Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը (այսուհետ` Կողմեր),
ձգտելով զարգացնել և ընդլայնել փոխհարաբերությունները ֆինանսական, հարկային, դրամավարկային և տնտեսական համագործակցության այլ ոլորտներում, որոնք համապատասխանում են միջազգային շուկայի պահանջներին և փորձին,
նպատակ ունենալով աջակցելու Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջազգային արժութային համագործակցությանը,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի տնտեսական զարգացման բնագավառում կատարվող զգալի փոփոխությունները,
ելնելով առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման փոխադարձ հետաքրքրությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը կաջակցեն համագործակցության խորացմանը, մշտական խորհրդակցությունների անցկացմանը և փորձի փոխանակմանը ֆինանսավարկային հարաբերությունների հարցերում, մասնավորապես.
- տնտեսական ինքնուրույնության և շուկայական հարաբերությունների անցման պայմաններում ֆինանսական մարմինների կազմակերպչական կառուցվածքի վերաբերյալ,
- բյուջեի ձևավորման և կատարման գործընթացների արդիականացման վերաբերյալ,
- հարկերի, տուրքերի և այլ մուտքերի (ուղղակի և անուղղակի հարկեր) արդյունավետ համակարգի ձևավորման հիմնական սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ,
- շուկայական տնտեսության պայմաններում բնակչության սոցիալական պաշտպանվածության արդյունավետ մեխանիզմի և վերջինիս ֆինանսավորման աղբյուրների ձևավորման վերաբերյալ:
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունների շուրջ համագործակցությունը ձեռք կբերվի Կողմերի միջև առանձին պայմանավորվածություններով:
Հոդված 2
Ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով Կողմերը կաջակցեն 1996 թ. մայիսի 14-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի դրույթների իրագործմանը:
Հոդված 3
Կողմերն իրենց իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի առնչությամբ կստեղծեն բարենպաստ պայմաններ փորձի փոխանակման, այդ թվում՝ համապատասխան մասնագետների փորձառության, գիտագործնական համաժողովների և սեմինարների անցկացման համար:
Հոդված 4
Անհրաժեշտության դեպքում Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող արձանագրություններով:
Հոդված 5
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 6
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ՝ Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է նման ծանուցում ստանալու օրվանից երեք ամիս հետո:
Կատարված է Կիև քաղաքում 2011 թվականի հուլիսի 1-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կդիմեն ռուսաց լեզվով շարադրված տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. սեպտեմբերի 28-ին