ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0308/05/09 |
վարչական գործ թիվ ՎԴ/0308/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի ապրիլի 2-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.11.2009 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ Կարինե Բաբայանի` 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Կարինե Բաբայանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 22.10.2008 թվականի թիվ 1003227 ակտն օրենքին հակասող և անվավեր ճանաչելու և որպես հետևանք` վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 08.12.2008 թվականի թիվ 075887 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է արձակել Կարինե Բաբայանի նկատմամբ 200.000 ՀՀ դրամի վճարման կարգադրություն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարինե Բաբայանը պահանջել է օրենքին հակասող և անվավեր ճանաչել Տեսչության 22.10.2008 թվականի թիվ 1003227 ակտը և որպես հետևանք` անվավեր ճանաչել նաև Տեսչության պետի 08.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 075887 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.11.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Բաբայանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691-րդ հոդվածի 1-ին, 1695-րդ հոդվածի 1-ին մասերը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ Տեսչությունը ներկայացրել է բռնագանձման հայց, որի հիմքում դրված է Տեսչության պետի 08.12.2008 թվականի թիվ 075887 որոշումը, որը կայացնելու համար հիմք է հանդիսացել Տեսչության 28.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 1069 արձանագրությունը, որն էլ կազմվել է Տեսչության 21.10.2008 թվականի թիվ 1003227 ակտի հիման վրա: Կարինե Բաբայանը նշված ակտը բողոքարկել է վերադասության կարգով, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի 24.12.2008 թվականի թիվ 25/2 որոշմամբ այն թողնվել է անփոփոխ: Վիճարկվող ակտը կազմվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով երրորդ անձից ձեռք բերված տեղեկությունների հիման վրա: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Ռ. Պետրոսյանի կողմից օրենքով սահմանված կարգով ձեռք բերված հիմնավոր տեղեկությունները համադրվել են Կարինե Բաբայանի ներկայացրած հաշվետվությունների հետ և իրավացիորեն որակվել են որպես արժանահավատ տեղեկություններ: Բացի այդ, վերջինիս կողմից քննիչին տրված գրավոր բացատրությունները բավարար հիմք են նշված հոդվածով և ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ սահմանված կարգով վիճարկվող ակտով խախտում արձանագրելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 17.11.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Դատարանի կայացրած վճիռը հիմնավոր, պատճառաբանված և օրինական է, իսկ Տեսչության վճռաբեկ բողոքն անհիմն է: Մասնավորապես` վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներին, քանի որ բողոք բերած անձը չի նշել, թե Դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն է խախտել կամ սխալ կիրառել և դրա հիմնավորումները: Իսկ Դատարանի վճռի պատճառաբանական մասում հիմնավոր նշվել են վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական ակտերը, սկզբնական հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման իրավական վերլուծությունը:
Սույն գործի քննության ընթացքում ապացուցվել է, որ Տեսչությունը խախտել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջը, քանի որ Տեսչությունը Կարինե Բաբայանին հնարավորություն չի տվել ծանոթանալ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Ռ. Պետրոսյանի ներկայացրած տեղեկություններին և Կարինե Բաբայանը այդ կապակցությամբ չի տվել իր բացատրությունը: Գործի քննությամբ ապացուցվել է նաև, որ Տեսչությունը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը և 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետը, քանի որ Տեսչությունը չի ստուգել քննիչի ներկայացրած փաստերի իսկությունը, չի կատարել որևէ գործողություն` ստուգում ուղղված Կարինե Բաբայանի հարկային իրական պարտավորությունների կատարմանը, չի վերցրել բացատրություններ ոչ Կարինե Բաբայանից, ոչ էլ երրորդ անձանցից:
Վերոգրյալի հիման վրա Կարինե Բաբայանը խնդրել է Տեսչության վճռաբեկ բողոքը մերժել, իսկ Դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Ռ. Պետրոսյանը թիվ 11114708 քրեական գործով որպես տուժող անցնող Կարինե Բաբայանի հարցաքննության արդյունքում 31.07.2008 թվականին և 08.08.2008 թվականին կազմել է «Տուժողի հարցաքննության» և «Տուժողի լրացուցիչ հարցաքննության» արձանագրությունները, որոնցում արտացոլված է անհատ ձեռնարկատիրոջ ապրանքաշրջանառությունը, ինչպես նաև աշխատողներ ընդունած լինելու հանգամանքը: Նշված քրեական գործով նույն քննիչի 26.08.2008 թվականի «Ստուգում նշանակելու մասին» որոշմամբ մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Բաբայանին պատկանող Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 39 հասցեում գտնվող մթերային կրպակի 10.04.2008 թվականից մինչև 30.06.2008 թվականն ընկած ժամանակահատվածի հարկային գործունեության ստուգում, որը հանձնարարվել է Տեսչությանը (գ.թ. 120-124, 126-129, 136):
2) Տեսչության 22.10.2008 թվականի թիվ 1003227 ակտի համաձայն` անհատ ձեռնարկատեր Կարինե Բաբայանի մոտ ստուգումը կատարվել է Կոմիտեի նախագահի 13.10.2008 թվականի թիվ 1003227 հանձնարարագրի հիման վրա:
Նույն ակտի 2-րդ կետի համաձայն` «Ըստ ստուգման նպատակով ներկայացված փաստաթղթերի (ա/ձ Կարինե Բաբայանի կողմից քննիչ Ռ. Պետրոսյանին ներկայացված 2008թ. ապրիլի 10-ից մինչև հունիսի 30-ը կատարված գրանցումների սևագրերը և բացատրությունները, «Արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման)» թիվ 48/26704 գիրքը` հաստատված Շենգավիթի ՀՏ-ի կողմից 21.01.2008թ.), ա/ձ Կ. Բաբայանի կողմից մանրածախ առևտրի իրականացման նպատակով 2008թ. II եռամսյակի ընթացքում ձեռք է բերվել 3840,3 հազ. դրամի ապրանքներ (ձեռքբերման գներով), որից ֆիզիկական անձանց հետ քաղաքացիաիրավական գրավոր կնքված պայմանագրերով ձեռք բերված ապրանքների գումարը կազմել է 750,0 հազ. դրամ»: Արդյունքում, նշված կետով եկամտահարկի գծով առաջադրվել է 163.600 ՀՀ դրամի պարտավորություն:
Նույն ակտի 4-րդ կետի համաձայն` «Ըստ ստուգման նպատակով ներկայացված փաստաթղթերի, ա/ձ Կ. Բաբայանի 2008թ. II եռամսյակի իրացման շրջանառությունը, համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի պահանջների, կազմել է 3910,9 (10.04.08-ից մինչև 30.06.08 ձեռքբերումներ` 4301,1, մնացորդ առ 30.06.08թ.` 390,2, իրացում` 4301,1-390,2=3910,9): Ըստ 09.07.08թ. Շենգավիթի ՀՏ ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի հաշվետվության, ա/ձ Կ. Բաբայանի կողմից ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն (16,67%) է ցույց տրվել 1038,0 հազ. դրամ, կամ 2008թ. II եռամսյակի իրացման շրջանառությունը պակաս է ցույց տրվել 2872,9 հազ. դրամով (4301,1-1038-390,2)», «Ա/Ձ Կ. Բաբայանի կողմից 2008թ. I եռամսյակում Շենգավիթի ՀՏ ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկում խախտելով «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 1 կետի պահանջները, այն է` առանց բանկային փոխանցմամբ կատարված վճարումների, հաշվարկվել է 133,0 հազ. դրամ»: Արդյունքում, նշված կետով ավելացված արժեքի հարկի գծով առաջադրվել է 1.301.100 ՀՀ դրամի պարտավորություն:
Նույն ակտի 16-րդ կետի համաձայն` «Ըստ ստուգման ակտով ներկայացված փաստաթղթերի, քննիչ Ռ. Պետրոսյանի կողմից քննությամբ հիմնավորվել է, որ ա/ձ Կ. Բաբայանի մոտ թվով 4 (չորս) աշխատակիցներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չեն ձևակերպվել»: Արդյունքում, նշված կետով սոցիալական վճարների գծով առաջադրվել է 240.000 ՀՀ դրամի պարտավորություն:
Նշված ակտով Կարինե Բաբայանին վճարման է առաջադրվել ընդհանուր 1.704.700 ՀՀ դրամի պարտավորություն (գ.թ. 19-24):
3) Տեսչության 22.10.2008 թվականի թիվ 1003227 ակտը բողոքարկվել է Կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողով, որի 24.12.2008 թվականի թիվ 25/2 որոշմամբ այն թողնվել է անփոփոխ (գ.թ. 25):
4) Տեսչության պետի 08.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 075887 որոշման համաձայն` անհատ ձեռնարկատեր Կարինե Բաբայանն առանց աշխատանքային պայմանագիր կնքելու պահել է չորս աշխատող, ինչպես նաև հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումով, որն առաջացրել է հարկի վճարման նվազեցում: Նույն որոշմամբ Կարինե Բաբայանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691-րդ հոդվածի 1-ին և 1695-րդ հոդվածի 1-ին մասերով` նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառմամբ, ենթարկվել է 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի: Նույն որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Տեսչության 28.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 1069 արձանագրությունը, որն էլ կազմվել է Տեսչության 22.10.2008 թվականի թիվ 1003227 ակտի 16-րդ կետով արձանագրված խախտման հիման վրա (գ.թ. 3-4):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է նույն օրենքից և առանձին հարկատեսակների մասին օրենքներից:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկ վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ նա հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան և տալ համապատասխան բացատրություններ:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ստուգման ընթացքում հիմք են ընդունվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Ռ. Պետրոսյանի կողմից ստուգման նպատակով ներկայացված փաստաթղթերը, սակայն նշված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ ստուգողների կողմից անհատ ձեռնարկատեր Կարինե Բաբայանից բացատրություն չի ստացվել: Հետևաբար, ստուգումն իրականացվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջի խախտմամբ:
Տեսչության 22.10.2008 թվականի թիվ 1003227 ակտի 2-րդ և 4-րդ կետերի վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունը հերքվում է սույն գործում առկա ապացույցներով:
Մասնավորապես` Տեսչության 22.10.2008 թվականի թիվ 1003227 ակտի 2-րդ և 4-րդ կետերով արձանագրված խախտման համար հիմք են հանդիսացել ստուգման նպատակով ներկայացված փաստաթղթերը, իսկ նշված 2-րդ կետում որպես այդպիսի փաստաթղթեր են վկայակոչված անհատ ձեռնարկատեր Կարինե Բաբայանի կողմից ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Ռ. Պետրոսյանին ներկայացված 10.04.2008 թվականից մինչև 30.06.2008 թվականը կատարված գրանցումների սևագրերը և բացատրությունները, ինչպես նաև «Արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման)» թիվ 48/26704 գիրքը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստաթղթերն ի սկզբանե ծանոթ էին Կարինե Բաբայանին, քանի որ դրանք կազմվել, ապա նաև թիվ 11114708 քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Ռ. Պետրոսյանին էին ներկայացվել վերջինիս կողմից: Այսինքն` Կարինե Բաբայանի նկատմամբ հարկային պարտավորությունների հաշվարկման հիմքում դրվել են այն տեղեկությունները, որոնց ծանոթանալու և որոնց վերաբերյալ բացատրություն տալու հնարավորություն վերջինս ունեցել է: Հետևաբար անհիմն է Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ նշված տեղեկությունների վերաբերյալ անհատ ձեռնարկատեր Կարինե Բաբայանից բացատրություն չի ստացվել: Ուստի սույն գործով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը չէր կարող դրվել դատական ակտի հիմքում:
Ինչ վերաբերում է սոցիալական վճարների մասով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի կիրառելիության խնդրին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն կիրառելի չէ հետևյալ պատճառաբանությամբ.
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
Վերոնշյալ նորմից հետևում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված կանոնը ՀՀ սոցիալական վճարների օրենսդրության նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է միայն հարկային պարտավորության հաշվարկման և գանձման գործընթացին, որը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսդրությամբ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, Տեսչության կողմից «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը խախտվելու պատճառաբանությամբ մերժելով հայցը և բավարարելով հակընդդեմ հայցը, ըստ էության չի անդրադարձել Կարինե Բաբայանի նկատմամբ Տեսչության 22.10.2008 թվականի թիվ 1003227 ակտով առաջադրված պարտավորության և Տեսչության պետի 08.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 075887 որոշմամբ նշանակված վարչական տուգանքի իրավաչափությանը: Հետևաբար նշված հարցերը պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանով բերված փաստարկին այն մասին, որ Տեսչության պետի վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներին, ապա Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում տվյալ փաստարկի քննարկմանը, քանի որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու Վճռաբեկ դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.11.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |