Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-881
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.05.12/11(363).1 Հոդ.494
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

4 մայիսի 2010 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 55-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 13-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Վարդան Հարությունյանի դիմումի հիման վրա` «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Վ. Հարությունյանի` 16.02.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Դատախազության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի փետրվարի 22-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի մարտի 29-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 1-ից:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի` «Դատախազների վարձատրությունը» վերտառությամբ 55-րդ հոդվածի 13-րդ մասը սահմանում է. «Դասային աստիճան ունեցող դատախազները ստանում են հավելավճար` դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված դասային աստիճանի նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողը 1974 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 1997 թվականի հունիսի 10-ը ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում: 1997 թվականի հունիսի 11-ից մինչև 2007 թվականի մայիսի 25-ն աշխատել է ՀՀ դատախազության համակարգում և զբաղեցրել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Երևանի կայազորի դատախազության ավագ քննիչի, դատախազի օգնականի և դատախազի պաշտոններ: 2007 թվականի մայիսի 25-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և անցել երկարամյա ծառայության կենսաթոշակի` «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 66-րդ հոդվածի 9-րդ կետի և 40-րդ հոդվածի 1-15-րդ մասերով սահմանված պայմաններով:

«Դատախազության մասին» ՀՀ գործող օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և «Դատախազության մասին» ՀՀ գործող օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի կարգով 2008 թվականի հունվարի 1-ից նրա կենսաթոշակը վերահաշվարկվել է:

Պարզելով, որ «Դատախազության մասին» ՀՀ գործող օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի ուժով կիրառվել է, իր կարծիքով` «երկակի չափանիշ», այն է` կենսաթոշակի չափը որոշելիս դատախազության աշխատողի ստաժում ներառվել է ամբողջ աշխատանքային ստաժը` ինչպես իրավաբանի մասնագիտական ստաժը, այնպես էլ դատախազությունում ծառայության ժամանակահատվածը (36 տարի 6 ամիս 25 օր), իսկ աշխատավարձի հաշվարկի ժամանակ` միայն այն ժամանակահատվածը, որն առնչվում է միայն դատախազությունում աշխատած ժամանակահատվածին (9 տարի 12 ամիս 23 օր), դիմողը 25.08.2008 թվականին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` իր ստաժի վերահաշվարկ կատարելու խնդրանքով:

Այնուհետև դիմողը դիմել է ՀՀ վարչական դատարան` ի թիվս այլոց, ՀՀ դատախազությանը երկարամյա ծառայության կենսաթոշակը վերահաշվարկելուն պարտավորեցնելու պահանջով, ինչը ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռով մերժվել է:

Վերը նշված վճռի դեմ դիմողը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս` վերահաստատելով ՀՀ վարչական դատարանի եզրահանգումները, իր` 29.07.2009թ. որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը:

3. Դիմողը «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթում «դատախազի, դատավորի և դատախազության քննիչի» բառակապակցությունը դիտարկելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթի համատեքստում` գտնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 6, 14.1., 34 և 42-րդ հոդվածներին:

Վիճարկվող դրույթի` Սահմանադրության 14.1-րդ հոդվածին հակասելու առնչությամբ դիմողը, ելնելով իր այն դիրքորոշումից, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթում «դատախազ», «դատավոր», «դատախազության քննիչ» արտահայտությունները վերաբերում են իրավաբանի մասնագիտությանը, գտնում է, որ վիճարկվող դրույթը ներառում է ոչ միայն դատախազի, դատավորի և դատախազության քննիչի աշխատանքային ստաժը, այլ նաև իրավաբանի մասնագիտական ստաժը: Մինչդեռ, ըստ դիմողի, նշված դրույթում ներառելով միայն դատախազի, դատավորի և դատախազության քննիչի աշխատանքային ստաժը` օրենսդիրը խտրական վերաբերմունք է ցուցաբերում այն դատախազների նկատմամբ, ովքեր աշխատել են որպես փաստաբան, քննիչ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և տարբեր կազմակերպություններում` իրավաբան: Ըստ դիմողի` «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքով նշված անձանց աշխատանքը ներառվում էր իրավաբանի մասնագիտական ստաժում:

Վիճարկվող դրույթի` Սահմանադրության 34-րդ հոդվածին հակասելու առնչությամբ դիմողը, ելնելով իր այն դիրքորոշումից, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը ներառում է իրավաբանի մասնագիտական ստաժը, մինչդեռ վիճարկվող դրույթը որպես իրավաբանի մասնագիտական ստաժ է դիտարկում միայն դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոններում աշխատած ժամանակահատվածը, գտնում է, որ վիճարկվող դրույթն արհեստականորեն դուրս է թողնում փաստաբանի, քննիչի, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և տարբեր կազմակերպություններում` իրավաբանի պաշտոններում աշխատած ժամանակահատվածը` վատթարացնելով այն դատախազների կենսամակարդակը, որոնք նախկինում զբաղեցրել են վերը նշված պաշտոնները:

Վիճարկվող դրույթի` Սահմանադրության 42-րդ հոդվածին հակասելու առնչությամբ դիմողը, ելնելով իր այն դիրքորոշումից, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը ներառում է իրավաբանի մասնագիտական ստաժը, մինչդեռ վիճարկվող դրույթը որպես իրավաբանի մասնագիտական ստաժ է դիտարկում միայն դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոններում աշխատած ժամանակահատվածը, գտնում է, որ վիճարկվող դրույթը վատթարացնում է որոշ դատախազների իրավական վիճակը, քանի որ հաշվի չի առնում տվյալ դատախազների` փաստաբանի, քննիչի, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և տարբեր կազմակերպություններում` իրավաբանի պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

Բացի դրանից, դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը թույլ է տալիս աշխատանքային ստաժի նկատմամբ ցուցաբերել երկակի մոտեցում, այն է` կենսաթոշակի չափը որոշելիս դատախազության աշխատողի ստաժում ներառել ամբողջ աշխատանքային ստաժը` ինչպես իրավաբանի մասնագիտական ստաժը, այնպես էլ դատախազությունում ծառայության ժամանակահատվածը, իսկ աշխատավարձի հաշվարկի ժամանակ` միայն այն ժամանակահատվածը, որն առնչվում է միայն դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոններում աշխատած ժամանակահատվածին:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ վիճարկվող դրույթը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես խտրականություն: Հասարակական կյանքի տարբեր ոլորտների, այդ թվում` նաև սոցիալական ապահովության ոլորտի իրավական կարգավորման տարբերակված մոտեցման առկայությունը թույլատրելի է, եթե տարբերակման չափանիշներն օբյեկտիվորեն արդարացված և հիմնավորված են, հետապնդում են սահմանադրորեն նշանակալի նպատակներ, և այդ նպատակներին հասնելու իրավական միջոցները համաչափ են դրանց: Ըստ պատասխանողի` դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` դասային աստիճան ունեցող դատախազների համար հավելավճարի սահմանումը պայմանավորված է վերջիններիս գործունեության բնույթով, նրանց իրավասությամբ, հիմնավորված է և չի կարող դիտվել որպես օրենքի առաջ բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի խախտում: Պատասխանողն այս մոտեցումը հիմնավորելու համար վկայակոչում է «Աշխատանքի վարձատրության մասին» 2001թ. սեպտեմբերի 11-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմը:

Ինչ վերաբերում է վիճարկվող դրույթի` ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածին ենթադրյալ հակասությանը, ապա պատասխանողը` վկայակոչելով սահմանադրական դատարանի 2006թ. սեպտեմբերի 20-ի ՍԴՈ-647 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը, գտնում է, որ վեճի առարկան չի առնչվում այդ սահմանադրական նորմին:

Պատասխանողն անհիմն է համարում դիմողի պնդումն այն մասին, որ դատախազի սոցիալական ապահովության պայմանները սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն մասնագիտական ստաժը, որը հաշվարկվել է վերջինիս պաշտոնում նշանակելիս: Այս առնչությամբ պատասխանողը տրամաբանական է համարում, որ պաշտոնում նշանակելիս ներկայացվող պահանջները և դատախազների սոցիալական ապահովության հարցերը կարգավորելիս դրա հիմքում դրվող չափանիշները կարող են տարբերվել: Մասնավորապես, օրենքով հավելավճար կարող է սահմանվել որոշակի կատեգորիայի անձանց համար, հաշվի առնելով նրանց աշխատանքային կամ մասնագիտական առանձնահատկությունները:

Վիճարկվող դրույթի` ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասին ենթադրյալ հակասության առնչությամբ վկայակոչելով սահմանադրական դատարանի 2008թ. հունվարի 15-ի ՍԴՈ-723 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը` պատասխանողը գտնում է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում տրված իրավակարգավորումը լիովին համապատասխանում է սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշմանը:

5. Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից:

Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում պարզել, թե արդյոք դատախազներին դասային աստիճանի համար տրվող հավելավճարը հաշվարկելիս տվյալ դատախազի կողմից նախկինում որպես դատավոր աշխատած տարիները հաշվի առնելն ունի օբյեկտիվ հիմք և իրավաչափ նպատակ: Այդ կապակցությամբ հարկ է պարզել դասային աստիճանի բնույթը և նպատակը:

Դատախազներին շնորհվող դասային աստիճանը ցույց է տալիս դատախազի որակավորման աստիճանը: Որակավորումը, իր հերթին, բնութագրում է դատախազի` տվյալ բնագավառում աշխատանքային փորձը և հմտությունները, որից էլ կախված է դատախազի աշխատանքի վարձատրության չափը: Հետևաբար, դատախազներին դասային աստիճանի համար տրվող հավելավճարը հաշվարկելիս միայն որպես դատախազ աշխատած տարիները հաշվի առնելն ունի օբյեկտիվ հիմք և իրավաչափ նպատակ:

Ինչ վերաբերում է հավելավճարը հաշվարկելիս նաև որպես դատախազության քննիչ աշխատած տարիները հաշվի առնելուն, որը սահմանված է վիճարկվող դրույթով, սահմանադրական դատարանը գտնում է, որ այդպիսի պահանջը ևս ունի օբյեկտիվ հիմք և իրավաչափ նպատակ: Դա պայմանավորված է օրենքի հետադարձ ուժի մերժման և լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի սկզբունքներով: Նշված սկզբունքները պահպանելու անհրաժեշտությամբ թելադրված` օրենսդիրը «Դատախազության մասին» գործող օրենքն ընդունելիս հաշվի է առել այն հանգամանքները, որ «Դատախազության մասին» նախկին օրենքով.

- դատախազության քննիչի և դատախազի պաշտոնները վերաբերել են միևնույն բնագավառին` դատախազական գործունեությանը,

- դատախազության քննիչին և դատախազին շնորհվել են միևնույն դասային աստիճանները,

- վերը նշված հանգամանքներով պայմանավորված` դատախազության քննիչի և դատախազի պաշտոնները գործառնական առումով համակարգային ընդհանրություն ունեցող պաշտոններ են:

Ավելին, օրենքի հետադարձ ուժի մերժման և լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի սկզբունքները պահպանելու անհրաժեշտությամբ թելադրված` օրենսդիրը «Դատախազության մասին» գործող օրենքն ընդունելիս «դատախազ» եզրույթում ներառել է նաև դատախազի նախկին ավագ օգնականներին և օգնականներին, որոնց պաշտոնները վերանվանվել են որպես համապատասխան դատախազության դատախազներ և ավագ դատախազներ: Օրենսդիրը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ 2007 թվականի դեկտեմբերի 1-ից դատախազության քննիչների ինստիտուտը դատախազության համակարգից հանվել է:

Ինչ վերաբերում է դատախազին դասային աստիճանի համար տրվող հավելավճարը հաշվարկելիս որպես դատավոր աշխատած տարիները հաշվի առնելու հիմքի օբյեկտիվությանը և նպատակի իրավաչափությանը, սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել, որ որակավորման առումով դատավորի և դատախազի պաշտոններին օրենսդրորեն ներկայացվում են գրեթե համանման պահանջներ, որոնք զգալիորեն տարբերվում են ընդհանրապես իրավաբանի մասնագիտությանը ներկայացվող պահանջներից: Բացի դրանից, նոր իրավակարգավորման ժամանակ նախկին իրավակարգավորմամբ սահմանված սուբյեկտների կազմը չի նեղացվել, իսկ դրա ընդլայնման կարգի ու շրջանակների որոշումն օրենսդրի իրավասության հարցն է: Անհիմն է դիմողի դիրքորոշումը նաև այն առնչությամբ, որ վիճարկվող դրույթի առկա ձևակերպումը թույլ է տալիս աշխատանքային ստաժի նկատմամբ ցուցաբերել երկակի մոտեցում: Աշխատավարձը և կենսաթոշակը փոխկապակցված, սակայն տարբեր ինստիտուտներ են, որոնց իրավակարգավորման չափանիշները նույնպես կարող են տարբեր լինել: Դրանով են պայմանավորված նաև կենսաթոշակի նշանակման տարբերակված մոտեցումները տարբեր մասնագիտությունների համար:

Իսկ ինչ վերաբերում է դասային աստիճան ունեցող դատախազների համար` դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիներից ելնելով հավելավճարի սահմանմանը, ապա դա հենց այս պաշտոնների համար նախատեսված սոցիալական անկախության երաշխիք է և որևէ առնչություն չունի Սահմանադրության 14.1-րդ հոդվածի առաջին մասով սահմանված` օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի հետ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը ենթադրում է օրենքի առջև հավասար պատասխանատվության, պատասխանատվության անխուսափելիության և իրավական պաշտպանության հավասար պայմանների ապահովում, և չի առնչվում իրավական տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտների համար որևէ իրավաչափ նպատակով պայմանավորված նախադրյալներ` տվյալ դեպքում սոցիալական անկախության երաշխիքներ նախատեսելու կամ իրավունքի տվյալ կատեգորիայի սուբյեկտների համար լրացուցիչ պարտականություններ սահմանելուն:

6. Սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև կենսաթոշակային հարաբերությունների բնագավառում Սահմանադրության 34-րդ հոդվածի կիրառելիության հարցին:

Կենսաթոշակային ապահովության իրավունքը` սահմանված Սահմանադրության 37-րդ հոդվածով, և բավարար կենսամակարդակի իրավունքը` սահմանված Սահմանադրության 34-րդ հոդվածով, թեպետև իրենց բնույթով դասվում են սոցիալական իրավունքների շարքին, այնուամենայնիվ, դրանք տարբեր իրավունքներ են, վերաբերում են տարբեր կատեգորիայի անձանց, և այդ իրավունքները Սահմանադրությամբ տարանջատված են: Սահմանադրության 37-րդ հոդվածով նախատեսված` կենսաթոշակային ապահովության իրավունքը վերապահված է հասարակության` սոցիալապես առավել խոցելի խմբերին: Օրենսդիրն այդ խմբերի ներկայացուցիչներին դիտարկում է որպես աշխատունակության լրիվ կամ մասնակի կորուստ ունեցողներ, որոնք դրա հետևանքով չեն կարող սեփական աշխատանքով իրենց և իրենց ընտանիքների համար ապահովել բավարար կենսամակարդակ: Դրա հետևանքով պետությունն իր սոցիալական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով նշված խմբերի համար սահմանել է կենսաթոշակային ապահովության իրավունք: Կենսաթոշակային իրավունքի նպատակն անձի համար ոչ թե բավարար, այլ նվազագույն կենսամակարդակ ապահովելն է:

Հետևաբար, Սահմանադրության 34-րդ հոդվածով սահմանված` բավարար կենսամակարդակի իրավունքն ապահովելու` պետության պարտականությունը, նախ` չի վերաբերում սոցիալապես խոցելի խմբերին, և, երկրորդ` այն հանդես է գալիս որպես նորմ-սկզբունք, որը յուրաքանչյուր պետություն, ելնելով իր տնտեսական հնարավորություններից, այնպես, ինչպես սահմանված է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասում, պարտավոր է ապահովել աշխատունակ, այլ ոչ թե աշխատունակության լրիվ կամ մասնակի կորուստ ունեցող քաղաքացիների համար:

7. Հիմք ընդունելով դիմումում բարձրացված հարցադրումները` կապված օրենքի հետադարձ ուժի արգելման սկզբունքի հետ, սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական դատարանի 2008թ. հունվարի 15-ի ՍԴՈ-723 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են սույն գործի նկատմամբ:

Սահմանադրական դատարանն իր` 2008թ. հունվարի 15-ի ՍԴՈ-723 որոշման 8-րդ կետում գտել է, որ` «...օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում՝ արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա: Եթե օրենքն արդեն սահմանել է կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակի չափը և վճարման պայմանները, պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը:...»:

Սույն գործի քննության շրջանակներում զարգացնելով իր` 2008թ. հունվարի 15-ի ՍԴՈ-723 որոշման 8-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքի տեսանկյունից սահմանադրական դատարանի վերը նշված որոշման մեջ ամրագրված հինգ պայմաններից չորսը` կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի չափը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակային իրավունքի պարտադիր տարրեր են: Ընդ որում, ՍԴՈ-723 որոշման 8-րդ կետում ամրագրված` կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանների ներքո սահմանադրական դատարանը նկատի է ունեցել կենսաթոշակի ձեռքբերման արտոնյալ պայմանները: Ինչ վերաբերում է վերջին տարրին` կենսաթոշակի վճարման պայմաններին, ապա այն ֆակուլտատիվ տարր է և կախված է կենսաթոշակի նախկինում սահմանված կամ նշանակված չափից: Այսինքն` այդ տարրը կարող է դառնալ պարտադիր տարր միայն այն դեպքում, երբ կենսաթոշակային իրավահարաբերությունների նոր համակարգ սահմանելիս նվազեցվում է նախկինում սահմանված կամ նշանակված կենսաթոշակի չափը:

«Դատախազության մասին» ՀՀ նախկին և գործող օրենքների համեմատական վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործող օրենքի վիճարկվող դրույթը չի վերացնում մինչ այդ գոյություն ունեցող կենսաթոշակի տեսակը, չի սահմանափակում մինչ այդ սահմանված կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, չի նվազեցնում մինչ այդ սահմանված կենսաթոշակի չափը, չի առնչվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

4 մայիսի 2010 թ.

ՍԴՈ-881