Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական ԵՎ իրավական երաշխիքների մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցությունում Խաղաղության պահպանման հավաքական ուժերի մասին կանոնակարգով, որը հաստատված է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի 1996 թվականի հունվարի 19-ի որոշմամբ,
ելնելով Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի (այսուհետ` ԽՊՀՈՒ) անձնակազմի սոցիալական և իրավական պաշտպանության ապահովման համաձայնեցված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունից,
ձեռնարկելով բոլոր հարկավոր միջոցները` խաղաղության պահպանման գործողություն անցկացնելու մանդատին համապատասխան իրենց պարտականությունները կատարելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի անձնակազմի անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով,
ինչպես նաև ԽՊՀՈՒ-ի անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական պաշտպանվածության ուժեղացման նպատակով,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի մեջ ներքոհիշյալ տերմինները նշանակում են.
Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմ (այսուհետ` ԽՊՀՈՒ անձնակազմ) -ռազմական, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմ, որից կազմավորվում է ԽՊՀՈՒ-ն,
ընդունող կողմ - պետություն, որի տարածքում անցկացվում է խաղաղության պահպանման գործողություն (այսուհետ` ԽՊԳ),
ուղարկող կողմ - ԽՊՀՈՒ-ի կազմին իր համակազմը հատկացնող պետություն,
ԽՊՀՈՒ-ի անձնակազմի ընտանիքների անդամներ - ամուսին (կին), երեխաներ և ծնողներ, ինչպես նաև այլ անձինք, ովքեր, ուղարկող Կողմի օրենսդրությանը համապատասխան, ճանաչվում են ընտանիքի անդամներ,
ԽՊՀՈՒ-ի պատասխանատվության գոտի - իր վրա դրված առաջադրանքների կատարման ժամանակ ԽՊՀՈՒ-ի անձնակազմի տեղաբաշխման գոտի այն շրջաններում և այն սահմաններով, որոնք որոշվել են հակամարտության կողմերի միջև ձեռք բերված համապատասխան համաձայնագրերով և պայմանավորվածություններով` Անկախ Պետությունների Համագործակցության կողմից անցկացվող խաղաղության պահպանման գործողության մանդատին համապատասխան,
ԽՊՀՈՒ-ի անձնակազմի դրամական վարձատրություն (այսուհետ` դրամական վարձատրություն) - խաղաղության պահպանման գործողություն անցկացնելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի կազմում առաջադրանքների կատարման համար ԽՊՀՈՒ-ի անձնակազմին ամեն ամիս վճարվող դրամական միջոցներ:
Հոդված 2
Կողմերը համաձայնեցին ԽՊՀՈՒ-ի անձնակազմի համար սահմանել`
ա) ըստ նախկինում զբաղեցրած պաշտոնների` դրամական միջոցի (միջին աշխատավարձի), իրավունքների, երաշխիքների, փոխհատուցումների և այլ վճարումների, այդ թվում` ԽՊԳ-ին մասնակցության ընթացքում ծառայության (աշխատանքի) հատուկ պայմաններով, պահպանում, ինչն իրականացվում է ուղարկող Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ) ԽՊՀՈՒ-ի անձնակազմին դրամական վարձատրություն, որի վճարման չափը և կարգը հաստատվում է սույն Համաձայնագրի Կողմերի որոշմամբ,
գ) վարձատրվող լրացուցիչ արձակուրդ 15 օր տևողությամբ` արձակուրդն անցկացնելու վայր մեկնելու և հետդարձի ժամանակը չհաշված,
դ) ԽՊՀՈՒ-ի զինվորական, ոստիկանական անձնակազմի ծառայության ժամկետի կենսաթոշակի հաշվարկի համար հաշվանցում երկարամյա ծառայության մեջ, ԽՊՀՈՒ-ի քաղաքացիական անձնակազմի աշխատանքի ժամկետի կենսաթոշակի հաշվարկի համար (պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրման համար ուղարկող Կողմի կենսաթոշակային հիմնադրամին ապահովագրական մուծումներ վճարելու պայմանով) հաշվանցում աշխատանքային ստաժի մեջ` ծառայության (աշխատանքի) մեկ ամիսը` որպես երեք ամիս,
ե) միանվագ նպաստի վճարում ԽՊՀՈՒ-ի անձնակազմին, որը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացել է խեղումներ (վերքեր, վնասվածքներ, կոնտուզիաներ), հիվանդություններ, որոնք հանգեցրել են ժամանակավոր անաշխատունակության և հաշմանդամություն չեն առաջացրել, 5 ամսվա դրամական վարձատրության չափով, իսկ հաշմանդամության առաջացման դեպքում` 10 ամսվա դրամական վարձատրության չափով: Նշված նպաստը վճարվում է որպես հավելում ուղարկող Կողմի օրենսդրությամբ սահմանված նպաստների (ապահովագրական վճարների),
զ) բժշկական ապահովում` ուղարկող Կողմի օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 3
Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի կազմից անձի զոհվելու (մահվան) դեպքում նրա ընտանիքի անդամներն իրավունք ունեն հավասար մասնաբաժիններով ստանալու 30 ամսվա դրամական վարձատրության չափով միանվագ լրացուցիչ նպաստ` որպես հավելում ազգային օրենսդրությամբ սահմանվածի:
Զոհվածի (մահացածի) մարմնի և անձնական իրերի տեղափոխումը հուղարկավորման վայր իրականացվում է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված միջոցների հաշվին:
Հոդված 4
ԽՊՀՈՒ-ի անձնակազմի համար սույն Համաձայնագրով նախատեսված սոցիալական և իրավական երաշխիքների գործողության սկիզբը և դադարեցումը որոշվում են անցկացվող ԽՊԳ-ի մանդատի գործողությանը համապատասխան:
Սույն Համաձայնագրով նախատեսված սոցիալական և իրավական երաշխիքները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք ինքնակամ թողել են զորամասը կամ ծառայության (աշխատանքի) վայրը, քրեորեն պատժելի արարք են գործել ԽՊՀՈՒ-ի կազմում առաջադրանքներ կատարելու ընթացքում:
Հոդված 5
ԽՊՀՈՒ-ի անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալական և իրավական երաշխիքներ տրամադրելու ծախսերի ֆինանսավորումն իրականացնում են ուղարկող Կողմերը՝ ԽՊՀՈՒ ստեղծելու մասին Կողմերի որոշման և ԽՊԳ անցկացնելու մանդատի հիման վրա, այն ֆինանսական միջոցների շրջանակներում, որոնք ամեն տարի սահմանված կարգով նախատեսվում են ազգային բյուջեներում համապատասխան նպատակների համար:
Հոդված 6
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են Կողմերը:
Հոդված 9
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով դուրս գալու ամսաթվից առնվազն վեց ամիս առաջ: Համաձայնագրից դուրս եկող Կողմը մինչև դուրս գալու ամսաթիվը կատարում է սույն Համաձայնագրից բխող իր պարտավորությունները:
Պարտքը հաշվելու և մարելու կարգը կորոշվի սույն Համաձայնագրին կից առանձին արձանագրությամբ:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության այլ մասնակից պետությունների միանալու համար:
Միացող պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին գրավոր ծանուցումն ավանդապահին հանձնելու ամսաթվից:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցագիրն ավանդապահին հանձնելու ամսաթվից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցագիրն ավանդապահին հանձնելու ամսաթվից:
Կատարված է Դուշանբե քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության կողմից:
Բելառուսի Հանրապետության վերապահումը
Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 9-րդ կետով
Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման կոլեկտիվ ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին Համաձայնագրի մասին
2007 թվականի հոկտեմբերի 5 |
Ք. Դուշանբե |
Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին Համաձայնագրին կից
«Բելառուսի Հանրապետությունը ելնում է նրանից, որ ԽՊՀՈՒ-ի անձնակազմին և անձնակազմի ընտանիքների անդամներին սոցիալական և իրավական երաշխիքների տրամադրման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ ԽՊՀՈՒ ստեղծելու մասին որոշման և ԽՊԳ անցկացնելու մանդատի հիման վրա իրենց զինվորական կազմավորումները, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմը ԽՊԳ համար հատկացնող Կողմերի ազգային բյուջեների միջոցների հաշվին»:
Ստորագրվել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Լուկաշենկոյի կողմից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|