Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.05.02/12(425)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
05.07.2006
Ստորագրման ամսաթիվ
05.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2008

Հ Ա Ն Ձ Ն Մ Ա Ն

  

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև

 

Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ելնելով փոխհարաբերությունները ամրապնդելու և հանձնմանն առնչվող բնագավառներում արդյունավետ համագործակցություն ստեղծելու իրենց փոխադարձ շահերից,

հիմնվելով պետական ինքնիշխանության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և փոխադարձ շահերի պաշտպանության սկզբունքների վրա,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Հանձնման պարտավորությունը

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս Պայմանավորվող կողմի հարցման հիման վրա հանձնել իր տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի, որը հանցագործություն կատարելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից վարվող դատական հետապնդման մեջ:

 

Հոդված 2

 

Հանձնում առաջացնող պայմանները

 

Հանձնումը կարող է կատարվել հետևյալ պայմաններում.

1) քրեական հետապնդման մեջ գտնվող անձի հանձնումը կարող է կատարվել այն արարքի համար, որը երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով համարվում է հանցագործություն և պատժելի է առավելագույնը ազատազրկման ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով.

2) երբ հանձնումը կատարվում է դատապարտյալի նկատմամբ, որի կատարած հանցագործությունը և դրա համար նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետին, և կայացված դատավճիռը սահմանում է նվազագույնը 6 ամիս ազատազրկում:

 

Հոդված 3

 

Հանձնումը մերժելը

 

Հանձնման վերաբերյալ հարցումը մերժվում է, եթե.

1) հանձնման ենթակա անձը հանցագործության կատարման պահին հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի է.

2) հանցագործությունը, որի համար հանձնման հարցում է կատարվել, քաղաքական կամ զինվորական հանցագործություն է: Հանցանքի բնույթը պետք է որոշի հայցվող Պայմանավորվող կողմը.

3) հանցագործությունը տեղի է ունեցել հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կամ նշված Կողմի տարածքից դուրս՝ հայցվող Պայմանավորվող կողմի իրավազորության մեջ մտնող ընթացակարգերով.

4) հանցագործությունը, որի համար հանձնման հարցում է արվել, Պայմանավորվող կողմերից մեկի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան` իրավաբանորեն դատական կարգով հետապնդելի չէ, և/կամ դատավճիռը ի կատար ածելու ենթակա չէ.

5) հայցվող Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան` հանձնման հարցման իրականացումը վնասում է նրա պետական ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ բարոյական նորմերին կամ հակասում է իրավական հիմնարար սկզբունքներին:

Այն դեպքում, երբ հանձնումը չի ընդունվել, հայցող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացվի հանձնման հարցումը մերժելու և համապատասխան պատճառների մասին:

 

Հոդված 4

 

Հանձնման վերաբերյալ հարցումը պատրաստելը

 

Հանձնման վերաբերյալ հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և ուղեկցվի հետևյալ փաստաթղթերով.

1) հայցող իրավասու մարմնի անվանումը.

2) այն օրենքի հոդվածների և դրույթների տեքստը, որով կատարված արարքը հայցող Պայմանավորվող կողմը դիտում է որպես հանցագործություն, և դրա համար սահմանված համապատասխան պատիժը.

3) հանձնման ենթակա անձի անունը, ազգանունն ու քաղաքացիությունը և, եթե հնարավոր է, նրա հայրանունը, ծննդյան ամսաթիվը, մշտական բնակության վայրը, ինքնությունը հաստատող տվյալները, լուսանկարը, մատնահետքերը և այդ անձին նույնականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն.

4) այն հանցագործության մանրամասները, որի համար հանձնման հարցում է արվել, հանցագործության կատարման ժամանակը և վայրը, դրա իրավական նկարագիրը և օրենքի համապատասխան դրույթների քաղվածքները` այնքանով, որքանով հնարավոր է.

5) վերջնական դատավճռի հաստատված պատճենը, ձերբակալման կարգադրագիրը կամ դատական ծանուցագիրը կամ հավասարազոր որևէ այլ փաստաթուղթ, արդեն իսկ կրած պատիժը և մնացած ժամանակահատվածը և իրավասու մարմինների կողմից տրված հավաստագիրը պատճառված վնասի կամ կորուստների գումարի մասին, եթե այդպիսիք կան:

Եթե հայցվող Պայմանավորվող կողմը պահանջում է որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում այն դեպքում, երբ հանձնման ենթակա անձը ձերբակալված է, կամ նրա նկատմամբ կիրառվել են խափանման այլ միջոցներ, ապա հայցվող Պայմանավորվող կողմը կարող է հարցում անել մյուս Պայմանավորվող կողմին՝ տրամադրելու համար պահանջված տեղեկատվությունը կամ պարզաբանումը: Եթե նշված ժամանակահատվածում և ամենաշատը 30 օրվա ընթացքում լրացուցիչ տեղեկատվությունը կամ պարզաբանումը չի ստացվում, ապա հայցվող Պայմանավորվող կողմը ազատ է արձակում հանձնման ենթակա անձին: Այնուամենայնիվ, վերոշարադրյալը չի խոչընդոտի հետագայում տվյալ անձի կալանավորմանը լրացուցիչ տեղեկատվությունը կամ պարզաբանումը ստանալուց հետո: Հանձնման հարցումը պետք է պարունակի իրավասու մարմնի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը:

 

Հոդված 5

 

Փաստաթղթերի թարգմանությունը

 

Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված փաստաթղթերը պետք է կազմվեն հայցող Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան՝ ուղեկցված հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով համապատասխան թարգմանությամբ: Հայցող Պայմանավորվող կողմը կամ նրա դիվանագիտական առաքելությունը կամ հյուպատոսությունը և/կամ նշված Կողմի պաշտոնական թարգմանիչը և/կամ հայցվող Պայմանավորվող կողմը պետք է հաստատեն այդպիսի փաստաթղթերի թարգմանությունը:

 

Հոդված 6

 

Հանձնման ենթակա անձի կալանավորումը

 

Ստանալով հանձնման վերաբերյալ հարցումը, հայցվող Պայմանավորվող կողմը պետք է, իր ներքին օրենքներին համապատասխան, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հայցվող անձին ձերբակալելու կամ կալանավորելու համար` բացառությամբ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված դեպքերի:

 

Հոդված 7

 

Կալանավորելը մինչև հանձնման հարցումն ստանալը

 

1) Անհետաձգելի դեպքերում հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները կարող են հայցվող անձի ժամանակավոր կալանավորման գրավոր հարցում անել ինտերպոլի միջոցով կամ դիվանագիտական ուղիներով կամ, Պայմանավորվող կողմերի միջև պայմանավորվածությունների համաձայն, ցանկացած ուղիով:

Նման դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները հայցվող անձի կալանավորման մասին պետք է որոշում կայացնեն իրենց ներքին օրենքին համապատասխան:

2) Հայցող Պայմանավորվող կողմը պետք է կալանավորման հարցման մեջ հղում անի դատավճռին կամ դատարանի որոշմանը կամ ձերբակալման կարգադրագրին՝ նշելով տվյալ անձի հանձնման համար հարցում անելու և հանձնման փաստաթղթերը անհապաղ հայցվող Պայմանավորվող կողմին տրամադրելու մասին:

3) Կալանավորված անձը ազատ կարձակվի, եթե նշված անձի կալանավորման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, հանձնման վերաբերյալ հարցումը չստացվի: Սա հայցող Պայմանավորվող կողմին չի արգելում իր հարցումն ավելի ուշ ներկայացնել և չի խանգարում հանձնել հանձնման ենթակա անձին:

 

Հոդված 8

 

Հանձնումը հետաձգելը, ժամանակավոր փոխանցումը

 

1) Հանձնման հարցման վերաբերյալ որոշում կայացնելիս հայցվող Պայմանավորվող կողմը կարող է տվյալ անձի հանձնումը հետաձգել այնպիսի հանցագործության հետ կապված քննություն իրականացնելու նպատակով, որը այլ է, քան հանձնման համար հարցում արված հանցագործությունն է:

2) Հանձնումը հետաձգելու փոխարեն հայցվող Պայմանավորվող կողմը կարող է հայցվող անձին ժամանակավոր փոխանցել մյուս Պայմանավորվող կողմին՝ հիմք ընդունելով սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածում նշված իրավասու մարմինների միջև համաձայնեցված ժամկետները և պայմանները:

 

Հոդված 9

 

Դատավարությունը հանձնումը մերժելու դեպքում

 

Եթե, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հանձնումը մերժվում է, ապա հայցվող Պայմանավորվող կողմը, իր օրենքներին համապատասխան, պետք է դատական կարգով հետապնդի մեղադրվող անձին: Նման դեպքերում հայցող Պայմանավորվող կողմը հայցվող Պայմանավորվող կողմին պետք է տրամադրի վկայություններն ու հանցագործության գործիքները, եթե այդպիսիք կան:

 

Հոդված 10

 

Մի քանի պետության կողմից միաժամանակ արված հարցումով հանձնումը

 

Եթե հանձնման ենթակա անձի հանձնման վերաբերյալ հարցումը միևնույն կամ տարբեր հանցագործությունների առնչությամբ միաժամանակ արվել է Պայմանավորվող կողմերից մեկի և այլ պետությունների կողմից, ապա հայցվող Պայմանավորվող կողմը դրա վերաբերյալ որոշում պետք է կայացնի՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները և, մասնավորապես, հանցագործության ծանրությունն ու կատարման վայրը, հարցումների համապատասխան ամսաթվերը, պահանջվող անձի քաղաքացիությունը և հետագայում մեկ այլ պետության հանձնելու հնարավորությունը:

 

Հոդված 11

 

Հանձնված անձի քրեական հետապնդումը

 

1) Հանձնված անձը չպետք է ենթարկվի քրեական հետապնդման, և նրա նկատմամբ դատավճիռը չպետք է ի կատար ածվի մինչև հանձնումը նրա կատարած այն հանցագործության համար, որն այլ է, քան այն հանցագործությունն է, որի համար հանձնումը իրականացվել է, քանի դեռ հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունը չի տրվել:

2) Եթե հանձնված անձը քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո` 15 օրվա ընթացքում, չի մեկնել հայցող Պայմանավորվող կողմի տարածքից և/կամ այնտեղից հեռանալուց հետո կամավոր վերադարձել է այդ տարածքը, ապա հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունն ստանալն այլևս չի պահանջվում: Այս ժամանակահատվածի մեջ չի ներառվում այն ժամանակը, որի ընթացքում անձը հայցող Պայմանավորվող կողմի տարածքից չի հեռացել իրենից անկախ պատճառներով:

3) Առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` հանձնված անձը չպետք է փոխանցվի երրորդ պետության այն հանցագործության համար, որը նա կատարել է նախքան հանձնելը:

 

Հոդված 12

 

Հանձնումն իրականացնելը

 

1) Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին կտեղեկացնի հանձնման համար հարցման վերաբերյալ իր որոշման մասին:

2) Եթե հանձնումը համաձայնեցված է, հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին պետք է տեղեկացնի հանձնման վայրի և ժամանակի մասին, ինչպես նաև այն ժամանակահատվածի մասին, որի ընթացքում նախքան փոխանցումը, հանձնման ենթակա անձը կալանավորված է եղել:

3) Եթե հանձնման ենթակա անձը համաձայնեցված օրը չի ընդունվել, ապա, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, Պայմանավորվող կողմերը կարող են համաձայնել նոր ժամկետի շուրջ, որի ընթացքում հանձնման ենթակա անձը կարող է կալանքի տակ պահվել։ Ամեն դեպքում հանձնման ենթակա անձը չպետք է կալանքի տակ պահվի 30 օրից ավելի՝ հանձնման համաձայնեցված օրվանից հաշված:

Նման դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմը պարտավորված չէ հանձնման հետ կապված իր նախկին որոշմամբ և կարող է վերանայել նույն հանցանքի համար հանձնման հարցումը:

4) Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը իրենից անկախ պայմանների և հանգամանքների պատճառով չի փոխանցում կամ ընդունում հանձնման ենթակա անձին, ապա նշված Պայմանավորվող կողմը, համապատասխանաբար, մյուս Պայմանավորվող կողմին պետք է տեղեկացնի այդ մասին: Նման դեպքերում Պայմանավորվող կողմերը պետք է պայմանավորվեն հանձնման նոր ժամկետի մասին: Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները պետք է կիրառվեն նաև նոր ժամկետի նկատմամբ:

 

Հոդված 13

 

Վերահանձնում

 

Եթե հանձնված անձը նախքան քննության, դատավարության կամ դատավճռի ի կատար ածման ավարտը վերադառնում է մյուս Պայմանավորվող կողմի տարածք, ապա հայցող Պայմանավորվող կողմի հարցման հիման վրա նա նորից պետք է հանձնվի։ Նման դեպքերում այլևս չի պահանջվում ներկայացնել սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված փաստաթղթերը։

 

Հոդված 14

 

Իրերը փոխանցելը

 

1) Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` հայցվող Պայմանավորվող կողմը պետք է հայցող Պայմանավորվող կողմին փոխանցի հանցագործության ապացույց համարվող բոլոր իրերն ու առարկաները կամ հանցագործության համար օգտագործված կամ հանցագործության ընթացքում ձեռք բերված գործիքները։

Վերը նշված իրերը, առարկաները և գործիքները պետք է փոխանցվեն, եթե նույնիսկ հանձնումը չի կարող իրականացվել հանձնման ենթակա անձի մահվան կամ փախուստի մեջ գտնվելու պատճառով կամ որևէ այլ հնարավոր պատճառով։

2) Պայմանավորվող կողմը մեկ այլ քրեական վարույթով քննություն կատարելու համար կարող է ժամանակավորապես հետաձգել սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաների և իրերի փոխանցումը կամ կարող է փոխանցել դրանք՝ վերադարձնելու պայմանով։

3) Վերը նշված առարկաների և իրերի առնչությամբ յուրաքանչյուր երրորդ անձի իրավունքները պետք է պաշտպանվեն, և նման իրերն ու առարկաները պետք է վերադարձվեն հայցվող Պայմանավորվող կողմին։

 

Հոդված 15

 

Տարանցում

 

1) Հանձնման հետ կապված իրենց ներքին կանոններին ու կանոնակարգերին, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է թույլատրի իր տարածքով այն անձի տարանցումը, որը մյուս Պայմանավորվող կողմին է հանձնվել երրորդ պետության կողմից։

2) Տարանցման թույլտվության համար հարցումը պետք է ուղեկցվի սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերով և կազմված լինի նշված հոդվածով սահմանված կարգով։

3) Ամեն դեպքում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կհամակարգեն տարանցման ձևը, ուղին և այլ պայմանները։

4) Եթե հանձնման ենթակա անձը Պայմանավորվող կողմի տարածքից տարանցում պետք է կատարի օդային տրանսպորտով՝ առանց այդ տարածքում վայրէջք կատարելու, ապա տվյալ Պայմանավորվող կողմից թույլտվություն վերցնելու անհրաժեշտություն չկա։

 

Հոդված 16

 

Ծախսերը

 

Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում հանձնման հետ կապված ծախսերը պետք է կրի այդ կողմը, իսկ տարանցման ծախսերը պետք է կրի հայցող Պայմանավորվող կողմը։

 

Հոդված 17

 

Հաղորդակցության ուղիները

 

Սույն Համաձայնագրի հետ կապված` Պայմանավորվող կողմերի միջև հանձնման գործերով յուրաքանչյուր հաղորդակցություն կիրականացվի դիվանագիտական ուղիներով. մի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության դատական մարմինների, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության (քննության սկզբից մինչև դատական ընթացակարգի սկիզբը) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (դատարանում դատական ընթացակարգի սկզբից մինչև դատավճռի իրականացումը) միջոցով։

 

Հոդված 18

 

Վեճերի կարգավորումը

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի կատարման և մեկնաբանման ընթացքում ծագած վեճերը կլուծեն անմիջական բանակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով։

 

Հոդված 19

 

Համաձայնագրի ուժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից, Պայմանավորվող կողմերի յուրաքանչյուրի ներքին օրենքներին համապատասխան, վավերացման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից։

Սույն Համաձայնագիրը կգործի անորոշ ժամկետով։

Սույն Համաձայնագիրը կդադարեցվի Պայմանավորվող կողմերից մեկի կողմից Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին տեղեկացնելու օրվանից 6 ամիս հետո։

Սույն Համաձայնագրի գործողության ժամկետի դադարեցումը չի ազդի Համաձայնագրի գործողության ընթացքում նախաձեռնված հանձնման որևէ հարցումի վրա։

 

Սույն Համաձայնագիրը` բաղկացած նախաբանից և 19 հոդվածից, ստորագրվել է Թեհրան քաղաքում 2006 թվականի հուլիսի 5-ին, համապատասխանաբար` իրանական 1385 թվականի թիր ամսի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են։

 

Սույն Համաձայնագրի տեքստերի մեկնաբանության ժամանակ առաջացած ցանկացած տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին։

 

Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2008թ. հոկտեմբերի 1-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան