ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2010 թվականի N 448-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մայիսի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 448-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
Հայաստանի տնտեսությունը վերջին տասնամյակում աճել է չափազանց բարձր տեմպերով, որը հանգեցրել է զարգացման և աղքատության զգալի կրճատման: Այդուհանդերձ, Հայաստանի տնտեսությունը դեռևս թույլ է, բնակչության մի զգալի հատվածի բարեկեցությունը և բավարարվածությունը` ցածր, իսկ գործարարությունը` համաշխարհային շուկաներում ոչ մրցունակ: Տնտեսական աճը մեծ մասամբ հիմնված է փոքրաթիվ, ոչ արտադրողական և ոչ արտահանելի ճյուղերի վրա:
Թեև երկիրը հետևողականորեն և հաջողությամբ իրականացրել է առաջին սերնդի բարեփոխումները, որոնք աճի և հետագա զարգացման համար լուրջ հիմքեր են ստեղծել, այդուհանդերձ, դրանք մեր ճանապարհի առաջին հատվածն են միայն: Մեկնարկված երկրորդ սերնդի բարեփոխումները շատ ավելի հավակնոտ են և պետք է ապահովեն առավել մեծ արդյունքներ:
Անհրաժեշտ է կառուցել համաշխարհային շուկաներում ինտեգրված, մրցունակ և բարձր արտադրողականություն ապահովող տնտեսություն: Բարձր արտադրողականությունը կերաշխավորի լրացուցիչ կապիտալ հոսքերի ներգրավումը, և տնտեսության ազատականացումը կդառնա անդառնալի և հարատև: Սա ամենևին էլ պարզ խնդիր չէ, սակայն ազգային անվտանգության և գոյության նախապայմանն է:
Ռիսկերը, վտանգները և սահմանափակումները
Հայաստանի տնտեսության համակողմանի վերլուծությունը, ինչպես նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության գնահատումը թույլ է տալիս առանձնացնել այն ռիսկերն ու վտանգները, որոնք լրջորեն սահմանափակում են ազգային անվտանգության ռազմավարության ներքո դրված տնտեսական նպատակների իրագործումը: Մասնավորապես`
1) ներքին պահանջարկի բավարարման գործում արտաքին աղբյուրներից կախվածության ավելացումը.
2) տնտեսության ռեսուրսատար վարքագծի խորացումը և տնտեսական աճի ապահովումը ոչ արտահանելի ոլորտների հաշվին.
3) արտահանման համեմատ ներմուծման ծավալների առավել բարձր տեմպերով աճի միտումը և արտահանման դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը.
4) տեխնոլոգիական, արտադրողականության և ինովացիոն զարգացման մակարդակի խզվածքի խորացումը.
5) տարածքային ներկայիս անհամաչափ զարգացումը.
6) կրթական, ֆիզիկական, ֆինանսական ենթակառուցվածքների և ներքին խնայողությունների ոչ ադեկվատ զարգացումը:
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ծրագիրը (ծրագիր), հաշվի առնելով այս ռիսկերն ու սահմանափակումները, մանրամասն անդրադառնում է նշված նպատակադրումների իրականացման քաղաքականություններին` ներկայացնելով յուրաքանչյուրի ուղղությամբ առկա մարտահրավերները, թիրախները, լուծումներն ու համապատասխան միջոցառումները:
II. Տնտեսական աճի պլանավորումը
1. Տնտեսական աճի ռազմավարությունն ուղղված է հնարավորինս կարճ ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (այսուհետ` ՀՆԱ) առաջանցիկ աճին` նպատակ դնելով ապահովելու եկամուտների առումով վերջին տարիներին Եվրոպական Միությանը (այսուհետ` ԵՄ) անդամակցած երկրներին համարժեք կենսամակարդակ Հայաստանի բնակչության համար:
2. Մարտահրավերներ
1) տնտեսական քաղաքականության շրջանակը չի ներառում դրված երկարաժամկետ նպատակների նկատմամբ սցենարային կանխատեսումներ, չի կանխատեսվում նաև արտաքին շոկերի ազդեցությունը տնտեսական քաղաքականության և աճի վրա.
2) տնտեսական քաղաքականության շրջանակը պետք է լրացվի միկրոտնտեսական կանխատեսումներով, որպեսզի հնարավոր լինի առավել հստակ գնահատել իրականացվող տարբեր ծրագրերի ազդեցությունը տնտեսական աճի և դրա կառուցվածքային փոփոխությունների վրա:
3. Թիրախներ
1) փոխկապակցված և վարքագծային կապերի վրա հիմնված տնտեսական քաղաքականության շրջանակ.
2) տնտեսական զարգացման նպատակների իրականացման քանակական գնահատում և այդ արդյունքներին հասնելու շուրջ հասարակության համաձայնություն:
4. Լուծումներ
1) տնտեսական քաղաքականության շրջանակի ամբողջականացում և երկրի կայուն զարգացման տեսլականի շուրջ համաձայնության կառուցում.
2) ռազմավարության ներքո իրականացվող քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացում` միջնաժամկետ սահմանափակումների (բարեփոխումների «գին») և երկարատև օգուտների վերաբերյալ պատկերացումների ձևավորման, պարբերաբար հրապարակվող հետազոտական աշխատանքների միջոցով:
5. Միջոցառումներ
Միջոցառումը |
Նպատակը, ակնկալվող արդյունքը |
Ժամ-կետը |
Ֆինանսական |
Երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականի և տնտեսական քաղաքականության շրջանակի ամբողջականացում |
ՀՀ ապագա տնտեսական զարգացման թիրախների շուրջ համաձայնության ձեռքբերում: Տնտեսական ընդհանուր հավասարակշռության մոդելներ. հստակ կանխատեսված տնտեսական ցուցանիշներ, բացահայտված շեղումներ և շոկերի բացատրություն |
2010 թ. |
ՀՀ պետական բյուջե, ԵՄ, միջազգային, հասարակական և այլ կազմակերպու-թյուններ |
III. Տնտեսության երկարաժամկետ կառուցվածքային փոփոխությունները
6. Տնտեսության կառուցվածքային փոփոխությունները կընթանան տնտեսական աճի թիրախավորմանը և նպատակադրմանը համապատասխան: Ակնհայտորեն թիրախավորված ՀՆԱ-ի աճը պետք է ուղղորդվի Հայաստանում ծառայությունների զգալիորեն ավելի բարձր աճի տեմպերով:
Համաշխարհային գլոբալ զարգացումների համատեքստում պատշաճ մրցունակության մակարդակ Հայաստանը կարող է ապահովել հստակ մշակված և ամբողջական շղթայով գործող արդյունաբերական քաղաքականության իրականացման պայմաններում: Սա հնարավորություն կստեղծի Հայաստանի, որպես զարգացած արդյունաբերական երկրի, վարկանիշի ձևավորման և ամրապնդման համար:
Տնտեսության զարգացման նպատակադրումների ներքո բարձր ավելացված արժեք ձևավորող և տեխնոլոգիական բարդ լուծումներ ու գիտելիքներ պահանջող ծառայությունների աճը տնտեսության կառուցվածքային ճիշտ փոխակերպման նախապայման է: Հայաստանում դրանք կուղղորդվեն ֆինանսական, խորհրդատվական, բժշկական և զբոսաշրջության ոլորտներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն օժանդակելու առումով անելիքներ ունի այդ բոլոր ոլորտներում, սակայն ուղղակի պատասխանատվություն է կրում զբոսաշրջության համար:
7. Մարտահրավերներ
1) Հայաստանի արդյունաբերությունը պետք է նոր, բարձրորակ ներդրումների միջոցով ձերբազատվի խորհրդային ժամանակից ժառանգած ռեսուրսատար վարքագծից: Պարզ սպառմանն ուղղված արդյունք արտադրելու համար տեխնոլոգիաների ներմուծումից պետք է անցում կատարվի տեխնոլոգիապես հասուն արդյունաբերության.
2) արտադրության մեջ ցածր արտադրողականություն և շահագործման արդյունավետություն, ինչպես նաև բարձր էներգատարություն ունեցող ոչ արդիական տեխնոլոգիաները պետք է փոխարինվեն նորերով.
3) տնտեսական զարգացման նպատակադրումները պահանջում են բարձրարժեք ծառայությունների տեսականու էապես ավելացում, որոնց որակը կհամապատասխանի միջազգային չափանիշներին.
4) գլոբալ զարգացումներին համընթաց երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը տնտեսության բոլոր բնագավառներում արտադրողականության համընդհանուր աճի և գիտելիքահենք տնտեսության կայացման նախապայման է.
5) Հայաստանն ունի չօգտագործված մեծ հնարավորություններ զբոսաշրջության ոլորտում և՛ որպես տարածքային քաղաքականության իրականացման գործիք, և՛ որպես բարձրորակ ծառայությունների մատուցման հաշվին տնտեսական աճին նպաստող արդյունք:
8. Թիրախներ
1) միջին ժամկետում ռեսուրսատար զարգացման փուլից (Համաշխարհային տնտեսական ֆորումի դասակարգմամբ) անցում ներդրումային զարգացման փուլ, որի ընթացքում պետք է ռեսուրսներ ներգրավել նորագույն և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման նպատակով, ինչը թույլ կտա ապահովել դիվերսիֆիկացված արտադրություն.
2) երկար ժամկետում անցում գիտելիքահենք զարգացման փուլ` ապահովելով առևտրայնացվող գյուտերի, նորարարական տեխնոլոգիաների առկայություն և զարգացած շուկաներում մրցունակ նոր արտադրատեսակներ.
3) հանքահումքային և քիմիական արդյունաբերությունում բարձր արտադրողականության մակարդակ և մեծ ավելացված արժեքի ստեղծում, բարձր տեխնոլոգիական մակարդակով գործող խոշոր կենտրոններ.
4) երկրում ՏՏ-ի ոլորտի զարգացման և Հայաստանի` որպես զարգացած ՏՏ-ի ոլորտ ունեցող երկրի դիրքավորում աշխարհի ՏՏ-ի քարտեզի վրա, հայկական ճանաչված մրցունակ ապրանքանիշ.
5) տեխնոլոգիական զարգացումներին արձագանքելու և ներդրումներ կլանելու կարողություններ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտների առկայություն.
6) տարածաշրջանում որակյալ և բարձրարժեք ծառայություններ մատուցող երկրի նկարագրի ձևավորում.
7) Հայաստանի` որպես կազմակերպված հանգստի կենտրոն կայացում.
8) ՀՀ մարզերում ծառայությունների` ներառյալ զբոսաշրջության, մատուցման ընդլայնում և այդ ոլորտում հայտնի բրենդերի ներգրավվածության ապահովում:
9. Լուծումներ
1) արդյունաբերական քաղաքականության ռազմավարության որդեգրում և արդյունաբերական զարգացման ծրագրի մշակում ու իրականացում.
2) տնտեսության հատվածների ներուժի գնահատում և գերակայությունների ընդունում, ներդրումների արդյունավետության բարձրացում և օտարերկրյա բարձրորակ կապիտալի ներգրավում` ուղղակի աշխատելով տեղական և օտարերկրյա ներդրողների հետ, տնտեսությանը հաղորդելով ինովացիոն ուղղվածություն.
3) ՏՏ-ի ոլորտում տեղական և օտարերկրյա ներդրումների ծավալի մեծացում, համաշխարհային խոշոր ընկերությունների ներգրավում, ՏՏ-ի ոլորտի սկսնակ, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության խթանում.
4) ՓՄՁ-ին ֆինանսական աջակցության նոր գործիքների ներդրում, աջակցություն ժամանակակից ենթակառուցվածքների` Գյումրիում և Երևանին կից բիզնես - ինկուբատորների, տեխնոպարկերի, ինովացիոն կենտրոնների ցանցի ստեղծմանը.
5) ՓՄՁ-ին աջակցության ոլորտային ծրագրերի մշակում ու իրականացում` նպատակադրելով արտադրանքի և ծառայությունների որակի բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանեցումը և դրանց արտահանման հնարավորությունների ընդլայնումը.
6) օժանդակություն ֆինանսական միջնորդության ընդլայնման հարցում, մասնավորապես, հիպոթեքային և սպառողական վարկերի ավելացման, ֆինանսական ռեսուրսների մատչելիության և հասանելիության աստիճանի բարձրացման միջոցով, ինչպես նաև լիզինգային գործիքների ներդրման ու կատարելագործման, օտարերկրյա բանկային կապիտալի ներգրավման հարցում.
7) աջակցություն ապահովագրական ծառայությունների կիրառման բնագավառների ընդլայնման հարցում.
8) գիտակրթական արդյունքի առևտրայնացում և ծառայությունների արտահանման ընդլայնում, առևտրայնացման ծրագրի իրականացում` պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ.
9) միջազգային մակարդակով մրցունակ առողջապահական ծառայությունների մատուցման, այդ թվում` միջուկային բժշկության կայացման հարցում օժանդակություն.
10) զբոսաշրջային սեզոնի երկարաձգում, զբոսաշրջության տարածքային զարգացում, առողջարանային, ձմեռային, գյուղական, միջոցառումային, կրթական, գիտական, բուժական զբոսաշրջության զարգացման և ավանդական պատմամշակութային-ճանաչողական զբոսաշրջության հետ դրանց կոմբինացման նպատակով պետություն-մասնավոր հատված համագործակցության ապահովում.
11) զբոսաշրջային նոր երթուղիների ձևավորմանն ուղղված միջազգային և տարածաշրջանային ծրագրերին ակտիվ մասնակցություն (Գինու ճանապարհ, Մեծ մետաքսի ճանապարհ և այլն):
10. Միջոցառումներ
Միջոցառումը |
Նպատակը, ակնկալվող արդյունքը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
Տնտեսության դիվերսիֆիկացման և արտահանման ներուժի բացահայտման ռազմավարության ներդրում | տնտեսության դիվերսիֆիկացման խորացում և արտահանման ընդլայնում | 2010 թ. | ՀՀ պետական բյուջե, ԵՄ, միջազգային, հասարակական և այլ խորհրդատվական կազմակերպություններ |
Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում և տնտեսության ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ապահովում | տնտեսության ճյուղերում արտադրողականության աճ | 2010-2015 թթ. | ԵՄ, ՀՀ պետական բյուջե, միջազգային կազմակերպություններ, մասնավոր հատված |
Տնտեսական աճի վրա ծառայությունների ոլորտի ազդեցության գնահատում | ֆինանսական կենտրոնի ձևավորման և առողջապահական մրցունակ ծառայությունների աջակցության մեխանիզմներ | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե |
Զբոսաշրջության բնագավառը կարգա-վորող իրավական դաշտի վերլուծություն և բարելավում | զբոսաշրջության բնագավառում սպառողների իրավունքների լիարժեք իրականացման ապահովում, միջազգային շուկայում Հայաստանի զբոսաշրջության արդյունքի մրցունակության բարձրացում | շարունա-կական | ՄԱԿ ԶԿՀ, այլ կազմակերպություններ, մասնավոր հատված |
IV. Արտադրողականության և երկրի մրցունակության աճը
Գործարարության և ներդրումների միջավայրի բարելավումը
Գործարար և ներդրումային միջավայրի ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու գործարար միջավայրի գրավչության և մրցունակության մակարդակի բարձրացմանը` Հայաստանը դասելով բարձր մրցունակություն ունեցող երկրների շարքը:
11. Մարտահրավերներ
1) տնտեսական ազատականության, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, գլոբալ մրցունակության, կոռուպցիայի ընկալման համաթվերով միջազգային վարկանիշային դասակարգումներում Հայաստանը զիջում է ԵՄ-ին նոր անդամակցած երկրներին.
2) գործարար շրջանակներում ռազմավարական պլանավորման, անձնակազմի, ֆինանսական միջոցների, որակի արդյունավետ կառավարման, ինչպես նաև շուկայում ապրանքների և ծառայությունների առաջմղման գործում մարքեթինգային գործելակերպի անտեսումը շարունակում է զսպել գործարարության մրցունակության աճը.
3) գործարարության զարգացման տեսանկյունից դեռևս առկա են մի շարք վարչարարական բնույթի խնդիրներ` մասնավորապես, ֆինանսական (հաշվապահական) հաշվետվություններ ներկայացնելու ընթացակարգերի, տնտեսավարող սուբյեկտներում ստուգումների իրականացման և հարկման մեխանիզմների հետ կապված.
4) մրցունակությունը մշտապես բարձր պահելու համար պետք է ներդրվեն գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը խոչընդոտող գործոնների բացահայտմանն ու վերլուծմանը նպաստող համապատասխան ինստիտուցիոնալ, ընթացակարգային մեխանիզմներ և գործիքներ.
5) որոշակի արտասահմանյան շուկաներ դեռևս դժվար հասանելի են` ապրանքների և ծառայությունների բարձր որակի և ազատ առևտրի ռեժիմի բացակայության պատճառով:
12. Թիրախներ
1) տնտեսական ազատականության վարկանիշային դասակարգմամբ Հայաստանի տեղաշարժ դեպի «Առավելապես ազատ» դասակարգված երկրների շարքը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դյուրինությամբ դասակարգված երկրների մեջ Հայաստանի դիրքի ամրապնդում առաջին 20-ում, Հայաստանի գլոբալ մրցունակության մակարդակի աճ` տեղ զբաղեցնելով վարկանիշային դասակարգման սանդղակում` լավագույն 10 տոկոսում.
2) ՀՆԱ-ի նկատմամբ ստվերային տնտեսության հարաբերության առնվազն կեսով կրճատում և կոռուպցիայի մակարդակի համապատասխանեցում ԵՄ-27 միջին ցուցանիշին.
3) ներդրումների և արտահանման ծավալների աճ, արտահանման աշխարհագրության ընդլայնում.
4) ԵՄ և ասիական շուկաներ մուտքն ապահովող առևտրային ռեժիմի առկայություն` ներառյալ որակի կառավարման, ստանդարտների կիրառման և չափագիտության խնդիրները:
13. Լուծումներ
1) համաշխարհային շուկաներին ինտեգրման քաղաքականության շրջանակի ձևավորում, զարգացման թիրախների հստակ սահմանում.
2) պետություն-մասնավոր հատված համագործակցության ինստիտուտի կայացում.
3) արտաքին շուկաներ հայկական ապրանքների մուտքի խոչընդոտների վերացում, այդ թվում` ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան փորձարկման լաբորատորիաների ստեղծում, համապատասխանության հավաստման մոդուլների ներդրում, միջազգային, մասնավորապես, եվրոպական ստանդարտների` ՀՀ-ում հավանության մեթոդով ուղղակի կիրառում, ԵՄ-ի կողմից Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհում, ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքում.
4) Համաշխարհային բանկի (ՀԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Վարչարարական խոչընդոտների ինքնագնահատում» գործիքի, ԵՄ երկրներում մեծ տարածում գտած «Ստանդարտ ծախսերի մոդել» գործիքի, վարչական վիճակագրական ռեգիստրի (տեղեկատվական շտեմարաններ) ներդրում, որոնց միջոցով հնարավոր կլինի գնահատել և կրճատել վարչական բեռը, մասնավորապես, օրենսդրության և վարչարարության ծախսերը:
14. Միջոցառումներ
Միջոցառումը |
Նպատակը, ակնկալվող արդյունքը |
Ժամկետը | Ֆինանսական ապահովումը |
Գործարարական առկա խոչընդոտների շարունակական բացահայտում և համապատասխան գործողությունների ծրագրի իրականացում | ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող արդյունավետ և թափանցիկ օրենսդրություն, վարկանիշային գնահատականների բարելավում | շարունա-կական | ՀՀ պետական բյուջե, ՀԲ, ՄՖԿ, այլ միջազգային կազմակերպու-թյուններ |
ՀՀ և այլ երկրների ու տնտեսական միությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների նախաձեռնում, համաձայնագրերի ստորագրում, արտոնյալ ռեժիմների համակարգերում Հայաստանի ներգրավում, մասնավորապես, ԵՄ-ի հետ բանակցային գործընթացի նախաձեռնում | առանց խոչընդոտների առևտուր, առևտրի տեխնիկական խոչընդոտների դյուրինացում, ԵՄ-ի հետ խոր առևտրատնտեսական հարաբերություններ, Նորվեգիայի կողմից տրամադրվող GSP համակարգում Հայաստանի ընդգրկում | ԵՄ-ի հետ` մինչև 2012 թ., այնուհետև` շարու-նակական |
ՀՀ պետական բյուջե |
Միջազգային չափանիշներին համապատասխան համապատասխանության գնահատման համակարգի զարգացման հայեցակարգի և գործողությունների ծրագրի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ստանդարտացման, համապատասխանության հավաստման, սերտիֆիկացման, տեխնիկական անվտանգության միջազգային, մասնավորապես, ԵՄ-ի չափանիշներին համապատասխանեցված բնագավառներ, ՀՀ-ում միջազգային ԻՍՕ և եվրոպական ԵՆ ուղղակի կիրառված ստանդարտներ, Էլ. կառավարման համակարգերի ներդրման ծրագիր | 2010 թ. | ՀՀ պետական բյուջե, մասնավոր հատված, ԵՄ, միջազգային կազմակեր-պություններ |
Պետություն-մասնավոր հատված համագործակցության հայեցակարգի ներքո ինստիտուցիոնալ կառույցի կայացում | մեծածավալ ներդրումներ ենթակառուցվածքներում, բազմաթիվ հավակնոտ և երկարատև ներդրումային ծրագրեր | 2010 թ. | ՀՀ պետական բյուջե, ԵՄ, միջազգային կազմակերպու-թյուններ |
Գիտելիքահենք և տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն կիրառմամբ տնտեսության ձևավորումը
20-րդ դարի վերջին աշխարհում ձևավորվեց նոր տնտեսության ուղղությունը, որը ներկայիս գլոբալ մրցակցության թիրախն է: Հայաստանը, ունենալով նոր տնտեսության հիմնական նախապայմանը` մարդկային ներուժը, կարող է հայտնվել այդ մրցակցության մեջ:
15. Մարտահրավերներ
1) համաշխարհային տնտեսության նոր զարգացումներն առավել պահանջկոտ են դարձրել գյուտերի նկատմամբ պահանջարկը, և եթե բավարար մակարդակով պետական ծախսեր չկատարվեն զարգացումների և հետազոտությունների վրա, գյուտերի առևտրայնացման ցածր մակարդակը կարող է պահպանվել.
2) տեղեկատվական տեխնոլոգիաները ցանկացած զարգացող և զարգացած երկրում արդեն իսկ զանգվածաբար օգտագործվում են, և կասկած չկա, որ արագ զարգացման և երկրների միջև մրցակցության հարցում դրանք առաջնահերթ, եթե ոչ որոշիչ դեր են խաղալու.
3) առանց գիտելիքահենք տնտեսության սկզբունքները ձևակերպելու և դրան համարժեք ենթակառուցվածքի ու ֆինանսավորման մեխանիզմները զարգացնելու կարող է շարունակվել կրթության և տնտեսության միջև խզումը, և կրթական մակարդակը կարող է հետ մնալ տնտեսական արդի զարգացումների պահանջներից:
16. Թիրախներ
1) զարգացած երկրների նկատմամբ տեխնոլոգիական խզվածքի կրճատում.
2) Համաշխարհային բանկի կողմից հաշվարկվող գիտելիքահենք տնտեսության համաթվի աճ` Արևմտյան Եվրոպայի միջին ցուցանիշին համապատասխան.
3) միջին ժամկետում գիտահետազոտական աշխատանքների համար կատարվող ծախսերի իրականացում պետության կողմից (ՀՆԱ 0.8 -1%)` նախապայմանով, որ մասնավոր հատվածի մասնակցությունը կկազմի առնվազն կեսը.
4) 5-10 տարվա ընթացքում պետական և մասնավոր հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերի ավելացում` շուրջ ՀՆԱ 3%, ընդ որում, մասնավոր մասնաբաժնի աստիճանաբար ավելացմամբ.
5) տնտեսական ու հասարակական կյանքի տարբեր բնագավառներում ՏՏ-ի գործիքների և լուծումների համատարած կիրառում.
6) երկրում տեղեկատվական հասարակության ձևավորում:
17. Լուծումներ
1) հանքարդյունաբերությունը և քիմիական արդյունաբերությունը ծառայեցնել բարձր, նոր արժեք ստեղծող սպասարկող ճյուղերի համար որպես շարժիչ ուժ` խթանելով հանքարդյունաբերությունն սպասարկող ճկուն, նորարարական ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծումը, որոնք կապահովեն ոչ միայն ծառայությունների բարձր մակարդակ, այլ նաև կարտադրեն հանքարդյունաբերության մեջ օգտագործվող տեխնոլոգիաներ.
2) ՓՄՁ-ին աջակցության ուղղորդում` տեխնոպարկերի և ինկուբատորների ստեղծումը խթանելու միջոցով.
3) վենչուրային հիմնադրամների ստեղծմանն ու կայացմանն աջակցություն, առնվազն մեկ վենչուրային հիմնադրամի ստեղծման նախաձեռնում.
4) ՏՏ-ի ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող, որակյալ և մրցունակ աշխատուժի ապահովում, ՏՏ-ի և հարակից մասնագիտական կրթական համակարգի և ոլորտի իրական հատվածի միջև հետադարձ կապի ապահովում, մասնագիտական և լրացուցիչ կրթության ոլորտում եվրոպական կրթական տարածքին ինտեգրում, հեռահար ուսուցման համակարգի ներդրում (E- Learning).
5) տարածքային անհավասարաչափ զարգացվածության մակարդակի նվազեցում, թվային ճեղքվածքի վերացում, մարզերում ՏՏ-ի ներդրման և կիրառման մակարդակի բարձրացում, համատարած էլեկտրոնային գրագիտության ապահովում.
6) պետության կողմից մատուցվող ծառայությունների հասանելիության, մատչելիության ապահովում, էլեկտրոնային կառավարման կայացում, էլեկտրոնային միջոցներով պետության և մասնավոր հատվածի կողմից մատուցվող ծառայությունների լայն շրջանակի ապահովում:
18. Միջոցառումներ
Միջոցառումը | Նպատակը, ակնկալվող արդյունքը | Ժամկետը | Ֆինանսական ապահովումը |
Մտավոր սեփականության պաշտպանության համակարգի կատարելագործում | մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պաշտպանության համակարգ, ինտեգրում և հասանելիություն գլոբալ ինտելեկտուալ սեփականության գրանցման մարմիններին | շարունա-կական | ՀՀ պետական բյուջե, ԵՄ, միջազգային կազմակերպու-թյուններ |
Գիտելիքահենք տնտեսության ենթակառուցվածքի ձևավորում և զարգացում | տարածաշրջանում Հայաստանը` որպես միջուկային բժշկության գերազանցության կենտրոնի վերածում, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի վերակառուցում Ազգային գիտական լաբորատորիայի | շարունա-կական | ՀՀ պետական բյուջե, մասնավոր հատված, ԵՄ, միջազգային կազմակերպու-թյուններ |
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգի իրականացում | տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզի վրա ՀՀ դիրքավորում | շարունա-կական | ՀՀ պետական բյուջե, միջազգային կազմակերպու-թյուններ |
V. Երկարատև տնտեսական աճի սահմանափակումների հաղթահարումը
Տարածքային զարգացման անհամաչափությունը
19. Մարտահրավերներ
1) Հայաստանում վերջին տարիներին մեծանում են տարածքային անհամաչափությունները, ինչը հիմնականում դրսևորվում է ՀՆԱ-ի կառուցվածքում Երևանի մասնաբաժնի զգալի աճով: Համեմատաբար անբարենպաստ պայմաններում են հայտնվել քաղաքային համայնքները, այդ թվում` Երևանի հետ թույլ տնտեսական կապերով և հեռացվածության գործոններով պայմանավորված.
2) մարզերը տարբերվում են միմյանցից և Երևանից` հանրապետության տնտեսական կյանքում ներգրավվածության աստիճանով: Լիարժեք կայացած չէ գործարար միջավայրը, բավական բարձր է գործազրկության մակարդակը: Գործարար ակտիվության և տնտեսական մրցակցության տեսանկյունից տնտեսավարողների համար անհավասար պայմաններ է ձևավորում արտադրողականության մակարդակների տարբերությունը.
3) Հայաստանի տարածքային զարգացման անհամաչափությունը սոցիալական, ժողովրդագրական անբարենպաստ պայմաններ են ստեղծում հատկապես կենտրոնից հեռու գտնվող, սահմանամերձ և բնակլիմայական անբարենպաստ պայմաններ ունեցող բնակավայրերի համար։
20. Թիրախներ
1) մարզերում բնակչության իրական եկամուտների տարբերությունների զգալի կրճատում, քաղաքների տնտեսական, մշակութային ակտիվության աճ.
2) մարզերում տեխնոլոգիական խզվածքների հաղթահարում և արտադրողականության մակարդակների բարձրացում.
3) տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և դրանցից օգտվելու կարողությունների մեծացում.
4) մարզերում պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնում, ենթակառուցվածքների մատչելիության մակարդակի բարձրացում:
21. Լուծումներ
1) մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության խթանում և զարգացում` ռեսուրսները կենտրոնացնելով տնտեսական աճի կառավարման վրա: Երևանում ճանաչում գտած տեղական և միջազգային բրենդերի մասնաճյուղերի հիմնմանն աջակցություն.
2) մարզերում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնում, համապատասխան մոնիթորինգի համակարգի ներդրում.
3) տարածքային կլաստերների և միավորման այլ ձևերի ձևավորում և զարգացում.
4) մարզերում պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի հիմնում, ինովացիոն համակարգերի ձևավորում, ինովացիոն ենթակառույցների ստեղծում (մասնավորապես, տեխնոպարկեր, բիզնես-ինկուբատորներ և արդյունաբերական պարկեր): Որպես առաջնահերթ պայմաններ կդիտարկվեն տնտեսական, գիտատեխնիկական ներուժը և արդյունաբերական ավանդույթները.
5) զբոսաշրջության զարգացում` տարածքներում զբոսաշրջության ցանցերի ստեղծում և դրանց ինտեգրում միջազգային ցանցերին.
6) մարզերի զարգացման ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների ձևավորում. տարածքային զարգացման կորպորացիաների հիմնադրում և բիզնեսի զարգացմանը զուգընթաց տեղական հարկերի բազայի ձևավորում, պարտքային պարտատոմսերի թողարկում.
7) ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում տարածքային խոշոր ծրագրերի մշակում, մասնավոր ներդրողների ներգրավում և ծրագրի իրականացում:
22. Միջոցառումներ
Միջոցառումը | Նպատակը, ակնկալվող արդյունքը | Ժամ- կետը | Ֆինանսական ապահովումը |
Տարածքային զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակում | նպատակային ծրագրերի միջոցով տարածքային համաչափ զարգացման ապահովում | շարունա-կական | ՀՀ պետական բյուջե, մասնավոր հատված, միջազգային կազմակերպություններ |
Մարդկային կապիտալի սակավությունը
23. Մարտահրավերներ
1) տնտեսական զարգացման նպատակադրումների արդյունավետ իրականացումը պահանջում է մեծաքանակ, տարբեր մասնագիտությունների տեր որակյալ աշխատուժ.
2) ներդրումների ներգրավումը և տնտեսության գլոբալացումը պահանջում են գործարարների, կառավարիչների և լիդերների թվի էական աճ.
3) տնտեսության արագ աճը, հատկապես դրա հետևանքով առաջարկի արագ ավելացումն անխուսափելի է դարձնելու օտարերկրյա աշխատուժի ներհոսքը:
24. Թիրախներ
1) մարդկային զարգացման համաթվով դասակարգված «Միջին մարդկային զարգացում» խմբից տեղաշարժ «Բարձր մարդկային զարգացում» երկրների խումբ.
2) պահանջարկ վայելող ցանկացած մասնագիտությամբ վերապատրաստվելու հնարավորություն:
25. Լուծումներ
1) կրթության, գիտության և բիզնեսի փոխադարձ կապի ուժեղացում, զարգացմանն ուղղված հետազոտություններ ֆինանսավորող դրամաշնորհային պետական-մասնավոր հիմնադրամի ստեղծում.
2) հաջողված գործարար դրսևորումների ուսումնասիրությունների ուղղորդում դեպի համալսարաններ և գիտատեխնիկական կենտրոններ, կոնկրետ ծրագրի
իրականացում.
3) սփյուռքի ներուժի օգտագործում` գիտելիքի փոխանցման և ներքին կարողությունների զարգացման, տեղեկատվական և մարքեթինգային, ինչպես նաև ֆինանսական ներուժի ավելացման, զարգացման հետազոտությունների ընդլայնման և ժամանակակից կրթական համակարգի ձևավորման հարցերում, մասնավորապես, խորհրդատվության, փորձագիտական գնահատման և ուղղորդման միջոցով.
4) մասնագետների նկատմամբ պահանջարկի կանխատեսումների միջոցով միջին մասնագիտական կրթության ուղղորդում.
5) Հայաստանի մասնակցություն եվրոպական հետազոտական տարածքում և ԵՄ-ի համայնքային հետազոտությունների և զարգացման շրջանակային ծրագրերում, ինչպես նաև ԵՄ-ի չափանիշներին և պրակտիկային կրթական և վերապատրաստման համակարգերի համապատասխանեցում.
6) ժամանակակից բազմազգ բիզնես-դպրոցների կայացում մի շարք համալսարաններում, զբաղվածության պետական-մասնավոր ծրագրերի շրջանակներում գործարար կառավարիչների և լիդերների վերապատրաստում:
26. Միջոցառումներ
Միջոցառումը |
Նպատակը, ակնկալվող արդյունքը |
Ժամկետը | Ֆինանսական ապահովումը |
Բիզնես-դպրոցների կայացմանն աջակցություն | միջազգային չափանիշներին համապատասխան գործարար կառավարիչներ և լիդերներ | շարունա-կական | ՀՀ պետական բյուջե, մասնավոր հատված, միջազգային կազմակերպություններ |
Ներքին ինստիտուցիոնալ խնայողությունների բացակայությունը և կապիտալի շուկայի խնդիրները
27. Մարտահրավերներ
1) ինստիտուցիոնալ խնայողությունների կայացումը` հատկապես ապահովագրության և կենսաթոշակային ակտիվների տեսքով, կարևոր պայման է ազգային խնայողությունները, տնտեսության նպատակադրված աճին համապատասխան, ներդրումներին ուղղելու և տնտեսությունն ինքնուրույն ֆինանսավորելու կարողությունների ձևավորման համար.
2) համաձայն միջազգային փորձի` ինստիտուցիոնալ խնայողությունների կայացումը, դրա բարձր մակարդակը կարևորագույն երաշխիքներից է օտարերկրյա կապիտալի «գինը» իջեցնելու և հասանելիությունն ապահովելու հարցում.
3) արդի աշխարհում հնարավոր չէ տնտեսությունը գլոբալացնել` առանց լավ աշխատող կապիտալի շուկայի.
4) համաշխարհային կապիտալի հասանելիությունն էապես կախված է կորպորատիվ կառավարման համակարգի լիարժեք ներդրումից:
28. Թիրախներ
1) համախառն խնայողություններ/ՀՆԱ օպտիմալ ցուցանիշի ապահովում, որը թույլ կտա ֆինանսավորել տնտեսական թիրախավորված աճի տեմպերը.
2) հայտնի միջազգային վարկանիշների էապես բարելավում (ներդրումային վարկանիշի ստացում).
3) պետական հատվածում կորպորատիվ կառավարման լիարժեք ներդրում.
4) մասնավոր ընկերությունների կողմից կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման աճ.
5) բնակչության ակտիվ մասնակցություն կապիտալի շուկայում:
29. Լուծումներ
1) մեկ միասնական բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ձևավորում.
2) ապահովագրական համակարգի զարգացում, աշխարհում հայտնի խոշոր ապահովագրական ընկերությունների մուտքի քաջալերում.
3) խնայողությունները ներդրումների փոխակերպման գործընթացի ինստիտուցիոնալ գնահատում և այդ գործընթացի կառավարելիության բարձրացում.
4) վարկանիշների ընկալում և դրա մեթոդաբանության ինքնուրույն կիրառմամբ հեղինակավոր վարկանիշային ընկերությունների վարկանիշի բարելավում.
5) կորպորատիվ կոդեքսի ներդրում:
30. Միջոցառումներ
Միջոցառումը |
Նպատակը, |
Ժամկետը | Ֆինանսական ապահովումը |
Միջազգային լավագույն փորձին համապատասխան կորպորատիվ |
կորպորատիվ կառավարման մշակված կանոնագիրք և այդ սկզբունքներով գործող ընկերություններ | 2010 թ. | ՀՀ պետական բյուջե, մասնավոր հատված, ԵՄ, միջազգային կազմակերպություններ |
Կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանն աջակցություն | ներքին խնայողությունները ներդրումների փոխակերպման կառավարելի համակարգ | 2010-2012 թթ. | ՀՀ պետական բյուջե, միջազգային կազմակերպություններ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|