Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.04/24(758).1 Հոդ.493.33
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.03.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/2522/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/2522/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արտյոմ Չաքմիշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.09.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Արտյոմ Չաքմիշյանի հայցի ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության (այսուհետ` Տեսչություն)` վարչական ակտը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արտյոմ Չաքմիշյանը պահանջել է վերացնել Տեսչության ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման բնագավառներում գլխավոր պետական տեսուչի 16.04.2009 թվականի թիվ 35 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.09.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտյոմ Չաքմիշյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 07.11.2002 թվականի թիվ 1923-Ն որոշումը, կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հիմնավոր է համարել Տեսչության 08.04.2009 թվականի թիվ 097 ստուգման ակտում արձանագրված այն փաստը, որ «Տրիո Փրոջեքթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) կողմից իրացվող ապրանքների վրա հայերեն լեզվով տեղեկատվության բացակայության հետևանքով խախտվել է ՀՀ կառավարության 07.11.2002 թվականի թիվ 1923-Ն և 23.06.2005 թվականի թիվ 898-Ն որոշումները և գտել է, որ այդ հիմքով Ընկերության տնօրենին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելն իրավաչափ է: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 188-րդ հոդվածը կիրառվում է ոչ թե ցանկացած, այլ միայն ստանդարտացման ոլորտի նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելու դեպքում, որպիսիք ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումները չեն հանդիսանում:

2) Դատարանը սխալ է մեկնաբանել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վաճառողի` հայերեն լեզվով սպառողին տեղեկություն տրամադրելու պարտավորությունն առաջանում է սպառողի, այսինքն` վերջնական գնորդի պահանջի դեպքում: Մինչդեռ Դատարանը չի պարզել, թե ստուգող տեսուչների կողմից արձանագրվե՞լ է սպառողի պահանջի դեպքում Ընկերության կողմից հայերեն լեզվով տեղեկություն տրամադրելը մերժելու դեպք: Ավելին, Ընկերության պահեստում պահվող ապրանքի վրա հայերեն լեզվով մակնշման բացակայությունն ինքնին չի նշանակում, որ խախտվել է սպառողի ճիշտ ընտրություն կատարելու իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 18.09.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Տեսչության 08.04.2009 թվականի թիվ 097 ստուգման ակտի համաձայն` Ընկերությունն իրականացնում է կոսմետիկական, մազերի, մաշկի խնամքի, հիգիենայի միջոցների ներմուծում և իրացում` առանց հայերեն լեզվով տեղեկատվության, որի արդյունքում չեն պահպանվում ՀՀ կառավարության 07.11.2002 թվականի թիվ 1923-Ն և 23.06.2005 թվականի թիվ 898-Ն որոշումների պահանջները (գ.թ. 27-28):

2) Տեսչության ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման բնագավառներում գլխավոր պետական տեսուչի 16.04.2009 թվականի թիվ 35 որոշմամբ Ընկերության տնօրեն Արտյոմ Չաքմիշյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ենթարկվել է վարչական տուգանքի` 100.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 23-24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները խախտելը, բացի սույն օրենսգրքի 158 հոդվածով նախատեսված իրավախախտումներից, արտադրանքն իրացնելու (առաքելու), օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու, օգտահանելու ժամանակ, ինչպես նաև պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար արտադրանք, անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելուց խուսափելն առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 188-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները, պարտադիր սերտիֆիկացման կանոնները, չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելու համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով նախատեսված պատասխանատվությունը կիրառվում է ոչ թե ցանկացած, այլ միայն ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելու դեպքում:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` ստանդարտացումն իրականում գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ համընդհանուր և բազմակի կիրառման դրույթների սահմանման միջոցով որոշակի բնագավառում կարգավորվածության լավագույն աստիճանին հասնելու ուղղված գործունեություն է: Նույն հոդվածի «բ» կետի համաձայն` ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանվում են կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր` գործունեության տարբեր ձևերի կամ դրանց արդյունքների վերաբերյալ, իսկ «դ» կետը ստանդարտը սահմանում է որպես իրավասու մարմնի կողմից ընդունված փաստաթուղթ, որով սահմանվում են համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ կամ արտադրանքի համար բնութագրեր կամ դրանց հետ կապված արտադրման գործընթացներ և մեթոդներ, որոնց համապատասխանությունը պարտադիր չէ: Այն կարող է ընդգրկել նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ:

Վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ստանդարտացման նորմատիվ փաստաթուղթը իրավասու մարմնի կողմից ընդունված այն փաստաթուղթն է, որում սահմանվում են ստանդարտացման գործընթացի մասնակիցների համար պարտադիր կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր, որոնց համապատասխան պետք է արտադրվի այս կամ այն ապրանքը, իրականացվի համապատասխան աշխատանքը և մատուցվի ծառայությունը:

Սույն գործով Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ընկերությունն իրականացնում է կոսմետիկական, մազերի, մաշկի խնամքի, հիգիենայի միջոցների ներմուծում և իրացում` առանց հայերեն լեզվով տեղեկատվության և գտել է, որ արդյունքում խախտվել են ՀՀ կառավարության 07.11.2002 թվականի թիվ 1923-Ն և 23.06.2005 թվականի թիվ 898-Ն որոշումների պահանջները, որպիսի պարագայում կիրառելի է համարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիան:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ կառավարության 07.11.2002 թվականի թիվ 1923-Ն որոշմամբ (վերոնշյալ ՀՀ կառավարության 23.06.2005 թվականի թիվ 898-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 07.11.2002 թվականի թիվ 1923-Ն որոշման մեջ) հաստատվել է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը: Նշված տեղեկատվության բովանդակությունը սահմանված է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով, որը, ըստ էության, վերաբերում է արդեն իսկ պատրաստի արտադրանքի (կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների) հիմնական սպառողական հատկություններին, դրանց գնին և ձեռքբերման պայմաններին, երաշխիքային ժամկետին, արդյունավետ և անվտանգ օգտագործման կանոններին և պայմաններին, արտադրողի (կատարողի, վաճառողի) գտնվելու վայրին և այլ այնպիսի տվյալներին, որոնցով օժտված են արդեն իսկ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված կանոններին, ընդհանուր սկզբունքներին կամ բնութագրերին համապատասխան արտադրված ապրանքը, կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 07.11.2002 թվականի թիվ 1923-Ն և 23.06.2005 թվականի թիվ 898-Ն որոշումները չեն համարվում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթեր, ուստի դրանց պահանջների խախտման դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասը չի կարող կիրառվել, քանի որ վերջինս վարչական պատասխանատվություն է սահմանում միայն ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտման համար:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի (կատարողի, վաճառողի), նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որը արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը մատչելի ձևով ներկայացվում է սպառողներին ի գիտություն` առուվաճառքի պայմանագրերի միջոցով և սպառողների սպասարկման որոշակի ոլորտներում ընդունված ապրանքային պիտակների միջոցով և այլ եղանակներով, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրերի կնքման ժամանակ:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է ժամանակին սպառողին տրամադրել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը:

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ թեև սպառողն իր հերթին իրավունք ունի պահանջել արտադրողի (կատարողի, վաճառողի), նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, այնուամենայնիվ սպառողի՝ ճիշտ ընտրություն կատարելու հնարավորությունն ապահովելու նպատակով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը արտադրողին (կատարողին, վաճառողին) պարտավորեցնում է նշված տեղեկատվությունը սպառողին տրամադրել ժամանակին` նախքան ընտրություն կատարելը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Դատարանը հաստատված է համարել Ընկերության կողմից առանց հայերեն տեղեկատվության ապրանքների իրացման փաստը:

Մինչդեռ գործում առկա փաստերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց հայտնաբերված ապրանքների կարգավիճակի, այսինքն` տվյալ պահին իրացման (վաճառքի) ենթակա, հետևաբար նաև` այդ պահին սպառողներին հասանելի լինելու փաստի վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով չի հաստատվել սպառողների կողմից ապրանքների ճիշտ ընտրության հնարավորությունը Ընկերության կողմից սահմանափակելու փաստը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. անվավեր ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման բնագավառներում գլխավոր պետական տեսուչի 16.04.2009 թվականի թիվ 35 որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան