Գլխավոր տեղեկություն
Համար
N 825-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.05.2010-26.04.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.08/48(347) Հոդ.873
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2007 թվականի N 825-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ և 4.3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմից հետ վերցնել 9447779 դրամ արժողությամբ գույքը և ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին` համաձայն N 3 հավելվածի:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 4 հավելվածի:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 7 հաստիքային միավոր:

(5-րդ կետը փոփ. 13.11.08 N 1293-Ն)

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 905-Ն որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 25
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 825-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարության նպատակներն ու խնդիրներն են`

1) սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության նպատակների և առաջնային ուղղությունների սահմանումն ու իրականացումը.

2) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն)

3) բնակչության առողջացման, ֆիզիկական դաստիարակության գիտականորեն հիմնավորված համակարգի ստեղծումը.

4) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն)

5) սպորտի դերի բարձրացման, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման գործին աջակցելը.

6) բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգ մշակելը և գործնականում ներդնելը, հաշմանդամների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստմանն աջակցելը, ինչպես նաև նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.

8) սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում գիտամեթոդական ու հետազոտական աշխատանքների իրականացման, գիտական հետազոտությունների անցկացման ծրագրերի համադասման ապահովումը.

9) հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն աջակցելը.

10) երիտասարդական և մանկապատանեկան կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով միջոցառումների մշակման աշխատանքներին նպաստելը և դրանց իրականացմանն օժանդակելը.

11) սպորտային և երիտասարդական քաղաքականության քարոզչության` զանգվածային լրատվության միջոցներով ապահովումը.

12) տեղեկատվական ու փաստաթղթային, խորհրդատվական և սոցիալական, մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության երիտասարդական ծառայությունների և կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը, երիտասարդության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի իրականացմանն աջակցությունը:

(6-րդ կետը փոփ., լրաց. 13.05.10 N 536-Ն)

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

2) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.

3) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.

4) իրականացնում է հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի կազմակերպման և մարզիկների պատրաստման աշխատանքների մեթոդական ղեկավարումը.

5) վարում է սպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառումը.

6) բնագավառի վաստակաշատ անձանց ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների.

7) շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի նվիրյալներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.

8) աջակցում է հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքներին.

9) իրականացՆում է սպորտի և երիտասարդության ոլորտի քարոզչությունը.

10) ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ սպորտային և երիտասարդական տարածքային քաղաքականության իրականացումը.

11) աջակցում է ազգային սպորտային խաղերի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, սպորտաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.

12) ապահովում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծրագրերի համակարգումը.

13) մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.

14) միջազգային սպորտի և երիտասարդական համագործակցության նպատակով օտարերկրյա պետություններ է գործուղում սպորտային և երիտասարդական խմբեր, անհատ մարզիկների, աջակցում է միջազգային սպորտային և երիտասարդական համագործակցության և փոխանակումների զարգացմանը.

15) համագործակցում և մասնակցում է միջազգային սպորտային և երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.

15.1.) մշակում է համահայկական մարզական և երիտասարդական բնույթի ծրագրեր` համագործակցելով պետական կառավարման լիազոր մարմնի հետ.

16) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականությունը համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

17) սահմանում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում սպորտային, մանկապատանեկան և երիտասարդական կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.

18) վերլուծում է ծառայությունների շուկան սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում, կազմակերպում իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը.

19) մշակում է տեղեկատվական համակարգերի և մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան տեղեկատվական, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի ծրագրեր.

20) մշակում է գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպման ծրագրեր.

21) կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ մասնակցում է սպորտի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.

22) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան ռեգիստրների միջոցով վարում սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում վարչական վիճակագրությունը, իրականացնում սպորտային, մանկապատանեկան ու երիտասարդական կազմակերպությունների հաշվառումը.

23) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն)

24) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն)

25) վերլուծում, ուսումնասիրում և կանխատեսում է սոցիալական գործընթացները երիտասարդության միջավայրում, դրանց ազդեցությունը պետության քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակի վրա.

26) (Ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 536-Ն)

27) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումներն ու բողոքները), նպաստում դրանցում բարձրացված հարցերի լուծմանը.

28) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը.

29) սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում`

ա. վերլուծում է քաղաքականությունը, ուսումնասիրում քաղաքականության միտումները և օրինաչափությունները,

բ. մշակում է քաղաքականության ռազմավարությունը, հայեցակարգերն ու նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ.

30) մշակում է սպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ:

(7-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 13.05.10 N 536-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

9. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

10. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

11. Նախարարը`

1) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

7) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

11) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

14) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

12. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

13. Նախարարի տեղակալը`

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականները և առաջադրանքները և իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

9) իրեն հանձնարարված բնագավառներում ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

14. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

14.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա: Հայաստանի Հանրապետության նախարարին կից կոլեգիան՝

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

(14.1-րդ կետը լրաց. 18.12.08 N 1503-Ն)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

15. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանն օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

16. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

17. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

18. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

19. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

20. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

21. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

22. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

23. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

24. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ:

25. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Աբովյան 9:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

28. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

29. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

31. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի ղեկավարին.

2) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

3) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

4) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

5) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

32. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

33. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու, պարտականությունները չկատարելու համար:

34. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

35. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նախարարի հրամանով նրան փոխարինում է նրա տեղակալը:

36. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

5) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

7) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

8) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

10) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

11) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

12) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

13) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

14) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

15) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:

(36-րդ կետը լրաց. 13.05.10 N 536-Ն)

37. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

(37-րդ կետը փոփ. 13.05.10 N 536-Ն)

38. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

39. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

40. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

41. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 825-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչություն

Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն

Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն

Երիտասարդական քաղաքականության վարչություն

Ծրագրերի կառավարման վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

 

Անձնակազմի կառավարման բաժին

Հաշվապահական հաշվառման բաժին

Միջազգային կապերի բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

(Հավելվածը լրաց. 27.09.07 N 1111-Ն, խմբ. 13.11.08 N 1293-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 825-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային
արժեքը (դրամ)

 

Ընդամենը

9447779

 

որից`

 

1.

Հիմնական միջոցներ

այդ թվում`

9423095

 

Շենք

 

 

Տրանսպորտային միջոցներ

5000000

 

Գրասենյակային գույք

290299

 

Համակարգչային տեխնիկա

3962700

 

Կապի սարքավորումներ

115270

 

Այլ հիմնական միջոցներ

54826

2.

Փոքրարժեք և արագամաշ առարկաներ

24684

 

Կապի սարքավորումներ

24684


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 


Հավելված N 4

ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 825-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

NN
ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային
արժեքը (դրամ)

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ
ընդամենը

63903365

 

որից`

 

1.

Հիմնական միջոցներ
այդ թվում`

63562681

 

Շենք

13400000

 

Տրանսպորտային միջոցներ

29970000

 

Գրասենյակային գույք

5527547

 

Համակարգչային տեխնիկա

11871768

 

Կապի սարքավորումներ

322440

 

Այլ հիմնական միջոցներ

2470926

2.

Փոքրարժեք և արագամաշ առարկաներ

340684


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան