ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-5-Ո-04
2010 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Գ. ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի, Ս. Օհանյանի,, Հ. Փանոսյանի, Մ. Մակյանի |
մասնակցությամբ դատավոր` |
Գ. Խանդանյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 19.02.2010թ. թիվ N-Կ-2-02/2010 որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
Ըստ եզրակացության`
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, թիվ ԵԿԴ/0063/06/10 քրեական գործի շրջանակներում քննության առնելով ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննիչի միջնորդությունը թիվ 69100910 քրեական գործով մեղադրյալ Հ. Դավթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, 11.02.10թ-ի որոշմամբ այն մերժել է:
Հովհաննես Մովսեսի Դավթյանը ՀՀ քր. օր-ի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ 08.02.2010թ.` ժամը 20-ի սահմաններում, իր կողմից վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 08ՍՏ705 պետհամարանիշի ավտոմեքենայով ԻԻՀ քաղաքացիներ Է. Աշրաֆյանին և Մ. Ադվաիին տեղափոխել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղի մոտ, ապա վերջիններիս կողմից, գյուղի հարակից հայ-թուրքական պետական սահմանով մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ տեղափոխված 9 հատ նկարների շրջանակներում թաքցրած առանձնապես խոշոր չափերի` 6934.2 գրամ հերոին տեսակի թմրամիջոցը ստանալուց հետո, այն ապօրինի պահել է իր ավտոմեքենայում և նրանց հետ միասին ապօրինի փոխադրել Երևան, այսինքն` այդ եղանակով օժանդակել է Է. Աշրաֆյանին և Մ. Ադվաիին իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի հերոին տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և պահելուն: Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկված Հ. Դավթյանի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նշված քանակությունը:
Դատաքննության և ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ընդհանուր իրավասության դատարանը հանգել է այն հետևության, որ առկա չէ հիմնավոր կասկած, որ մեղադրյալ Հ. Դավթյանը կատարել է իրեն մեղսագրված հանցանքը: Չի հիմնավորվել նաև այն, որ Հ. Դավթյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ 1-ին մասով նախատեսված գործողությունները:
12.02.2010թ-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է վերը նշված որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքը, բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2010թ-ի որոշումը և բավարարել նախաքննական մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:
Վերաքննիչ քրեական դատարանը, բեկանելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, իր որոշման հիմքում դրել է հանգամանքները, որ Հ. Դավթյանն անցնում է Ինտերպոլ ԱԲԿ-ի հաշվառումներով, ավտոմեքենայի զննության արդյունքում հայտնաբերվել է համապատասխան թմրամիջոցը, թեև Հ. Դավթյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Ըստ ներկայացված նյութերի առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալ Հ. Դավթյանը կատարել է ՀՀ քր. օր-ի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք:… Նրան վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, սույն գործով հնարավոր կատարվելիք քննչական գործողությունների ծավալը, մեղադրանքի ծավալը փոփոխելու հավանականությունը, բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը:…Մեղադրյալի անձը բնութագրող տվյալները ինքնին չեն կարող վկայել, որ մեղադրյալը չի խոչընդոտի գործի քննությանը, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից»:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով գրությունը, գրությանը կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել, եթե գործի նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը կամ կասկածյալը, գտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներից բխում է, որ «Անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը թույլատրվում է իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում` մեղադրյալին իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում մեղադրյալի կողմից հանցագործության կատարումը կամ հանցագործություն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար», ինչից հետևում է, որ կալանավորման նպատակն է նախաքննության և դատաքննության բնականոն գործընթացի ապահովումը, քրեական գործի բնականոն քննությունը, մեղադրյալի դիմակայության կանխումը, դատավարական գործընթացին նրա մասնակցության ապահովումը:
Ինչպես երևում է դատարան ներկայացված նյութերից, մասնավորապես ավտոմեքենան, ինչպես նաև առարկաները զննելու մասին 08.02.2010թ. արձանագրությունից, Հ. Դավթյանին պատկանող ավտոմեքենայից հայտնաբերվել է «հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որը 09.02.2010թ-ին թիվ 68 փորձագիտական եզրակացության համաձայն` հանդիսանում է «հերոին» տեսակի թմրամիջոց (առանձնապես խոշոր չափերի):
Բացի այդ, ներկայացված նյութերում առկա` ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված դատվածության տեղեկանքի համաձայն` Հ. Դավթյանն անցնում է Ինտերպոլ ԱԲԿ-ի հաշվառումներով:
Վերը նշված հանգամանքների վերլուծության արդյունքում հանգում ենք այն հետևության, որ Հ. Դավթյանին մեղսագրվող հանցավոր արարքի և դեպքին նրա առնչության վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած և գտնվելով ազատության մեջ` նա կարող էր թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց:
Տվյալ պարագայում Հ. Դավթյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, այն է` կանխել քրեական գործի վարույթի ընթացքում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս մի շարք հանգամանքների հետ հաշվի են առնվում նաև վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, իսկ Հ. Դավթյանին մեղսագրվող արարքը, ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի հանաձայն` հանդիսանում է ծանր հանցագործություն:
Այսպիսով, ընդհանուր իրավասության դատարանի հետևությունները հիմնավոր չեն և չեն բխում ներկայացված նյութերից:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը, կից ներկայացված նյութերը, գտել է, որ թիվ ԵԿԴ/0063/06/10 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական իրավունքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանն Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշված է.
«Թիվ 69100910 քրեական գործով ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` մեղադրյալ Հովհաննես Մովսեսի Դավթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վեաբերյալ:
Նախաքննական մարմինը իր միջնորդությունը հիմնավորել էր այն հանգամանքով, որ Հովհաննես Դավթյանը իր` 1992թ. արտադրության «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 08ՍՏ705 համարանիշի ավտոմեքենայով ԻԻՀ քաղաքացիներ Է. Աշրաֆյանին և Մ. Ադվաիին տեղափոխել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղի մոտ, որտեղ վերջիններս, հայ-թուրքական պետական սահմանով մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ տեղափոխված թվով 9 հատ նկարները դնելով Դավթյանի ավտոմեքենան, փոխադրել են Երևան: Ճանապարհին ավտոմեքենան կանգնեցրել են ՀՀ ոստիկանության աշխատակիցները և զննությամբ նկարների շրջանակների մեջ հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերի 6934,2 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
Հ. Դավթյանի արարքը նախաքննական մարմինը որակել է օժանդակություն, և նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Դատաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Հովհաննես Դավթյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունում նշված է միայն օրենքով նախատեսված կալանավորման հիմքերի օրենսդրական ձևակերպումների շարադրանքը, միջնորդությունը չի պատճառաբանվել փաստական հանգամանքների հիման վրա կատարված ողջամիտ ենթադրություններով:
Ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ և դատաքննությամբ պարզ է դարձել նաև, որ մեղադրյալ Դավթյանը եղել է այն տաքսի ավտոմեքենայի վարորդը, որի ծառայություններից օգտվել են մյուս մեղադրյալները: Նա իր այդ ծառայությունների դիմաց ուղևորներից պետք է ստանար որոշակի գումար: Տաքսի ավտոմեքենայում հայտնաբերված և ուղևորներին պատկանող բեռի հետ նրա առնչության վերաբերյալ դատարանին որևէ ապացույց ներկայացված չի եղել (այդ թվում` վարորդի և մյուսների միջև հանցավոր համաձայնություն լինելու մասին):
Հիմնավոր կասկածների գոյությունը ենթադրում է հստակ փաստեր և տեղեկատվություններ, որոնք կհամոզեն անշահախնդիր և օբյեկտիվ դիտորդին, որ տվյալ անձը կարող էր կատարած լինել տվյալ հանցագործությունը: Ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ տաքսի մեքենայի ուղևորներին պատկանող բեռում հայտնաբերված թմրանյութի և ուղևորներին մեղսագրվող հանցավոր արարքի հետ Դավթյանը առնչություն չունի, որից ելնելով էլ դատարանն այդ պահին գտել է, որ հիմնավոր կասկած առկա չէ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված է, որ անձին ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված կասկած առ այն, որ նա կատարել է իրավախախտում, և միայն այդ դեպքում է ազատությունից զրկումը համարվում հիմնավորված և օրինական: Յուրաքանչյուր կասկած պետք է լինի ողջամիտ: Կասկածը հիմնավորված կհամարվի միայն ենթադրվող հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող հիմնավոր փաստաթղթերի ու տեղեկությունների առկայության դեպքում:
Այսինքն` պետք է լինեն ապացույցներ, որ կասկածվող անձի կատարած գործողություններն ուղղակիորեն մատնանշում են նրա առնչությունն իրավախախտմանը:
Այսինքն` ազատությունից զրկումը չպետք է հիմնվի զգացմունքների, բնազդների, ուղղակի տպավորության և նախապաշարմունքների վրա, անկախ նրանից, թե դրանք որքան հիմնավոր կարող են արտահայտել այս կամ այն անձի առնչությունը կատարված իրավախախտմանը:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ արձանագրել է, որ ես թույլ եմ տվել դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, սակայն չի նշել, թե կոնկրետ որ նորմն եմ խախտել, իսկ հետևության մեջ նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանի հետևությունները չեն բխում ներկայացված նյութերից, այդ կապակցությամբ ցանկանում եմ նշել, որ դատարանը նման եզրահանգման է եկել ներկայացված նյութերի հետազոտմամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացուցների գնահատմամբ` հիմնվելով իր ներքին համոզման վրա, որը իմ կարծիքով չի կարող կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսանալ:
Իսկ եթե Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը նկատի է ունեցել, որ դատարանը չի քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված կալանավորման հիմքերի առկայությունը, ապա նշեմ, որ որոշման մեջ այդ հիմքերի առկայությունը ևս քննարկվել է:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված դատվածության տեղեկանքում եղած այն նշումին, որ Դավթյանն անցնում է Ինտերպոլ ԱԲԿ-ի հաշվառումով, նախ ասեմ, որ դատարանի համար անհասկանալի է, թե ինչ հաշվառում է, և դա հիմք չէր նրան կալանավորելու համար:
Այդ կապակցությամբ որևէ ապացույց չի ներկայացրել, և ոչ էլ նախաքննական մարմինն է իր միջնորդության մեջ այդ հանագամանքին անդրադարձել:
Դատարանը ղեկավարվել է ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. 11.02.2010 թվականի որոշմամբ Հ. Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցագործություն կատարելու համար:
2. Մեղադրյալի կողմից վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 08 ՍՏ 705 ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի 6934.2 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:
3. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված դատվածության տեղեկանքի համաձայն` Հ. Դավթյանն անցնում է Ինտերպոլ ԱԲԿ-ի հաշվառումներով:
4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Գ. Խանդանյան) 11.02.2010 թվականի որոշմամբ մերժել է Հ. Դավթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը` պատճառաբանելով, որ առկա չէ հիմնավոր կասկած մեղադրյալի կողմից հանցանքը կատարված լինելու վերաբերյալ:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ 1-ին մասի համաձայն` դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է կալանավորման կիրառման հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է. «Կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Արամ Սեյրանի Ճուղուրյանի վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 23.05.2007թ. որոշման դեմ ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2007թ. թիվ ՎԲ-132 որոշումը):
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներից բխում է, որ «Անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը թույլատրվում է իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում` մեղադրյալին իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում մեղադրյալի կողմից հանցագործության կատարումը կամ հանցագործություն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներով արձանագրել է, որ «հիմնավոր կասկածների գոյությունը ենթադրում է հստակ փաստեր և տեղեկություններ, որոնք կհամոզեն անշահախնդիր և օբյեկտիվ դիտորդին, որ տվյալ անձը կարող էր կատարած լինել տվյալ հանցագործությունը» (տե՛ս Յագսինն ու Սաժինն ընդդեմ Թուրքիայի գործով ՄԻԵԴ վճիռը):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս մի շարք հանգամանքների հետ հաշվի են առնվում նաև վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, մեղադրյալի անձը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանը կալանքի կիրառումը մերժել է` պատճառաբանելով, որ առկա չէ հիմնավոր կասկած, որ Հ. Դավթյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը:
Մինչդեռ Խորհուրդը գտնում է, որ մեղսագրվող արարքին Հ. Դավթյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին է վկայում այն, որ նրան պատկանող ավտոմեքենայի զննության արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 6934.2 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Ինչպես նաև այն, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որի համար նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով յոթից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, և նաև այն, որ Հ. Դավթյանն անցնում է Ինտերպոլ ԱԲԿ-ի հաշվառումներով:
Վերաքննիչ քրեական դատարանը, 12.02.2010թ. բեկանելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, արձանագրել է. «Ըստ ներկայացված նյութերի առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալ Հ. Դավթյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք:… Նրան վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, սույն գործով հնարավոր կատարվելիք քննչական գործողությունների ծավալը, մեղադրանքի ծավալը փոփոխելու հավանականությունը, բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը:…Մեղադրյալի անձը բնութագրող տվյալները ինքնին չեն կարող վկայել, որ մեղադրյալը չի խոչընդոտի գործի քննությանը, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից»:
Տվյալ պարագայում Հ. Դավթյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի, 135-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանի հետևությունները հիմնավոր չեն, չեն բխում ներկայացված նյութերից, ինչի արդյունքում դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Կ. Բաղդասարյան Ա. Թումանյան
Մ. Մարտիրոսյան Մ. Մակյան Տ. Բարսեղյան Ս. Օհանյան |