Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.13
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2010
Ստորագրման ամսաթիվ
29.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Նորվեգիայի Թագավորության Կառավարության միջեվ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Նորվեգիայի Թագավորության Կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

վճռական լինելով ամրապնդել իրենց համագործակցությունը` անօրինական միգրացիայի դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով,

ցանկանալով դյուրացնել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունումը կամ տարանցումը,

հաշվի առնելով 1950 թվականի նոյեմբերի 4-ի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան և դրա լրացուցիչ արձանագրությունները, 1951 թվականի հուլիսի 28-ի` «Փախստականների կարգավիճակի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան` փոփոխված 1967 թվականի հունվարի 31-ի արձանագրությամբ, և 1961 թվականի օգոստոսի 30-ի` «Քաղաքացիություն չունեցող անձանց թվի կրճատման մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան,

համագործակցության ոգով և փոխադարձության հիման վրա,

հարգելով միջազգային պարտավորությունները, մասնավորապես, միջազգային իրավունքին համապատասխան` իրենց քաղաքացիներին հետ ընդունելու վերաբերյալ պարտավորությունը.

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.

 

Հոդված 1

 

Սահմանումները

 

1. Երրորդ երկրի քաղաքացի նշանակում է` անձ, որը չունի Պայմանավորվող կողմերից ոչ մեկի պետության քաղաքացիություն:

2. Քաղաքացիություն չունեցող անձ նշանակում է` անձ որը չունի որևէ պետության քաղաքացիություն:

3. Առանց թույլտվության գտնվող անձ նշանակում է` անձ, որը չի բավարարում կամ այլևս չի բավարարում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու իրավական պահանջները:

4. Հայցող Պայմանավորվող կողմ նշանակում է՝ Կողմ, որը դիմում է ներկայացնում իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձի հետընդունման կամ տարանցման վերաբերյալ՝ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

5. Հայցվող Պայմանավորվող կողմ նշանակում է՝ Կողմ, որն ստանում է հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձի հետընդունման կամ տարանցման վերաբերյալ դիմում` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

6. Իրավասու մարմիններ նշանակում է՝ Պայմանավորվող կողմերի մարմիններ, որոնց միջոցով իրականացվում են հետընդունման կամ տարանցման ընթացակարգերը:

7. Մուտքի թույլտվություն նշանակում է՝ վավերական մուտքի բազմակի արտոնագիր, կացության թույլտվություն կամ փաստաթղթի այլ տեսակ, որի հիման վրա անձին թույլատրվում է մուտք գործել Պայմանավորվող կողմի պետության տարածք:

 

Հոդված 2

 

Իրենց քաղաքացիների հետընդունումը

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, առանց որևէ ձևականության, հետ է ընդունում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին՝ պայմանով, որ ապացուցված է, որ նա առաջինը նշված Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է: Հետ ընդունող Պայմանավորվող կողմը նախապես տեղեկացվում է վերադարձի մասին:

2. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց սույն Համաձայնագրում սահմանված ձևականություններից բացի այլ ձևականությունների, հետ է ընդունում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում առանց թույլտվության գտնվող անձին՝ պայմանով, որ կարող է հիմնավոր կերպով ենթադրվել, որ տվյալ անձը հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է: Նույնը կիրառվում է այն անձի նկատմամբ, որը կորցրել է հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիությունը հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելուց հետո` չստանալով հայցող Պայմանավորվող կողմի պետության մարմինների կողմից քաղաքացիություն տրամադրվելու երաշխիքներ:

3. Հայցող Պայմանավորվող կողմը նորից հետ է ընդունում սույն հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններում նշված անձին, եթե հետագա ստուգումները հաստատում են, որ նա, փաստորեն, հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքից մեկնելու պահին հայցվող Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի չի եղել` պայմանով, որ չկիրառվի 3-րդ հոդվածը:

4. Եթե անձի քաղաքացիությունը կամ ինքնությունը չի կարող ամբողջությամբ հաստատվել, հայցող Պայմանավորվող կողմը կարող է աջակցություն խնդրել հայցվող Պայմանավորվող կողմից` հաստատելու համար նրա քաղաքացիությունը և ինքնությունը: Այդ աջակցությունը ներառում է հայցվող Պայմանավորվող կողմի կողմից անցկացվող հարցազրույցը անձի հետ` աջակցության վերաբերյալ դիմումը ստանալուց հետո հնարավորինս կարճ ժամկետներում:

 

Հոդված 3

 

Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունումը

 

1. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, առանց սույն Համաձայնագրում սահմանված ձևականություններից բացի այլ ձևականությունների, հետ է ընդունում հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող երրորդ երկրի բոլոր քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` պայմանով, որ ապացուցված է կամ կարող է հիմնավոր կերպով ենթադրվել, որ այդ անձինք հայցող Պայմանավորվող կողմի պետության մարմինների կողմից հայտնաբերվելու ժամանակ ունեցել են հայցվող Պայմանավորվող կողմի տված մուտքի թույլտվություն:

2. Հայցող Պայմանավորվող կողմը նորից հետ է ընդունում սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձին, եթե հետագա ստուգումները հաստատում են, որ նա, փաստորեն, հայցող Պայմանավորվող կողմի պետության մարմինների կողմից հայտնաբերվելու պահին չի ունեցել հայցվող Պայմանավորվող կողմի տված մուտքի թույլտվություն:

3. Պայմանավորվող կողմը, առանց ձևականության, հետ է ընդունում նաև երրորդ երկրի քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին, ով`

ա) ժամանել է մյուս Պայմանավորվող կողմի պետության սահման առանց մուտքի թույլտվության կամ

բ) անօրինական կերպով մուտք է գործել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ավելի քիչ, քան 6 ամիս առաջ` պայմանով, որ ապացուցված է կամ կարող է հիմնավոր կերպով ենթադրվել, որ սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձը ժամանել է ուղղակիորեն առաջինը նշված Պայմանավորվող կողմի պետության տարածքից: Անձին անհապաղ վերադարձնում են ամենաշուտը մեկնող մատչելի տրանսպորտային միջոցով:

 

Հոդված 4

 

Ճամփորդական փաստաթղթերի տրամադրումը

 

Հետընդունման վերաբերյալ դիմումի կապակցությամբ դրական պատասխանից հետո հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա, անհրաժեշտության դեպքում և հնարավորինս արագ ու ամեն դեպքում առավելագույնը 7 օրվա ընթացքում հետընդունման ենթակա անձին տրամադրում է վերադարձի համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ, որը վավերական է առնվազն 60 օր: Եթե իրավական կամ գործնական պատճառներով համապատասխան անձին հնարավոր չէ փոխադրել նախապես տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում, հայցվող Պայմանավորվող կողմը հնարավորինս արագ և ամեն դեպքում առավելագույնը 7 օրվա ընթացքում տրամադրում է նույն վավերականության ժամկետով ճամփորդական նոր փաստաթուղթ:

 

Հոդված 5

 

Ժամանակահատվածները

 

1. Հայցվող Պայմանավորվող կողմն արձագանքում է հետընդունման վերաբերյալ դիմումին անհապաղ և ամեն դեպքում առավելագույնը 30 օրվա ընթացքում: Դիմումի ցանկացած մերժում պետք է հիմնավորվի:

2. Հայցվող Պայմանավորվող կողմն անհապաղ և ամեն դեպքում առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ընդունում է այն անձին, որի հետընդունման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա այդ ժամանակահատվածը կարող է երկարացվել, եթե որևէ իրավական կամ գործնական խնդիր ծագի:

3. Հետընդունման վերաբերյալ դիմումը պետք է ներկայացվի հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին առավելագույնը 6 ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը տեղեկացել է, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն իր պետության տարածքում գտնվում է առանց թույլտվության: Որևէ իրավական կամ գործնական խնդիր առաջանալու դեպքում այդ ժամանակահատվածը երկարացվում է դիմումի հիման վրա:

 

Հոդված 6

 

 Տարանցման սկզբունքները

 

1. Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից տրված` մուտքի մերժման կամ վտարման որոշման կատարման կապակցությամբ թույլ է տալիս երրորդ երկրի քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին անցնել իր պետության տարածքով` պայմանով, որ առաջիկա ուղևորությունը դեպի նպատակակետ հանդիսացող պետություն երաշխավորված է:

2. Պայմանավորվող կողմերը ջանքեր են գործադրում երրորդ երկրի քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը սահմանափակելու համար՝ այն դեպքերում, երբ այդ անձինք չեն կարող անմիջապես վերադարձվել նպատակակետ հանդիսացող պետություն:

3. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է մերժել տարանցումը` ելնելով հանրային առողջության, ազգային անվտանգության կամ հանրային կարգի պահպանության նկատառումներից:

4. Պայմանավորվող կողմերը կարող են չեղյալ համարել տարանցման ցանկացած թույլտվություն, եթե հետագայում առաջանան կամ հայտնաբերվեն տարանցմանը խոչընդոտող` սույն հոդվածի 3-րդ պարբերությունում վկայակոչված հանգամանքները, կամ եթե առաջիկա ուղևորությունը նպատակակետ հանդիսացող պետություն այլևս երաշխավորված չլինի:

 

Հոդված 7

 

Փոխադրման և տարանցման հետ կապված ծախսերը

 

1. 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված դեպքերում անձի փոխադրման հետ կապված ծախսերը մինչև հայցվող Պայմանավորվող կողմի պետության սահմանը հոգում է հայցող Պայմանավորվող կողմը, եթե ծախսերը չի հոգում տրանսպորտային ընկերությունը: Անհրաժեշտության դեպքում հայցող Պայմանավորվող կողմը հոգում է նաև վերադարձի հետ կապված փոխադրման ծախսերը:

2. Տարանցման հետ կապված ծախսերը, համաձայն 6-րդ հոդվածի, մինչև նպատակակետ հանդիսացող պետության սահմանը և, անհրաժեշտության դեպքում, վերադարձի հետ կապված փոխադրման ծախսերը հոգում է հայցող Պայմանավորվող կողմը:

 

Հոդված 8

 

Տվյալների պաշտպանությունը

 

1. Քանի որ սույն Համաձայնագրի կիրարկման համար անհրաժեշտ է անձնական տվյալներ փոխանակել, ապա այդպիսի տեղեկատվությունը կարող է վերաբերել միայն հետևյալին.

ա) փոխադրման ենթակա անձի և, անհրաժեշտության դեպքում, նրա ընտանիքի անդամների վերաբերյալ մանրամասն տվյալներ, օրինակ` ազգանուն, անուն, հայրանուն (եթե հնարավոր է), ցանկացած նախկին անուն, ծածկանուն կամ կեղծանուն, այլ անուններ, ծննդյան օրը, ամիսը, տարին և վայրը, սեռը, ներկա և նախկին քաղաքացիությունը, ներկա և նախկին հասցեները,

բ) անձնագիր, ճամփորդական փաստաթուղթ, անցաթուղթ (laissez-passer) կամ Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից տրված` ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ,

գ) փոխադրվող անձի ինքնությունը հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ,

դ) երթուղիներ, և

ե) Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ երկրի կողմից տրված` ցանկացած մուտքի թույլտվության նկարագիր:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է.

ա) օգտագործել սույն Համաձայնագրի շրջանակներում ստացած ցանկացած տեղեկատվություն միայն այն նպատակով, որի համար այն նախատեսվել է,

բ) պահպանել հայցվող Պայմանավորվող կողմին փոխանցված ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը և չհայտնել այն երրորդ երկրի, եթե այդ տեղեկատվության հրապարակումը թույլատրված չէ հայցող Պայմանավորվող կողմի կողմից,

գ) պաշտպանել նման տեղեկատվությունը պատահական կորստից, չթույլատրված օգտագործումից, փոփոխելուց կամ բացահայտելուց,

դ) ոչնչացնել նման տեղեկատվությունը հայցող Պայմանավորվող կողմի սահմանած պայմաններին համապատասխան, իսկ եթե այդպիսի պայմաններ չեն սահմանվել, հնարավորինս շուտ այն բանից հետո, երբ այդ տեղեկատվությունը այլևս չի պահանջվում այն նպատակով, որի համար փոխանցվել է:

 

Հոդված 9

 

Կիրարկումը

 

1. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են իրավասու մարմինների և կապն ապահովող անձանց մասին: Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են նաև այդ իրավասու մարմինների կամ կապն ապահովող անձանց փոփոխման մասին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարեխղճորեն քննարկում է մյուս Պայմանավորվող կողմի տրամադրած տվյալները և հետընդունման վերաբերյալ որոշում կայացնում` համաձայն սույն Համաձայնագրի:

3. Իրավասու մարմինները հանդիպում են ըստ անհրաժեշտության և որոշում կայացնում սույն Համաձայնագրի կիրարկման համար անհրաժեշտ գործնական հարցերի մասին: Այդ նպատակով Պայմանավորվող կողմերը կարող են ստեղծել փորձագետների կոմիտե:

 

Հոդված 10

 

Դրույթներ, որոնց վրա Համաձայնագիրը չի տարածվում

 

1. Սույն Համաձայնագրում ոչինչ չի ազդում Պայմանավորվող կողմերի մասնակցությամբ գործող այլ միջազգային պայմանագրերից բխող` Պայմանավորվող կողմերի իրավունքների և պարտավորությունների վրա:

2. Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում այլ պաշտոնական և ոչ պաշտոնական պայմանավորվածությունների համաձայն անձի վերադարձին, հատկապես` կամավոր վերադարձի դեպքերում:

 

Հոդված 11

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 30 օր հետո այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով ստանում են Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին պահանջների կատարման մասին ծանուցումը:

2. Սույն Համաձայնագիրը ստորագրվում է անորոշ ժամկետով:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ ժամանակավորապես կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, բացառությամբ 2-րդ հոդվածի, ելնելով հանրային առողջության, ազգային անվտանգության կամ հանրային կարգի պահպանության նկատառումներից: Կասեցումը կարող է ուժի մեջ մտնել անհապաղ:

4. Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի գրավոր ծանուցմամբ. դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցման օրվանից երեք ամիս հետո:

 

Կատարված է Օսլո քաղաքում 2010 թվականի հունվարի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, նորվեգերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի 26-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան