Գլխավոր տեղեկություն
Համար
N 387-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.28/17(751) Հոդ.438
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2010 թվականի N 387-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության գործունեության 2008-2012 թվականների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 16
Երևան

 

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
ապրիլի 8-ի N 387-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բնապահպանական անվտանգությունն ազգային անվտանգության այն բաղադրիչն է, որը բնութագրում է տարաբնույթ վտանգավոր երևույթների և աղետների ազդեցությունից շրջակա միջավայրի, անձի և հասարակության պաշտպանվածության վիճակը:

2. Բնապահպանական անվտանգության հիմնական նպատակն է` երկրի կայուն զարգացման ապահովման համար շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների հետ կապված վտանգների գնահատումը, կանխատեսումը, կանխարգելումը կամ դրանց նվազեցումը:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանական անվտանգությանը սպառնացող վտանգները կարող են առաջանալ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների ազդեցության արդյունքում:

4. Հիմնական արտաքին սպառնալիքների թվին են դասվում` անդրսահմանային նշանակություն ունեցող բնական ռեսուրսների համատեղ օգտագործման խոչընդոտումը, արդյունաբերական, միջուկային կամ ճառագայթային վթարների անդրսահմանային հետևանքները, անդրսահմանային համազարկային արտանետումներն ու արտահոսքերը, շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցություն ունեցող միջոցների ռազմական նպատակով օգտագործումը, վտանգավոր նյութերի ու թափոնների ապօրինի շրջանառությունը և ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային տեղափոխումը, օդի անդրսահմանային աղտոտումը, կլիմայի գլոբալ փոփոխություններն ու օզոնային շերտի քայքայումը, կենդանի վերափոխված օրգանիզմների ներմուծումը:

5. Հիմնական ներքին սպառնալիքների թվին են դասվում` կենսական նշանակության ջրհավաք ավազանների ու գերխոնավ տարածքների քայքայումը, բնական ռեսուրսների, մասնավորապես, Սևանա լճի ջրհավաք ավազանի անարդյունավետ կառավարումը, գերշահագործումն ու աղքատացումը, բնական ռեսուրսների հասանելիության անհավասարությունը, անտառների ու հողերի դեգրադացիան, անապատացումը, կենսաբազմազանության կրճատումը, շրջակա միջավայր արտանետումների ու արտահոսքերի սահմանային թույլատրելի չափաքանակների գերազանցումը, վտանգավոր նյութերի ու թափոնների չկանոնակարգված գործածությունը, բնական ու տեխնածին աղետները, հասարակության բնապահպանական հարցերի վերաբերյալ թերի կրթվածությունն ու անբավարար իրազեկվածությունը:

6. Նշված սպառնալիքների հնարավոր կանխարգելումը կամ դրանց հետևանքների վերացումը ռազմավարական խնդիր է, որը ենթադրում է համապատասխան գերակայությունների կանխորոշում, ներքին և արտաքին անվտանգության ապահովմանը նպատակաուղղված փոխկապակցված ու համահունչ քայլերի համադրում:

7. Միջազգային ինտեգրման գործընթացներին Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունը բնապահպանական անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքն է:

 

III. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Հայաստանի Հանրապետությունն առավելապես հենվելով ազգային ներուժի վրա, առաջնորդվելով երկրի անվտանգության ու կայուն զարգացման շահերով և միջազգային ինտեգրման ու ներքին բարեփոխումների ռազմավարությամբ, գերակա է համարում երկրում բնապահպանական հարցերի համալիր կառավարումը:

9. Այդ նպատակով անհրաժեշտ է ապահովել`

բնական ռեսուրսների, մասնավորապես, ջրային, հողային և անտառային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն ու պահպանությունը, անտառվերականգնումը, կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունը, հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների պահպանությունը, հիդրոօդերևութաբանական անվտանգությունը, ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանվածությունը, շրջակա միջավայրի աղտոտման, ներառյալ` ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների համահունչ կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը, հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացումը և էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը:

 

IV. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐՆ ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

10. Բնապահպանական անվտանգության ապահովման նպատակով ըստ բնագավառների անհրաժեշտ քայլերն են`

1) Բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ`

ա. բնական ռեսուրսների հաշվառման համակարգի բարելավումը,

բ. շրջակա միջավայրի մոնիտորինգի համակարգի բարելավումը,

գ. շրջակա միջավայրի անվտանգության համատեքստում առաջավոր լեռնային տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառմամբ օգտակար հանածոների հանքավայրերի համալիր շահագործումը և բաղադրիչների առավելագույն կորզմամբ հանքային հումքի համալիր վերամշակումը,

դ. տնտեսության կառուցվածքում մարդու առողջության համար անվնաս, բնապահպանության տեսակետից մաքուր և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառման գերակայության սկզբունքի ընդունումը,

ե. հողերն անապատացումից պահպանումը, այդ երևույթի վտանգավոր հետևանքների կանխատեսումը, կանխարգելումը կամ մեղմացումը,

զ. խախտված հողերի վերականգնումը,

է. բնության հատուկ պահպանվող տարածքներում ինքնակամ հողազավթումների և ապօրինի կառուցապատման կանխարգելումը և գոյություն ունեցողների վերացումը,

ը. այլընտրանքային, բնապահպանական տեսակետից մաքուր էներգիայի բնական աղբյուրների հզորությունների գնահատումը և ողջամիտ օգտագործումը,

թ. վերականգնվող ռեսուրսների խնայողաբար և հավասարակշված օգտագործումն ու վերականգնումը,

ժ. ջրավազանային կառավարման սկզբունքի և ջրային համակարգերում նոր տնտեսվարման ձևերի ներդրմամբ` ջրային ռեսուրսների ջրավազանային համապարփակ կառավարման համակարգի կայացումը,

ժա. ջրային ու հարակից էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների` հողի, ընդերքի, օդի, ջրի և կենսաբազմազանության ամբողջական և կապակցված ուսումնասիրության ու պահպանության բարելավումը, հաշվի առնելով նաև` բնական ջրահոսքերում անհրաժեշտ բնապահպանական թողքերը,

ժբ. ազգային ջրային պաշարի պահպանմանն ու ավելացմանը, ջրային ռեսուրսների ամբարմանը, բաշխմանն ու կայուն օգտագործմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը,

ժգ. ջրհեղեղների ու երաշտների աղետաբեր երևույթներից խուսափելու կամ դրանց հետևանքները վերացնելու կառավարման համակարգի ստեղծումը,

ժդ. կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների հիմնանորոգումն ու նորերի կառուցումը,

ժե. բնակչությանը շուրջօրյա և որակյալ խմելու ջրով մատակարարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը` ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով,

ժզ. ջրի խնայողության վերաբերյալ տեղեկատվական, ուսուցողական և կրթական ծրագրերի իրականացումը, համապատասխան նյութերի մշակումը, հրատարակումն ու տարածումը,

ժէ. ջրի կորուստների նվազեցումը, ջրային համակարգերի փուլ առ փուլ վերականգնումն ու պահպանումը, հիմնական գետավազաններում կայուն և բարենպաստ էկոլոգիական իրավիճակի ապահովման միջոցառումների իրականացումը,

ժը. վնասակար նյութերի գերնորմատիվային արտանետումների ու արտահոսքերի կանխարգելումը,

ժթ. բնակավայրերում մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության կանխարգելումը` արդյունաբերական կազմակերպությունների և ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումների կրճատման, արտանետումների սահմանային թույլատրելի չափաքանակների չգերազանցման և փոշու հնարավոր աղբյուրների կրճատման` փողոցների մաքրման, բնակավայրերի բարեկարգման, կանաչապատման, պաշտպանիչ անտառային գոտիների ստեղծման և շինարարական աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների նվազեցման միջոցով,

իա. բնական գենոֆոնդի պահպանությանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը,

իբ. կենդանի վերափոխված օրգանիզմների տեղափոխման, փորձարկման, արտադրման, մշակման, վերամշակման և օգտագործման անվտանգության ապահովմանն անհրաժեշտ իրավական, վարչական և այլ հիմքերի ստեղծումը,

իգ. էկոհամակարգերի խոցելիության նվազեցումը և հարմարվողականության բարձրացումը,

իդ. բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի ընդլայնումն ու կառավարման կատարելագործումը` անտառկառավարման պլանների, տնտեսական մեխանիզմների, ազգային վկայագրման ձևերի կիրառման միջոցով,

իե. բնության հատուկ պահպանվող տարածքներում հազվագյուտ և անհետացող կենդանիների ու բույսերի տեսակային կազմի և վիճակի պարզաբանման նպատակով գիտական համալիր հետազոտությունների իրականացումը,

իզ. անտառների ապօրինի հատումների կանխումը,

իէ. բնության հատուկ պահպանվող տարածքների անտառվերականգնման և անտառապատման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու իրականացումը,

իը. բնության հատուկ պահպանվող տարածքների անտառների բնական վերականգնմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

իթ. բնության հատուկ պահպանվող տարածքների հատված և դեգրադացված անտառների վերականգնումը,

իժ. իրավասության սահմանում պաշտպանական անտառշերտերի վերականգնումն ու նորերի հիմնումը:

2) Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պահպանության ուղղությամբ

ա. Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը,

բ. լճի մակարդակի ծովի մակերևույթից առնվազն մինչև 1903, 5մ բարձրացումը,

գ. ջրհավաք ավազանի կեղտաջրերի մաքրմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը,

դ. ձկնաշխարհի, մասնավորապես էնդեմիկ ձկնատեսակների պահպանությանն ու վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը,

ե. ձկան արդյունագործական պաշարների հաշվառման, մշտական մոնիթորինգի և կայուն օգտագործման համակարգի կատարելագործումը:

11. Հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման ուղղությամբ

Շրջակա միջավայրի վիճակի, ներառյալ միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացումը:

12. Վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների կառավարման ուղղությամբ

1) Վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների մշակումն ու իրականացումը,

2) վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների անվտանգ գործածության պայմանների սահմանումը:

13. Միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման և վերահսկողության ապահովման ուղղությամբ

Շրջակա միջավայրի պահպանության համատեքստում`

1) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը,

2) ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացումը, անվտանգության գնահատման ժամանակակից մեթոդների ներդրումը,

3) ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումն ապահովող նպատակային ազգային ծրագրերի մշակումն ու ներդրումը:

14. Ազգաբնակչության բնապահպանական իրազեկության և էկոլոգիական կրթության ու դաստիարակության ապահովման ուղղությամբ

1) Շարունակական էկոլոգիական կրթության և դաստիարակության ապահովման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծումը.

2) «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լիարժեք կիրարկումը.

3) բնապահպանական տեղեկատվության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման մեթոդների ու մոտեցումների կատարելագործումը.

4) բնապահպանական քաղաքականության մեջ ՄԱԿ-ի ԵՏՀ «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության սկզբունքների ներգրավումը:

15. Բնապահպանական օրենսդրության, ինստիտուցիոնալ կարողությունների և տնտեսական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ

Բնապահպանության բնագավառում երկրի բնապահպանական անվտանգությանը նպատակաուղղված վերոգրյալ գործողությունների և միջոցառումների իրագործման բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է`

1) ապահովել օրենսդրական հենքի կատարելագործման անընդհատությունը.

2) ապահովել ինստիտուցիոնալ, ներառյալ բնապահպանական հսկողական և վերահսկողական համակարգի հզորությունների ամրապնդման և զարգացման (կադրերի պատրաստում ու վերապատրաստում, ժամանակակից սարքերով ու սարքավորումներով համակարգի վերազինում և այլն) անընդհատությունը

3) ապահովել`

ա. բնօգտագործման և բնապահպանական վճարների գծով հավաքագրվող ֆինանսական միջոցների հասցեագրված օգտագործումը, դրանք ամբողջովին նպատակաուղղելով հանրապետությունում առկա, մասնավորապես, առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորմանը,

բ. տեղական և արտասահմանյան փորձի լավագույն օրինակների հիմքի վրա շարունակել տնտեսական մեխանիզմների գծով բարեփոխումների իրականացումը` բնական ռեսուրսների տնտեսական գնահատման մեթոդների կատարելագործման միջոցով, աստիճանաբար բնօգտագործման և բնապահպանական վճարների դրույքաչափերի մակարդակը մոտեցնելով օգտագործվող բնական ռեսուրսների և շրջակա միջավայրին պատճառվող վնասի իրական տնտեսական արժեքին/չափերին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
ապրիլի 8-ի N 387-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Բնագավառին վերաբերող նպատակային ծրագրերի անվանումը

Ծրագրի
իրականացման նպատակը

Ծրագրի իրականացման կոնկրետ միջոցառումը(ները)

Ծրագրի իրականացման ֆինանսական աղբյուրները

Ակնկալվող
արդյունքները

Միջոցառում-ների կատարման ժամկետը

1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկում (ընդունված` 27.11.2006 թ.)

ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ապահովում

«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (03.05.2005 թ.) ամրագրված հիմնադրույթների ներդրմամբ ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման մեխանիզմների ստեղծում և հզորությունների ամրապնդում

նախարարության պահպանման ծախսեր,
Ծրագրային ֆինանսավորում (ՄԺԾԾ), 
միջազգային ֆինանսավորում

ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման մեխանիզմների ու հզորությունների առկայություն

2008-2012 թթ.
և շարունա-կական

2. Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների ծրագրի իրականացում (ընդունված` ՀՀ կառավարության 14.08.2008 թ. N 33 արձանագրային որոշմամբ)

շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման կայուն կառավարման ու զարգացման ապահովում

շրջակա միջավայրի պահպանության 2-րդ ազգային գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների իրականացում

միջազգային ֆինանսավորում, նախարարության պահպանման ծախսեր,
Ծրագրային ֆինանսավորում (ՄԺԾԾ)

շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողություն-ների ծրագրի առկայություն

2008-2012 թթ.

3. Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողու-թյունների ազգային ծրագրի իրակա-նացում (ընդունված`
ՀՀ կառավարության 26.12. 2002 թ. N 54 արձանագրային որոշմամբ)

բնության հատուկ պահպանվող տարածքների կատարելագործված համակարգի ստեղծմամբ լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանության, վերականգնման և կայուն օգտագործման վիճակի բարելավում

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարությանը համապատասխան գործողությունների ազգային ծրագրում ներառված միջոցառումների իրականացում

նախարարության պահպանման ծախսեր,
Ծրագրային ֆինանսավորում (ՄԺԾԾ), 
միջազգային ֆինանսավորում

բնության հատուկ պահպանվող տարածքների կատարելագործ-ված համակարգի առկայություն

2008-2010 թթ.

4. «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկում (ընդունված` 14.12.2001 թ.)

Սևանա լճի էկոհամակարգերի հավասարակշռության ապահովում

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սկզբունքներին համապատասխան, յուրաքանչյուր տարի «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման տարեկան ծրագիր» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի մշակում, ընդունված որոշումներում ամրագրված միջոցառումների իրականացում

նախարարության պահպանման ծախսեր,
Ծրագրային ֆինանսավորում (ՄԺԾԾ), 
միջազգային ֆինանսավորում

Սևանա լճի էկոհամակարգերի հավասարակշռու-թյան առկայություն

յուրաքան-չյուր տարի

5. Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագրի իրականացում` Հայաստանի Հանրապետության բնապահպանու-թյան նախարարությանը վերապահված իրավասու-թյունների շրջանակներում(ընդունված` ՀՀ կառավարության 21.07.2005 թ. N 1232-Ն որոշմամբ)

Հայաստանի անտառային էկոհամակարգերի պահպանության, դեգրադացված անտառային էկոհա-մակարգերի վերականգնման, անտառային պաշար-ների շարունակական և արդյունավետ օգտագործման ու կայուն կառավարման ապահովում

Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագրում ամրագրված միջոցառումների իրականացում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը վերապահված իրավասությունների շրջանակներում

նախարարության պահպանման ծախսեր,
Ծրագրային ֆինանսավորում (ՄԺԾԾ), 
միջազգային ֆինանսավորում

անտառների կայուն կառավարման մեխանիզմների ու համակարգի առկայություն

2008-2012 թթ.
և շարու-նակական

6. Ապօրինի անտառահա-տումների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցող միջոցառումների գործողությունների ծրագրի իրականացում` Հայաստանի Հանրապետության բնապահ-պանության նախարարությանը վերապահված իրավասությունների շրջանակներում (ընդունված`
ՀՀ կառավարության 30.09.2004 թ. N 38 արձանագրային որոշմամբ)

ապօրինի անտառահա-տումների նվազեցում` շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունների հնարավոր կանխարգելման ապահովում

ապօրինի անտառահատումների նկատմամբ բնապահ-պանական մշտական վերահսկողության իրականացում, անտառկառավարման պլանավորում, անտառկառավարման պլանների մշակում, անտառկառավարման պլաններով առաջարկվող գործողությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, Զիկատար ուսուցողական կենտրոնի միջոցով գործնական ուսուցման ու վերապատրաստման իրականացում, խորհրդատվություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ միջոցառումներ

նախարարության պահպանման ծախսեր,
Ծրագրային ֆինանսավորում (ՄԺԾԾ), 
միջազգային ֆինանսավորում

անտառների կայուն կառավարման առկայություն

2008-2010 թթ.
և շարու-նակական

7. Ավտոտրանս-պորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագրի իրականա-ցում (ընդունված`
ՀՀ կառավարության 14.07.2005 թ. N 1033-Ն որոշմամբ)

ավտոտրանսպորտային միջոցներից շրջակա միջավայր արտանետվող վնասակար նյութերի կրճատման ապահովում

ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման հայեցակարգի (ընդունված` Հայաստանի Հանրապետության կառավարության 14.10.2004թ.
N 40 արձանագրային որոշմամբ) համաձայն ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման ծրագրով ամրագրված համապատասխան միջոցառումների իրականացում

նախարարության պահպանման ծախսեր,
Ծրագրային ֆինանսավորում (ՄԺԾԾ), 
միջազգային ֆինանսավորում

շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման հզորությունների առկայություն

2008-2009 թթ.

8. Կազմակեր-պություններում «բնապահպանական լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման համակարգի ստեղծում

անշարժ աղբյուրներից արտանետումների սահմանափակման կամ նվազեցման ապահովում

եվրոպական և այլ զարգացած երկրների փորձի ուսումնասիրում, «Բնապահպանական լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման հայեցակարգի մշակում և Հայեցակարգից բխող միջոցառումների կատարում

նախարարության պահպանման ծախսեր,
Ծրագրային ֆինանսավորում (ՄԺԾԾ), 
միջազգային ֆինանսավորում

«Բնապահպանական լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման համակարգի առկայություն

2008-2012 թթ.

9. «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի» իրականացում (ընդունված` ՀՀ կառավարության 28. 03.2002 թ. N 13 արձանագրային որոշմամբ)

անապատացման գործընթացների դադարեցման կամ մեղմացման և խախտված հողերի վերականգնման ապահովում

Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրով ամրագրված` դեգրադացված հողերի համալիր վերականգնման և հողերի դեգրադացիայի կանխման համալիր միջոցառումների իրականացում

նախարարության պահպանման ծախսեր,
Ծրագրային ֆինանսավորում (ՄԺԾԾ), 
միջազգային ֆինանսավորում

վերականգնված հողերի առկայություն

2008-2012 թթ.
և շարունա-կական

10. Վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման մեխանիզմների ստեղծում

վտանգավոր թափոնների և աղտոտված տարածքների (աղբավայրերի, պոչամբարների, թունաքիմիկատների գերեզմանոցների) անվտանգ կառավարման մեխանիզմների ստեղծում

վտանգավոր թափոնների և աղտոտված տարածքների (աղբավայրերի, պոչամբարների, թունաքիմիկատների գերեզմանոցների) անվտանգ կառավարման սկզբունքների, կանոնների պահանջների, մեթոդների, ուղեցույցների, ձեռնարկների, ցանկերի մշակում

նախարարության պահպանման ծախսեր,
Ծրագրային ֆինանսավորում (ՄԺԾԾ),

թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման մեխանիզմների առկայություն

2008-2012 թթ.

11. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պետական մոնի-թորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011 թվականների ծրագրի իրականացում (ընդունված` ՀՀ կառավարության 15.02.2007 թ. N 191-Ն որոշմամբ)

շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման կայուն կառավարման հիմքերի ստեղծում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011 թվականների ծրագրում ներառված համապատասխան միջոցառումների իրականացում

նախարարության պահպանման ծախսեր,
Ծրագրային ֆինանսավորում (ՄԺԾԾ), 
միջազգային ֆինանսավորում

շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման և բնական ռեսուրս-ների արդյունավետ օգտագործման հզորությունների առկայություն

2008-2011 թթ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան