ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով մեր քաղաքացիական օդային տրանսպորտային փոխհարաբերությունները, որոնք իրականացվում են փոխադարձ համագործակցության հիմունքներով,
վերահաստատելով, որ մեր փոխադարձ հարաբերություններում քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը անօրինական միջամտություններից պաշտպանելու մեր պարտականությունը հանդիսանում է քաղաքացիական օդային տրանսպորտի ոլորտում մեր փոխադարձ հարաբերությունների անբաժանելի մասը` համաձայն միջազգային իրավունքով ամրագրված մեր իրավունքների և պարտականությունների,
նշելով, որ յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի կասեցնել (հրաժարվել), չեղյալ համարել, սահմանափակել կամ պայմաններ սահմանել մյուս Կողմի ավիաուղու կամ ավիաուղիների գործելու լիազորությունների կամ տեխնիկական թույլտվությունների նկատմամբ` քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու նպատակով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված I
Կողմերը խնդրանքի դեպքում պարտավոր են միմյանց տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը` կանխարգելելու քաղաքացիական օդանավի անօրինական զավթումը, ինչպես նաև նման օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի դեմ, օդանավակայանների ու օդային նավիգացիոն սարքավորումների անվտանգությանը սպառնացող այլ անօրինական գործողությունները և արձագանքել քաղաքացիական ավիացիայի անվտանգության նկատմամբ ցանկացած այլ սպառնալիքների:
Հոդված II
Կողմերը պարտավոր են գործել 1963թ. սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված` Օդանավերի մեջ կատարվող հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին Կոնվենցիայի, 1970 թ. դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված` Օդանավերի ապօրինի բռնագրավման դեմ պայքարի մասին Կոնվենցիայի, 1971 թ. սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված` Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին Կոնվենցիայի և 1988թ. փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված` Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում բռնության ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին Լրացուցիչ Արձանագրության դրույթների համաձայն:
Հոդված III
Կողմերը իրենց փոխադարձ հարաբերություններում, պարտավոր են գործել Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից հաստատված ավիացիոն անվտանգության չափանիշների և համապատասխան հանձնարարելի գործելակերպի համաձայն, ինչպես նշված է 1944 թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիային կից Հավելվածներում: Կողմերը պետք է պահանջեն, որ իրենց պետություններում գրանցված օդանավի օպերատորները, ինչպես նաև օդանավի այն օպերատորները, որոնք իրենց պետությունների տարածքում ունեն հիմնական գործունեության կամ մշտական բնակության վայր, և իրենց պետությունների տարածքում գտնվող օդանավակայանների օպերատորները գործեն նման ավիացիոն անվտանգության պայմանների համաձայն:
Հոդված IV
Յուրաքանչյուր կողմ պարտավոր է ապահովել անվտանգության բոլոր պայմանները, որոնք պահանջվում են մյուս Կողմից` այդ Կողմի պետության տարածք մտնելիս, մեկնելիս և այդ Կողմի պետության տարածքում գտնվելիս, ինչպես նաև ձեռնարկել համարժեք միջոցառումներ նախքան ինքնաթիռի թռիչքը կամ ինքնաթիռի բեռնումը, օդանավը պաշտպանելու և ուղևորների, անձնակազմի ճամպրուկներն ու ձեռքի իրերը, ինչպես նաև օդանավի բեռն ու պահուստները ստուգելու նպատակով: Յուրաքանչյուր Կողմ նաև պետք է դրականորեն դիտարկի մյուս Կողմից առանձնահատուկ անվտանգության միջոցների կիրառման ցանկացած պահանջ` հատուկ վտանգը կանխարգելելու նպատակով:
Հոդված V
Օդանավի անօրինական զավթման պատահարի կամ պատահարի սպառնալիքի կամ ուղևորների, անձնակազմի, օդանավի, օդակայանի կամ օդային նավիգացիոն սարքավորումների դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների դեպքում Կողմերը պարտավոր են աջակցել միմյանց` դյուրացնելով հաղորդակցությանը և այլ համապատասխան միջոցառումների իրականացմանը` նման պատահարը կամ սպառնալիքն արագ և անվտանգ կանխարգելելու նպատակով:
Հոդված VI
Երբ մի Կողմը հիմնավոր պատճառներ ունի կարծելու, որ մյուս Կողմը շեղվել է սույն Համաձայնագրի դրույթներից, ապա այդ Կողմն իրավունք ունի մյուս Կողմին հրավիրել հրատապ խորհրդակցության:
Հոդված VII
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի միջև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական հայտագրերից վերջինի փոխանակման օրվանից: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է, քանի դեռ Կողմերից որևէ մեկը` դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր չի ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին. ծանուցումը ստանալուց հետո Համաձայնագիրն ուժի մեջ կմնա ևս մեկ տարի:
Կատարված է Վաշինգտոն քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 23-ին երկու բնօրինակով, հայերեն և անգլերեն լեզուներով. երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2008թ. սեպտեմբերի 10-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|