Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ՝ Համաձայնագրի մասնակիցներ,
նկատի ունենալով արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը, որոնց հետևանքները չեն կարող վերացվել Համաձայնագրի մասնակիցներից մեկի ուժերով և միջոցներով, և այդ կապակցությամբ համակարգված գործողությունների անհրաժեշտությունը,
հաշվի առնելով բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների անդրսահմանային ազդեցության հնարավորությունը, որը պահանջում է դրանց կանխման և հետևանքների վերացման համաձայնեցված գործողությունների իրականացում,
ընդունելով արտակարգ իրավիճակների կանխմանը և հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումների իրականացման համար վթարային-փրկարարական ուժերի, նյութատեխնիկական, բժշկական, պարենամթերային, ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը,
ձգտելով արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման հիմնախնդիրների լուծման ժամանակ գիտատեխնիկական հարաբերությունների պահպանմանը և զարգացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագիրը սահմանում է բնական աղետների, տեխնածին վթարների և աղետների հետևանքով ծագող արտակարգ իրավիճակների կանխմանն ու հետևանքների վերացմանը մասնակցության և փոխգործակցության իրականացման կարգը:
Հ ո դ վ ա ծ 2
Համաձայնագրի մասնակիցների փոխգործակցության հիմնական սկզբունքներն են.
արտակարգ իրավիճակների կանխման և դրանց ժամանակ գործողության համար նախատեսված համակարգերի և մարմինների ինտեգրացիա` ներառյալ նման իրավիճակներում գործողությունների ազգային ծրագրերի համակարգվածությունը,
օրենսդրության նորմերի մերձեցում և համաձայնագրերի մշակում, որոնք անհրաժեշտ են հատուկ բնագավառներում փոխգործակցության և համագործակցության համար,
միջազգային կազմակերպություններում համատեղ գործողությունների իրականացում և մասնակցություն համապատասխան ուղղվածության միջազգային ծրագրերում,
Համաձայնագրի մասնակցի պատասխանատվությունը արտակարգ իրավիճակի առաջացման և հետևանքների համար,
արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ կանխիչ գործողությունները,
ներպետական մակարդակով որոշման ընդունման ինքնուրույնությունը:
Հ ո դ վ ա ծ 3
Համաձայնագրի մասնակիցները իրականացնում են փոխգործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.
արտակարգ իրավիճակների կանխմանն ու հետևանքների վերացմանն ուղղված փոխգործակցության համակարգի ստեղծման և կատարելագործման աշխատանքների համակարգում (կազմակերպում),
արտակարգ իրավիճակների կանխման հարցերով միջպետական նպատակային և գիտատեխնիկական ծրագրերի մշակում և իրագործում` ներառյալ բնակչության, նյութական և մշակութային արժեքների, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը,
հսկողություն ներունակ վտանգավոր օբյեկտների, շրջակա միջավայրի վիճակի նկատմամբ, արտակարգ իրավիճակների առաջացման և դրանց մասշտաբների կանխատեսում,
փոխադարձ ծանուցում ներունակ վտանգավոր օբյեկտների և շրջակա միջավայրի վիճակի, առաջացող արտակարգ իրավիճակների, դրանց զարգացման ընթացքի և հնարավոր հետևանքների, դրանց վերացման համար ձեռնարկվող միջոցառումների մասին,
արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում և Համաձայնագրի մասնակիցների տարածքներում տուժած բնակչության տեղավորման համար միջոցների ձեռնարկում,
արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման հարցերով մասնագետների պատրաստում և որակավորման բարձրացում:
Հ ո դ վ ա ծ 4
Համաձայնագրի մասնակիցները մշակում և իրագործում են միջպետական նպատակային և գիտատեխնիկական ծրագրեր, որոնք համաձայնեցվում և հաստատվում են Համաձայնագրի այն մասնակիցների կողմից, ովքեր մասնակցում են դրանց իրագործմանը:
Հ ո դ վ ա ծ 5
Համաձայնագրի մասնակիցները միմյանց տրամադրում են տեղեկություններ ուժերի և միջոցների մասին, որոնք կարող են օպերատիվ կերպով ներգրավվել Համաձայնագրի մասնակիցների տարածքներում վթարային-փրկարարական աշխատանքների անցկացման համար՝ համապատասխան հարցում ստանալու դեպքում:
Համաձայնագրի մասնակիցը բնական և տեխնածին բնույթի խոշորածավալ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում կարող է անհրաժեշտ օգնության համար դիմել Համաձայնագրի մյուս մասնակիցներին՝ նշելով հարցվող օգնության կոնկրետ տեսակները և ծավալները:
Օգնության համար ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարությունը իրականացնում է Համաձայնագրի այն մասնակիցը, որի տարածքում իրականացվում են վթարային-փրկարարական աշխատանքները:
Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը, կենսաապահովման հարցերի լուծմանն ուղղված ջանքերի ավելացման համար այլ ուժերի և միջոցների ներգրավման անհրաժեշտության դեպքում Համաձայնագրի մասնակիցները մշակում և Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդին են ներկայացնում համապատասխան առաջարկություններ:
Համաձայնագրի մասնակիցների ուժերը և միջոցները ներգրավվում են վթարային-փրկարարական, վթարային-վերականգնողական և այլ աշխատանքների կատարման համար՝ օգնություն հայցող Կողմի հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով կամ այլ համաձայնեցված ձևով:
Հ ո դ վ ա ծ 6
Համաձայնագրի մասնակիցները պարտավորվում են միմյանց օպերատիվ կերպով սույն Համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել:
Հ ո դ վ ա ծ 7
Արտակարգ իրավիճակի արդյունքում պատճառված վնասի համար պատասխանատվությանը վերաբերող կարգը, կանոնները և ընթացակարգերը կկարգավորվեն առանձին համաձայնագրով:
Հ ո դ վ ա ծ 8
Համաձայնագրի մասնակիցները սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ վեճերը կարգավորում են բանակցությունների կամ, իրենց ընտրությամբ, այլ խաղաղ միջոցների օգնությամբ:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագրի դրույթների գործնական իրագործման նպատակներով ստեղծվում է Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհուրդ՝ բաղկացած Համաձայնագրի մասնակիցների լիազոր ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր պետությունից մեկական:
Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհուրդը իր աշխատանքում ղեկավարվում է Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի հաստատած Կանոնակարգով:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության բոլոր մասնակից պետությունների ստորագրման համար:
Սույն Համաձայնագրին, նրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, կարող է միանալ ցանկացած այլ պետություն:
Հ ո դ վ ա ծ 11
Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է դուրս գալ Համաձայնագրից՝ համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին: Նման մասնակցի համար Համաձայնագրի գործողությունը դադարում է վերոհիշյալ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից 12 ամիս հետո:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Կատարված է Մինսկ քաղաքում 1993 թվականի հունվարի 22-ին, մեկ բնօրինակով` ռուսերենով: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվում, որը դրա հաստատված պատճենները կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հունվարի 22-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|