդես չի գալիս դրա դեմ ավանդապահի կողմից համապատասխան ծանուցումը ուղարկելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

 

Հոդված 14

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալու ժամկետից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ:

 

Կատարված է 2004 թվականի ապրիլի 16-ին Չոլպոն Աթա քաղաքում, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուկրաինայի Կառավարությունների կողմից:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել

 

Բելառուսի Հանրապետության համար` 19.05.05թ.,

Հայաստանի Հանրապետության համար` 21.02.08թ.,

Տաջիկստանի Հանրապետության համար` 19.05.05թ.,

Ղազախստանի Հանրապետության համար` 19.05.05թ.,

Մոլդովայի Հանրապետության համար 20.06.05.թ.,

Ղրղզստանի Հանրապետության համար` 12.08.05թ.,

Ուկրաինայի համար` 19.07.06թ.,

Ռուսաստանի Դաշնության համար` 18.08.06թ.:

 

ԱՊՀ մասնակից պետությունների
տարածքներում բեռնատար տրանսպորտային
միջոցների կշռման
միջազգային հավաստագրի
կիրառման մասին
Համաձայնագրին կից

Հավելված

 

Բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագիրը (հավաստագիր) պետք է համապատասխանի սույն Հավելվածում ներկայացված ձևին և պետք է տրվի ու օգտագործվի յուրաքանչյուր Կողմի լիազորված կառավարական մարմնի հսկողության ներքո` այն ընթացակարգին համապատասխան, որի նկարագրությունը բերվում է սույն Հավելվածում:

Հավաստագրի ձևաթղթի տպագրման ժամանակ Կողմերը պարտավոր են նախատեսել պաշտպանության առնվազն երեք աստիճան: Դրանց տարբերակման բովանդակության և ձևի մասին Կողմերը տեղեկացվում են ԱՊՀ ՏՀԽ և ՃՄԽ քարտուղարության միջոցով:

Տրանսպորտային օպերատորների կողմից հավաստագրի օգտագործումը հանդիսանում է ֆակուլտատիվ:

 

 1. Հավաստագիր տալու և օգտագործելու ընթացակարգ

 

1.1. Այն հավաստագիրը, որը պատշաճ ձևով լրացված է` ա) կշռման լիազորված կայանի աշխատակցի կողմից և բ) բեռնատար ավտոմեքենաների տրանսպորտային օպերատորների/վարորդների կողմից, ընդունվում և ճանաչվում է որպես փաստաթուղթ, որը պարունակում է Կողմերի լիազորված մարմինների կողմից կատարված կշռումների մասին ստույգ տեղեկություններ:

1.2. Կողմերի տարածքներում հավաստագրի կիրառումը կախված չէ այն տրամադրող պետությունից, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցի գրանցումից, որն իրականացնում է TIR կամ այլ ընթացակարգով միջազգային բեռնատար փոխադրում, որը բացառում է տրանսպորտային միջոցի բեռնախուց չթույլատրված մուտքը:

1.3. Տրանսպորտային միջոցի մուտք գործելու երկրում (անկախ դրա գրանցման երկրից) հավաստագիր տալու դեպքում Կողմերի տարածքներում սույն Համաձայնագրի մասնակիցներ չհանդիսացող պետությունների տարածքից միջազգային տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելիս տրանսպորտային միջոցի զանգվածի չափումը կատարվում է միայն առաջին Կողմի տարածք մուտք գործելիս:

1.4. Իրավասու մարմինները ճանաչում են հավաստագրում պարունակվող տեղեկատվությունը որպես հավաստի և չեն իրականացնում լրացուցիչ կշռում:

1.5. Իրավասու մարմինները կարող են կատարել տրանսպորտային միջոցի քաշի ստուգում օպերատորի պահանջով և հետևյալ հանգամանքներում.

- Հավաստագրում և ճանապարհային փաստաթղթերում (CMR, CARNET TIR) նշված քաշային տվյալների անհամապատասխանության դեպքում,

- լրաբեռնման, մասնակի բեռնաթափման կամ այլ տրանսպորտային միջոցի վրա վերաբեռնման դեպքում, ինչպես նաև բեռը այլ մաքսային ռեժիմի հանձնելու դեպքում,

- հավաստագրում նշված տվյալների և հսկվող բեռնատար տրանսպորտային միջոցի մասին տեղեկությունների (բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի տեսակը, պետական գրանցման համարանիշները) անհամապատասխանության դեպքում,

- հավաստագրում (8-րդ սյունակ) նշված տվյալներին հատուկ քաշային ցուցանիշների անհամապատասխանության դեպքում:

1.6. Հսկիչ կշռման արդյունքները գրանցվում են կշռման կայանի աշխատակցի կողմից` հավաստագրի 10-րդ սյունակում: Հավաստագրի 10-րդ սյունակը հիմք է ծառայում կայանների գործնեության գնահատման համար` նրանց տրանսպորտային միջոցների կշռում կատարելու իրավունքի թույլտվություններ (արտոնագրեր) տալիս:

1.7. Այդ հավաստագրի ձևակերպման համար կշռումը կատարվում է լիազորված կշռման կայանների կողմից` այն տրանսպորտային օպերատորի/վարորդի հարցումով, որի բեռնատար ավտոտրանսպորտային միջոցը գրանցված է Կողմերից մեկի տարածքում և այնպիսի արժողությամբ, որի չափը որոշվում է` ելնելով մատուցված ծառայությունների ծավալից:

 

2. Կշռման իրավասու կայաններին ներկայացվող պահանջներ

 

2.1. Լիազորված կշռման կայանները բեռնատար տրանսպորտային միջոցի օպերատորի/վարորդի հետ լրացնում են բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագիրը` հետևյալ նվազագույն պահանջներին համապատասխան.

ա) կշռման կայաններում պետք է օգտագործվեն այնպիսի կշեռքներ, որոնք ներառված են Կողմի չափման միջոցների պետական գրանցամատյանում: Իրենց ճշգրտությամբ կշեռքները պետք է համապատասխանեն 0,5, 1,0, 2,0 ճշգրտության դասերի շարքին: Տեղադրված կշեռքներով ճանապարհի հատվածը պետք է ատեստավորվի` նպատակ ունենալով ապահովել տրանսպորտային միջոցների կշռումը թույլատրելի սահմանը չգերազանցող անճշտությամբ,

բ) Կողմերի իրավասու մարմիններն ապահովում են կշռման կայանների բավարար իրավասությունը այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են հավատարմագրումը կամ գնահատումը, կշռման համապատասխան միջոցների օգտագործումը, անձնակազմի որակավորումը,

գ) կշռման համար սարքավորումը պետք է պահպանվի աշխատանքային վիճակում: Այն պետք է կանոնավոր ձևով անցնի չափաբանական ատեստավորում (ստուգում)` չափերի և կշիռների բնագավառում պահանջների պահպանման համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքում կատարվում է դրոշմում (կապարակնքում):

Կշռման համար նախատեսված սարքավորումը և դրա առավելագույն թույլատրելի անճշտությունը, ինչպես նաև օգտագործման կարգը պետք է համապատասխանեն Օրենսդրական չափաբանության միջազգային կազմակերպության (ՕՉՄԿ) հանձնարարականներին:

2.2. Տրասնպորտային միջոցների զանգվածի ֆիզիկական մեծության իրական նիշի որոշման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել այն նորմատիվ փոստաթղթերով, որոնք սահմանում են կշռման սարքավորումների ճշգրտության դասը և թույլատրելի անճշտության չափը (խորհուրդ չի տրվում թույլատրելի անճշտության օգտագործումը տրանսպորտային միջոցների կշռման ժամանակ դրա կշռված քաշից այն հանելու միջոցով, քանի որ կշռման կայաններում կշռման սարքավորումները, գտնվելով թույլտվության սահմաններում, կարող են աշխատել բացասական (մինուսային) կամ դրական (պլյուսային) ռեժիմով, ինչը կարող է հանգեցնել թույլատրելի անճշտության առավելագույն սահմանների բարձրացման):

2.3. Կողմերի իրավասու մարմինները հրապարակում են բոլոր լիազորված կշռման կայանների ցանկը: Այդ ցանկերը, ինչպես նաև դրանցում կատարվող բոլոր փոփոխությունները փոխանցվում են մյուս Կողմերին, ՃՄԽ քարտուղարությանը և ԱՊՀ ՏՀԽ գործադիր կոմիտեին` շահագրգիռ կազմակերպություններին և օգտագործողներին ուղարկելու համար:

 

3. Բեռնատար Տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի բովանդակությունը

 

Բեռնատար Տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագիրը պարունակում է հետևյալ սյունակները և բաժինները:

 

Լրացվում է վարորդների կողմից մինչև տրանսպորտային միջոցի կշռումը

 

Սյունակ 1. Տրանսպորտային օպերատորի մասին տեղեկություններ.

- տրանսպորտային օպերատորի անվանումը (լրիվ հասցեն, ներառյալ երկիրը),

- հեռախոսի համարը,

- ֆաքսի համարը,

- էլեկտրոնային փոստի հասցեն:

Սյունակ 2. Փոխադրման պայմանագիր հմ. … .

- CARNET TIR (եթե կիրառելի է),

- CMR (եթե կիրառելի է):

Սյունակ 3. Բեռնատար տրանսպորտային միջոցի մասին տեղեկություններ.

- ավտոմեքենայի և կցորդի գրանցման համարը,

- ավտոմեքենայի և կցորդի կախոցի համակարգը:

 

Լրացվում է լիազորված կշռման կայանի աշխատակցի կողմից

 

Սյունակ 4. Լիազորված կշռման կայանի մասին տեղեկություններ (դասիչը, անվանումը և հասցեն, ներառյալ երկիրը),

- կշռման սարքավորման ճշգրտության դասի մասին տեղեկություններ:

Սյունակ 5. Կշռվող տրանսպորտային միջոցի համարը:

Սյունակ 6. Հավաստագիրը տալու օրը (օր, ամիս, տարի):

Սյունակ 7. Կշռման արդյունքները (կշռման կայանի պաշտոնական գրառման բնօրինակը կցելով).

- բեռնատար տրանսպորտային միջոցի տեսակը,

- կամրջակի վրա ընկնող քաշի չափումը,

- ամբողջ քաշի չափումը:

Սյունակ 8. Հատուկ քաշային ցուցանիշները.

- շարժիչին միացող վառելիքային բաքերի լիցքավորման աստիճանը,

- վառելիքային բաքերի լիցքավորման աստիճանը. ներառյալ սառեցման սարքավորման համար բաքերը,

- պահեստային անվադողերի քանակը,

- կշռման ժամանակ տրանսպորտային միջոցում մարդկանց թիվը,

- վերամբարձ սռնու առկայությունը:

 

Լրացվում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կշռումից հետո

 

Սյունակ 9. 1-8-րդ սյունակների լրացման ճշտության հաստատում.

- ամսաթիվ,

- տրանսպորտային միջոցի վարորդի (վարորդների) անունը, ազգանունը, հայրանունը,

- դիտողություններ (եթե կան):

 

Լրացվում է լիազորված կշռման կայանի աշխատակցի կողմից բացառիկ (հսկիչ) դեպքում

 

Սյունակ 10. Ամսաթիվը, հսկիչ կշռում իրականացնող աշխատակիցների անունները և ստորագրությունները: Նշումներ (հսկիչ կշռման արդյունքը):

 

1. Հավաստագրի հավելվածներ

 

Հավաստագրի հավելվածները ունեն բացատրական բնույթ և պարունակում են ավտոտրանսպորտային միջոցների տեսակների սխեմատիկ նկարներ, որոնք պահանջվում է նշել հավաստագրի 7.1-րդ սյունակում, այդ թվում`

I. բեռնատարներ,

II. տրանսպորտային միջոցների կազմը,

III. համակցված տրանսպորտային միջոցներ:

 

Ղազախստանի Հանրապետության վերապահումը

 

Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի օրակարգի 1-ին կետի կապակցությամբ` ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման մասին Համաձայնագրի վերաբերյալ

 

16-ը ապրիլի, 2004թ.

Ք. Չոլպոն Աթա

 

Ղազախստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը համապատասխան` Ղազախստանի Հանրապետության տարածք խոշորեզրաչափքային և ծանրքաշային ավտոմոբիլային փոխադրումներ չեն թույլատրվում` բացառությամբ խոշորեզրաչափքային և ծանրքաշային անբաժանելի բեռների փոխադրումների:

 

Ղազախստանի Հանրապետության

վարչապետ`

Դ. Ահմետով

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 19.05.05 թ., Հայաստանի Հանրապետության համար` 21.02.08 թ., Տաջիկստանի Հանրապետության համար` 19.05.05 թ., Ղազախստանի Հանրապետության համար` 19.05.05 թ., Մոլդովայի Հանրապետության համար 20.06.05թ., Ղրղզստանի Հանրապետության համար` 12.08.05 թ., Ուկրաինայի համար` 19.07.06 թ., Ռուսաստանի Դաշնության համար` 18.08.06 թ.: