Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.09.03/23(436).1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
15.05.1992
Ստորագրման ամսաթիվ
15.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովության և զինծառայողների պետական ապահովագրության կարգի մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` մասնակից պետություններ,

հիմք ընդունելով 1992 թվականի փետրվարի 14-ի` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական երաշխիքների մասին և 1992 թվականի մարտի 13-ի` Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին Համաձայնագրերը,

ցանկություն արտահայտելով համագործակցելու զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության բնագավառում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Համագործակցության մասնակից պետությունների Զինված ուժերի և այդ պետությունների օրենսդիր մարմինների ստեղծած այլ ռազմական կազմավորումների, Համագործակցության միացյալ զինված ուժերի, ԽՍՀՄ նախկին Զինված ուժեր և այլ զինված կազմավորումների զինծառայողների կենսաթոշակային ապահովությունը և պետական պարտադիր ապահովագրությունը, ինչպես նաև այդ զինծառայողների ընտանիքների կենսաթոշակային ապահովությունը իրականացվում են այն մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված կամ սահմանվող պայմաններով, նորմերով և կարգով, որոնց տարածքներում բնակվում են նշված զինծառայողները և նրանց ընտանիքները, իսկ մինչ տվյալ հարցերով այդ պետությունների կողմից օրենսդրական ակտերի ընդունումը` նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված պայմաններով, նորմերով և կարգով: Ընդ որում‚ զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովության մակարդակը, որը հաստատվում է մասնակից պետությունների օրենսդրություններով` համաձայն 1992 թվականի փետրվարի 14-ի` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական երաշխիքների մասին Համաձայնագրի, չի կարող ավելի ցածր լինել‚ քան ԽՍՀՄ օրենսդրությամբ և այլ նորմատիվ ակտերով ավելի վաղ հաստատված մակարդակը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Զինծառայողների կենսաթոշակների նշանակման տարիների վաստակին հաշվարկվում է սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված Զինված ուժերում և այլ զինված կազմավորումներում ծառայությունը (այդ թվում արտոնյալ պայմաններով) Համագործակցության այն մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, որոնց տարածքում զինծառայողները անցել են ծառայությունը:

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին թոշակների նշանակման համար դրամական դրույքաչափերը սահմանվում են այն մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, որոնց տարածքներում բնակվում են զինծառայողները և նրանց ընտանիքները:


Հ ո դ վ ա ծ  3

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովության և զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության վրա կատարվող ծախսերը իրականացվում են մասնակից պետությունների կողմից իրենց բյուջեների հաշվին` առանց փոխադարձ հաշվարկների:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Մասնակից պետությունները պարտավորություն են վերցնում տեղեկություն փոխանակել իրենց պետությունում զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովության և զինծառայողների պետական պարտադիր ապահովագրության մասին համաձայնեցված օրենսդրական ակտերի հիման վրա ընդունված գործող նորմատիվ փաստաթղթերի մասին, ինչպես նաև իրականացնել մշտական համագործակցություն կենսաթոշակային ապահովության և պետական պարտադիր ապահովագրության հարցերի ժամանակին և ճիշտ լուծման համար կարևորություն ունեցող պարտավորությունները պարզելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված հարցերը, անհրաժեշտության դեպքում, երկկողմ և բազմակողմ հիմունքներով կքննարկվեն մասնակից պետությունների պաշտպանության նախարարների Խորհրդի, ինչպես նաև Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների (պաշտպանության կոմիտեների) կողմից:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կատարված է Տաշքենդ քաղաքում 1992 թվականի մայիսի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ից: